Տոյոտոմի Հիդեյոսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոյոտոմին 1601թ. նկարի վրա։

Տոյոտոմի Հիդեյոսի (ծ. փետրվարի 6, 1537, Նակամուրա, վ. օգոստոսի 18, 1598, Ֆուսիմի, Ճապոնիա) ճապոնական իշխանապետ և կայսերական վարչապետ, որն ավարտեց Օդա Նոբունագայի կողմից սկսած Ճապոնիայի վերամիացումը։ Տոյոտոմին Օդա Նոբունագայի տեղակալներից մեկն էր և նրա վախճանից հետո գլխավորեց ճապոնական ազգային վերամիացման գործը, պայքարելով կենտրոնախույս ֆեոդալների դեմ և հանձն առնելով կայսեր Գերագույն մինիստրի պաշտոնը (1585թ. հուլիս)։ Տոյոտոմի Հիդեյոսիին հաջողվեց հաղթահարել արևելյան խոշոր կղզիներում իշխող ավատատերերին և միավորել Սիկոկու և Կյուսյու կղզիները կայսերական գերիշխանության տակ գտնվող արևվմտյան նահանգների հետ։ Նա մեծ դեր կատարեց երկրում ներքին խաղաղություն և համերաշխություն հաստատելու և պահպանելու գործում, ապառազմականացրեց կենտրոնախույս իշխանների հենակետերը, զարկ տվեց ճանապարհների կառուցմանը և բնական ռեսուրսների շահագործմանը։

Տոյոտոմիի արտաքին քաղաքականությունը բոլորովին խաղաղասեր չէր. նա նախատեսում էր Ճապոնիայի գերիշխանությունն ամբողջ Հեռավոր Արևելքում, այդ թվում՝ Կորեայում և Չինաստանում, և ռազմական միջոցների դիմեց՝ այդ նպատակներն իրականացնելու ուղղությամբ։ Բայց 1597թ. Կորեայի դեմ նախաձեռնված պատերազմում ճապոնական զորքերը պարտվեցին և մեկ տարի անց՝ Տոյոտոմիի մահից հետո, իշխանության եկավ Տոկուգավա Իեյասուն, որը սկիզբ դրեց Տոկուգավաների դինաստիային, և որի շնորհիվ Ճապոնիան վայելեց երեք դար տևող խաղաղության ժամանակաշրջան։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. X, Page 77