Վիքիպեդիա:Օրվա հոդված/Մայիս 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Մայիս ամսվա հոդվածները
Մայիսի 1
Սողոմոն Թեհլերյան
Սողոմոն Թեհլերյան

«Նեմեսիս», գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին:

Կազմակեպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Նեմեսիս կամ Նեմեզիս (հունարեն՝ Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով: Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում, որոշվել է ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները:

«Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար` Շահան Սաթճակլյան): Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործելու էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը շարունակել...

Մայիսի 2
Շապին Գարահիսարի հերոսամարտ, Շապին Գարահիսարի հայ բնակչության գոյամարտը թուրքական զորքերի ու հրոսակախմբերի դեմ 1915 թվականի հունիսին։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին շուրջ 300 շապինգարահիսարցի երիտասարդներ զորակոչվել են թուրքական բանակ, իսկ մյուսները, վճարելով պահանջվող հարկը, ժամանակավորապես ազատվել։ Սակայն շուտով նրանց էլ են զորակոչել և ճանապարհաշինության ու շինարարական ծանր աշխատանքներում օգտագործելուց հետո, բոլորին կոտորել։ Թուրքական իշխանության ներկայացուցիչները բռնագրավել են հայերի խանութները, խլել նրանց ունեցվածքը, ապրուստը։ Իսկ 1915 թվակնի մայիսից սկսվել են զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները։ Թուրքերով, չերքեզներով ու քրդերով շրջապատված քաղաքի հայության վիճակն օրավուր ծանրացել է։

Մերձռազմաճակատային թուրքական բանակը և բանտից ազատված հանցագործները շրջակա հայկական գյուղերում զբաղվել են կողոպուտով ու սպանություններով։ Նախապատրաստվելով հարձակման՝ թուրք ոստիկաններն ու ասկյարները 1915 թվականի հունիսի 2-ին շրջապատել են քաղաքի հայկական թաղամասը և ոչնչացրել շուրջ 400 մարդու։ Իմանալով տեղահանության հրամանի մասին՝ հայերն անցել են ինքնապաշտպանության, որն սկզբում կրել է տարերային բնույթ, բայց շուտով դարձել համընդհանուր ու կազմակերպված։ Ամրացվել է թաղամասը, կառուցվել են պատնեշներ, կազմավորվել ու դասավորվել մարտական ուժերը։ Պաշտպանության գործը գլխավորել է Ղուկաս Դեովլեթյանը, աչքի են ընկել նաև Ավագ Տյուրիկյանը, Գարեգին Կարմիրյանը, Շապուհ Օգանյանը, Իսրայել Օզանը, Գասպար Ղուկասյանը, Հմայակ Կարագյոզյանը և ուրիշներ շարունակել...

Մայիսի 3
Ռուս-թուրքական համաձայնագիր, 1914 թվականի հունվարի 26-ին (փետրվարի 8-ին) Կոստանդնուպոլսում հայկական բարենորոգումների վերաբերյալ ստորագրված, հետագայում չեղյալ հայտարարված համաձայնագիր։ Կողմերի շահերը ներկայացրել են Ռուսաստանի կայսերական հավատարմատար Կ. Գուլկևիչը և Թուրքիայի արտգործնախարար, մեծ վեզիր Սայիդ փաշան։ Բանակցությունները տևել են ավելի քան մեկ տարի։

Ըստ կնքված համաձայնագրի՝ արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթներից կազմվում էր 2 հատված (1-ինը ընդգրկում էր Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի (Սվազ), 2-րդը Վանի, Բիթլիսի, Խարբերդի և Դիարբեքիրի վիլայեթները), որոնց կառավարումը հանձնարարվում էր երկու օտարերկրացի Ընդհանուր տեսուչների, որոնց նշանակում էր Բարձր դուռը՝ մեծ տերությունների հանձնարարությամբ։

Ընդհանուր տեսուչների իրավասությանն էր հանձնվում այդ հատվածների վարչության, արդարադատության, ոստիկանության և ժանդարմերիայի վերահսկողությունը, հարկ եղած դեպքում նրանց տրամադրության տակ էին դրվում գինված ուժեր շարունակել...

