Տիգրան Փեշտիմալճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Փեշտիմալճյան
Ծնվել է1837
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 3, 1894(1894-12-03)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
ԿրթությունՓարիզի սբ. Լու­դո­վի­կո­սի լիցեյ,
Փարիզի համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Կոչումբժշկու­թյան դոկ­տո­ր,
փա­շա­ (մի­րի­մի­րան)
ԾնողներՍահակ փաշա Փեշտիմալճյան

Տիգրան Սահակի Փեշտիմալճյան (կամ՝ Փեշտեմալճյան, 1837, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 3, 1894(1894-12-03), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ, հասարակական և քաղաքական գործիչ, հրապարակախոս, փաշա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1837 թվականին Կոստանդնուպոլսի Խասգյուղ (Խասքեոյ) թաղամասում։ Հայրը՝ Սահակ աղա Փեշտիմալճյանը, պոլսահայությանը հայտնի էր իր ուսումնասեր և ազգօգուտ գործերով։ Նախնական կրթությունն ստացել է Խասգյուղի սբ. Ներսեսյան վարժարանում։ 1851-1854 թվականներին ուսանել է Փարիզի Մուրատյան վարժարանում, որի տեսուչն էր Գաբրիել վարդապետ Այվազովսկին։ 1854-1858 թվականներին ուսանել է Փարիզի սբ. Լուդովիկոսի /Լուի լը Գրան լիցեյում և գիտությունների «բա­շը­լի­եի» («պսա­կա­վոր») աստիճան ստացել։

1860/1861-1867 թվականներին սովորել է Փա­րի­զի հա­մալ­սա­րա­նի բժշկական ֆակուլտետում։ 1867 թվականի հուլիսի 17-ին, ներկայացնելով «Ման­կանց առող­ջու­թյու­նը» թեմայով ավարտաճառը, բժշկության դոկտորի վկայագիր է ստացել։ 1861 թվականին Փարիզում ծանոթացել է Միքայել Նալբանդյանի հետ և նրա ընկերն ու համախոհը դարձել։ 1869 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և, բժշկությամբ աշխատելով՝ շատ շուտով մեծ համբավ է ձեռք բերել։

1869 թվականի փետրվարի 19-ին Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական ընկերության անդամ է ընդունվել, 1877-1878 թվականներին եղել ընկերության ատենապետը։ 1872 թվականին Կ. Պոլսի Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ է ընտրվել և երկար տարիներ այդ պաշտոնում մնացել։ 1877 թվականի ապրիլի 14-ին մի քանի համախոհ հայ բժիշկների՝ Ստեփան Արսլանյանի, Նուրիճյանի, Սեր­վի­չե­նի և Սևյանի հետ հիմնել է Օս­մա­նյան կայս­րու­թյան «Կար­միր մա­հի­կի» բարեսիրական կազմակերպությունը, ինչը հանդիսանում է նրա կարևոր գործերից մեկը։ Նրա առաջարկով է ընդունվել «Մա­հի­կի» խորհրդանշանը։ Եղել է Ֆրանսիայի առողջաբանական ընկերության անդամ։

1880-1882 թվականներին կարևոր պաշտոններ է վարել Կ. Պոլսի սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցում, մեծ եռանդով մասնակցել հիվանդանոցի բարելավման ծրագրերի իրականացմանը։ 1880-ական թվականներին եղել է Կ. Պոլսի «Մի­ա­ցյալ ըն­կե­րու­թյուն հա­յոց» բարեգործական կազմակերպության գործադիր մարմնի նախագահը։ 1884 թվականին սուլթան Աբդուլ Համիդ II-ը նրան կայսերական պալատի խորհրդատու բժիշկ է նշանակել։ 1892 թվականին սուլթանը նրան փաշայության (միրիմիրան) տիտղոս է շնորհել։

