Վիքիպեդիա:Օրվա հոդված/Հունիս 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունիս ամսվա հոդվածները
Հունիսի 1
FH-227 ինքնաթիռի վթարը Անդերում (հայտնի է նաև որպես «Հրաշք Անդերում» (El Milagro de los Andes)), 571 համարի չվերթ կատարող Ուրուգվայի զինուժի ինքնաթիռի վթարն էր՝ 45 ուրուգվայցի ուղևորներով։ Ինքնաթիռում էին ռեգբիի թիմը, նրանց բարեկամները, անձնակազմը և հովանավորները։ Ավիավթարը տեղի է ունեցել Անդերում, 1972 թվականի հոկտեմբերի 13-ին։ Ուղևորների մեկ քառորդը մահացել է ընկնելու կամ ժայռին բախվելու պատճառով։ Մնացածները մահացել են ցրտից և առաջացած վերքերից։ Ողջ մնացած 29 մարդուց մահացան ևս 8-ը՝ ձնահյուսից, որը ծածկեց նրանց ժամանակավոր կացարանը՝ ինքնաթիռը։

Փրկվածներն ունեին ուտելիքի նվազագույն պաշար, սակայն չունեին ջերմության աղբյուր, որը նրանց անհրաժեշտ էր այդ խիստ բնակլիմայական պայմաններում՝ 3600 մետր բարձրության վրա, դիմակայելու համար։ շարունակել...

Հունիսի 2
Rome: Total War: Barbarian Invasion-ը (թարգմանաբար` Հռոմ. համընդհանուր պատերազմ. բարբարոսների արշավանքը), Creative Assembly ընկերության կողմից 2005 թ-ին թողարկած համակարգչային խաղի լրացում է, հանդիսանում է 2004 թ-ին թողարկած Rome: Total War-ի առաջին պաշտոնական ադդոնը: Ադդոնում, ինչպես ամբողջ Total War սերիայում, գլոբալ քայլափոխային ռազմավարությունը (ստրատեգիան) համատեղված է իրական ժամանակում մարտավարական (տակտիկական) մարտերի հետ:

Խաղի իրադարձությունները ծավալվում են 363-ից մինչև 476 թվականների միջև ժամանակահատվածում: Ինչպես առաջին խաղում, Medieval II-ի հիմնական գործողությունները տեղի է ունենում Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Ադդոնում մարզերի թիվը շուրջ 1.5 անգամ պակաս է, քան նախնական Rome: Total War-ում, չնայած որ խաղային քարտեզի չափերը մնացել են նույնը: շարունակել...

Հունիսի 3
Արցախյան ազատամարտ (նաև գոյամարտ, պատերազմ), Արցախի հայ ժողովրդի պայքարն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Հակամարտության երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում էր նվաճել Արցախը։ 1987-ից` Չարդախլույի բռնագաղթով Ադրբեջանում սկսվեց հայերի ցեղասպանություն, ինչից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց պատերազմի Ադրբեջանի և հայկական ինքնապաշտպանական ուժերի միջև։

Արցախյան գոյամարտը սկիզբ է առել 1918-1920 թվականներին։ Այս շրջանում Լեռնային Ղարաբաղը դե յուրե մաս չի կազմել որևէ պետության, այդ թվում՝ Ադրբեջանի։ Օսմանյան Թուրքիայի ճնշման տակ ստորագրված Բաթումի պայմանագրով, նոր կազմավորվող Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության սահմաններից դուրս էին մնացել բազմաթիվ հայաբնակ տարածքներ, այդ թվում և Արցախը։ Դրանից օգտվեցին նորաստեղծ Ադրբեջան կոչված պետության ղեկավարները` Արցախը, Զանգեզուրը, Նախիջևանը և այլ հայկական հողեր հայտարարելով իրենց պետության մաս, սակայն տեղի հայ բնակչությունը վճռական դիմադրություն ցույց տվեց օկուպանտներին: շարունակել...