Մայիսի 4
Հայկական հարցի և հայերի ցեղասպանության թեման իր արձագանքն է գտել հայ և համաշխարհային գրականության մեջ։

Երկփեղկված ազգային կացությունը ուրույն երանգ է տվել հայ գաղափարաբանությանը։ Ազգային ազատագրական շարժման առանցք արևմտյան Հայաստանի ազատագրումը ազգային ճնշման կամայականությունների, տեղահանության, ցեղասպանության, բռնի ձուլման պատկերները դարձել են 19-րդ դարի հայ գեղարվեստական գրականության գլխավոր թեմաներ։

Բռնություններն ու ֆիզիկական ոչնչացման աղետները առավել բացահայտ ու համատարած բնույթ են ստանում հատկապես ռուս-թուրքական պատերազմից հետո։ Սկսվում է սուլթան Աբդուլ Համիդի արյունոտ բռնապետության շրջանը, երբ հայերի տեղահանությունն ու բոնի մահմեդականացումը, սովը, թալանը, կողոպուտը, ֆիզիկական հաշվեհարդարը դառնում են պետական քաղաքականություն, որի նպատակն էր հայերին ոչընչացնելով ի չիք դարձնել հայկական հարցը եվրոպական դիվանագիտության օրակարգում հայտարարելով, թե «Հայաստանում հայ չկա» շարունակել...

Մայիսի 5
Բեռլինի պետական օպերայի շենքը
Բեռլինի պետական օպերայի շենքը

Բեռլինի պետական օպերա (գերմ.՝ Staatsoper Berlin), Գերմանիայի ամենահին և ամենախոշոր երաժշտական թատրոններից մեկը։ Անվանում են նաև Գերմանիայի պետական օպերա (գերմ.՝ Deutsche Staatsoper), Պետական օպերա Ունտեր դեն Լինդենի վրա (գերմ.՝ Staatsoper Unter den Linden

Ստեղծվել է 1742 թվականին որպես «Թագավորական պալատական օպերա» (գերմ.՝ Königlichen Hofoper) Ֆրիդրիխ II արքայի օրոք։ Գտնվում է Բեռլինում՝ Ունտեր դեն Լինդեն բուլվարի վրա։ 1992 թվականից օպերային թատրոնը ղեկավարում է դիրիժոր Դանիել Բարենբոյմը։ Թատրոնի նվագախումբն է Բեռլինի պետական երգչախումբը, որը հանդես է գալիս նաև սիմֆոնիկ համերգներով։

Պրուսիայի արքա Ֆրեդերիկ II-ը, գահ բարձրանալուց քիչ անց, սկսեց թատրոնի շենքի կառուցումը։ Շենքի շինարարական աշխատանքներն սկսվեցին 1741 թվականի հուլիսին։ Նախագծի հեղինակն էր ճարտարապետ Գեորգ Կնոբելսդորֆը։ Նախքան շենքի ամբողջական կառուցումը՝ 1742 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ օպերային դահլիճի (Hofoper) բացումը՝ Կարլ Հենրիխ Գրաունի «Կեսար և Կլեոպատրա» ներկայացմամբ։ Այս իրադարձությամբ սկիզբ դրվեց 250-ամյա հաջող համագործակցությանը Բեռլինի պետական օպերայի և կապելլայի՝ պետական նվագախմբի միջև, որի արմատները սկիզբ են առնում դեռևս 16-րդ դարից շարունակել...

Մայիսի 6
Տարանտինոն «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ
Տարանտինոն «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ

Քվենտին Տարանտինո (Quentin Jerome Tarantino [ˌtærənˈtiːnoʊ], ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, կինոօպերատոր, պրոդյուսեր և դերասան: Ծնվել է 1963 թ. մարտի 27-ին, ԱՄՆ-ում, Թեննեսի նահանգի Նոքսվիլ քաղաքում։ Տարանտինոն հանդիսանում է կինոմատոգրաֆում պոստմոդերնիզմի վառ ներկայացուցիչներից մեկը, նա պատմամշակութային պրոցեսի վերարժևորողներից է: Նրա ֆիլմերը առանձնանում են բռնության էսթետիկ ներկայացմամբ, յուրահատուկ սև հումորով և երկար երկխոսություններով:

Տարանտինոյին համաշխարհային ճանաչում ունեցավ «Քրեական ընթերցվածք» (1994) ֆիլմը, որը նրան բերեց Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենին», ինչպես նաև Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակներ լավագույն սցենարի համար: Նրա լավագույն աշխատանքներից են «Կատաղած շները» (1992), «Ջեքի Բրաուն» (1997), «Սպանել Բիլլին» (երկու մասով 2003-2004), «Մահվան ապացույց» (2007), «Անփառունակ սրիկաները» (2009) և «Ջանգո ազատագրվածը» (2012): Վերջին ֆիլմի սցենարի համար նույնպես արժանացել է «Օսկարի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների:

2004 թվականին Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի ժյուրիի անդամ էր, իսկ 2010 թվականին Տարանտինոն Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի ներկայացուցիչ էր նշանակվել շարունակել...

