Առաքյալներ
Առաքյալներ (առաքված, ուղարկված հունարեն` απόστολος), ըստ Նոր Կտակարանի և քրիստոնյա ավանդության` Քրիստոսի կողմից առաքված մարդիք, Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներն ու հետնորդները (Ղուկ. 6:13-16 հմմտ. Մատթ. 10:2-4, Մարկ. 3::16, )` համապատասխան Իսրայելի տասներկու ցեղերի թվին (Ծննդ. 49:28): 12 առաքյալներն են`
- Պետրոսը (Սիմոն Պետրոս, Կեփաս),
- Անդրեասը,
- Հակոբոսը (Զեբեդեոսի որդի, Որոտման որդի (Բաներեգես)),
- Հովհաննեսը (Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան),
- Փիլիպպոսը,
- Բարդուղիմեոսը (Նաթանայել),
- Թադեոսը (Ղեբեոս, Հուդա Հակոբյան),
- Թովմասը (Երկվորյակ),
- Մատթեոսը (Ղևի),
- Հակոբոս Ալփյանը (Կրտսեր Հակոբոս, Ալփեոսի որդի),
- Սիմոն Կանանացին (Նախանձահույզ),
- Հուդա Իսկարիովտացին:
Հուդա Իսկարիովտացու ինքնասպանությունից հետո առաքյալները վիճակահանությամբ որպես 12-րդ առաքյալ ընտրում են Մատաթիային (տես Գործք.1:15-26):
Առաքյալները բոլորն էլ եղել են Գալիլիացիներ (հմմտ. Գործք. 2:7), հիմնականում ձկնորսներ և մաքսավորներ: Ըստ Ավետարաններում առկա տվյալների` բոլոր առաքյալներն էլ Քրիստոսի անմիջական առաջնորդությամբ պատրաստվել են իրենց առաքելության համար, ականջալուր եղել Նրա քարոզներին և ականատես` հրաշքներին ու գործերին, և Հարությանը: Տասներկու առաքյալներին Հիսուսը «իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10:1): Իսկ համբարձվելուց առաջ ընտրյալներին պատվիրեց. «ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հօր և Որդու և Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28:19-21): Քրիստոսի Համբարձումից և Հոգեգալուստից հետո գործնականապես նրանք եղան հիմքն ու հիմնադիրը Եկեղեցու` լինելով դրա անդամները, առաջնորդներն ու կազմակերպիչները: Գործք առաքելոցում հանգամանալից ներկայացվում են առաքյալների հալածանքներն ու նրանցից մեկի` Հակոբոս Զեբեդյանի սպանությունը (Գործք. 12:1-2): Համաձայն Ավանդության բոլոր առաքյալներն էլ, բացառությամբ Հովհաննես առաքյալի նահատակվել են ի սեր Քրիստոսի:
Տասներկուսից բացի առաքյալ է անվանվում նաև Պողոսը (Սողոս), ով ծանոթ է որպես 13-րդ առաքյալ: Պողոսն ինքն իրեն էլ անվանում է «հեթանոսների առաքյալ» (Հռոմ. 11:12): Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր տոնացույցում ունի Տասներկու առաքյալներին և Պողոս Տասներեքերորդ առաքյալին նվիրված տոն: Այս առաքյալները տոներ ունեն նաև առանձին-առանձին կամ զույգ-զույգ:
Հայաստանում քարոզել և նահատակվել են Թադեոս (Ղեբեոս) և Բարդուղիմեոս (Նաթանայել) առաքյալները, որոնք հիմնել են եկեղեցիներ: Վերջիններս կոչվել են Առաքելական եկեղեցիներ, ըստ այդմ էլ Հայոց եկեղեցին կոչվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի: Առաքյալների անմիջական քարոզով հիմնված եկեղեցիները կոչվում են Առաքելական, որից և ծագել է հայ եկեղեցու պատվանունը՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի»։
Յոթանասուն աշակերտներ [խմբագրել]
Ըստ Ղուկասի ավետարանի` բացի վերը նշված 12-ից Քրիստոսին հետևում էին ևս 70 հոգի (որոշ աղբյուրների համաձայն` 72), որոնք անվանվում են աշակերտներ. «Այնուհետև Տերը նշանակեց ուրիշ յօթանասուներկու հոգի ևս և նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր» (Ղուկ. 10:1): Հիսուս Քրիստոսի կողմից 70-ին ևս տրվեց հիվանդություններ բուժելու, դևեր հալածելու և բարի լուրը` Ավետարանը, քարոզելու իշխանություն: Առհասարակ Աստվածաշունչը 70-ից և ոչ մեկի անունը չի հայտնում, սակայն նշում է, որ նրանց անունները գրված են երկնքում (Ղուկ. 10:20): Համաձայն Ավանդության` 70 աշակերտներից են եղել առաքյալների ընտրած 7 սարկավագները (տես, Գործք. 6:1-6), Մարկոս և Ղուկաս Ավետարանիչները, ինչպես նաև Պողոս առաքյալի գործակիցները: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր տոնացույցում Յոթանասուն աշակերտներին նվիրված տոն ևս ունի:
Աղբյուրներ [խմբագրել]
- Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:
- Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997:
- Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997:
- Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010:
- Новый библейский словапь, часть 1, Санкт-Петербург, 1999г.
- Роналд Браунригг, Кто есть кто в Новом Завете, Словарь, Москва, 1998.