Հունիսի 4
Ռյունոսկե Ակուտագավան
Ռյունոսկե Ակուտագավան

Ռյունոսկե Ակուտագավա (ճապ.՝ 芥川 龍之介 մարտի 1, 1892, Տոկիոհուլիսի 24, 1927, Տոկիո), ճապոնացի գրող, ճապոնական նոր գրականության դասական, կոմպոզիտոր Յասուսի Ակուտագավայի (1925—1989) և դրամատուրգ Հիրոսի Ակուտագավայի (1920-1981) հայրը: 1935 թվականին Ճապոնիայում սահմանվել է Ռյունոսկե Ակուտագավայի անվան գրական մրցանակ: Ինքնասպան է եղել 1927 թվականին: Ռյունոսկե Ակուտագավան ծնվել է 1892 թվականին մարտի 1-ին, կաթի վաճառական Տոսիձո Նիիհարայի ընտանիքում, ճապոնական օրացույցով Վիշապի տարում, Վիշապի օրը և Վիշապի ժամին և դրա համար նրան տվել են Ռյունոսկե անունը` անվան առաջին հիերոգլիֆը` 龍, որը նշանակում է «վիշապ»: շարունակել...

Հունիսի 5
Հայեր, ազգ, որի մայրենի լեզուն համարվում է հայերենը, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Այսօր գոյություն ունի 2 հայկական պետություն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հայերը համարվում են Հայկական լեռնաշխարհի բնիկ ազգը։ Հայերի թիվը աշխարհում կազմում է ավելի քան 13 միլիոն։

Հայերը պատկանում են եվրասիական (եվրոպեոիդ) ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին։ Հայերը, որպես էթնիկական կազմավորում, առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով։ Ժամանակակից գիտությունը հնդեվրոպական լեզվաընտանիքի հայրենիքը համարում է Հայկական լեռնաշխարհը, նրան հարակից Հյուսիսային Միջագետքը, Փոքր Ասիայի արևելյան և Իրանական բարձրավանդակի հյուսիս-արևմտյան մասերը։ Մարդաբանական ուսումնասիրությունների համաձայն, այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել արմենոիդ տիպին պատկանող ցեղերով։ Այդ բնորոշ տիպի կրողը ներկայումս հայ ժողովուրդն է։ շարունակել...

Հունիսի 6
Ֆրանսիայի դրոշը
Ֆրանսիայի դրոշը

Ֆրանսիայի հանրապետություն (ֆր.՝ République française; հայտնի նաև Ֆրանսիա), ունիտար կիսանախագահական հանրապետություն է Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, տեղակայված Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս: Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով: Այն Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2, միայն զիջելով Միացյալ նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն): Նախորդ 500 տարիներին Ֆրանսիան ունեցել է գերիշող դիրք մշակութային, տնտեսական, ռազմական և քաղաքական ասպարեզներում, ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: շարունակել...

Հունիսի 7
Ջուղայի գերեզմանոցը 1915 թ-ին
Ջուղայի գերեզմանոցը 1915 թ-ին

Ջուղայի խաչքարերի ոչնչացում, Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված միջնադարյան հայկական խաչքարերի ավերում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, հատկապես Ջուղա քաղաքում:

Վերջին բնաջնջման դեպքը եղել է 2005-2006 թվականներին, երբ որ ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը իր հազարավոր խաչքարերի հետ: Այնտեղ գտնվող խաչքարները ջարդված են եղել ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ գերեզմանոցը ազատված տարածքը վերածվել է հրաձգադաշտի:

Ջուղա քաղաքը, ըստ ավանդույթի, հիմնադրել է լեգենդար հայկական թագավոր Տիգրան Ա Երվանդյանը: Այն գտնվում էր Նախիջևանում, հայաբնակ հողերի կենտրոնում, որոնք տարածվում էին Քուր գետից մինչև Եփրատի և Տիգրիսի վերին հոսանքները: շարունակել...

Հունիսի 8
Սյունիքում գտնված Արտաշես Ա թագավորի հողաբաժան սահմանաքարը
Սյունիքում գտնված Արտաշես Ա թագավորի հողաբաժան սահմանաքարը

Հայ իրավունք, իրավական համակարգ, որը առաջացել է Հին Հայաստանում: Իրավունքը հայ հասարակության պատմության մեջ ծագել է նույն այն պատճառների և պայմանների ուղով ինչ որ պետությունը: Պետաության և իրավունքի ծագման գործընթացները ընթանում են զուգահեռ: Միաժամանակ տարբեր ժողովուրդների մոտ, տարբեր պատմական ժամանակաշրջաններում իրավունքի ծագումը ունեցել է իր առանձնահատկությունները: Յուրաքանչյուր հասարակության տնտեսական և սոցիալական կյանքը պահանջում է արտադրության, բաշխման և նյութական բարիքների սպառման մեջ ընդգրկված մարդկանց գործունեության, նրանց վարքի կանոնակարգում: Այս խնդիրը լուծվում է սոցիալական նորմերի օգնությամբ: Նախնադարյան հայկական հասարակությունում (ինչպես նաև այլ ժողովուրդների) դրանք հիմնականում սովորույթներն էին: շարունակել...