Մայիսի 7
Հայկական հարցը Մեծ Բրիտանիայի մերձավորարևելյան քաղաքականության ոլորտն է մտել XIX դարի կեսից՝ որպես հետևանք Մերձավոր Արևելքում անգլո-ռուսական մրցակցության, ռուս-թուրքական պատերազմներում Ռուսաստանի հաջողության և Օսմանյան կայսրության սկսված քայքայման։

XIX դ. առաջին տասնամյակներում Մեծ Բրիտանիան հանդես է եկել ընդդեմ Ռուսաստանի դիրքերի ամրապնդման ինչպես Բալկաններում, այնպես էլ Մերձավոր Արևելքում՝ Թուրքիան դիտելով եվրոպական հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում պահպանելու անհրաժեշտ պայման։ Այդ ժամանակ է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության տեսադաշտում հայտնվել Արևմտյան Հայաստանը։ Անգլիական դիվանագետներն ու զինվորական գործիչները ճիշտ գնահատեցին Արևմտյան Հայաստանի ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ եթե այն գրավի Ռուսաստանը, ապա վերջինս կվերահսկի ամբողջ Փոքր Ասիան։

Անգլիական կառավարությունը Հայկական հարցով սկսեց զբաղվել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո շարունակել...

Մայիսի 8
Երկրորդ համաշխարհային պատերազմի տեսարաններ
Երկրորդ համաշխարհային պատերազմի տեսարաններ

Երկրորդ համաշխարհային պատերազմ (սեպտեմբերի 1, 1939 - սեպտեմբերի 2, 1945), պատերազմ երկու համաշխարհային ռազմաքաղաքական կոալիցիաների միջև, մարդկային պատմության մեջ ամենաարյունառու հակամարտությունը (համաշխարհային պատերազմ)։

Վերջինիս մեջ են ներքաշվել այդ ժամանակ գոյություն ունեցող պետություններից 61-ը (աշխարհի բնակչության 80%-ը։ Ռազմական գործողությունները տեղի են ունեցել երեք մայրցամաքներում և չորս օվկիանոսներում։ Երբևէ տեղի ունեցած միակ ռազմական բախումն է, երբ օգտագործվել է ատոմային զենք։ Պատերազմը դարձավ շուրջ 60 միլիոն զոհերի պատճառ:

Երկրորդ համաշխարհային պատերազմը արդյունքն էր խոշոր պետությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական խոր ու անհաշտ հակասությունների։ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, գտնելով, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ իրենց, պայքար ծավալեցին աշխարհում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը վերացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով շարունակել...

Մայիսի 9
Գագիկ Ավշարյանի վերականգնված Տ-72 տանկը որպես հուշարձան Շուշիի ազատագրման
Գագիկ Ավշարյանի վերականգնված Տ-72 տանկը որպես հուշարձան Շուշիի ազատագրման

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։

1988թ. փետրվարին ԼՂԻՄ-ը, արդեն յոթանասուն տարի ինքնավար մարզ էր Ադրբեջանական ԽՍՀի տարածքում։

Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին։ Դրանով Արցախյան շարժումը թևակոխել է որակական նոր փուլ՝ վճռական բեկում է մտցվել պատերազմում, և Արցախի Հանրապետության անկախությունը դարձել է ավելի քան իրական շարունակել...

Մայիսի 10
Արաբական երկրները Օսմանյան կայսրության կազմում եղել են 400 տարի՝ մինչև 20-րդ դարի սկիզբը: Արաբական երկրների պատմության մեջ այս շրջանը կոչվում է նաև օսմանյան շրջան:

1299 թվականին Բյուզանդական կայսրության ասիական հատվածում՝ Փոքր Ասիա թերակղզում, ձևավորվեց Օսմանյան պետությունը: Այն հիմնվել էր թյուրքական քոչվոր օղուզ ցեղի մի ճյուղի ձևավորած փոքրիկ իշխանության հիմքի վրա։ Սկզբում նրանք Ռումի սուլթանից տարածք էր ստացել՝ որպես կախյալ իշխանություն: Նրա հիմնադրի որդին՝ Օսման բեյը (1281–1324), 1299 թվականից անկախ է գործել Ռումի սուլթանությունից։ Նորաստեղծ իշխանությունը հետագայում նրա անունով կոչվել է Օսմանլը (Օսմանյան), բնակիչները՝ թուրք-օսմաններ։

Արաբական երկրների զգալի մասը օսմանցիների կողմից գրավվել էին 16-րդ դարում: Սուլթանները իրենց տիրապետության պահպանման ու ուժեղացման նպատակով արաբական աշխարհը ենթարկեցին վարչական նոր բաժանման: Դա սկզբունքային հարց էր, որից կախված էր ոչ միայն կայսրության կենսունակությունը, այլև տարածքային ամբողջականությունը շարունակել...

Մայիսի 11
Ղազախստանի քարտեզ
Ղազախստանի քարտեզ

Ղազախստանը (ղազ.՝ Қазақстан [qɑzɑqˈstɑn]) Եվրասիական պետություն է։ Նախկինում մի տևական ժամանակ, Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից (1917 թ) հետո, մինչև 1936 թ, Ղազախստանը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում, մինչև անկախացումը (1991 թ) ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ և մյուս 14 հանրապետությունների հետ միասին ուղղակիորեն ենթարկվել է միութենական կենտրոնական կառավարությանը։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Աստանա։

Ղազախստանը ընդարձակ, բերրի հողերով ծածկված տափաստանների, ինչպես նաև անջուր անապատների երկիր է։ Նրա ընդերքում հայտնաբերված են մարդկությանը հայտնի գրեթե բոլոր օգտակար հանածոները։

Ղազախստանին բնորոշ է տարածքի յուրացվածության ցածր մակարդակը, նոսր բնակեցվածությունը, այն Կենտրոնական Ասիայի՝ տարածքով ամենամեծ պետությունն է շարունակել...

Մայիսի 12
Ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի (1991)՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ երաշխավորված են ազգային պարկերը, արգելոցները, արգելավայրերը և բնության հուշարձանները:

ՀՀ-ում գործում են 2 ազգային պարկ (Սևան և Դիլիջան)՝ 178102 հա, 23 արգելավայր՝ 89442 հա, 3 արգելոց (Խոսրովի անտառ, Շիկահողի, Էրեբունի)՝ 39615 հա ընդհանուր տարածքով: Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր տարածքը (ներառյալ Սևանա լիճը) 307159 հա է՝ ՀՀ տարածքի 10,3%-ը: Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով ՀՀ Կառավարությունը սահմանել է պահպանական գոտիներ:

Բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանվում են ՀՀ բուսական և կենդանական աշխարհների տեսակային կազմի 60%-ը, այդ թվում՝ հազվագյուտ, անհետացման եզրին հայտնված և բնաշխարհիկ տեսակների գերակշռող մասը, ինչպես նաև վայրի գենետիկական պաշարները: Ցամաքային լանդշաֆտների պահպանվող տարածքները կազմում են ՀՀ տարածքի մոտ 6%-ը շարունակել...

Մայիսի 13
Արթուր Կոնան Դոյլ
Արթուր Կոնան Դոյլ

Սըր Արթուր Կոնան Դոյլ (անգլ.՝ Sir Arthur Ignatius Conan Doyle; 1859թ. մայիսի 22, Էդինբուրգ, Շոտլանդիա - 1930 թ.հուլիսի 7, Քրոուբորո, Սասեքս), անգլիացի գրող (ծագումով շոտլանդացի), որին համաշխարհային հռչակ են բերել Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի մասին դետեկտիվ պատմվածքները։

Գրել է նաև պատմական, արկածային և գիտաֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ։ Կոնան Դոյլը նաև պիեսների և բանաստեղծությունների հեղինակ է։ Դոյլի մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն։

Արթուր Կոնան Դոյլը ծնվել է իռլանդացի կաթոլիկների ընտանիքում, որը հայտնի էր արվեստի ու գրականության մեջ իր նվաճումներով։ Կոնան անունն իրեն տրվել է հոր հորեղբոր՝ գեղանկարիչ ու գրականագետ, Մայքլ Կոնանի (անգլ.՝ Michael Conan) պատվին շարունակել...

Մայիսի 14
Հերակլեսի արձանը Աթենական ագորայի հնէաբանական թանգարանում
Հերակլեսի արձանը Աթենական ագորայի հնէաբանական թանգարանում

Հերակլես (հին հունարեն՝ Ἡρακλῆς, լատին․՝ Herculēs, Հերկուլես) հունական դիցարանի հերոս, Զևս աստծո և Ամփիտրիոնի կին Ալկմենեի որդին։ Ի ծնե անունը եղել է Ալկիդես, որի մասին բազմիցս հիշատակվում է «Իլիականում»։

Հերակլեսի բազմաթիվ լեգենդներից առավել հայտնի են 12 սխրանքները, որոնք նա գործել է միկենյան արքա Էվրիսթևսի մոտ ծառայելիս։

Հերակլեսի պաշտամունքը մեծ ժողովրդականություն էր վայելում Հունաստանում, որտեղից հույն գաղութաբնակների միջոցով տարածում գտավ նաև Իտալիայում, որտեղ Հերակլեսին անվանում էին Հերկուլես։ Հյուսիսային կիսագնդի երկնքում կարելի է տեսնել Հերկուլես համաստեղությունը շարունակել...

Մայիսի 15
Աբու ալ-Ալա Ալ-Մաարրի ( 973 / 363 հիջրա – 1057 / 449 հիջրա) ամբողջական անուն՝ արաբ․՝ أحمد بن عبد الله بن سليمان القضاعي التنوخي المعري‎‎, Ահմադ իբն 'Աբդուլլահ իբն Սուլեյման ալ–Կադաի ալ–Թանուհի ալ–Մա'արրի, արաբ փիլիսոփա և բանաստեղծ, համարվում է միջնադարյան արաբական գրականության խոշորագույն դեմքերից մեկը։

Ծնվել է Մաարրաթ ալ–Նուման գավառական քաղաքում (Սիրիա), ազնվականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է տեսողությունից։ Աշակերտել է բանասեր հորը, ապա բազմակողմանի կրթություն ստացել Հալեպում, զբաղվել է ուսուցչությամբ։ 1007–1009 թթ.-ին եղել է Բաղդադում, շփվել առաջադեմ մտավորականների հետ։ Այնուհետև վերադարձել է ծննդավայրը, ուր և ապրել է մինչև կյանքի վերջը։

Թողել է գրական հարուստ ժառանգություն, որի մեծ մասը կորել է խաչակրաց արշավանքների ժամանակ շարունակել...

Մայիսի 16
Արաս Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ»-ում
Արաս Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ»-ում

Արազ Օզբիլիզ (ծնվել է 1990թ.-ի մարտի 9-ին, Ստամբուլ, Թուրքիա), հայազգի ֆուտբոլիստ, հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում և Մոսկվայի Սպարտակում։

Արազը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։Իրեն անվանակոչել են Արաքս գետի անունով։ Տոհմը Տիգրանակերտից էր։ Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվում է Նիդերլանդներ։ 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։

Երբ նա դառնում է 8 տարեկան, սկսում է հանդես գալ Ամստերդամի «Այաքս»-ում շարունակել...

Մայիսի 17
FH-227 ինքնաթիռի վթարը Անդերում (հայտնի է նաև որպես «Հրաշք Անդերում» (El Milagro de los Andes)), 571 համարի չվերթ կատարող Ուրուգվայի զինուժի ինքնաթիռի վթարն էր՝ 45 ուրուգվայցի ուղևորներով: Ինքնաթիռում էին ռեգբիի թիմը, նրանց բարեկամները, անձնակազմը և հովանավորները:

Ավիավթարը տեղի է ունեցել Անդերում, 1972 թվականի հոկտեմբերի 13-ին: Ուղևորների մեկ քառորդը մահացել է ընկնելու կամ ժայռին բախվելու պատճառով: Մնացածները մահացել են ցրտից և առաջացած վերքերից: Ողջ մնացած 29 մարդուց մահացան ևս 8-ը՝ ձնահյուսից, որը ծածկեց նրանց ժամանակավոր կացարանը՝ ինքնաթիռը:

Փրկվածներն ունեին ուտելիքի նվազագույն պաշար, սակայն չունեին ջերմության աղբյուր, որը նրանց անհրաժեշտ էր այդ խիստ բնակլիմայական պայմաններում՝ 3600 մետր բարձրության վրա, դիմակայելու համար շարունակել...

Մայիսի 18
Արցախյան ազատամարտ (նաև գոյամարտ, պատերազմ), Արցախի հայ ժողովրդի պայքարն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Հակամարտության երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում էր նվաճել Արցախը։ 1987-ից` Չարդախլույի բռնագաղթով Ադրբեջանում սկսվեց հայերի ցեղասպանություն, ինչից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց պատերազմի Ադրբեջանի և հայկական ինքնապաշտպանական ուժերի միջև։

Արցախյան գոյամարտը սկիզբ է առել 1918-1920 թվականներին։ Այս շրջանում Լեռնային Ղարաբաղը դե յուրե մաս չի կազմել որևէ պետության, այդ թվում՝ Ադրբեջանի։ Օսմանյան Թուրքիայի ճնշման տակ ստորագրված Բաթումի պայմանագրով, նոր կազմավորվող Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության սահմաններից դուրս էին մնացել բազմաթիվ հայաբնակ տարածքներ, այդ թվում և Արցախը։

Դրանից օգտվեցին նորաստեղծ Ադրբեջան կոչված պետության ղեկավարները` Արցախը, Զանգեզուրը, Նախիջևանը և այլ հայկական տարածքներ հայտարարելով իրենց պետության մաս, սակայն տեղի հայ բնակչությունը վճռական դիմադրություն ցույց տվեց օկուպանտներին շարունակել...

Մայիսի 19
Ռյունոսկե Ակուտագավան
Ռյունոսկե Ակուտագավան

Ռյունոսկե Ակուտագավա (ճապ.՝ 芥川 龍之介 մարտի 1, 1892, Տոկիո - հուլիսի 24, 1927, Տոկիո), ճապոնացի գրող, ճապոնական նոր գրականության դասական, կոմպոզիտոր Յասուսի Ակուտագավայի (1925-1989) և դրամատուրգ Հիրոսի Ակուտագավայի (1920-1981) հայրը:

Ինքնասպան է եղել 1927 թվականին: 1935 թվականին Ճապոնիայում սահմանվել է Ռյունոսկե Ակուտագավայի անվան գրական մրցանակ:

Ռյունոսկե Ակուտագավան ծնվել է 1892 թվականին մարտի 1-ին, կաթի վաճառական Տոսիձո Նիիհարայի ընտանիքում, ճապոնական օրացույցով Վիշապի տարում, Վիշապի օրը և Վիշապի ժամին և դրա համար նրան տվել են Ռյունոսկե անունը` անվան առաջին հիերոգլիֆը` 龍, որը նշանակում է «վիշապ» շարունակել...

Մայիսի 20
Չառլի Չապլինը ֆիլմի նկարահանումների ժամանակ
Չառլի Չապլինը ֆիլմի նկարահանումների ժամանակ

«Բեմի լույսերը» (անգլ.՝ Limelight), Չառլի Չապլինի գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1952 թվականին: Չապլինի հայտնի ֆիլմերից մեկն է:

Առաջին անգամ ցուցադրվել է 1952 թվականի հոկտեմբերի 16-ին, Լոնդոնում: Գաղափարախոս տրագիկոմեդիա ծաղրածուի և բալերինայի մասին: Ֆիլմի կարգախոսն է՝ «Գլուխգործոց, ծիծաղ և արցունքներ, կատակերգության վարպետից»: «Բեմի լույսերը» ներկայացվել էր Օսկար մրցանակի, սակայն միայն քսան տարի անց արժանացավ նրան, սահմանելով ռեկորդ:

Մեծ տարիքի նախկին ծաղրածուն՝ Կալվեռո անունով, պատահականորեն փրկում է իր հարևանուհու, մի երիտասարդ աղջկա կյանքը, որը ցանկանում էր ինքնասպան լիներ, թունավորվելով գազի միջոցով: Կալվեռոն աղջկան իր վարձած բնակարան է տանում, որպեսզի աղջկա սենյակի վարձատերը, չիմանար ահավոր դեպքի մասին շարունակել...

Մայիսի 21
Առաջին աշխարհամարտը մարդկությանը հայտնի առաջին լայնամասշտաբ պատերազմն էր, որը կրում էր համաշխարհային բնույթ։ Չորս տարի տևած այս պատերազմը իր մեջ ներքաշեց 38 երկիր, ավելի քան 1,5 միլիարդ ընդհանուր բնակչությամբ, որը կազմում էր այդ ժամանակվա բնակչության 75%-ը։

19-րդ դարում արևմտաեվրոպական երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան սկսեցին ներթափանցել արաբական երկրներ։ Արաբական երկրներից որոշները՝ Ալժիրը, Թունիսը, Եգիպտոսը, անցան եվրոպացիների իշխանության տակ։

20-րդ դարում եվրոպական երկրների միջև բաժանվեցին մնացած բոլոր արաբական երկրները շարունակել...

Մայիսի 22
Ալեքսանդր Դյումա (հայր)
Ալեքսանդր Դյումա (հայր)

Ալեքսանդր Դյումա (ֆր.՝  Alexandre Dumas, père, հուլիսի 24, 1802 - դեկտեմբերի 5, 1870), ֆրանսիացի գրող, նաև դրամատուրգ և լրագրող, ում արկածներով լեցուն վեպերը դարձրին նրան աշխարհի ամենաշատ կարդացվող ֆրանսիացի հեղինակներից մեկը։

Նրա ամենահայտնի գրքերից են «Կոմս Մոնտե-Քրիստոն» և «Երեք հրացանակիրները» վեպերը։ Գրել է մոտ 150 ստեղծագործություն։ Քանի որ նրա տղան ևս կրում էր Ալեքսանդր անունը և գրող էր, չշփոթելու համար անվան մոտ հաճախ ավելացվում է -«հայր» բառը։

Ալեքսանդր Դյուման ծնվել է 1802 թ. Վիլլեր-Կոտրե քաղաքում գեներալ Թոմաս-Ալեքսանդր Դյումայի և Մարիա-Լուիզա Լաբուրեի՝ հյուրանոցի տիրոջ դստեր ընտանիքում շարունակել...

Մայիսի 23

Շերլոկ Հոլմս (անգլ.՝ Sherlock Holmes), գրական կերպար, որը ստեղծվել է գրող Արթուր Կոնան Դոյլի կողմից: Նրա աշխատանքները` նվիրված Շերլոկ Հոլմսին, համարվում են դետեկտիվ ժանրի դասական օրինակ:

«Շերլոկ Հոլմս» գրական կերպարի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և հեռուստասերիալներ:

Ընդհանուր առմամբ Շերլոկ Հոլմսն ի հայտ է գալիս Արթուր Կոնան Դոյլի 56 պատմվածքներում ու 4 վեպերում: Հիմնականում պատմությունը պատմվում է Հոլմսի լավագույն ընկերոջ և ընկերակից Բժիշկ Վաթսոնի կողմից շարունակել...

Մայիսի 24
Հովհաննես Դրասխանակերտցի
Հովհաննես Դրասխանակերտցի

Հովհաննես Ե Դրասխանակերտցի (845-850 - 929), Դվինի վերջին հայոց կաթողիկոս (898 - 929), պատմիչ և գրող, Մաշտոց Ա Եղվարդեցի (897 - 898) կաթողիկոսի ազգական և աշակերտ։

Հովհաննես Դրախստանակերտցին ծնվել է 845-850 թվականների միջև, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Դրասխանակերտ դաստակերտում։ Հիմնական կրթությունն ստացել է Սևանա կղզու վանքում, Մաշտոց կաթողիկոսի մոտ, որն իր ազգականն էր։

Ինքնաշխատությամբ խոր տեսական գիտելիքներ է ձեռք բերում ոչ միայն կրոնագիտության, աստվածաբանության, այլև քերականական, հռետորական արվեստի և փիլիսոփայության բնագավառներում շարունակել...

Մայիսի 25
Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի
Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի

Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի (9 հուլիսի, 1855 / 1271 հիջրա – 13 հունիսի, 1902 / 1320 հիջրա) ամբողջական անուն՝ արաբ․՝ عبد الرحمن الكواكبي‎‎, 'Աբդ առ-Ռահման ալ-Քաուաքիբի, արաբ փիլիսոփա, գրող և հրապարակախոս, պանարաբիզմի կարկառուն ներկայացուցիչներից։

Նա մեծ ներդրում ունեցավ արաբական գրականության պատմության, մասնավորապես՝ հրապարակախոսության զարգացման մեջ։ Լինելով նահդայի երկրորդ փուլի (որն ընդունված է անվանել նաև Մուսուլմանական ռեֆորմացիա կամ մոդեռնիզմ) ներկայացուցիչ և պանիսլամիզմի հիմնադիր Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի հետևորդ՝ ալ-Քաուաքիբին շարունակեց լուսավորական գաղափարների տարածումը հրապարակախոսության մեջ։

Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբին ծնվել է 1855 թվականին Հալեպում շարունակել...

Մայիսի 26
Ավարայրի ճակատամարտ, ճակատամարտ քրիստոնյա հայերի և զրադաշտ պարսիկների միջև 451 թ-ի մայիսի 26-ին: Հայ ժողովուրդն ապստամբել էր պարսիկների դեմ, ի պատասխան վերջիններիս հայերին կրոնափոխ անելու պահանջին:

Չնայած ճակատամարտում զոհվեց ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը, պարսիկները կրեցին ծանր կորուստներ և հետագայում ստիպված էին հրաժարվել հայերին կրոնափոխ անելու մտադրությունից: Հայ ժողովորդն այս ճակատամարտում տարավ բարոյական հաղթանակ:

Թափ առնող Վարդանանց պատերազմի պայմաններում 451 թվականի մայիսին, ցանկանալով վերջնականապես արյան մեջ խեղդել հայերին, Հազկերտ II-ը հայերի դեմ շարժեց իր թագավորության ռազմական ուժերի հիմնական մասի կենտրոնացման արդյունքում հավաքած մի խոշոր բանակ շարունակել...

Մայիսի 27
Սարդարապատի ճակատամարտի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանը
Սարդարապատի ճակատամարտի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանը

Սարդարապատի ճակատամարտ, ճակատամարտ: Տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27` հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»:

1917 թ-ի հոկտեմբերին Ռուսական կայսրությունում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր՝ խորհրդային իշխանությունը հայտարարեց, որ Ռուսական կայսրությունը դուրս է գալիս առաջին համաշխարհային պատերազմից։ Ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը, հեռացան Ռուսաստան։

Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը շարունակել...

Մայիսի 28
Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը 1918-1920թթ․
Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը 1918-1920թթ․

Հայաստանի առաջին հանրապետությունը ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։

Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։

Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում շարունակել...

Մայիսի 29
Բաշ-Ապարանի հերոսամարտ, ճակատամարտ Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի և հայ կամավորական ջոկատների միջև 1918 թ-ի մայիսի 22-29։

Ապարանի ճակատամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 22-ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ու թալանի պատրաստ 3000-ից ավելի դրսեկ, տեղացի թուրք ու քուրդ ելուզակ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Հետախուզական առաջապահ գումարտակը ուշ երեկոյան հասել է Միրաքի կամրջի դիմաց, և թնդացել է նրանց վրա արձակված ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը։ Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15-ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և Արագած սարի հարավակողմով ու հյուսիսակողմով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երևան։

Հյուսիսակողմով արշավող թուրքերն անարգել մտել են Սպիտակ, գրավել շրջակա գյուղերը և ընթացքից շրջվել դեպի Ապարանի ճանապարհը։ Համընդհանուր խուճապ է սկսվել։ Սկսել են տեղահանվել նաև Ապարանի սահմանային գյուղերը շարունակել...

Մայիսի 30
Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ։ «Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։

Հայաստանում բնաշխարհի վրա ներգործության հետևանքով փոփոխությունների մակարդակը համապատասխանում Է բարձր քաղաքակենտրոնացված (ուրբանացված) և զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներին ու նկատելիորեն բարձր է հարևան երկրներից։

Հանրապետության բնակչության 96%-ը կենտրոնացած Է մինչև 2000 մ/բարձրությամբ բնակավայրերում, որը կազմում Է երկրի տարածքի 60%-ը, որտեղ բնակչության խտությունը 171 մարդ/կմ² է, բնակավայրերի խտությունը' մոտ 6 բնակավայր 100 կմ² վրա, ճանապարհային (երկաթուղային և ավտոմոբիլային) ցանցի խտությունը՝ 0,85 կմ/կմ² շարունակել...

Մայիսի 31
Բրունհիլդը (Գվինեթ Ջոնս) մեղադրում է Զիգֆրիդին (տեսարան Բայրոյթի թատրոնի բեմադրությունից)
Բրունհիլդը (Գվինեթ Ջոնս) մեղադրում է Զիգֆրիդին (տեսարան Բայրոյթի թատրոնի բեմադրությունից)

Աստվածների մայրամուտը (գերմ.՝ Götterdämmerung), Ռիխարդ Վագների օպերա, «Նիբելունգի մատանին» շարքի չորրորդ և եզրափակիչ ստեղծագործությունը, հաջորդում է «Զիգֆրիդ» օպերային։ Լիբրետտոյի հեղինակը Վագներն է, այն գրվել է 1848-52 թթ, խմբագրվել և լրացվել է մինչև 1874 թվականը։ Երաժշտությունը գրվել է 1869-74 թթ. ընթացքում։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել Բայրոյթի փառատոնի ընթացքում 1876 թ. օգոստոսի 17-ին՝ որպես «Նիբելունգի մատանին» շարքի ամբողջական բեմադրության մաս։

Օպերայի լիբրետոն, ինչպես և ամբողջ «Նիբելունգի մատանին» շարքը, գրվել է Վագների կողմից Ցյուրիխում 1849—1852 թթ. ընթացքում: Երաժշտությունն ստեղծվել է Մյունխենում 1871—1874 թթ.: Առաջնախաղը կայացել է «Բայրոյթյան փառատոնի» ժամանակ 1876 թ. օգոստոսի 17-ին:

«Աստվածների մայրամուտի» առաջին գործողությունը տևում է 2 ժամ առանց ընդմիջումների շարունակել...

2014 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր