Տադեուշ Կոստյուշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tadeusz Kościuszko.PNG

Տադեուշ Կոստյուշկո (լեհ.՝ Andrzej Tadeusz Bonawentura Kościuszko, բելառուս.՝ А́ндрэй Тадэ́вуш Банавенту́ра Касцю́шка, լիտ.՝ Tadas Kosciuška) (փետրվարի 4, 1746, Մերեչևշինա, Լիտվական Մեծ Կայսրություն - հոկտեմբերի 15, 1817, Զոլոտուրն, Շվեյցարիա), լեհական քաղաքական և ռազմական գործիչ։

1776 - 83 թթվականին որպես կամավոր մասնակցել է Հյուսիսային Ամերիկայի անկախության պատերազմին։ 1789-ին վերադարձել է և ծառայության անցել լեհական բանակում, 1792-ին մասնակցել ցարական Ռուսաստանի զորքերի դեմ կռիվներին։ 1792 - 94-ին եղել է վտարանդի։ 1794-ի ապստամբության սկզբին հռչակվել է ազգային զինված ուժերի գլխավոր հրամանատար։ Նրա ղեկավարությամբ ապստամբները Ռացլավիցիում հաղթել են ցարական զորքերին (ապրիլի 4)։ 1794-ին ծանր վիրավորվել և գերվել է, ապա բանտարկվել Պետրոպավլովյան ամրոցում։

Ազատվել է 1796-ին։ Հավատարիմ մնալով հանրապետական և դեմոկրատական սկզբունքներին՝ Կոստյուշկոն մերժել է Նապոլեոն Բոնապարտի (1806) և Ալեքսանդր I-ի (1814 - 15)՝ համագործակցելու վերաբերյալ առաջարկությունները։ Կազմել է Լեհաստանի անկախության համար պայքարի ծրագիր։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել տարագրության մեջ (ԱՄՆ, Ֆրանսիա)։ Մահացել է Շվեյցարիայում, աճյունը տեղափոխվել է Կրակով։

Կոստյուշկոյի անունով է կոչվում Ավստրալիայի ամենաբարձր լեռը՝ Կոսցյուշկո, ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի շրջաններից մեկը՝ Կոսցյուշկո շրջան (Ինդիանա)։ Նրա անունով են կոչված փողոցներ Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Սերբիայում և այլն։ Նրա արձանը կանգնեցված է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելառուսում, Լեհաստանում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png