Սպասք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տնտեսական ամանեղենից)

Սպասք կամ Տնտեսական ամանեղեն, սպաս, եկեղեցական արարողությունների ժամանակ գործածվող առարկաներ (սկիհ, ժամանոց, մյուռոնաման, խաչ, ավետարան և այլն)։ Լայն առումով սպասքի մեջ մտնում են նաև եկեղեցականների զգեստները և պատարագին մատուցվող նշխարը։ Աշխարհիկ իմաստով սպասք են համարվում ճաշի, թեյի պարագաները (ափսեներ, բաժակներ, գդալներ, դանակներ, պատառաքաղներ և այլն)։

Լինում է մետաղե (պողպատ, չուգուն, ալյումին, արույր, մելքիոր), կերամիկա, (կավ, ճենապակի, հախճապակի), ապակե, պլաստմասսայե, փայտե։

Ամանեղենի պատրաստման և պահպանման ժամանակ պետք է նկատի առնել հիգիենային որոշակի պահանջներ, որոնց անտեսումը կարող է հիվանդության կամ սննդային թունավորման պատճառ դառնալ։ Ամանեղենի նկատմամբ հիմնական պահանջներն են՝ սննդի մնացորդներից հեշտ մաքրվող հարթ ներքին մակերևույթ, բացի այդ, հումքը, որից պատրաստված է ամանեղենը, չպետք է պարունակի վտանգավոր նյութեր, որոնք լուծվում են թույլ օրգանական թթուներում։ Այն պետք է կայուն լինի կոռոզիայի նկատմամբ, չփոխի սննդի գույնը, համը, հոտը և մյուս հատկությունները։

Ամանեղենի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական սեղանի սպասք

Շատ տարածված է ալյումինե ամանեղենը, որոնց մեջ կարելի է ցանկացած սնունդ պատրաստել և պահել մինչև 2 օր։ Այդպիսի ամանեղենի մեջ չի կարելի թթու դնել, աղի պանիր պահել, քանի որ հիմքերի և թթուների ազդեցությունից փչանում է։ Ցինկապատ ամանեղենում չի կարելի կերակուր պատրաստել, ինչպես նաև սունկ, կաղամբ և այլ սննդամթերք աղ դնել կամ խմելու ջուր եռացնել, որովհետև առաջանում են մարդու օրգանիզմի համար վնասակար ցինկի աղեր։ Ցինկապատվածքի վրա ներգործում են թթվային և հիմնային (լվացափոշիներ) լուծույթները և կերակրի աղը։

Պղնձե ամանեղենը թույլատրվում է օգտագործել միայն կլայեկած։

Պողպատե ամանեղենը թողարկում են արծնապատ, ցինկապատ և կլայեկած։ Պողպատե արծնապատ ամանեղենը քիմիապես կայուն է օրգանական թթուների, աղերի և հիմքերի նկատմամբ, պիտանի՝ ինչպես կերակուրը եփելու, այնպես էլ պահելու համար։

Արույրե ամանեղենը նախատեսված է գլխավորապես ջուր եռացնելու և մուրաբա եփելու համար։ Դրանց վրա ազդում են օրգանական թթուները, կաթը, յուղը և այլ սննդամթերքներ։

Թուջե արծնապատ ամանեղենը կայուն է օրգանական թթուների, աղերի, օճառի և հիմքերի նկատմամբ։ Վնասված արծնաշերտով ամանեղենը խորհուրդ չի տրվում օգտագործել կերակուր պատրաստելու համար։

Մելքիորե ամանեղենը նախատեսված է հիմնականում ճաշասպասքի համար։

Ապակե ամանեղենից առավել գործածական է կրակահեստ ապակուց խոհանոցի ամանեղենը՝ կերակուր եփելու համար, որն ավելի հիգիենիկ է, քան մետաղականը, երկար ժամանակ պահում է ջերմությունը, չի փոխում կերակրի համն ու հոտը։

Ամանեղենի լվացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանեղենի լվացում

Պլաստմասսայե ամանեղենը ավելի դիմացկուն է, քան ապակե, հախճապակե, ճենապակե ամանեղենը, և հեշտությամբ է լվացվում։ Որոշ պլաստմասսաներից պատրաստված ամանները լավ են դիմանում եռման ջրին։ Հիգիենայի տեսակետից շատ կարևոր է ամանեղենի ճիշտ լվանալը։

