Տավրոսյան լեռնահամակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տավրոսից)
Տավրոս

Տավրոս (Տորոս, Toros’lar), լեռնային համակարգ Փոքրասիական բարձրավանդակի հարավում և Հայկական լեռնաշխարհում (Թուրքիայի տարածքում)։ Սկսվում է Եգեյան ծովի հարավարևելյան ափից, մի քանի ճյուղով փնջաձև տարածվում մինչև Զագրոսի լեռնաշղթան։ Երկարությունը ավելի քան 1250 կմ է, լայնությունը՝ 50— 325 կմ, առավելագույն բարձրությունը՝ 3726 մ (Դեմիր կազըկ լեռ, Կենտրոնական Տավրոսում)։ Առանձնանում են Արևմտյան Տավրոս, Կենտրոնական Տավրոս, Հայկական Տավրոս, Հյուսիսային Հայկական Տավրոս, Ներքին Տավրոս լեռնային համակարգերը։ Նշված համակարգերն ու դրանցից անջատվող լեռնաբազուկներն ունեն երկրաբանական կառուցվածքի և մորֆոստրուկտուրաների ընդհանուր և բնորոշ գծեր, բաղկացած են կավճի և պալեոգենի ծալքավոր ու բեկորազատված կրաքարամերգելային և ավազաքարային շերտախմբերից և դրանց մետամորֆացված տարատեսակներից՝ բյուրեղային թերթաքարերից, մարմարներից, ինչպես նաե այդ շերտախմբերի մեջ մխրճված գերհիմքային ներժայթուկներից (օձաքարեր, դունիտներ են)։ Ալպյան ծալքավորման վերին փուլերում վերակենդանացած խորքային բեկվածքներն ու երիտասարդ խզվածքները Տավրոսում առաջացրել են բեկորային լեռներին հատուկ մորֆոլոգիա։ Լեռնային գոտիների և բազուկների խզումնաաստիճանավոր, մեծ մասամբ զառիթափ լանջերին զուգահեռ ձևավորվում են բազմաթիվ իջվածքային միջլեռնային գոգավորություններ, որոնցով անցնում են Սեյհան, Ջեյհան, Կզըլ-Իրմակ, Եփրատ և այլ գետեր։ Տավրոսի համակարգին բնորոշ են նորագույն տեկտոնական շարժումներ։ Դրանք առավել ակտիվանում են խորքային բեկվածքների և երիտասարդ խզումների հպման կարերում, որտեղ կազմավորվել են Տուզլա, Անթաքյա, Մալաթիա, Ձապաղջուր, Մուշ, Վան, Երզնկա, էրզրում, Խնուս, Բասեն և այլ իջվածքային գոգահովիտները։ Դրանք Փոքրասիական և Հայկական լեռնաշխարհի երկրաշարժերի հիմնական օջախներն են։ Տավրոսում լավ է արտահայտված բարձունքային գոտիականությունը։ Հարավում լանջերը կտրուկ զառիվեր են (տարեկան տեղումները 1000-3000 ), մինչև 800—1000 մ բարձրությունները ծածկված են մակվիսով, ավելի բարձր՝ կաղնու, նոճու, վերին գոտում (2200—2400 մ բարձրությունները)՝ սոճու, եղևնու, լիբանանի մայրու ծառատեսակներով, անտառի վերին սահմանում գիհու թփուտներ ու մարգագետիններ են։ Հյուսիսում համեմատաբար զառիվար լանջերին (տարեկան տեղումները՝ 300— 400 մմ) տիրապետում է տափաստանային բուսականությունը։ Արևելյան մասում լեռնային տափաստաններ ու կիսաանապատներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png