Հունիսի 9
Նեանդերտալյան մարդ, Հոմո ցեղի անհետացած ներկայացուցիչ, ապրել է Պլեյստոցենի ժամանակաշրջանում` Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի արևմտյան հատվածում: Նրանք դասակրգված են կամ որպես ներկա մարդկանց [ենթատեսակ (Հոմո Սափիենս Նեանդերտալենսիս) կամ որպես առանձին մարդկանց տեսակ (Հոմո Նեանդերտալենսիս):

Առաջին նախանեանդերտալյան հատկանիշները ի հայտ են եկել Եվրոպայում 350,000–600,000 տարի առաջ: 130,000 տարի առաջ, լրիվ նեանդերտալյան հատկանիշներն ի հայտ եկան: Այս հատկանիշները անհետացան Ասիայում 50,000 տարի առաջ և Եվրոպայում 30,000 տարի առաջ: Գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ միախառնումը Հոմո Սափիենսի հետ (մարդաբանորեն ներկայիս մարդկանց հետ) տեղի է ունեցել մոտավորապես 80,000-50,000 տարի առաջ Մերձավոր Արևելքում, որի հետևանքն է այն, որ ներկայիս Եվրասիայի բնակիչների գենոտիպի 1–4%-ը ներդրվել է Նեանդերտալյան մարդկանց կողմից: շարունակել...

Հունիսի 10
Սիսիանը
Սիսիանը

Սիսիան, քաղաք Հայաստանի Սյունիքի մարզում։ Քաղաքի բնակչությունը 16.823 բնակիչ է (2008) թ.։ Գտնվում է Երևանից մոտ 217 կմ հեռավորության վրա, Երևան-ԼՂՀ, Երևան-Իրան ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ, Որոտան գետի երկու ափերին, ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Սիսիանի տարածաշրջանը, քաղաքի հետ միասին, ունի 1719 մ² մակերես։ Սիսիանի ներկա քաղաքապետն է Աղասի Հակոբջանյանը:

Սիսիանում ձմեռը երկարատև է։ Կայուն ձյան շերտը պահպանվում է 3-4 ամիս։ Հունվարի միջին ջերմաստիճանը -4.8° C, միջին տարեկանը՝ 6.9° C, բացարձակ նվազագույնը՝ -34° C: Ձմռան եղանակային ռեժիմը բնութագրվում է որպես կայուն և շատ կայուն։ Ձմեռային եղանակները առանձնանում են արևոտությամբ և անհողմ օրերի զգալի քանակով։ Թթվածնի կշռային քանակությունն առավելագույնն է՝ 254 գ/մ³։ Գերակշռում են «չափավոր սառնամանիքային» (երբ օդի միջին ջերմաստիճանը -12.5° C) և զգալի սառնամանիքային (երբ օդի միջին օրական ջերմաստիճանը -21.5° C) եղանակները: շարունակել...

Հունիսի 11
ՀՅԴ-ի հիմնադիրները` Ստեփան Զորյան, Քրիստափոր Միքայելյան և Սիմոն Զավարյան
ՀՅԴ-ի հիմնադիրները` Ստեփան Զորյան, Քրիստափոր Միքայելյան և Սիմոն Զավարյան

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կամ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), հայ ազգային-քաղաքական կուսակցություն։ Հիմնադրվել է 1890 թ. Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախի Հանրապետությունում և սփյուռքում։

Ստեղծվել է 1890-ի հուլիս-օգոստոսին, Թիֆլիսում։ Հիմնադիրները և առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը և Ստեփան Զորյանը (Ռոստոմ)։ 1890-ի սեպտեմբերին հրապարակված ՀՀԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության (մինչև 1892-ը՝ հայ հեղափոխականների դաշնակցություն) նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն Արևմտյան Հայաստանի համար։ շարունակել...

Հունիսի 12
Երկրագնդի տարեկան միջին ջերմաստիճանը (ցելսիուսներով)
Երկրագնդի տարեկան միջին ջերմաստիճանը (ցելսիուսներով)

Ջերմաստիճան, նյութի ֆիզիկական հատկություններից է: Այս հասկացության օգնությամբ են քանակապես արտահայտվում տաքը և ցուրտը: Ցածր ջերմաստիճան ունեցող օբյեկտները սառն են, ավելի բարձր ջերմաստիճան ունեցողները` տաք: Ջերմությունը բարձր ջերմաստիճան ունեցող մարմնից ինքնաբերաբար անցնում է ցածր ջերմաստիճան ունեցող մարմնին, ինչի հետևանքով ջերմաստիճանների տարբերությունը փոքրանում է, և վերջիվերջո, վերանում: Այս դեպքում ասում են, որ մարմինները գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում: շարունակել...

Հունիսի 13
IMAP սերվերի աշխատանքի սկզբունքը
IMAP սերվերի աշխատանքի սկզբունքը

IMAP (անգլ.՝ Internet Message Access Protocol), կիրառական մակարդակի ցանցային պրոտոկոլ է՝ էլեկտրոնային փոստ մուտք գործելու և դրա հետ աշխատելու համար: Հիմնվում է TCP տրանսպորտային պրոտոկոլի վրա և օգտագործում է 143 պորտը: Ստեղծվել է 1986 թվականին Վաշինգտոնի համալսարանում որպես այլընտրանք POP3-ին: IMAP-ը ընձեռում է օգտվողին լայն հնարավորություններ կենտրոնական սերվերի վրա գտնվող փոստարկղերի հետ աշխատելու համար: IMAP պրոտոկոլը օգտագործող փոստարկղային ծրագիրը կարող է մուտք գործել սերվեր և աշխատել տվյալ սերվերի փոստարկղերում գտնվող ինֆորմացիայի հետ այնպես, կարծես թե այդ ինֆորմացիան տեղակայված լինի տվյալ համակարգչի մեջ: շարունակել...

Հունիսի 14
Քրոմոսոմ
Քրոմոսոմ

Քրոմոսոմներ, բջջակորիզի գլխավոր բաղադրիչներն են , որոնք լավ են երևում բջջի բաժանման ժամանակ, և որոնց հիմնական ֆունկցիան ԴՆԹ-ի պահպանումն է և փոխանցումը սերնդեսերունդ:

«Քրոմոսոմ» անվանումը առաջարկել է Վ. Վալդեյերը` 1888 թ.: Քրոմոսոմն իր անվանումը ստացել է լավ ներկվելու շնորհիվ` հունարեն «քրոմա»-գույն, ներկ, իսկ «սոմա»-մարմին: Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ` 14 նմ տրամագծով թելերի ձև: Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք: Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից` քրոմատիդներից: Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը` երկարանում կամ կարճանում: շարունակել...

Հունիսի 15
Առաջին նամականիշը` Սև պեննին:
Առաջին նամականիշը` Սև պեննին:

Ֆիլատելիա, դրամի փոխարեն փոստային վճարումների համար նախատեսված դրոշմաթղթերի (փոստային նամականիշներ, ծրարներ ու բացիկներ՝ տպագրված կամ սոսնձված նամականիշերով) օրացուցային, հատուկ փոստային մարումների և փոստային ու ֆիլատելիստական այլ նյութերի հավաքածուների ստեղծում։

Ֆիլատելիա անվանումը (ֆր. philatélie, հուն. φιλέω - սիրել և ἀτέλεια - վճարումներից, տուրքերից ազատող դրոշմ) - առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենը (Georges Herpin) 1864 թվականի նոյեմբերի 15- ին «Փոստային նամականիշերի կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbres-postes) ամսագրում։ Հին Հունաստանում նամակների վրա հատուկ նշան («τέλος» -թելոս) էին դնում։ շարունակել...

Հունիսի 16
Թատրոնի շենքը
Թատրոնի շենքը

Ալեքսանդր Պուշկինի անվան ռուսական պետական ակադեմիական դրամայի թատրոն (ռուս․՝ Российский государственный академический театр драмы им. А. С. Пушкина) կամ Ալեքսանդրինյան թատրոն, թատրոն, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգում, հանդիսանում է Ռուսաստանի հնագույն դրամատիկական թատրոններից մեկը, որը պահպանվել է մինչ այսօր։

Ռուսաստանում առաջին մշտական հանրային թատրոնը ստեղծվել է Ելիզավետա Պետրովնա կայսրուհու հրամանով 1756 թ-ի օգոստոսի 30-ին, նախնական անվանումն էր «Ողբերգությունների և կատակերգությունների ներկայացման ռուսական թատրոն»։ Թատերախումբը գլխավորել է «ռուսական թատրոնի հայր» Ֆեոդոր Վոլկովը, թատրոնի տնօրենն էր դրամատուրգ Ալեքսանդր Սումարոկովը։ 1759 թվականից թատրոնը ստացավ պալատական թատրոնի կարգավիճակ։ շարունակել...

Հունիսի 17
Չինաստանի պատմության ընթացքում տարբեր դինաստիաների զբաղեցրած տարածքները, և ժամանակակից Չինաստանը
Չինաստանի պատմության ընթացքում տարբեր դինաստիաների զբաղեցրած տարածքները, և ժամանակակից Չինաստանը

Չինաստանը աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է: Չինական մշակույթի հիմնական կրողները և Չինաստանի հիմնական ժողովուրդը Հան-չինացիներն են: Չինաստանի ներկայիս տարածքը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից: Ամենահին գտածոն թվագրում է ՔԱ 600 հզ. թվականին: Ներկայումս հայտնի ամենահին չինական մշակույթը Հեմուդու մշակույթն է, որը գոյատևել է ՔԱ 7000-4000 թթ.:

Սիա-դիանաստիան (夏朝) պատմության մեջ հայտնի առաջին դինաստիան է (Ք.Ա. 2205 - 1766): Ուղղակի գրավոր աղբյուրներ չեն պահպանվել, ավելի ուշ ժամանակներում հիշատակված դինաստիա է, որը երկար ժամանակ պատմաբանների կողմից կասկածի տակ էր դրվում: Սակայն հնագիտական պեղումները հաստատում են դինաստիայի գոյությունը: շարունակել...

Հունիսի 18
Արաքս գետը
Արաքս գետը

Արաքսը (նաև ՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ), Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Ունի 933 կմ ( որոշ չափումներով 914 կմ) երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը: Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է «Մայր Արաքս»: շարունակել...

Հունիսի 19
«Ազգի ծնունդը» ֆիլմի տիտրերից (ԱՄՆ, 1915)
«Ազգի ծնունդը» ֆիլմի տիտրերից (ԱՄՆ, 1915)

Համր կինո, կինեմատոգրաֆի ընդունված անվանումը իր ստեղծման առաջին տասնամյակներին, երբ կինոնկարները էկրան էին բարձրանում առանց համահունչ ձայնի։ Հատկապես ձայնագրման և նրա համահունչ վերաարտադրման տեխնիկապես անհնար լինելը առավել կարևոր պատճառ հանդիսացավ, որոշելու կինոնկարների գեղարվեստական յուրահատկությունը այդ ժամանակ։

Հնչեղ խոսքի բացակայությունը խթան հանդիսացավ պատկերի արտահայտչական հնարավորությունների որոնման համար։ Ձայնի պակասը բերեց բարդ սյուժեն «համր» ներկայացնելու ձևեր, առաջացան տիտրերը, դերասանական խաղում առաջ եկավ յուրահատուկ մնջախաղի տեսակ։ շարունակել...

Հունիսի 20
Անտիոքը 16-րդ դարում
Անտիոքը 16-րդ դարում

Անտիոքը Որոնտեսի վրա կամ պարզապես Անտիոք (Ավագ Անտիոք կամ Մեծն Անտիոք; հուն․՝ Ἀντιόχεια ἡ ἐπὶ Δάφνῃ, Ἀντιόχεια ἡ ἐπὶ Ὀρόντου or Ἀντιόχεια ἡ Μεγάλη; ասորերեն՝ ܐܢܛܝܘܟܝܐ Anṭiokia; լատին․՝ Antiochia ad Orontem; արաբերեն:انطاکیه, Anṭākiya), քաղաք Ասորիքում (Սիրիա), Որոնտես գետի ափին: Հելլենիստական, այնուհետև՝ քրիստոնեական մտքի և մշակույթի կենտրոններից, Ընդհանրական եկեղեցու հինգ տիեզերական աթոռներից։ Իր մեծությամբ և կարևորությամբ եղել է երրորդ քաղաքը` Հռոմից և Ալեքսանդրիայից հետո։ Գտնվում է Անթաքյա քաղաքից ոչ հեռու: Անտիկ աղբյուրներում հիշատակվում է հնում գոյություն ունեցած Անտիոք անունով 16 քաղաքների մասին: Դրանցից ամենահայտնին հին Ասորիքում` Օրոնտես գետի վրա կառուցված Անտիոք քաղաքն է (հայկական աղբյուրներում` Ավագ Անտիոք կամ Մեծն Անտիոք), որը ներկայումս տեղակայված է Թուրքիայի Անթաքյա քաղաքի մոտ: շարունակել...

Հունիսի 21
Իսպանիայի դրոշը
Իսպանիայի դրոշը

Իսպանիայի Թագավորությունը կամ ուղղակի Իսպանիա (իսպ.՝ Reino de España), պետություն Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակցում է Պորտուգալիայի հետ, հյուսիսում՝ Ֆրանսիայի և Անդորրայի, հարավում՝ Ջիբրալթարի։ Պետական կառավարության տեսակը սահմանադրական միապետություն է։ Իսպանիայի ափերը հյուսիսում և արևմուտքում ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում միջերկրածովյան ջրերով։ Պաշտոնական լեզուներն են՝ իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46.030.109 մարդ է (2010)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան։ շարունակել...

Հունիսի 22
Ռիշելիեն
Ռիշելիեն

Արման դյու Պլեսսի, դուքս դը Ռիշելյիե, կարդինալ Ռիշելիե, «Կարմիր կարդինալ» (ֆրանսերեն՝ Armand-Jean du Plessis, duc de Richelieu; 1585թ. սեպտեմբերի 9, Փարիզ1642թ. դեկտեմբերի 4, Փարիզ), ֆրանսիացի նշանավոր պետական գործիչ, գրող: Պետական քարտուղար 1616 թվականից, կառավարության ղեկավար («թագավորի առաջին մինիստր») 1624 թվականից մինչև իր մահը:

Արևմտյան Եվրոպայի պատմության ամբողջ հիմքը 17-րդ դարում կազմում էր կապիտալիզմի զարացումը, դրանից բխող բարեփոխումները, բացարձակ միապետության զարգացումը: Հատուկ այդ ժամանակվան բնորոշ ձևավորվեց նոր հիերարխիա: Հենց այդ ժամանակ էր, որ Ֆրանսիան զբաղեցրեց իր գերիշխող դերը Եվրոպայում: Նույն ժամանակ Ֆրանսիան դասական ֆեոդալիզմից անցում կատարեց դասական միապետության, այսպես կոչված բացարձակ միապետության: Ֆրանսիայի կառավարող վերնախավի վրա ընկավ մի երկար պատրաստություն, որը երկիրը պետք է հասցներ համաշխարհային պատմության մեջ ամենադասական հեղափոխությանը: XVIII դարում Ֆրանսիայի դառնալը Եվրոպայի ծաղկման կենտրոն կապված էր հենց XVII դարի հետ: շարունակել...

Հունիսի 23
Անտառային ֆիտոցենոզ
Անտառային ֆիտոցենոզ

Ֆիտոցենոզ, բուսական համակեցություն, որ բնութագրվում է տեսակային կազմի հարաբերական միատարրությամբ, բնորոշվում է գերազանցապես բնակության տարածքի պայմաններով, և հարաբերականորեն առանձնացվածությամբ այլ համակեցությունից, կազմված է[ցենոպոպուլյացիայից, կապված է էկոլոգիական խորշերի և ինտերֆերենցիայի դիֆերենցման հարաբերություններ հետ գտնվում է բնակտարածության հարաբերական միատարր պայմաններում և ի վիճակի է ինքնուրույն գոյատևել: Ֆիտոցենոզը հանդիսանում է պայմանական հասկացություն, քանի որ առաջին հերթին բուսատեսակների մեկ համակեցությունը չի կարող իրականում գոյություն ունենալ, առանց կենսաերկրացենոզի մյուս բաղադրիչների հետ փոխազդեցության` զոոցենոզի, միկրոբոցենոզի, կենսատոպի, և երկրորդ, համաձայն այսօր գերիշխող բուսածածկի չընդհատվածության հայեցակարգի, նրանից առանձնացված համակեցության ցանկացած մասնատումը արհեստական է և ծառայում է միայն բուսականության հետազոտման պրակտիկ նպատակներին` բոլոր մակարդակներում: շարունակել...

Հունիսի 24
Ռոբերտ Սթիվենսոն Սմիթ Բեյդըն Փաուելը
Ռոբերտ Սթիվենսոն Սմիթ Բեյդըն Փաուելը

Ռոբերտ Սթիվենսոն Սմիթ Բեյդըն Փաուել (անգլ.՝ Robert Stephenson Smyth Baden-Powell; Փետրվարի 22, 1857 - Հունվարի 8, 1941), Բրիտանական Բանակի Լեյտենանտ-գեներալ, գրող։ Սկաուտիզմի հիմնադիրն է։ Բեյդըն Փաուելի կարճ անվանումն է ԲՓ (անգլերեն՝ B-P)։

Ծնվել է 1857 թվականի փետրվարի 22-ին Լոնդոնում, վանականի ընտանիքում: Նրա հայրը դասախոսել է Օքսֆորդի համալսարանում: Պապը՝ Ռոբերտ Սթիվենսոնը, եղել է ճանաչված գյուտարար, շոգեքարշի հեղինակ Ջորջ Սթիվենսոնի որդին: Երեք տարեկան հասակում կորցնում է հորը և մեծանում մոր խնամքի տակ: Սկզբնական կրթությունը ստանում է մոր շնորհիվ: Հետագայում հաճախում է Ռոուզ-Հիլլի դպրոցը, որից հետո ուսումը շարունակում է Չարտերհաուզի դպրոցում: Սկզբնական շրջանում դպրոցը գտնվում էր Լոնդոնում, հետո տեղափոխվում է գյուղական շրջան: Մշտապես բնության գրկում գտնվելու հնարավորությունը մեծ ազդեցություն է թողնում Բեյդըն Փաուելի կյանքում: շարունակել...

Հունիսի 25
«Երկուսը քաղաքում» (ֆր.՝ Deux Hommes Dans La Ville), 1973 թվականի ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ, նկարահանված ֆրանսիացի հայտնի ռեժիսոր՝ Խոսե Ջովաննիի կողմից: Ֆիլմի առաջին պրեմիերան տեղի է ունեցել 1973 թվականի հոկտեմբերի 25-ին, Փարիզում: Ֆիլմում խաղում են ֆրանսիական կինոյի աստղեր՝ Ժան Գաբենն ու Ալեն Դելոնը: Ժան Գաբենի համար, սա դարձավ իր կյանքի վերջին նշանակալից ֆիլմը: Սյուժեն ներկայացնում է մի հայտնի թեմա կինեմատոգրաֆի մեջ՝ մահապատժի թեման, որը շատ հոգեհարազատ էր ռեժիսորին: Երեխաներին ֆիլմը խորհուրդ է տրվում դիտել 13 տարեկանից բարձր և ծնողների հետ միասին: շարունակել...
Հունիսի 26
Հիրոշիգեի դիմանկարը
Հիրոշիգեի դիմանկարը

Ուտագավա Հիրոշիգե (ճապոներեն՝ 歌川広重, 1797 թ. — հոկտեմբերի 12, 1858 թ.), ճապոնացի գծանկարիչ է՝ արվեստի ուկիյո-է ուղղության խոշորագույն ներկայացուցիչ, գունավոր փայտափորագրության մեծահմուտ վարպետ և ավելի քան 5400 փորագրանկարների հեղինակ: Կենցաղային գեղանկարչության բաղադրատարրերով իր քնարերգական բնանկարներում («Տոկաիդո երկաթուղու 53 կայարանները», 1833—1834 թթ.) նա արտացոլել է բնության անկայուն, փոփոխական վիճակները, ձյան և մշուշի մթնոլորտային էֆեկտները: Նկարչին են վերագրում նաև Անդո Հիրոշիգե (安藤広重՝ իրական անվան և ստեղծագործական կեղծանվան անսովոր միասնություն) և Իչիյուսաի Հիրոշիգե (一幽斎廣重) գեղարվեստական կեղծանունները: շարունակել...

Հունիսի 27
Վիլիամ Գոդվինը
Վիլիամ Գոդվինը

Անարխիզմ (հուն․՝ anarchia - անիշխանություն) սոցիալ-քաղաքական տեսություն, որը հայտարարում է պետության ոչնչացման անհրաժեշտությունը և հարկադիր իշխանության բոլոր ձևերի փոխարինումը քազաքացիների ազատ ու կամավոր միությամբ: Անարխիզմը` որպես քաղաքական տեսություն առաջ է եկել 18-րդ դարի վերջերին` նացիոնալիզմի և ազգային պետությունների առաջացման հետ: Անարխիզմի առաջին համակարգված ուսումնասիրությունը պատկանում է անգլիացի փիլիսոփա և գրող Ուիլիամ Գոդվի]ի (1756-1836) գրչին, ով 1793 թ. հրատարակեց «Քաղաքական արդարության և նրա ազդեցության համընդհանուր բարեգործության ու երջանկության վերաբերյալ հետազոտությունը» գիրքը: Այնտեղ նա գրում էր, որ մարդիկ ձգտում են առավել կատարելիության, սակայն պետության այդպիսի ինստիտուտները ճնշում են մարդկանց բանականությունը օգտագործելու հնարավորությունների վրա: Անարխիզմի քաղաքական հոսանքն իրականում ձևավորվել է 19-րդ դարի 40-70-ական թվականներին Արևմտյան Եվրոպայում: Նրա հիմնադիրներն են համարվում Մաքս Շտիռները, Պիեռ-Ժոզեֆ Պրուդոնը, Միխայիլ Բակունինը, Պյոտր Կրոպոտկինը: շարունակել...

Հունիսի 28
Սպիտակ թզուկ

Սպիտակ թզուկ, ջերմամիջուկային էներգիայի սեփական աղբյուրներից զուրկ, շատ մեծ խտությամբ աստղ, որի զանգվածը չի գերազանցում Չանդրասեկհարի սահմանը (նվազագույն սահման, որի դեպքում աստղը կարող է գոյություն ունենալ որպես սպիտակ թզուկ): Սպիտակ թզուկի զանգվածը համեմատական է Արեգակի զանգվածին, սակայն շառավիղը Երկրի շառավղի կարգի է: Համապատասխանաբար, լուսատվությունը ~10 000  փոքր է Արեգակի համեմատ: Խտությունը 105-109 գ/սմ³ է, ինչը գրեթե միլիոն անգամ մեծ է գլխավոր հաջորդականության սովորական աստղերի խտությունից: Տարբեր գնահատականներով սպիտակ թզուկները կազմում են մեր գալակտիկայի աստղերի 3-10 %-ը: 2009 թ․ հունվարին Մոտիկ աստղերի հետազոտման կոնսորցիումը Արեգակին ամենամոտ հարյուր աստղերի մեջ հաշվեց ութ սպիտակ թզուկներ: Սպիտակ թզուկների տեսության զարգացման մեջ մեծ ավանդ ունեն հայ գիտնականները, հատկապես՝ Վիկտոր Համբարձումյանը: շարունակել...

Հունիսի 29
«Բեմի լույսերը» (անգլ.՝ Limelight), Չառլի Չապլինի գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1952 թվականին: Չապլինի հայտնի ֆիլմերից մեկն է: Առաջին անգամ ցուցադրվել է 1952 թվականի հոկտեմբերի 16-ին, Լոնդոնում: Գաղափարախոս տրագիկոմեդիա ծաղրածուի և բալերինայի մասին: Ֆիլմի կարգախոսն է՝ «Գլուխգործոց, ծիծաղ և արցունքներ, կատակերգության վարպետից»: «Բեմի լույսերը» ներկայացվել էր Օսկար մրցանակի, սակայն միայն քսան տարի անց արժանացավ նրան, սահմանելով ռեկորդ:

Մեծ տարիքի նախկին ծաղրածուն՝ Կալվեռո անունով, պատահականորեն փրկում է իր հարևանուհու, մի երիտասարդ աղջկա կյանքը, որը ցանկանում էր ինքնասպան լիներ, թունավորվելով գազի միջոցով: Կալվեռոն աղջկան իր վարձած բնակարան է տանում, որպեսզի աղջկա սենյակի վարձատերը, չիմանար ահավոր դեպքի մասին: շարունակել...

Հունիսի 30
Դրոշը
Դրոշը

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դաշնային սահմանադրական հանրապետություն Հյուսիսային Ամերիկայում, բաղկացած 50 նահանգներից։ Երկիրը մեծ մասամբ գտնվում է Արևմտյան կիսագնդում։ ԱՄՆ-ի բնակչության թիվը կազմում է ավելի քան 309 մլն, այդ ցուցանիշով աշխարհում 3-րդ պետությունն է։ Տարածքի մեծությամբ աշխարհի 3-4-րդ պետությունն է (վիճարկելի)։

Ձևավորվել է 1776 թ-ին, երբ բրիտանական 13 նահանգ միավորվեցին և հռչակեցին իրենց անկախությունը։ ԱՄՆ-ն համարվում է աշխարհի առաջին միջուկային տերությունը և ունի ամենամեծ տնտեսությունը։ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ ԱՄՆ-ի 2 նահանգները ցամաքային սահման չունեն ԱՄՆ-ի հիմնական տարածքի հետ։ Դրանք են. Ալյասկան` Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածում, և Հավայան կղզիները` Խաղաղ օվկիանոսում։ շարունակել...

2012 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր