Վիքիպեդիա:Օրվա հոդված/Հոկտեմբեր 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Հոկտեմբեր ամսվա հոդվածները
Հոկտեմբերի 1
Ձուկ-սկյուռ (Sargocentron spiniferum)
Ձուկ-սկյուռ (Sargocentron spiniferum)

Ճառագայթալողակ ձկները (լատին․՝ Actinopterygii) պատկանում են ոսկրավոր ձկների վերնադասին:

Ճառագայթալողակ ձկները շուրջ 20 հազար տեսակ են, և կազմում են այժմյան ձկների 90%-ը: Տարածված են գրեթե բոլոր ջրավազաններում և նրանց խորություններում: Ի տարբերություն մյուս տեսակների, սրանք ունեն մի շարք տարբերիչ հատկանիշներ: Չունեն ռոստրում, բերանը գտնվում է դնչի ծայրին:

Բոլոր տեսակներն ունեն բազմաթիվ մանր, եռանկյունաձև ատամներ, որոնք դասավորված են ոչ միայն ծնոտների, այլև քիմքի վրա շարունակել...

Հոկտեմբերի 2
Բժշկական գիտությունները Հայաստանում գրեթե 3 հազար տարվա պատմություն ունեն։

Ժամանակի ընթացքում ստեղծվել է դեղանյութերի հարուստ գանձարան։ Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերն արտահանվել են Արևելքի ու Արևմուտքի մի շարք երկրներ և տեղ գտել հնագույն դեղագիտարաններում։ Հայաստանն անցյալում եղել է մի շարք արժեքավոր խեժատու բույսերի, ինչպես նաև վայրի դեղաբույսերի հայրենիքը։

Գործնական բժշկության մակարդակի մասին վկայում են ուրարտական և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումների արդյունքները (բժշկական գործիքներ և այլն) շարունակել...

Հոկտեմբերի 3
Ալեքսանդրի սյունը Պալատական հրապարակում
Ալեքսանդրի սյունը Պալատական հրապարակում

Ալեքսանդրի սյուն, գտնվում է Պետական Էրմիտաժում:

Կանգնեցվել է 1834 թվականին Պալատական հրապարակում: Այն ամպիր ոճի է, իսկ քանդակագործը Օգյուստ Մոնֆերրան է: Կանգնեցվել է Նիկոլայ I հրամանով ի հիշատակ նրա եղբոր՝ Ալեքսանդր I-ի՝ Նապոլեոնին հաղթելու հիշատակ:

Այս հուշարձանը ամբողջացրել է գլխավոր շտաբի կազմը, որը նվիրված էր 1912 թվականին Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակին շարունակել...

Հոկտեմբերի 4
գյուղացի Գերմանիայում
գյուղացի Գերմանիայում

Գյուղացիություն, մինչսոցիալիստական ֆորմացիաներում տնտեսությունը անհատական եղանակով վարող մանր գյուղատնտեսական արտադրողների, սոցիալիզմի ժամանակ՝ գյուղի կոոպերացված աշխատողների դասակարգ։

Գյուղացիության առաջացումը կապված է դասակարգային փոխհարաբերությունների ծագման և մասնավոր սեփականության առաջացման հետ։ Ստրկատիրական հասարակարգում հիմնական դասակարգերի կողքին գոյություն է ունեցել ազատ գյուղացիություն։ Արտադրության ստրկատիրական հարաբերությունների հակասությունները որոշակի փուլում արգելակել են արտադրողական ուժերի զարգացումը։

Ստրկական աշխատանքի վրա հիմնված խոշոր հողատիրությունը վերջապես դարձել է տնտեսապես ոչ շահավետ, և երբեմնի ազատ հողագործները, ստրուկներն ու կոլոնները ամրացվել են հողին, դարձել ֆեոդալից կախում ունեցող ճորտ գյուղացիություն շարունակել...