Ուսանողական տարիներից աշխատակցել է արևմտյան և արևելյան պարբերականներին, թուրքահայ ու ռուսահայ թերթերին, մասնավորաբար՝ Ստեփան Ոսկանյանի «Արե­ւելք» բժշկական թերթին։ «Մա­սիս» և «Փա­րոս Հա­յաս­տա­նի» պարբերականներում Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի տնտեսական զարգացման, մասնավորաբար՝ երկ­րա­գոր­ծու­թյան առաջընթացի ծրագրեր է հրապարակել։ Բազմաթիվ բժշկագիտական հոդվածների և 2 ստվարածավալ գրքերի հեղինակ է։ Թողել է Հայկական հարցին, «Սո­վե­լոց կեդ­րո­նա­կան հանձ­նա­ժո­ղո­վի» գործունեությանը, 1880-ական թվականներին Արևմտյան Հայաստանում բացված դպրոցների պատմությանը նվիրված անտիպ աշխատություններ։

Եղել է Կ. Պոլսի հայ և օտար հասարակության ու բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում սիրված ու հարգված անձնավորություն, հանրային ու ազգային գործիչ։ Մասնավոր գուրգուրանք է ունեցել իր ծննդավայր Խասգյուղի ու նրա սբ. Ներսեսյան վարժարանի հանդեպ։

Մահացել է 1894 թվականի դեկտեմբերի 3-ին Կ. Պոլ­սում` խորհր­դա­վոր պայ­ման­նե­րում` 57 տարեկանում։ Թաղվել է Կ. Պոլսի Շիշլիի ազգային գերեզմանոցում։ Ենթադրվում է, որ դարձել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի բազում հայ զոհերից մեկը։ Հետաքրքիր է այն փաստը, որ բժիշկ Տիգրան Փեշտիմալճյանի հողաթումբը գտնվում է աներոջ՝ բժիշկ Սերվիչենի (Սերովբե Վիչենյան, 1815-1897) և քենեկալի՝ բժիշկ Միքայել էֆենդի Խորասանճյանի դամբարանների կողքին, վրան գրված՝ «Տոքտ. Տիգ­րան փա­շա»։ Վերջիններս մահացել են Տիգրանից ավելի ուշ, և նրանց համար դժվար չէր իրենց բժիշկ-փաշա փեսայի և քենեկալի համար մի պատվավոր շիրմաքար դնելը։ Դա վկայում է այն մասին, որ նրանք պարզապես խուսափել են Կարմիր սուլթանին անհաճո արարք կատարելուց, ինչը կարող էր վնասել նաև իրենց, մինչդեռ նրանք չէին վախենա, եթե բժիշկը հանկարծամահ եղած լիներ ինչ-որ բնական պատճառից։

Աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • These de doctorat (դոկտորական ատենախոսությունը), 1867։
  • Առողջապահական մաքրութեան դաստիարակութիւնը, թարգմանություն ֆրանսերենից, 1880։
  • Առողջապահութիւն եւ տածումն առաջին եւ երկրորդ մանկութեան, հ. 1-3, 1880-1886։
  • Պատմութիւն մարդկային պատուաստման, Կ. Պոլիս, 1883, 1884, 1889։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազգային հիւանդանոցի մէջ պաշտօնավարած բժիշկները, Ընդարձակ տարեգիրք Ազգային հիւանդանոցի, Իսթանպուլ, 1939։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Նալբանդյան Մ., Երկերի լիակատար ժողովածու, հ. 6, Ե., 1997։
  • Վարդանյան Ս., Հայաստանի բժշկության պատմություն, Ե., 2000։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Փամուքջյան Գևորգ, Հայերը իրենց կենսագրականներով (թուրքերեն), Ստամբուլ, 2003։
  • Պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի, Բ. հատոր, 1993-2000 շրջան, աշխատասիրեց՝ Վարուժան Քէօսէեան, 2001-2005 շրջան, աշխատասիրեց՝ Նաիրա Սիւզմէ, Իսթանպուլ, 2007։
  • Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան, հ. 2, Ե., 2007։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 331