Ամանեղեն լվանալիս լվացափոշիներից և մածուկներից օգտվելու եղանակներն են. թաց լաթի կամ խոզանակի վրա մի քիչ փոշի (մածուկ) լցնել և մաքրել նախապես խոնավացրած մակերևույթը, այնուհետև լավ լվանալ տաք ջրով։ Հեղուկ լվացամիջոցներով լվանալիս լաթը կամ սպունգը ծծեցնել հեղուկով, քսել մակերևույթին և թողնել 15-20 ր, այնուհետև լվանալ։ Խորհուրդ չի տրվում ամանեղենը մաքրել կոշտ փոշիներով և մետաղե խոզանակներով։ Ալյումինե ամանեղենի սևությունն անցկացնելու համար կարելի է օգտագործել քացախ կամ թրթնջկաթթվի լուծույթ (5 լ ջրին՝ 1 թեյի գդալ թրթնջկաթթու), ամանը թողնել 10-12 ժ, հետո եռացնել։

Հասարակական սննդի վայրերում շատ կարևոր է ամանեղենի հիգիենայի պահպանումը, քանի որ նույն սպասքը կարճ ժամանակում գործածում են մի քանի այցելու, որոնց մեջ կարող են հիվանդներ լինել։ Հասարակական սննդի վայրերում ճաշի ամանեղենը լվանալու համար տեղադրում են եռաբուն, իսկ թեյի սպասքի և մյուս պարագաների համար՝ երկբուն լվացակոնք։ Դրանք պետք է լինեն չժանգոտվող պողպատից, արծնապատ կամ ցինկապատ։ Նախապես ամանեղենը մաքրում են սննդի մնացորդներից, այնուհետև լվանում առաջինում 40—50 °C ջերմաստիճանի ջրով՝ ավելացնելով լվացամիջոց։ Երկրորդում (ջրի ջերմաստիճանը նույնպես 40-50 °C) ամանեղենը կրկնակի լվացվում է, անհրաժեշտության դեպքում պետք է 15-20 ր թողնել ջրի մեջ (10 լ ջրին՝200-250 մլ 10%-անոց քլորակրի լուծույթ)։ Լվացակոնքի երրորդ բաժնում ամանեղենը պարզաջրում են տաք ջրով (70 °C-ից բարձր)։ Ամանեղենն անհրաժեշտ է չորացնել պահարանում կամ հատուկ դարակում։ Հասարակական սննդի վայրերում խորհուրդ չի տրվում ամանեղենը սրբիչով չորացնել։

Մանկական ամանեղեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխային կեր պատրաստելու և կերակրելու համար պետք է ամանեղեն առանձնացնել։ Եթե երեխան անցել է արհեստական կերակրման, ապա անհրաժեշտ է վերցնել աստիճանագծերով 6-8 շիշ, 2-3 ծծակ։ Իսկ եթե կրծքով է կերակրվում, ապա անհրաժեշտ է ունենալ 2-3 նույնպիսի շշեր՝ ջրի և հյութերի համար։ Բացի դրանցից, պետք են նաև փոքրիկ ձագար՝ կաթը շշի մեջ լցնելու, կաթսա՝ բանկայով կաթը մանրէազերծելու և խոզանակ՝ շշերը լվանալու համար։ Անհրաժեշտ է մեծ կաթսա՝ մանկական բոլոր կաթսաները և ճաշասպասքը եռացնելու համար։ Հետագայում երեխայի համար անհրաժեշտ է առանձնացնել բաժակ, ափսե, տարբեր չափի գդալներ, ինչպես նաև շիլա, բանջարեղենային խյուս, ապուր եփելու փոքր կաթսաներ։ Պատրաստի սնունդը պետք է պահել արծնապատ կամ ապակե ամաններում։ Վնասված արծնով ամանեղենը պիտանի չէ։ Բանջարեղենային կամ մրգային խյուսեր պատրաստելիս չպետք է օգտվել մետաղե քերիչից, քանի որ մետաղի հետ շփվելիս վիտամին C-ն քայքայվում է։ Ավելի ճիշտ է օգտագործել չժանգոտվող պողպատե դանակ և պլաստմասսայե քերիչ։ Մանկական ամանեղենը պետք է բացարձակապես մաքուր լինի և ամեն օր եռացվի։ Կերակուր պատրաստելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել հիգիենայի կանոնները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 57