Տիբեթյան լեռնաշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիբեթյան լեռնաշխարհը տիեզերքից

Տիբեթյան (Տիբեթի) լեռնաշխարհ կամ Տիբեթյան բարձրավանդակ ( չին. հեշտ. 青藏高原 , պինին: Qīngzàng Gāoyuán), աշխարհում ամենաբարձրն ու ամենամեծն է: Գտնվում է Կենտրոնական Ասիայի հարավում, գրեթե ամբողջությամբ տարածվում է Չինաստանում: Լեռնաշխարհի մակերեսը շուրջ 2 մլն կմ² է:

Հյուսիսից և հյուսիս-արևելքից Տիբեթյան լեռնաշխարհը շրջափակում են Կունլունի լեռները, հարավից և հարավ-արևմուտքից` Հիմալայան լեռները, հյուսիս-արևմուտքից` Կարակորումի լեռները:

Ծովի մակերևույթից Տիբեթի լեռնաշխարհի միջին բարձրությունը 4,5 կմ է, առանձին լեռնաշղթաների բարձրությունը հասնում է 6 - 7 կմ-ի: Լեռնաշխարհի արևմտյան մասը, որն ավելի բարձր է և անապատային, տարբերվում է մակերևույթի հարթ գծագրությամբ: Լեռնաշղթաները որոշ չափով բարձր են շրջապատի տեղանքից: Կլիման այստեղ չորային է ու ցուրտ, ձմռանը սառնամանիքները երբեմն հասնում են -30 -35°C-ի: Ամռանը հաճախ լինում են ուժեղ մրրիկներ, որոնք օդը լցնում են փոշու և ավազի ամպերով: Այստեղ կան ոչ մեծ անհոսք աղի լճեր: Ծառեր չկան, աճում են կոշտ խոտերի ցածր թփեր: Գրեթե անմարդաբնակ այս վայրերում կարելի է տեսնել վայրի յակերի մեծ նախիրներ, ինչպոս նաև այծքաղներ, կուլաններ, լեռնային ոչխարներ: Խոր բներում ապրում են արջամկներ, ծվծվաններ, որոնցով սնվում է ծվծվակեր արջը:

Տիբեթյան լեռնաշխարհը

Լեռնաշխարհի հարավային մասում տարածվում են Ինդոս և Բրահմապուտրա գետերի վերին հոսանքների հովիտները: Այդ շրջաններում ձմեռն անհամեմատ ավելի տաք է (մետավորապես 0°C), շատ ուժեղ սառնամանիքներ չեն լինում: Ամռան միջին ջերմաստիճանը բարձր է +15°C-ից, տեղումներ ավելի շատ են լինում: Գետերի երկարությամբ երևում են ծառեր: Այս վայրերում պատահում են ընձառյուծներ, հիմալայան սև արջեր: Հովիտների որոշ մասերում ցանում են գարի, ցորեն, սիսեռ: Այստեղ է գտնվում Տիբեթի գլխավոր քաղաք Լհասան` բուդդայական վանականների կրոնական կենտրոնը:

Լեռնաշխարհի արևելյան մասը կտրատված է խոր կիրճերով, լեռներից սրընթաց դեպի ներքև հոսող Հուանհե, Յանցզի, Մեկոնգ և այլ գետերի հովիտներով: Այս հովիտներով այստեղ թափանցող մուսսոնները իրենց հետ բերում են առատ տեղումներ: Աճում է խիտ բուսականություն, լեռների լանջերը ծածկված են եղևնու և եղևենու անտառներով: Ավելի ներքև, լեռների լանջերում և հովիտներում, աճում են հնդկական սոճիներ, կաղնիներ, կղբիներ: Անտառներում կան վագրեր, հովազներ, արջեր, կապիկներ:

Տիբեթյան լեռնաշխարհում բնակչությունը նոսր է: Հյուսիսային մասերում ապրում են տիբեթցիները` քոչվոր անասնապահները, հարավի հովիտներում` հողագործները: Արագորեն աճում է չինացիների թիվը: