Նիզակ
Նիզակ (նաև գեղարդ, տեգ), մոտիկից և հեռվից նետմամբ խոցող հնագույն զենք: Գործածվել է որսի ժամանակ և մարտերում: Երևան է եկել պալեոլիթի դարաշրջանում: Նախնական նիզակը եղել է սրածայր փայտե ձող: Հետագայում 1.5 մետրից մինչև 5 մետր երկարությամբ ձողի ծայրին ամրացրել են սուր շեղբեր: Նիզակը առանձնապես տարածվել է երկաթի դարում: Լայնորեն օգտագործվել է Հին Արևելքի երկրների ու անտիկ աշխարհի զարաբանակներում: Եվրոպայում նիզակով զինվել են գլխավորապես ասպետական զորքերը: Հաճախ օգտագործվել են սուր ծայրի կողքերից զույգ կեռեր կամ մի կողմից սակր ունեցող նիզակներ: Նիզակի գործածությունը որոշ երկրներում հարատևել է մինչև 20-րդ դարի սկիզբը: Աֆրիկայի ու Հարավային Ամերիկայի որոշ բնիկների մոտ նիզակը առայսօր օգտագործվում է որպես որսի զենք: Հնում նիզակը դիտվել է իշխանության խորհրդանիշ: Լանգոբարդները հանդիսավորությամբ նիզակ են հանձնել նորընծա թագավորին, հռոմեացիները՝ բարձր դաս փոխադրվող քաղաքացուն: Պատերազմում պարտված հակառակորդին ու գերիներին նիզակներից պատրաստած յուրահատուկ «լծի» տակով անցկացնելու հին սովորույթը համարվել է անարգանքի ու ստորացման նշան:
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |