Վիքիպեդիա:Օրվա հոդված/Նոյեմբեր 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոյեմբեր ամսվա հոդվածները
Նոյեմբերի 1
Ընձառյուծ
Ընձառյուծ

Ընձառյուծ, կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն։

Մարմնի երկարությունը՝ մինչև 165 սմ, քաշը՝ 60 կգ։ Էգերն ավելի փոքր են։ Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են։ Մորթին խիտ, դեղին կամ շիկակարմիր, սև խալերով։ Ապրում է անտառներում, սարերում։ Լավ մագլցում են ծառերը։ Սնվում են սմբակավոր կենդանիներով, թռչուններով ու կրծողներով։ Մարդակեր ընձառյուծները հազվադեպ են։

Ընձառյուծներն ամենատարածված վայրի կատվազգիներն են, բնակվելով արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կան մերձ-սահարյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Արաբական թերակղզում, Ռուսաստանում, Կորեայում, Չինաստանում, Կովկասում, Թուրքմենստանում, Իրանում, Հնդկաչին թերակղզում, Շրի Լանկա կղզում։

Նրանք անհետացել են մայրցամաքային Եվրոպայից շարունակել...

Նոյեմբերի 2
տեսարան Փարիզից, Էյֆելյան աշտարակ
տեսարան Փարիզից, Էյֆելյան աշտարակ

Փարիզ (ֆր.՝ Paris paʁi), Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։

Այն տեղակայված է Սեն գետի վրա, Ֆրանսիայի հյուսիսում Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում։ Փարիզը իր վարչական սահմաններում ունի 2 300 000 բնակչություն (2009): Փարիզն իր արվարձաններով Եվրոպայի ամենախիտ բնակեցված կենտրոններից մեկն է` շուրջ 12 միլիոն բնակչությամբ։ Միջին բարձրություն՝ 33 մ։ Ավելի քան երկու հազարամյակ լինելով կարևորագույն բնակավայր, XII դարում Փարիզը դարձավ Եվրոպայի առաջատար մշակութային և կրթական կենտրոններից մեկը և խոշորագույն քաղաքը մինչ XVIII դարը։ Այսօր Փարիզը աշխարհի խոշորագույն բիզնեսի, կրթական, գիտական, մշակութային և քաղաքական կենտրոններից մեկն է։

Փարիզը իր արվարձաններով հանդերձ ներառում է Ֆրանսիայի արդյունաբերության մեկ քառորդը, 2010 թ. € 572.4 բիլիոն արդյունքով և ՀՆԱ ցուցանիշով աշխարհի քաղաքներից առաջատարն է։ Փարիզը և տարածաշրջանը զբոսաշրջության ցուցանիշով նույնպես աշխարհում առաջինն է։ Փարիզում են տեղակայված ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային Ժառանգության չորս օբյեկտներ և բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։

Փարիզը ձևավորվել է գալլական պարիզիներ ցեղի բնակավայր Լյուտեսի տեղում (Սիտե կղզի), որը հիշատակում է Հուլիոս Կեսարը մ.թ.ա. 1-ին դարում։ Ս.թ. III–IV դարերում կոչվել է Պարիզիի (լատին․՝ Parisii) շարունակել...

Նոյեմբերի 3
Դանիել Վարուժան
Դանիել Վարուժան

Դանիէլ Վարուժան (Դանիէլ Չպուքքարեան) (Ապրիլ 20, 1884 - Օգոստոս 26, 1915), 20-րդ դարու արեւմտահայ բանաստեղծ։ Դանիէլ Վարուժանի ստեղծագործութեան էութիւնը եղաւ գեղեցկութեան, ուժի ու աշխատանքի տարերքը։

Վարուժանի կեանքը թեպետ ընդհատուեցաւ երիտասարդ հասակին, բայց ան ստեղծեց հասարակական մեծ բովանդակութեան եւ գեղարուեստական կատարեալ ձեւերու բանաստեղծութիւններ։ Ան հոգեկան մերձեցումներ ունեցաւ համաշխարհային բանաստեղծութեան մեծ դէմքերոնւ հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործութեան ազգային ոճն ու դրոշմը։ Այս իրողութիւնը խոստովանած է նաեւ ինքը։ Խօսելով նաեւ վերածնունդի շրջանի իտալական եւ ֆլամանական արուեստէն կրած ազդեցութեան մասին, Վարուժան միաժամանակ յատկապես կ՛ընդգծէ, որ իր վրձինը թաթախած է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» եւ «ծովածուփ արեան» մէջ։

Դանիէլ Վարուժան ծնած է 1884 թուականին, Արեւմտեան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գիւղը։ Ան հասակ առած է գեղեցիկ բնութեան մը մէջ, իրենց գիւղի գետեզերքներուն թախծող ուռիներու օրօրին տակ։ Գիշերները մայրը անոր պատմած է պանդխտութեան մէջ գտնուող իր հօր մասին և անոր երեւակայութիւնը բորբոքած է թուրք ենիչերիներու մասին ըրած պատմություններով։ Բնութենէն ստացած երազային տպաւորութիւններուն խառնուած են նաեւ կեանքի վիշտերը շարունակել...

Նոյեմբերի 4
Քաղկեդոնի ժողովի, Կիևի տաճարներից մեկի պատկերազարդում
Քաղկեդոնի ժողովի, Կիևի տաճարներից մեկի պատկերազարդում

Քաղկեդոնի ժողով, 451թ. հոկտեմբերի 8-ից առ նոյեմբերի 1-ը տեղի ունեցած եկեղեցական ժողով, որը հրավիրվել է Կոստանդնուպոլսից ոչ հեռու գտնվող Քաղկեդոն քաղաքում (ներկայումս Ստամբուլի արվարձաններից մեկն է) Բյուզանդիայի կայսր Մարկիանոսի կողմից Լևոն Բ պապի համաձայնությամբ` Եվտիքեսի ուսմունքը քննելու և Քրիստոսի բնության մասին վեճերին լուծում տալու նպատակով:

Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից Քաղկեդոնի ժողովը ճանաչվում է որպես տիեզերական:

Հայ առաքելական եկեղեցին, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի կողմից հռչակած քրիստոսաբանական բանաձևը, որի հիմքում դրված է Լևոն պապի տումարը շարունակել...

Նոյեմբերի 5
Հարություն Խաչատրյանը 5-րդ Ոսկե ծիրան փառատոնում
Հարություն Խաչատրյանը 5-րդ Ոսկե ծիրան փառատոնում

Հարություն Խաչատրյանը հայ ռեժիսոր է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, 2004 թվականից՝ «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հիմնադրման պահից, փառատոնի գլխավոր տնօրենը։

2006 թվականին ստացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում և դարձել է Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։ 2004 թվականին մի խումբ գործընկերների հետ հիմնադրել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը, որի գլխավոր տնօրենն է հանդիսանում մինչ օրս։ 2007 թվականին ստացել է Նիդերլանդների Արքայազն Քլաուսի մրցանակը, իսկ 2008-ին արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության Մշակույթի և Հաղորդակցության նախարարության Ordre des Arts et des Lettres շքանշանին

Հարություն Ռուբենի Խաչատրյանը 1981-ին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի բաժնի կինոռեժիսուրայի ֆակուլտետը, կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի արվեստանոցը։ Ստեղծագործական կյանքի վաղ շրջանում ռեժիսորի օգնական և ռեժիսոր է եղել Հայկական վավերագրական ֆիլմերի ստուդիայում, ապա` «Հայֆիլմ» կինոստուդիայում շարունակել...

Նոյեմբերի 6
Հայկ նահապետի արձանը Երևանում
Հայկ նահապետի արձանը Երևանում

Հայկ Նահապետ (նաև Հայկ, Հայկ դյուցազն), հայոց նահապետ, նախահայր, ազգապետ։

Ըստ ժողովրդական մեկնաբանության, Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Հայկը դյուցազն է, սերում է դիցերից։ Համաձայն որոշ մեկնաբանությունների, Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։ Հայկի մայրն էր Անահիտ դիցուհին, որը երբեմն կոչվում է «մեծն տիկին հայոց», «մեծամայր»։ Հայկը հաղթանդամ և վայելչակազմ ռազմիկ է, որսորդ։ Նրա զենքը՝ թուրը, նետ ու աղեղը օժտված են գերբնական հատկություններով։ Հայկը նաև տոհմապետ է, որ տալիս է հասարակությանը աստվածային ծագման օրենքներ, կարգավորում է հասարակությունը։ Հայկը կարգավորում է նաև ժամանակը՝ ըստ Անանիա Շիրակացու հաղորդության, հայոց տոմարի ամսանունները ծագում են Հայկի զավակների և դուստրերի անուններից։

Հայկի կյանքի ամենավառ դրվագը նրա պատերազմն է բաբելոնյան առաջնորդ Բելի դեմ շարունակել...

Նոյեմբերի 7
Դասթին Հոֆմանը 2008 թ. Կաննի կինոփառատոնում
Դասթին Հոֆմանը 2008 թ. Կաննի կինոփառատոնում

Դասթին Հոֆման (անգլ.՝ Dustin Lee Hoffman, իսկական անուն ազգանունը` Դասթին Լի Հոֆման, օգոստոսի 8, 1937, Լոս Անջելես) ամերիկացի հայտնի դերասան:
Նկարահանվել է ամերիկյան նշանավոր շատ ռեժիսորների հայտնի ֆիլմերում: Դասթին Հոֆմանը իր խաղացած դերերով արժանի է կոչվելու բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն դերասաններից մեկը: Հատկապես տպավորիչ են նրա խաղացած հոգեբանական, մելոդրամիկ բարդ դերերը:

Դասթին Լի Հոֆմանը ծնվել է 1937 թվականի Լոս-Անջելեսում (նրան կոչել են Դասթին ի պատիվ Դասթին Ֆարնումի ամերիկյան պարող ու համր կինոյի դերասան): Նրա նախնիները Ռուսական կայսրությունից և Ռումինիայից են: Մի առիթով Հոֆմանը ասել է, որ նրանք թերևս աթեիստներ են եղել: Հայրը` Գարրի Հոֆմանը (մահացել է 1946 թ.) աշխատել է Columbia Pictures ընկերությունում, տարբեր մասնագիտություններով` բեմադրող նկարիչի օգնական, դեկորացիաների ձևավորող, ռեկվիզիտոր և այլն: Փորձել է նաև բացել սեփական բիզնես` «Harry Hoffman Furniture Company» կահույքի արտադրամասը, սակայն անհաջող, ապա աշխատել է կահույքի վաճառքի գործակալ: Մայրը` Լիլլան, ջազային դաշնակահարուհի էր (1909—1981):

Դասթինը ընտանիքում երկրորդ երեխան էր: Մեծ եղբայրը` Ռոնալդը, հաջողակ փաստաբան և էկոնոմիստ էր: Մայրը Դասթինին երաժշտության դասեր է տվել երբ նա 5 տարեկան էր: Նա նույնիսկ ուզում էր դառնալ ջազ երաժիշտ շարունակել...

Նոյեմբերի 8
Կազարյան ճեմարանը
Կազարյան ճեմարանը

Լազարյան ճեմարանը հայագիտական և արևելագիտական ուսումնական ու գիտական խոշոր կենտրոն էր:

Հիմնադրվել է 1815 թվականին Մոսկվայում, մեծահարուստ Լազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով: Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել է Հայկական Լազարյան (Եղիազարյան) ուսումնարան: Սովորել են միայն Լազարյան որդեգիրները: 1820-ական թվկաններին ուսումնական ծրագրով համապատասխանել է ռուսական գիմնազիաների մակարդակին: Հանրակրթական առարկաների հետ դասավանդվել են ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն:Ընդունվել են տարբեր ազգերի 10-14 տարեկան երեխաներ, հիմնականում հայեր և ռուսներ: Դիմորդներ է պատրաստել համալսարան ընդունվելու համար, ինչոես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ:

1827 թվականին վերանվանվել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ (հայկական աղբյուրներում ավանդաբար կոչվել է Լազարյան ճեմարան)՝ ենթարկվել է ժողովրդական կրթության նախարարությանը շարունակել...

Նոյեմբերի 9
Նելսոն Գևորգի Ստեփանյան՝ (Ապրիլի 10, 1913 - Դեկտեմբեր 28, 1944) հայ օդաչու: Խորհրդային Միության կրկնակի հերոս: Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ` 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր:

Ծնվել է 1913 թվական մարտի 28-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում: Ծնողների հետ տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել է Գորկու անվան դպրոցում: Հինգերորդ դասարանից սկսած հետաքրքրվել է ավիացիայով և ավիամոդելավորմամբ: Հաղթել է Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում և Բաքվում անցկացվող ավիամոդելավորման մրցույթներում:

1932 թվականին ավարտել է Ս. Օրջոնիկիձեի անվան Բաքվի ռազմական ուսումնարանը: 1935 թվականին ավարտել է Բատեյսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցը, որտեղ էլ աշխատել է մինչև 1938 թվականը որպես հրահանգավորող օդաչու: 1938-1941 թվականներին ծառայությունը շարունակել է Միներալնիե վոդի քաղաքում շարունակել...

Նոյեմբերի 10
Դվին քաղաքի կենտրոնական հրապարակը, նկարված է Ա. Պատրիկայի կողմից՝ վերակառուցված Ա. Քոչինյանի գծագրերից
Դվին քաղաքի կենտրոնական հրապարակը, նկարված է Ա. Պատրիկայի կողմից՝ վերակառուցված Ա. Քոչինյանի գծագրերից

Դվին, Պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը: Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։

Մայրաքաղաք Արտաշատի անբարենպաստ կլիմայի պատճառով հայոց Խոսրով Բ Կոտակ թագավորը նրանից ոչ հեռու գտնվող Դվին բլրի վրա կառուցում է ապարանքներ, ուր և տեղափոխում է իր արքունիքը։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Հետևելով թագավորին, հետզհետե Դվին են կսում տեղափոխվել Արտաշատի բնակիչները։ Թագավորական ապարանքների շրջակայքում հայտնվում են բնակելի թաղամասեր, քաղաքն սկսում է ընդարձակվել։

Դվինի վարչաքաղաքական ու տնտեսական նշանակությունը ավելի մեծացավ արաբական տիրապետության սկզբնական շրջանում՝ 7-8 դարերում, երբ նա դարձավ մի շատ ավելի ընդարձակ, քան Մարզպանական Հայաստանն էր, վարչական միավորի՝ Արմինիա կուսակալության կենտրոնը։ Արմինիան իր մեջ էր միավորում նաև Արևելյան Վրաստանն ու Աղվանքը։ Դվինը կործանվում է Ջալալ Էդ Դինի արշավանքներից, իսկ մոնղոլական տիրապետության ժամանակ վերածվում Է մի սովորական բնակավայրի շարունակել...

Նոյեմբերի 11
Գերմաներեն առաջին հրատարակություններից մեկի շապիկը
Գերմաներեն առաջին հրատարակություններից մեկի շապիկը

Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, լրիվ անվանումը՝ Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ (չեխ․՝ Osudy dobrého vojáka Švejka za světové války), չեխ գրող-երգիծաբան Յարոսլավ Հաշեկի անավարտ վեպն է։

Շվեյկը առաջին անգամ հայտնվեց Յարոսլավ Հաշեկի 1912 թվականին հրատարակված «Քաջարի զինվոր Շվեյկը այլ հետաքրքիր պատմություններ» պատմվածքների ժողովածուի էջերում։ Նույն հերոսին Հաշեկը անդրադարձավ հինգ տարի անց՝ 1917 թվականի հունիսին Կիևում լույս տեսած «Քաջարի զինվոր Շվեյկը ռուսական գերության մեջ» վիպակում։ Ռուսաստանից Պրահա վերադառնալով գրողը նորից է վերադառնում իր ստեղծած կերպարին, բայց այս անգամ վեց մասից բաղկացած ծավալուն վեպում։ 1920-1921 թվականներին Հաշեկը գրում է վեպի երեք մասերը և սկսում չորրորդը, բայց չի կարողանում այն ավարտել։ Նա հիվանդության մահճին գամված մինչև վերջ թելադրել է վեպը։ Մահը վրա հասավ 1923 թվականի հունվարի 3-ին և «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը անավարտ մնաց։

Վեպի շարունակությունը՝ «Քաջարի զինվոր Շվեյկը ռուսական գերության մեջ», գրել է չեխ լրագրող Կարել Վանեկը 1923 թվականին։ Գիրքը շատ բաներում ինքնակենսագրական է՝ Վանեկը ռազմագերի է եղել Ռուսաստանում։ Վեպը հնարավորություն է տալիս տեսնել այդ տարիների Ռուսաստանը չեխ զինվորի և ավստրո-հունգարացի ռազմագերու աչքերով շարունակել...

Նոյեմբերի 12
Պիտեր Բրեյգել Ավագի 1563 թվականի Բաբելոնի աշտարակը նկար, յուղաներկ տախտակի վրա
Պիտեր Բրեյգել Ավագի 1563 թվականի Բաբելոնի աշտարակը նկար, յուղաներկ տախտակի վրա

Բաբելոնի աշտարակը, ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի 1563 թվականի նկարն է։ Հայտնի են նրա վրձնին պատկանող առնվազն երկու նկար այս սյուժեով։

Նկարի հիմքում Հին կտակարանից Մովսեսի առաջին գրքի Բաբելոնյան աշտարակաշինության պատմությունն է, որը մարդիկ որոշել էին կառուցել երկինք հասնելու համար։ Հակադրվելով մարդկային հպարտությանը, Աստված խառնեց նրանց լեզուները, այնպես, որ նրանք այլևս իրար չհասկանալով, ցրվեցին ողջ աշխարհով մեկ և աշտարակի շինարարությունը մնաց անավարտ։ Այս պատմության իմաստն այն է, որ ամեն երկրային ցանկություն սին է և անիմաստ է մահկանացուների՝ Աստծո հետ համեմատվելու ցանկությունը։

Բրեյգելի Բաբելոնի աշտարակը պատկերում է ավետարանում նկարագրված խոշոր շինարարությունը, բազմաթիվ մարդկանցով և շինարարական սարքավորումներով։ շարունակել...

Նոյեմբերի 13
Նատրիումի քլորիդի բյուրեղ
Նատրիումի քլորիդի բյուրեղ

Նատրիումի քլորիդը (NaCl) կամ կերակրի աղը նատրիումի և քլորի քիմիական միացությունն է։ Նատրիումի բնական միացություններից ամենից մատչելին նատրիումի քլորիդն է։

Նատրիումի քլորիդը անգույն բյուրեղային նյութ է՝ աղի համով։ Մանր ջարդված վիճակում այն սպիտակ գույն ունի։ Նատրիումի քլորիդը լուծված վիճակում գտնվում է ծովերի և օվկիանոսների ջրերում։ Ծովի ջուրը պարունակում է մինչև 3% նատրիումի քլորիդ։ Ծովի ջուրը գոլորշիացնելիս նրա մեջ լուծված աղերը նստում են։ Դրանից ծովափնյա վայրերում օգտվում են նատրիումի քլորիդ արդյունահանելու համար։

Տարածված է նաև նատրիումի քլորիդի ստացումը աղի լճերից, օրինակ՝ Բասկունչակ և Էլտոն լճերից։ Մի ժամանակ դրանք ծովածոցեր էին։ Անջատվելով ծովերից, ծովերը փոխարկվում են լճերի։ Աղի լճերը չորանում էին և նրանց բյուրեղային ձևով նստում էր նատրիումի քլորիդը։ Այսպիսի աղը կոչվում է ինքնանիստ աղ։ Վերջնականապես չորացած աղի լճերից տեղերում առաջացել են քարաղի հանքեր շարունակել...

Նոյեմբերի 14
Ջեք Նիկոլսոն
Ջեք Նիկոլսոն

Ջեք Նիկոլսոն , (անգլ.՝ Jack Nicholson, ապրիլի 22, 1937) ամերիկացի նշանավոր դերասան, Օսկարի եռակի դափնեկիր, 7 անգամ ստացել է Ոսկե Գլոբուս:
Բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն դերասաններից մեկը:

Ծնվել է 1937 թվականի ապրիլի 22-ին, Ջերսիում: Ծնողները մասնագիտությամբ պարող էին: Մայրը` Ջուն Ֆրենսիս Նիկոլսոնը, որդու ծնվելուց 6 ամիս առաջ ամուսնացել է իտալացի ծագումով ամերիկացի պարող Դոնալդո Ֆուրչիլլոյի հետ: Նրան դաստիարակել և մեծացրել են պապը` Ջոն Նիկոլսոնը` մասնագիտությամբ նկարիչ դիզայներ և տատը` Էթել Մեյ Ռոադսը, ով վարսահարդար և կոսմետելոգ էր: Նրանք ներկայացրել են իրենց որպես Ջեքի ծնողներ, իսկ մայրը որպես քույր: Միայն 1974 թվականին, պապի և տատի մահվանից հետո է նա իմացել որ նրանք իր պապ ու տատն են, և որ իսկական մայրը իրեն քույր ներկայացրած անձնավորությունն է:

Իսկ նրա իսկական հոր մասին, ըստ իր` Ջեք Նիկոլսոնի կարծիքի, իր մայրը և նրա ամուսինը իմացել են, սակայն ոչ ոքի չեն պատմել այդ մասին, նույնիսկ իրեն շարունակել...

Նոյեմբերի 15
Սև պեննի նամականիշ
Սև պեննի նամականիշ

Սև պեննի (անգլ.՝ Penny Black), Աշխարհի առաջին նամականիշն է: Կատարված է սև գույնով և անվանագինը մեկ պեննի է (այստեղից էլ անվանումը): Թողարկվել է Անգլիայում 1840 թվականի մայիսի 6-ին:

Թագուհի Վիկտորիայի (Queen Victoria, 1819-1901) կիսադեմով նկարը առաջին փոստային նամականիշի համար փորագրել են Չարլզ և Ֆրեդերիկ Հիթերը (Charles and Fredrick Heath) ըստ Հենրի Քոուլի (Henry Cole) էսքիզի, որը իր հերթին արտանկարված էր Ուիլյամ Վայոնի (William Wyon, 1795-1851) ստեղծած մեդալյոնից:

Ռոուլենդ Հիլլի (Rowland Hill) ջանքերով 1840 թվականի մայիսի 6-ին թողարկվեցին աշխարհի առաջին փոստային նամականիշերը, որոնք պատմության մեջ մտան «Սև պեննի» անունով: Առաջին նամականիշի և ծրարի ստեղծման մրցույթին ներկայացված էր ավելի քան 2700 առաջարկություն, որից ընտրվեց Չարլզ և Ֆրեդերիկ Հիթերների և Հենրի Քոուլի նախագիծը: շարունակել...

Նոյեմբերի 16
Համազասպ եպիսկոպոսի առաջնորդած Հովհաննավանք վանքը
Համազասպ եպիսկոպոսի առաջնորդած Հովհաննավանք վանքը

Համազասպ եպիսկոպոս /ծննդյան և մահվան թվականներն անհայտ են/, Ամբերդի թեմի և Հովհաննավանքի առաջնորդ, գործել է 1274-1304 թթ-ին, սերում է Դսեղի Համազասպյան-Մամիկոնյան գերդաստանից:

Համազասպյան-Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչ Համազասպ եպիսկոպոսի Արարատյան կողմնակալության հոգևոր կենտրոն Հովհաննավանքում պաշտոնավարելը պատահական չէ: Դրան նպաստել է կողմնակալության տիրուհին` կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Քուրդ Ա Վաչուտյանի կինը` Խորիշահ իշխանուհին: 1220-ական թվականների կեսերին ամուսնանալով Քուրդ Ա-ի հետ նա Դսեղից Նիգ-Արագածոտն է եկել իր ծառաներով ու դայակներով: Ամենայն հավանականությամբ 1230-ական թվականների վերջերին նա Դսեղից Նիգ-Արագածոտն է բերել իր եղբայրներից կամ հարազատներից մեկի որդուն` Համազասպին:

Մանուկ հասակից Համազասպը մտել է Հովհաննավանքի դպրանոց, պաշտոնավարել առաջնորդարանում, բարձրացել եկեղեցական աստիճանակարգով և արդեն 1274 թ-ին առաջին անգամ հիշվել Հովհաննավանքի առաջնորդ: շարունակել...

Նոյեմբերի 17
Մակակա տեսակի կապիկ
Մակակա տեսակի կապիկ

Կապիկներ, պրիմանտների կարգի կաթնասունների ենթակարգ:

Բաժանվում եմ երկու խմբի. լայնաքթեր կամ Նոր աշխարհի կապիկներ, որոնք ունեն 2 ընտանիք, և նեղքթեր կամ Հին աշխարհի կապիկներ` 4 ընտանիք: Լայնաքիթ կապիկների մեծ մասի քթի միջնապատը և քթանցքները լայն են դուրս ուղղված: Նեղքթերին բնորոշ են ավել նեղ միջնապատը, իսկ քթանցքները, ինչպես մարդու մոտ, ցած են ուղղված:

Կապիկների քաշը 400գ-180 կգ է և ավելի, մարմնի երկարությունը մինչև 2 մ: Որոշ կապկների պոչը մարմիններից երկար է, մյուսներինը` հավասար կամ կարճ, երբեմն` կառչող: Մարդանման կապիկները պոչ չունեն: Կապիկների վերջույթները լավ զարգացած են, ունեն 5 մատ, որոնց ծայրերին կան շոշապող թմբիկներ: Մազածածկը զարգացած է, առանձին մասերում նույնիսկ երբեմն շատ երկար է և առաջացնում եմ բաշ, բեղեր, մորուք: Դեմքը և ականջի խոցիները մազապատ չեն: Խոշեր, մարդանման կապիկների գանգն ունի ոսկրային կատարներ, որոնք ամրանում են հզոր, ծամող մկաններին: Լավ զարգացած են դիմային մկանները շարունակել...

Նոյեմբերի 18
Խենթ (իսկական անունը՝ Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյան, 1851 թ. մայիսի 10, Ապարանի գավառամաս, Արագյուղ - 1911 թ., Վաղարշապատ), ռուսական բանակի գնդապետ, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ, Րաֆֆու "Խենթը" վեպի հերոս Վարդանի նախատիպը:

Սկզբնական կրթություն ստացել է քահանա հոր մոտ, ապա սովորել է Էջմիածնի ծխական դպրոցում, ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Գերազանց տիրապետել է հայերեն, ռուսերեն, քրդերեն, թուրքերեն լեզուներին: Կամավոր մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել քաջությամբ, խենթ հերոսությամբ դուրս է եկել Բայազեդի շրջափակված բերդից և օգնության կանչել անհրաժեշտ ուժերի: գեներալ-լեյտենանտ Արզաս Տեր-Ղուկասովի միջնորդությամբ այդ սխրանքի համար ռուսական իշխանությունները նրան շնորհել են սպայի կոչում, Սուրբ Գեորգիի ոսկե խաչ և նշանակել ցմահ թոշակ:

Հետպատերազմյան տարիներին շարունակել է ծառայությունը ռուսական բանակում, կատարել է հետախուզական առաջադրանքներ, թարգմանչի պարտականություններ, ավելի ուշ զբաղվել է թիկունքային սպասարկման խնդիրներով, բարձրացել սպայական աստիճանակարգով և արժանացել գնդապետի կոչման շարունակել...

Նոյեմբերի 19
Գարեգին Սրվանձտյան
Գարեգին Սրվանձտյան

Գարեգին Ավետիսի Սրվանձտյան, Սրվանձտյանձ (նոյեմբերի 17 1840 թ. - նոյեմբերի 17 1892 թ.), հայ բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ:

Գարեգին Սրվանձտյանը համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան, որի մեջ ինքնօրինակ ձևով դրսևորվել են 1850-1860-ական թվականների հայ ազգային լուսավորիչներին և 1870-1880-ական թվականների լուսավորական դեմոկրատներին բնորոշ աշխարհայացքային գծերը: Նրա գործունեությունը իր ապրած ժամանակաշրջանի հայ հասարակական մտքի առաջավոր գործիչների արծարծած ժողովրդական-հայրենասիրական և ազգային-ազատագրական գաղափարների յուրովի արձագանքն է:

Ծնվել է 1840 թվականին Վանում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագավանքի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ: շարունակել...

Նոյեմբերի 20
Միացյալ Թագավորություն ֆիզիկական քարտեզ
Միացյալ Թագավորություն ֆիզիկական քարտեզ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, սուվերեն պետություն է Արևմտյան Եվրոպայում։

Երբեմն կոչվում է Միացյալ Թագավորություն, սկսած 1706 թ.՝ Մեծ Բրիտանիա։ Երկիրը ներառում է Մեծ Բրիտանիա կղզին, Իռլանդիա կղզու հյուսիս-արևելքը և բազմաթիվ փոքրիկ կղզիներ: Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության միակ հատվածն է որ սահմանակից է մեկ այլ սուվերեն պետության՝ Իռլանդիայի հանրապետության հետ: Միացյալ Թագավորությունը բացի այս ցամաքային սահմանից մյուս կողմերից շրջապատված է Ատլանտյան օվկիանոսով, Հյուսիսային ծովով, Անգլիական նեղուցով և Իռլանդական ծովով:

Միացյալ Թագավորությունը ունիտար պետություն է, որը գործում է սահմանադրական միապետություն և պառլամենտական համակարգ կառավարման համապատասխան: Կառավարության նստավայրն է մայրաքաղաք Լոնդոնը: Դա մի երկիր է իր սեփական իրավական համակարգով և բաղկացած է չորս երկրներից` Անգլիա, Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա և Ուելս: Վերջին երեք երկրներին տարբեր հզորության վարչական կառավարման իրավունք է տրված իրենց մայրաքաղաքներում` Բելֆասթ, Էդինբուրգ և Կարդիֆ համապատասխանաբար: Միացյալ Թագավորությունը զարգացած երկիր է ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհում յոթերորդն է և ութերորդն է իր գնողունակությամբ: Այն 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում այն աշխարհի ամենաարդյունաբերական երկիրն էր և ամենաազդեցիկը միջազգային հարաբերություններում շարունակել...

Նոյեմբերի 21
Ավստրալիայի լուսանկարը տիեզերքից
Ավստրալիայի լուսանկարը տիեզերքից

Ավստրալիա (անգլ.՝ Australia), պաշտոնապես Ավստրալիայի միություն (անգլ.՝ Commonwealth of Australia), երկիր, որ ներառում է Ավստրալիական մայրցամաքի գլխավոր կղզին, Թասմանիան և բազմաթիվ մանր կղզիներ։

Այն աշխարհի վեցերորդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ Հարևան երկրներն են հյուսիսից՝ Ինդոնեզիան, Արևելյան Թիմորը և Պապուա Նոր Գվինեան; հյուսիս արևելքից՝ Սողոմոնյան կղզիները, Վանուատուն և Նոր Կալեդոնիան և հարավ արևելքից՝ Նոր Զելանդիան։ 18-րդ դարի եվրոպացիների բնակվելուց առնվազն 40,000 տարի առաջ Ավստրալիայում բնակվում էին տեղացի աբորիգենները, որոնք խոսում էին 250 հազվադեպ լեզվական խմբերի լեզուներից մեկով կամ մի քանիսով։ 1606 թ. հոլանդացի հետախույզների կողմից Ավստրալիան հայտնաբերելուց հետո 1770 թ. Մեծ Բրիտանիան Ավստրալիայի արևելյան հատվածը հարկադրաբար բնակեցնելով բանտարկյալներով 1788 թ.հունվարի 26-ին այն անվանակոչեց Նոր Հարավային Ուելս։ շարունակել...

Նոյեմբերի 22
Պարկավոր գայլ Վաշինգտոնի կենդանաբանական այգում, 1906 թ. լուսանկար
Պարկավոր գայլ Վաշինգտոնի կենդանաբանական այգում, 1906 թ. լուսանկար

Պարկավոր գայլ (նաև Թասմանյան գայլ կամ տիլացին), անհետացած պարկավորների դասի կաթնասուն կենդանի:

Պարկավոր գայլերը ապրել են Ավստրալիայում, դրա մասին հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 1000 թ. սկսած; Երբ առաջին հետազոտողները եկան Ավստրալիա, այս կենդանիները արդեն շատ քիչ էին մնացել Տասմանիա կղզում: Պարկավոր գայլերի մասին առաջին եվրոպացիների պահպանված տվյալները վերաբերվում են 1642 թ., երբ Աբել Տասմանը հասավ Տասմանիա: Նրա խմբի անդամները հայտնեցին անծանոթ վայրի կենդանիների հետքի մասին, որոնք նման էին վագրի հետքերի: 1772 թ. Մարկ Ջոզեֆ դյու Ֆրենը հայտարարում է, որ տեսել է վագրակատուի նման անծանոթ կենդանու: Առաջին պաշտոնական տեղեկությունը վերաբերվում է 1792 թ. մայիսի 13-ին, երբ ֆրանսիացի բնագետ Ժակ Լաբիլարդիերը նշում է կատարում իր մատյանում այս կենդանու մասին: Միայն 1805 թ. Ուիլյամ Պետերսոնը, Տասմանիա փոխնահանգապետը Sydney Gazette թերթի համար ուղարկում է պարկավոր գայլի մանրամասն նկարագրությունը;

Պարկավոր գայլը ամենամեծ գիշատիչ պարկավոր կենդանին է եղել» շարունակել...

Նոյեմբերի 23
Էրզրումում սպանված հայեր, 1895 թ. լուսանկար
Էրզրումում սպանված հայեր, 1895 թ. լուսանկար

Հայկական կոտորածներ 1894-1896, հայերի զանգվածային ջարդեր Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում։ Կազմակերպել և իրագործել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարությունը՝ արևմտահայերի ազատագրական շարժումը ճնշելու և Հայկական հարցին վերջ տալու նպատակով։

1895-ի սեպտեմբերի 18-ին հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները»։ Թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա․ այդ օրը Կ․Պոլսում կոտորվել է 2000 հայ։ 1896-ի օգոստոսի 14-ի «Բանկ Օտոմանի» միջադեպն առիթ է դարձել Կ․Պոլսում հայկական նոր կոտորածների։

Հայկական կոտորածները իրականացրել են թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերը, ոստիկանությունը և մահմեդական խուժանը՝ վայրագ եղանակներով շարունակել...

Նոյեմբերի 24
կադր մուլտֆիլմից
կադր մուլտֆիլմից

«Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (անգլ.՝ Snow White and the Seven Dwarfs), Ուոլթ Դիսնեյի կինոստուդիայի առաջին լիամետրաժ մուլտֆիլմը:

Մուլտֆիմի հիմքում «Սպիտակաձյունիկը» ժողովրդական հեքիաթն է` մշակված Գրիմ եղբայների կողմից: Մուլտֆիլմի ստեղծման համար պահանջվել է մոտ 3 տարի, ավելի քան 500 նկարիչ, մոտ 1,000,000 նկար:

Գլխավոր հերոսը գեղեցկուհի արքայադուստր Սպիտակաձյունիկն է: Նա ապրում է խորթ մոր հետ, ով իրեն չի խղճում անընդհատ աշխատանքի մեջ պահելով: Իսկ այդ ժամանակ ապրում էր մի չար կախարդ թագուհի, ով ուներ հայելի, որը ցույց էր տալիս նրան թե ով է աշխարհի ամենագեղեցիկը: Նա ամեն օր վերցնում էր այդ հայելին, հիանում իրենով և հարցնում թե ով է ամենագեղեցիկը, իսկ հայելին պատասխանում էր, որ կախարդն է ամենագեղեցիկը:

Մի անգամ ճանապարհորդող արքայազնը լսում է Սպիտակաձյունիկի ձայնը, տեսնում է նրան և նրանք սիրահարվում են շարունակել...

Նոյեմբերի 25
Մոմիկի 1302թ․. նկար
Մոմիկի 1302թ․. նկար

Հայաստանում նախնադարյան արվեստի հնագույն հուշարձանները շուրջ 10-հազարամյա վաղեմություն ունեն (քարայրային գեղանկարչություն, ժայռապատկերներ)։ Վաղ բրոնզեդարում (մ․թ․ա․ IV–III հազարամյակներ) կիրառական արվեստը ներկայանում է հիմնականում խեցեգործությամբ (երկրաչափ․, բուսական շքեղ զարդերով բազմագույն խեցեղեն՝ Շրեշ բլուրից, Կառնուտ-Վանաձորից և այլն)։

Արվեստը նշանակալից զարգացման է հասել ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանում մ․թ․ա․ մ․ թ․ ա․ 14-րդ դար–ից մ.թ.ա. 9-րդ դարերում՝ Մեծամորում, Դվինում հայտնաբերված մարդակերպ կուռքեր, մետաղագործ․ բարձրարվեստ կերտվածքներ (կռածո, ձուլածո, դրվագված, փորագիր և այլ տեխնիկաներով գեղարվեստական իրեր, զարդեր), Լճաշենից, Լոռե բերդից, Արթիկից, Տոլորսից՝ այծերի, թռչունների և այլ արձանիկներ, պատկերներ, բրոնզաձույլ մարտակառքերի մանրակերտներ՝ կառքին լծված ձիերով ու ռազմիկների պատկերներով։ գեղարվեստական հուշարձաններ են ստեղծվել նաև քարից:

Հայտնաբերվել են նաև կիսաթանկագին բազմագույն քարերից, ոսկուց, արծաթից, բրոնզից պատրաստված ուլունքներ, կախիկներ շարունակել...

Նոյեմբերի 26
Սատուրն մոլորակը
Սատուրն մոլորակը

Սատուրնի օղակներ, Սատուրն մոլորակի հասարակածային հարթության մեջ գտնվող հարթ շրջանաձև ձևավորումներ են:

Սատուրնի օղակները Արեգակնային համակարգի մոլորակների օղակների միջև ամենապայծառն են: Օղակները կազմված են անթիվ սառույցի բեկորներից և փոշուց, որոնց չափերը տատանվում են միկրոմետրերից մինչև մետրեր, որոնք շարժվում են Սատուրնի շուրջ ուղեծրերով: Օղակների մասնիկները համարյա ամբողջությամբ կազմված են ջրի սառույցից, փոքր քանակով քարային ապարների հավելումներով:

Դեռևս չկա համաձայնություն այս օղակների ծագման հանգամանքների շուրջ, օղակների որոշ առանձնահատկությունները խոսում են նրանց համեմատաբար նոր լինելու մասին, սակայն տեսական մոդելները ցույց են տալիս, որ այս օղակները կարող էին գոյություն ունենալ Արեգակնային համակարգի առաջացման նախնական ժամանակաշրջաններում շարունակել...

Նոյեմբերի 27
Ավազե մանդալա (տիբեթերեն དཀྱིལ་འཁོར།՝կիլխոր), գունավոր ավազից մանդալաներ ստեղծելու և ոչնչացնելու տիբեթյան բուդդայականության ավանդույթ: Ավարտելուց անմիջապես հետո ավազե մանդալան արարող վանականները ծիսականորեն ոչնչանում են այն: Ողջ արարողակարգը խորհրդանշում է նյութական կյանքի անցողիկության մասին բուդդայականության դավանաբանական համոզմունքը:

Պատմականորեն մանդալան չի ստեղծվել բնական գունավոր ավազից, այլ՝ փշրված գունավոր քարի մանր բեկորներից: Ժամանակակից աշխարհում նույն էֆեկտը ստանալու համար գետնին են փռում հարթ սպիտակ քար և ներկում անթափանթ թանաքով: Ավազը փռելուց առաջ արարողությանը մասնակից վանականները նկարում են մանդալայի երկրաչափական պատկերը: Այնուհետև ավազի հատիկները տարածում են հատուկ նախատեսված փոքր խողովակների և ձողիկների օգնությամբ, մինչև ստացվում է ցանկալի պատկերը շարունակել...

Նոյեմբերի 28
Կառլ Հենրիխ Բլոխի «Լեռան քարոզը» կտավ
Կառլ Հենրիխ Բլոխի «Լեռան քարոզը» կտավ

Քարոզ, քրիստոնեական հավատի ուսուցման և տարածման միջոց, կրոնադավանական, բարոյախրատական պատվիրանների հրապարակային ուսուցում, խրատ: Քարոզ է կոչվում նաև եկեղեցու բեմից հոգևորականի` ժողովրդին ուղղված խոսքը:

Լայն առումով վաղքրիստոնեական լեզվում հասկացվել են նաև հավատացյալներին և քրիստոնյա առաջին համայնքներին ուղղված թղթերը, ավելի ուշ` ճառերը:

Թեմատիկ առումով թղթերից և ճառերից քարոզը տարբերվում է նրանով, որ ավելի շատ նվիրված է ոչ թե կրոնադավանական զանազան հարցերի արծարծմանն ու բացատրությանը, այլ` այդ հասկացությունների միջոցով ունկնդրի և ընթերցողի վրա ներազդելուն` նրան մղելով ապրել քրիստոնյա հավատով և բարոյականությամբ: Քարոզը, ունենալով ընդհանուր ճանաչողական, մեկնողական, ջատագովական և ներբողային բնույթ, հիմնականում բարոյադաստիարակչական է շարունակել...

Նոյեմբերի 29
Լուսնի լուսանկար, 2010 թ.
Լուսնի լուսանկար, 2010 թ.

Լուսինը Երկիր մոլորակի միակ բնական արբանյակն է և մեծությամբ հինգերորդը Արեգակնային համակարգում: Այն մեծագույն բնական արբանյակն է Արեգակնային համակարգում իր չափերով երկրի տրամագծի 27%-ը և խտության 60%-ը, արդյունքում` երկրի զանգվածի 181-ը: ։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ: Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները:Լուսինը իր խտությամբ երկրորդ արբանյակն է Յուպիտերից՝ Իո (արբանյակ), հետո:

Լուսին երկրի հետ սինխրոն պտույտի մեջ է, մշտապես ցույց տալով միևնույն երեսը: Այն արևից հետո ամենավառ օբյեկտն է երկնքում չնայած նրա մակերևույթը իրականում շատ մուգ է արտացոլման գործակցով նման ածխին: Լուսնի հայտնիությունը երկնքում և լուսնային փուլերը պարբերականությունը հնագույն ժամանակներից լուսինը կարևոր մշակութային ազդեցություն է ունեցել՝ լուսնային օրացույց Լուսինը մշակույթում և միֆոլոգիայում: Լուսնի գրավիտացիոն ազդեցությունը առաջացնում է օվկիանոսի ալեկոծություն և օրվա տևողության երկարացում րոպեով: շարունակել...

Նոյեմբերի 30
Քեթրին Հեփբորնի 1941 թ. ստուդիայի լուսանկար
Քեթրին Հեփբորնի 1941 թ. ստուդիայի լուսանկար

Քեթրին Հեփբորն (անգլ.՝ Katharine Hepburn, 1907թ. մայիսի 122003թ. հունիսի 29), ամերիկացի դերասանուհի, 12 անգամ ներկայացվել է Օսկարի և արժանացել 4 Օսկարի Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում, ինչը կինոյի պատմության մեջ ռեկորդ է, դերասան-դերասանուհիներից ամենաշատը հենց նա է ստացել Օսկար մրցանակ:

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1 տեղում:

Քեթրին Հեփբորնը ծնվել է 1907 թվականի մայիսի 12-ին ԱՄՆ-ում, Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում շարունակել...

2012 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր