Տոտեմ և տաբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոտեմ և տաբու
գերմ.՝ Totem und Tabu
ՀեղինակԶիգմունդ Ֆրոյդ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոգեվերլուծություն, մշակույթաբանություն և կրոնագիտություն
Թեմաtotem?
Բնօրինակ լեզուգերմաներեն
ՀրատարակիչBeacon Press
Հրատարակված էImago?
Հրատարակման տարեթիվ1913 և 1910[1]
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/freud/totem/totem.html
 Totem und Tabu Վիքիպահեստում

«Տոտեմ և տաբու»՝ Զիգմունդ Ֆրոյդի աշխատությունն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1913 թ.։ Գիրքը կազմում են չորս՝ իրարից անկախ էսսեներ, որոնք համապատասխանում են գրքի գլուխներին։ Այդ էսսեները տպագրվել են «Imago» ամսագրում 1912-1913 թթ.։ Գրքի նախաբանում ասվում է. «Տաբուն դեռևս գոյություն ունի մեր մեջ՝ չնայած ընկալվում է բացասաբար և փոխադրվում է այլ բովանդակությունների վրա. այն իր հոգեբանական բնույթով ոչ այլ ինչ է, քան Ի. Կանտի «կատեգորիկ իմպերատիվը»։

Գլուխ I. Ինցեստի վախը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պարզունակ ցեղերի» շրջանում, մասնավորապես ավստրալիական բնիկների մոտ, առկա է որևէ կենդանու, բույսի կամ բնության ուժի տոտեմացում։ Միևնույն տոտեմին երկրպագող տղամարդ և կին չեն կարող ամուսնանալ, քանի որ նույն տոտեմի երկու անդամների միջև կա սեռական հարաբերություններ ունենալու արգելք։ Տոտեմը ժառանգաբար փոխանցվում է՝ արգելքի հետ միասին։ Արգելքը խախտողները խստագույնս պատժվում են։ Ֆրոյդը գտնում է, երեխայի առաջին սեռական ընտրությունն ինցեստային է, և նրա համար դժվար է գտնել ուղի՝ խուսափելու ինցեստի գայթակղությունից։ Նևրոզի հիմնական բաղադրիչն, ըստ նրա, ինցեստային ցանկությունների գերիշխանության պայմաններում երեխայի և ծնողի հարաբերություններն են։

Գլուխ II. Տաբու և հուզական երկարժեքություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տաբու»–ն պոլինեզական բառ է, նշանակում է սուրբ (լատ. sacer), բայց նաև արգելք։ Տաբուն երկու հատկանիշով է ընկալվում՝ այն սուրբ է, բայց նաև անմաքուր, երկու դեպքում էլ մեծ արգելք է ենթադրում։ Հետևաբար տաբուի հետ կապված հույզերը երկարժեք են։ Տաբուն անհասանելի է և անդիպչելի։ Տաբուին դիպչողը ևս դառնում է տաբու։

Ֆրոյդը կպչունության նևրոզը նկարագրում է որպես «տաբուի հիվանդություն», քանի որ կպչունության դեպքում հիմնական արգելքը, ինչպես և տաբուի դեպքում, վերաբերում է դիպչելուն, որտեղից և անունը՝ հպվելու վախ (délire de toucher)։ Այս նևրոզի դեպքում առկա է կոնֆլիկտ՝ սեռական օրգանին դիպչելու ցանկության և դրա համար հնարավոր պատժի (արգելքի) միջև։ Դիպչելու վախը կարող է դրսևորվել նաև ոչ միայն մարմնական մակարդակում, այլև փոխաբերական իմաստով։ Ֆրոյդը նկարագրում է տաբուների երեք տեսակ, որտեղ դրսևորվում է հուզական ծայրահեղ երկարժեքություն՝

ա) թշնամու տաբու. «պարզունակ ցեղերը» նպատակ են դնում և մարտավարություն մշակում թշնամուն սպանելու համար, սակայն այդ անելուց հետո ներում են նրան և ներում հայցում՝ մեկընդմիշտ հաշտվելով նրա հետ։
բ) տիրակալի տաբու. այս ցեղերի մոտ արտահայտվում է վախ, զգուշավորություն տիրակալի հանդեպ և նրանից պաշտպանված լինելու ձգտում, բայց միևնույն ժամանակ նրանք մշտապես պաշտպանում են իրենց առաջնորդ տիրակալին։
գ) հանգուցյալի տաբու. երբ ցեղի անդամը մահանում է, նրանք մի կողմից սգում են նրա մահը, մյուս կողմից հանդիմանում նրան, թշնամանք զգում։ Զ. Ֆրոյդը գտնում է, որ հանգուցյալի վրա է պրոյեկտվում խմբի անդամների ատելությունը, որի արդյունքում նրանց թվում է, թե մահացածը կարող է չարագործություններ կատարել իրենց դեմ։ Դա դրսևորվում է նրանց վարքի մեջ, օրինակ, մահից հետո հանգուցյալի անունը չի հնչում։ Վերը նշված պրոյեկցիան, ըստ Ֆրոյդի, երկու անհամատեղելի հույզերի կոնֆլիկտի (հուզական երկարժեքության) արդյունք է։ Դրա արդյունք է նաև տաբուի արգելքը։

Տաբուն, ըստ Ֆրոյդի, մեզ թույլ է տալիս հասկանալ ևս խղճի բնույթն ու ծագումը։ Խիղճը մեր մեջ եղած ցանկությունների անթույլատրելիության ներքին ընկալումն է, որտեղ շեշտը դրվում է այդ անթույլատրելիությունն ապացուցելու անհրաժեշտության բացակայության և դրա անկասկած լինելու վրա։ Խիղճը ևս հուզական երկարժեքության արդյունք է։

Գլուխ III. Անիմիզմ, մոգություն և մտքի ամենակարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գլխում քննարկվում է «անիմիզմի» հասկացությունը, որը տիեզերքի պարզունակ հասկացման ձևն է։ Ըստ անիմիստական մտածողության շրջակա աշխարհը՝ բույսերը, կենդանիները և այլն, կրում են ոգի. դրանք բարի են կամ չար։ Սա «պարզունակ ցեղերի» համար «բնության փիլիսոփայությունն» է, ինչը կապված է վաղ լիբիդինալ զարգացման նարցիսականության փուլի հետ։ Անիմիզմից է բխում մարդու հավատը մոգության հանդեպ, սնահավատությունը։ Անիմիստը կարծում է, որ մոգությունը թույլ է տալիս բնության ուժերը ենթարկեցնել մարդու կամքին, ինչը և հնարավոր վտանգները կանխելու կամ ցանկությունները իրականացնելու հնարավորություն է, այսինքն՝ մոգությամբ կարելի է վերահսկել թշնամուն կամ անձրևի տեղալը։ Անիմիզմը կամ սնահավատությունը հոգեկան բովանդակությունների կամ մտքի գերարժևորման արդյունք են։ Մտքի գերարժևորումն ընդհանուր երևույթ է «պարզունակ ցեղերի» և նևրոզով տառապող մարդկանց մոտ։ Մտածողության անիմիստական ձևը ղեկավարվում է մտքի ամենակարողությամբ, որը ներքին հոգեկան կյանքի պրոյեցկիան է արտաքին աշխարհի վրա։ Իրականության այսպիսի երևակայական կառուցումը հատուկ է նաև կպչուն (օբսեսիվ) մտածողությանը, զառանցագին խանգարումներին և ֆոբիաներին։ Նևրոտիկը մեծ արժեք է տալիս իր հոգեկան բովանդակություններին (վախ, կանխատեսում, համոզմունք)՝ անկարող դառնալով ընկալելու իրականությունը։

Գլուխ IV. Տոտեմի ինֆատիլ վերադարձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգմունդ Ֆրոյդն այստեղ օգտվում է Չարլզ Դարվինի առաջ քաշած այն գաղափարից, որ երբ մարդը «պարզունակ սոցիալական վիճակում» էր (ինչպես և որոշ կենդանիների մոտ է), խմբում ավագ արուն գերիշխող էր և իրավունք ուներ տիրելու խմբի բոլոր էգերին։ Արդյունքում կրտսեր արուները ստիպված էին լքել խումբը՝ նոր ընտանիք հիմնելու համար։ Ֆրոյդն այս գաղափարը զարգացնում է՝ հիմնվելով Ռոբերթսոն Սմիթի աշխատանքների վրա, որոնցում ասվում է, որ մարդկային խումբը կազմակերպվել է ՝ շնորհիվ ամենակարող հոր։ Որդիները, որ խանդում և նախանձում են հորը, որոշում են ըմբոստանալ նրա դեմ և տիրանալ նրա կանանց։ Մի օր էլ նրանք սպանում են հորը և ուտում նրան տոտեմական ճաշկերույթի ժամանակ։ Խնջույքից հետո նրանց համակում է հոր հանդեպ խղճի խայթը։ Քանի որ նրանք գիտակցում են, որ տեղի ունեցած կռվի պատճառը հասարակության կառուցվածքը փլուզող գործոն կդառնա, նրանք որոշում են հաստատել կարգ՝ երկու տաբուների համապատասխան.

ա) արգելք՝ սպանել տոտեմին (սպանության, հյարասպանության արգելք)
բ) արգելք՝ սեռական կապ հաստատել իրենց տոտեմին պատկանող կանանց հետ (ինցեստի արգելք)

Տոտեմի կրոնն, այնուամենայնիվ, հաստատում է տոն՝ տոտեմական ճաշկերույթի ձևով, որպեսզի վառ պահվի հոր նկատմամբ տարված հաղթանակի հիշատակը։ Կատարվում է զոհաբերության ծես՝ տոհմի նախնու հետ հաղորդակցվելու համար։ Այս կարգով են, ըստ Ֆրոյդի, առաջացել կրոնները, մասնավորապես քրիստոնեությունը։ Ֆրոյդը տեղին չի համարում զարգացնել այս գաղափարը, բայց այս մասին գրում է.

- Հոգեվերլուծությունը ցույց է տալիս, որ ամեն ոք ստեղծում է աստծուն իր հոր կերպարով, և աստծո նկատմամբ անձնական վերաբերմունքը կախված է իր մարմնական հոր հետ ունեցած հարաբերություններից։

Ապա շարունակում.

- Քրիստոնեության մեջ մարդու առաջնային մեղքը հանդիսանում է հայր աստծո հանդեպ մեղք գործելը։ Եթե Քրիստոսը ազատագրում է մարդկանց առաջնային մեղքից՝ զոհելով սեփական կյանքը, ապա դա մեզ ստիպում է եզրակացնել, որ այդ մեղքը սպանություն է եղել։ Համաձայն մարդկային զգացմուքների մեջ խորն արմատավորված Թալիոնի օրենքի՝ սպանությունը կարելի է քավել միայն մեկ այլ կյանքի գնով. ինքնազոհողությունը սեփական կյանքը զոհաբերելն է, որ բերում է հայր աստծո հետ հաշտության , իսկ հանցանքը, որ պետք է քավել, կարող է լինել միայն հոր սպանությունը։ Այսպես՝ քրիստոնեական ուսմունքի մեջ մարդկությունն ամենաանկեղծ ձևով խոստովանում է նախապատմական ժամանակների հանցագործություն, քանի որ ամենալիարժեք քավությունը մարդկությունը գտնում է որդու զոհաբերական մահվան մեջ։ Հոր հետ հաշտությունն ավելի լիակատար է, երբ այդ զոհաբերությանը հաջորդում է կնոջից ամբողջական հրաժարում, ում պատճառով առաջացել էր ցասումը հոր հանդեպ։ Այստեղ էլ տեղի է ունենում հոգեբանական երկարժեքությունը։ Հորը ուշացած քավություն տվող արարքի հետ մեկտեղ որդին ևս հասնում է հոր հանդեպ իր ցանկություններին. նա ինքը դառնում է աստված՝ հոր կողքին, կամ նույնիսկ նրա փոխարեն։ Հոր կրոնը փոխարինվում է որդու կրոնով։

Այս գլխում Ֆրոյդը նկարագրում է նաև մանկական նևրոզի մի քանի դեպք՝ ցույց տալու համար, որ նևրոզների հիմքում ընկած է պարզունակ ցանկությունների և տոտեմական արգելքների միջև կոնֆլիկտը։ Մասնավորապես զոոֆոբիայի դեպքում երեխան կենդանուց ունի չհիմնավոված վախ, քանի որ կենդանու (որն, ըստ էության, տոտեմական կենդանին է) կերպարը փոխարինում է հոր կերպարով։ Այստեղ գործում են տոտեմական երկու հիմնական արգելքները՝ չսպանել տոտեմին և սեռական հարաբերություններ չունենալ նրա կանանց հետ։ Այս երկու հրամայականները համապատասխանում են Էդիպի երկու հանցանքներին (հայրասպանություն և ինցեստ), և երեխայի մոտ գործում է կոնֆլիկտ նրա պարզունակ ցանկությունների և սպառնալից արգելքների միջև։ Այս ցանկությունների անբավարար արտաղմումն է, ըստ Ֆրոյդի, որ ձևավորում է բոլոր նևրոզների միջուկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deutsche Nationalbibliothek Record #4325031-2 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոտեմ և տաբու» հոդվածին։