Տաս կույսերի առակ
Տաս կույսերի առակը (Մատթ. 25:1-13) Հիսուսի ամենահայտնի առակներից է։ Այն քրիստոնյաներին ուղղված հորդոր է՝ պատրաստ լինելու Քրիստոսի վերադարձին, նրա երկրորդ գալստյանը, իրադարձություն, որին սպասում է ողջ Եկեղեցին։ Տասը կույսերի առակը Հայ Առաքելական Եկեղեցին հիշատակում է Ավագ երեքշաբթի։
Բովանդակություն |
Առակը [խմբագրել]
Աւետարան ըստ Մատթէոսի 25:1-13
«Այն ատեն երկինքի թագաւորութիւնը պիտի նմանի տասը կոյսերու, որոնք՝ առնելով իրենց լապտերները՝ գացին դիմաւորելու փեսան: Ասոնցմէ հինգը իմաստուն էին, իսկ հինգը՝ յիմար: Յիմարները առին իրենց լապտերները, բայց ձէթ չառին իրենց հետ. սակայն իմաստունները՝ ամաններով ձէթ ալ առին իրենց լապտերներուն հետ: Երբ փեսան ուշացաւ, բոլորն ալ թմրեցան ու քնացան: Կէս գիշերին գոչիւն մը եղաւ. “Ահա՛ փեսան կու գայ. գացէ՛ք դիմաւորելու զինք”: Այն ատեն բոլոր կոյսերը ոտքի ելան եւ յարդարեցին իրենց լապտերները: Յիմարները ըսին իմաստուններուն. “Տուէ՛ք մեզի ձեր ձէթէն, որովհետեւ մեր լապտերները կը մարին”: Իմաստունները պատասխանեցին. “Ո՛չ. գուցէ չբաւէ մեզի ու ձեզի. այլ մանաւանդ գացէ՛ք ծախողներուն եւ գնեցէ՛ք ձեզի համար”: Երբ անոնք գացին գնելու՝ փեսան եկաւ. պատրաստ եղողները հարսանիքի մտան անոր հետ, ու դուռը գոցուեցաւ: Յետոյ միւս կոյսերը եկան եւ ըսին. “Տէ՛ր, Տէ՛ր, բա՛ց մեզի”: Բայց ան պատասխանեց. “Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. "Ես չեմ ճանչնար ձեզ"”: Ուրեմն արթո՛ւն կեցէք, որովհետեւ գիտէք ո՛չ օրը, ո՛չ ժամը»: [1]
Մեկնաբանություն [խմբագրել]
Տասը կույսերը քրիստոնյաներն են, ովքեր սպասում են Փեսայի՝ Քրիստոսի վերադարձին։ Նրանք բաժանված են երկու խմբի՝ իմաստուն և հիմար։ «Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին: Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին»: Յուղը Աստվածաշնչում Սուրբ Հոգու խորհրդանիշն է։ Իմաստուն քրիստոնյաները կառուցում են իրենց հարաբերությունը Տիրոջ հետ, կարդում և խորհրդածում են Աստծո Խոսքը։ Նրանք ամբողջությամբ լցված են Սուրբ Հոգով և հոգևոր գիշերվա մեջ փայլում են Հոգու կրակով։ Նրանք միշտ պատրաստ են և անհամբեր սպասում են Փեսայի վերադարձին։ Անգամ դժվարին ժամանակներում, միշտ արթուն են Հոգու կրակով, քանզի բավական «պահեստային ձեթ» ունեն իրենց հոգիներում։ Այլ է հիմար քրիստոնյաների վիճակը։ Նրանք ճանաչում են Տիրոջը, սակայն բնավ հոգ չեն անում և չեն պատրաստվում «սպասման գիշերվան»։ Նրանք կզրկվեն հարսանեկան խրախճանքի վայելքներից։
Տասնմեկերորդը [խմբագրել]
Առակում կա ևս մի անձնավորություն՝ տասնմեկերորդը, ով հանդես է գալիս, թեև հպանցիկ, սակայն հիմնական դերակատարությամբ։ Նա է, ով գոչում է. «Ահա փեսան գալիս է, նրան դիմավորելու ելեք»։ Ի դեպ, առակը պատմում է, որ իմաստուն կույսերը, ինչպես նաև հիմարները, բոլորն էլ տկարացան և քնի մեջ ընկան։ Առանց այդ տասնմեկերորդ անձնավորության, կույսերից և ոչ մեկը ընդառաջ չէր գնա փեսային։ Հիրավի, անգամ իմաստունները, հակառակ իրենց «պահեստային ձեթին», պատրաստ չէին հանդիպմանը, քանզի քնած էին։ Անձնավորությունը, ում մասին քիչ է խոսվում, կարևոր դերակատարությունն ունի առակի մեջ։ Նա հարկավ և՛ բավարար պահեստի ձեթ ուներ՝ ողջ գիշեր հսկելու համար, և՛ եռանդ՝ մինչ հարմար պահը սպասելու համար։[2]
Ավագ երեքշաբթի [խմբագրել]
Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգը ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուսը հինգը` հանգած մոմերով խորհրդանշում են հիմար կույսերին:[3]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ «ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 25»։ http://arm.scripturetext.com/matthew/25.htm։ Վերցված է 03 April 2012։
- ↑ «Տասնմեկերորդը»։ http://vardapet.blogspot.com/2012/04/blog-post_7016.html։ Վերցված է 03 April 2012։
- ↑ «Ավագ երեքշաբթի. Օրվա խորհուրդը»։ http://www.blognews.am/arm/news/4789/avag-ereqshabti-orva-khorhurdy.html։ Վերցված է 03 April 2012։