Հոկտեմբերի 5
Բագրատունիների նշանը
Բագրատունիների նշանը

Բագրատունիներ, հայկական նախարարական տոհմ և թագավորական հարստություն միջնադարյան Հայաստանում։

Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են Արատտա պետության և Վանի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա անունները կրած տոհմերը և Բագբատու, Բագբաշտու կամ Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագ (bag) արմատից։

Բագրատունյաց նախարարական ապա արքայական տոհմի անունը կապված է նաև Մեծ Հայքի Բագրևանդ կամ Բագրավանդանե գավառի անվան հետ։ Ըստ Մովսես Խորենացու "Հայոց պատմութեան" խմբագրող-աղավաղողների, Բագրատունիները, սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագրատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադիր և ասպետի պաշտոն. նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի։ շարունակել...

Հոկտեմբերի 6
Սպիտակ շնաձուկ
Սպիտակ շնաձուկ

Սպիտակ շնաձուկը, կամ մեծ սպիտակ շնաձուկը, կամ շնաձուկ-մարդակերը, կամ կարխարոդոնը (լատին․՝ Carcharodon carcharias) պատկանում է կռճիկային ձկների սպիտակ շնաձկների բազմատիպ ցեղի ծովատառեխային շնաձկների ընտանիքին։

ԶԼՄ-ներում հայտնի է նաև սպիտակ մեծ շնաձուկ անվամբ (բառացի թարգմանություն անգլերենից)։ Հանդիպում է բոլոր օվկիանոսների (բացի Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսից) ցամաքամերձ հատվածներում և բաց ջրերում։ Սպիտակ շնաձուկը հանդիսանում է աշխարհի ամենամեծ գիշատիչ ձկներից մեկը։

Մարդու համար ամենավտանգավոր շնաձկների տեսակն է, հենց նրան է վերագրվում մարդկանց վրա հարձակման դեպքերի մեծամասնությունը շարունակել...

Հոկտեմբերի 7
Նախիջևանի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն (ռուս.՝ Нахичеванская Автономная Советская Социалистическая Республика, ադրբ.՝ Нахчыван Мухтар Совет Сосиалист Республикасы) կամ Նախիջևանի ԻԽՍՀ ինքնավար հանրապետություն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում (1924-1991

Կազմավորվել է 1924 թվականի փետրվարի 9-ին: Այժմ ամբողջությամբ համապատասխանում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքին: Գտնվում է Անդրկովկասի հարավում, Արաքս գետով սահմանակից է Իրանին և Թուրքիային։ Տարածք եղել է 5 500 քառ. կմ (Ադրբեջանական ԽՍՀ տարածքի 6,4 %-ը), բնակչությունը՝ 247 000 (1981 թվականի հունվարի 1) կամ Ադրբեջանական ԽՍՀ բնակչության մոտ 4%-ը։

Բաժանված է եղել 5 վարչական շրջանի, ունի 3 քաղաք և 4 քտա։ Մայրաքաղաքը՝ Նախիջևան։ Նախիջևանի ԻԽՍՀ-ի վերջին սահմանադրությունն ընդունվել է 1978 թվականին շարունակել...

Հոկտեմբերի 8
Գենետիկայի բնագավառում հետազոտությունները Հայաստանում սկսվել են 1920-ական թվականներից Երևանի պետական համալսարանում։

1930- ական թվականներին Նիկոլայ Վավիլովի ղեկավարած գիտարշավների ընթացքում բացահայտվել են հացահատիկային մշակաբույսերի կազմը, հայտնաբերվել են նրանց վայրի ազգակիցների աճելավայրերը։ 1935 թվականին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի Կենսաբանության ինստիտուտի համակարգում կազմակերպվել է առաջին գենետիկական կենտրոնը, 1943 թվականին՝ Գենետիկայի ինստիտուտը, որը 1956 թվականին ընդգրկվել է Երկրագործության ինստիտուտի կազմում։

Այդ տարիներին պարզաբանվել են բույսերի ձևագոյաման շարժընթացների առանձին օրինաչափություններ (Մ. Թումանյան, Գ. Բաբաջանյան) շարունակել...

Հոկտեմբերի 9
Որակական անալիզի խնդիրն է որոշել նյութի «որակը» կամ հայտնաբերել առանձին տարրերը կամ իոնները, որոնք մտնում են անալիզվող նյութի բաղադրության մեջ։

Որակական անալիզը մեթոդական և մանկավարժական մեծ նշանակություն ունի կենսաբանության և քիմիայի բնագավառում մասնագետ ուսուցիչներ պատրաստելու խնդրում։ Որակական անալիզը նպաստում է պարզաբանելու քիմիական երևույթները, բացատրելու նրանց պատճառները և անելու ճիշտ եզրակացություններ։ Մի շարք աղեր և մետաղների օքսիդներ հալված նատրիումի ամոնիմային ֆոսֆատի () կամ նատրիումի տետրաբորատի () հալույթներում լուծելիս առաջանում է մարգարտաշար ապակի։

Դիտելով ստացված ապակու գույները` կարելի է որոշել, թե ինչ տարրեր կան անալիզվող քիմիական նյութի բաղադրության մեջ (քիմիա)շարունակել...

Հոկտեմբերի 10
Ջենթու լինուքսի LiveDVD֊ի էկրանահանը, թողարկում 20140826
Ջենթու լինուքսի LiveDVD֊ի էկրանահանը, թողարկում 20140826

Ջենթու Լինուքս (['dʒɛntuː] անգլ.՝ Gentoo) Լինուքս միջուկի հիման վրա պատրաստված օպերացիոն համակարգ է և կոմպիլիացվում է Portage փաթեթների կառավարման համակարգի միջոցով։ Տարածվում է որպես Ազատ ծրագրային ապահովում։

Ի տարբերություն այլ երկուական կոդավորված (binary) բաշխումների, ծրագրերը կոմպիլյացվում են ելակետային կոդից տեղում օգտատիրոջ նախընտրանքների համաձայն և հիմնականում օպտիմալացվում է որոշակի տեսակի համակարգիչների համար։ Որոշ բավականին ծավալուն փաթեթներ, ինչպես նաև այն փաթեթները, որոնց ելակետային կոդը հասանելի չէ, հնարավոր է տեղակայել արդեն իսկ կոմպիլյացված փաթեթների տեսքով։

«Ջենթու» անվանումը վերցրվել է ամենաարագ լողացող պինգվինների տեսակի անվանումից՝ Ջենթու պինգվիններից շարունակել...

Հոկտեմբերի 11
Հայ ազատագրական պայքար (15-16-րդ դարեր), հայ ժողովրդի պատմության ազատագրական շարժումների սկիզբ։ Հաջորդ դարերում ազատագրական պայքարը շարունակվեց, ինչի արդյունքը եղավ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, ապա՝ այդ տարածքներում հայկական երկու պետականությունների՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հիմնադրումը։

Հայ ժողովուրդը 15-րդ դարից սկսած զուրկ էր պետականությունից Մեծ Հայքի տարածքում։ 1375 թվականին կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը։

Անկում էին ապրել Հայաստանի երբեմնի հովանավորներ Բյուզանդական կայսրությունն ու Վրացական թագավորությունը շարունակել...

Հոկտեմբերի 12
«Դաբլյու-Դաբլյու-ի» (անգլ.` WWE, Inc., լրիվ անվանում` World Wrestling Entertainment, Inc.), ամերիկյան ժամանցային կազմակերպություն, որը թողարկում է պրոֆեսիոնալ ըմբշամարտի շոուներ, ինչպես նաև զբաղվում ֆիլմերի, երաժշտության թողարկմամբ, ապրանքանիշերի լիցենզավորմամբ և վաճառքով։

«WWE» անվանումը կապված է նաև պրոֆեսիոնալ ըմբշամարտի համանուն կազմակերպության (պրոմոշեն) հետ, որը հիմնադրվել էր 1952 թվականին։

2011 թվականի դրությամբ այն սպորտային ժամանցի ասպարեզում համարվում է աշխարհի խոշորագույն կազմակերպությունը, որը տարեկան թողարկում է մոտ 320 շոու և հեռարձակվում ավելի քան 150 երկրներում` հավաքելով ավելի քան 36 միլիոն հանդիատես շարունակել...

Հոկտեմբերի 13
Ոսկե ձուկ
Ոսկե ձուկ

Ոսկե ձուկ (լատին․՝ Carassius auratus), ծածանների ցեղի ձկների ենթատեսակ։ Նրա նախահայրը մարդու կողմից ընտելացվել է դեռևս մեր թվարկության VII դարում, և հանդիսանում է ակվարիումային ձկների ամենահայտնի ցեղերից մեկը, որն իր մեջ ներառում է ակվարիումային ձկների մի քանի տեսակներ, որոնք ստացվել են բազմադարյա հիբրիդացման ու սելեկցիայի արդյունքում, ինչն էլ իր հերթին մուտացիայի արդյունք է։

Տնային ու առվային «ոսկե ձկների» հին անվանումներից է «ոսկե ծածաները», որն առաջացել է ընդհանուր համակարգային գիտական անվանումից՝ Ծածաններ։

Խմբի անվանումն ընտրվել է «ոսկե ձկների» ցեղի նախաներկայացուցիչնրից մեկի անունից շարունակել...

Հոկտեմբերի 14
Տիգրան Չուխաջյան
Տիգրան Չուխաջյան

Տիգրան Գևորգի Չուխաջյան (1837, Կոստանդնուպոլիս - մարտի 11, մարտի 23, 1898, Զմյուռնիա), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մշակութային-հասարակական գործիչ, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր։ Ի շարս հայ առաջադեմ մյուս մտավորականության, պայքարել է հանուն հայ ազգային մշակույթի զարգացման, մասնակցություն է ունեցել հայկական ազգային երաժշտական մամուլի, երգչախմբերի, երաժշտական թատրոնների ձևավորման գործում, կարդացել է դասախոսություններ։

Չուխաջյանի ստեղծագործություններում համադրված են արևմտահայ քաղաքային երաժշտության և արևմտյան դասական երաշտության ձևերը։

Ծնվել է Կոստանդնուպոլսի Բերա (թուրքերեն՝ Pera) թաղամասում արքունական ժամագործի ընտանիքում շարունակել...

Հոկտեմբերի 15
Բիոնիկան (հունարեն՝ βίον) կենսաբանությանը և տեխնիկային սահմանակից գիտություն է։

Միլիոնավոր տարիների ընթացքում տեղի ունեցող էվոլուցիայի և բնական ընտրության շնորհիվ կենդանի օրգանիզմները զարգացել և կատարելագործվել են։ Կենդանի օրգանիզմների կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրությունները ծնում են նոր գաղափարներ տեխնիկական կոնստրուկցիաների ստեղծման համար։

Բիոնիկայի գլխավոր խնդիրը բույսերի և կենդանիների կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրությունն ու այդ հատկությունների կիրառումն է տեխնիկայում շարունակել...

Հոկտեմբերի 16
Հայ-հռոմեական պատերազմ, ռազմաքաղաքական կոնֆլիկտ Մերձավոր Արևելքում մ.թ.ա. 69 - մ.թ.ա. 66 թվականներին։ Հանդիսանում է միհրդատյան երրորդ պատերազմի (մ.թ.ա. 73 - մ.թ.ա. 63) մասը։

Տեղի է ունեցել Հռոմեական Հանրապետության գոյության վերջին տարիներին։ Ուղղված էր հայոց արքա Տիգրան Մեծի նորաստեղծ հայկական կայսրության դեմ։

Մ.թ.ա. 2-րդ դարում Հռոմեական հանրապետությունը գերիշխող դիրքեր էր գրավել Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ նվճելով փյունիկյան և հունական քաղաք-պետությունները։ Աստիճանաբար նոր գերտերության ուշադրության կենտրոնում է հայտնվում Մերձավոր Արևելքը շարունակել...

Հոկտեմբերի 17
Փիլիսոփայական մտածողության սաղմեր եղել են դեռևս հին հայերի և այն ժողովուրդների դիցաբանական պատկերացումներում, որոնք որոշակի զարգացում են ապրել նախնադարյան համայնական հասարակության ծաղկման, ապա նաև դասակարգային հասարակության ձևավորման շրջանում։

Հետագայում հին հայկական կրոնի և փիլիսոփայական մտքի վրա ներգործել են մի կողմից զրադաշտականությունը, մյուս կողմից՝ հին հույների դիցաբանությունը։

Մ.թ.ա. 4-րդից առաջին դարերում արդեն սաղմնավորվել է նաև աշխարհիկ փիլիսոփայական միտքը։ Տիգրան Բ Մեծի ու նրա որդի Արտավազդ Բ թագավորի օրոք շարունակել...

Հոկտեմբերի 18
Արտավազդ Բ (ծննդյան թվականն անհայտ– մ.թ.ա. 31), Հայոց թագավոր (մ.թ.ա. 55-34)։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներին Արտավազդը եղել է նրա գահակիցը։

Տիգրան Մեծին հաջորդեց թագաժառանգ Արտավազդ Բ-ն (մ.թ.ա. 55 - մ.թ.ա. 34), որը բազմակողմանի զարգացած, օտար լեզուների գիտակ, մտավորական անձնավորություն էր։ Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Արտավազդը «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ»։ Նա նաև հմուտ դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ռազմական գործիչ։

Նա ևս կոչվում էր «արքայից արքա», քանի որ նրա իշխանության տակ էր հարևան Ատրպատականը շարունակել...

Հոկտեմբերի 19
Թվիթթերի լոգոն
Թվիթթերի լոգոն

Թվիթթեր (անգլ.՝ Twitter, բառացի թարգմանությունը՝ Ծլվլոց), սոցիալական ցանց և միկրոբլոգային ծառայություն, որը հնարավորություն է ընձեռում իր մասնակիցներին ուղարկելու և կարդալու մինչև 140 նիշից բաղկացած տեքստային հաղորդագրություններ, որոնք պաշտոնապես հայտնի են որպես «թվիթեր» (անգ.՝ tweets)։

Թվիթթերը ստեղծվել է 2006 թվականի մարտին Ջեք Դորսիի կողմից և գործի է դրվել նույն թվականի հուլիսին։ Թվիթթերն արագ տարածվել է ամբողջ աշխարհում։ 2014 թ. հուլիս ամսվա դրությամբ Թվիթթերն ունեցել է ավելի քան 500 միլիոն ակտիվ օգտագործողներ:

Թվիթթերը երբեմն անվանում են «Համացանցի SMS» շարունակել...

Հոկտեմբերի 20
Էլ Էսկորիալ համալիրի ընդհանուր տեսքը
Էլ Էսկորիալ համալիրի ընդհանուր տեսքը

Էլ Էսկորիալ (իսպ.՝ El Escorial), պատմամշակութային համալիր, որի մեջ մտնում են վանք, պալատ, բազիլիկ եկեղեցի, պանթեոն, թանգարան և գրադարան։ Գտնվում է Սան Լորենսո դե Էլ Էսկորիալ քաղաքում՝ Մադրիդից ոչ շատ հեռու՝ մոտ 45 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Սիեռա դե Գուադառամա լեռների լանջին։ Կառուցվել է 1563-1584 թվականներին։

Պալատը իսպանական թագավորական ընտանիքի նստավայրն էր, բազիլիկը՝ Իսպանիայի թագավորների դամբարանը և վանքը, որը կառուցվել է Սան Խերոնիմոյի վանականների կողմից, այժմ Սուրբ Ավգուստին վանականների նստավայրն է։

Համարվում է Իսպանիայի և Եվրոպայի Վերածննդի դարաշրջանի յուրահատուկ ճարտարագիտական կոթողներից մեկը շարունակել...

Հոկտեմբերի 21
նշենի
նշենի

Նշենի (լատին․՝ Prunus dulcis), պատկանում է վարդազգիների ընտանիքի սալորենիների ենթաընտանիքին։

Նշենին փոքր ծառ է` 4-8 մ բարձրությամբ և 10-40 սմ բնի տրամագծով։ Ունի զարգացած, արմատային համակարգ, որի հետևանքով չորադիմացկուն է։ Դիմանում է մինչև -25 C° ցրտահարություններին։

Ծաղկում է վաղ գարնանը` նախքան տերևների բացվելը։ Ծաղիկը արտադրում է նեկտար, մեղուն վերցնում է այն և ծաղկափոշին, որը հատկապես կարևոր է որպես վաղ գարնանային կեր մեղվաընտանիքների համար շարունակել...

Հոկտեմբերի 22
Հայկական Ազգային բանակ, ստեղծվել է Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո։ Գոյատևել է մինչև հանրապետության խորհրդայնացումը՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։

Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին` 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը շարունակել...

Հոկտեմբերի 23
Տրդատ Ա-ի արձանը
Տրդատ Ա-ի արձանը

Տրդատ Ա (ծննդյան թվականն անհայտ – 88), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 52 թվականից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։

1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80) ծրագրել էր Մեծ Հայքում թագավոր հռչակել իր եղբորը՝ Տրդատին, ինչը համընկնում էր հռոմեական ծավալապաշտ քաղաքականությանը դիմակայող հայ ավագանու նկրտումներին։

52 թվականին Վաղարշն ու Տրդատը պարթևական զորքով մտնելով Մեծ Հայք, օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով շուտով փախնում է Վիրք՝ հոր մոտ շարունակել...

Հոկտեմբերի 24
Սելին Դիոն, 2008 թ.
Սելին Դիոն, 2008 թ.

Սելին Դիոն (անգլերեն՝ Celine Dion, ծնվ. մարտ 30, 1968) կանադացի երգչուհի է։

Ծնվել է Կանադայի Քվեբեք նահանգում՝ Շեյլմենում (Charlemagne)։ 1988 թվականին Սելին Դիոնը հաղթել է Յամահայի համաշխարհային երգի մրցույթում (Yamaha World Popular Song Festival), իսկ 1988 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթում։

Չնայած ունեցած մեծ հաջողություններին Սելին Դիոնը 1999 թվականից սկսած իր ժամանակն ավելի շատ ծախսում է ընտանիքի և ամուսնու վրա, որը տառապում էր քաղցկեղով։ Երաժշտության ասպարեզ կրկին վերադառնում է 2002 թվականին։ Սելին Դիոնի երգերը կանադացի երգչի ամենաշատ վաճառքն ունեցող երգերից են։ ԱՄՆ-ում ամենամեծ վաճառքն ունեցող կին երգիչն է և միակ կին երգիչը, որի երկու սինգլները Միացյալ թագավորությունում վաճառվել են ավելի քան 1 միլիոն օրինակով շարունակել...

Հոկտեմբերի 25
Վանա լիճն ու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին
Վանա լիճն ու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

Վանա լիճ, անհոսք աղի լիճ Հայկական լեռնաշխարհում, Մեծ Հայքի Տուրուբերան և Վասպուրական նահանգներում, ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելքում։

Գտնվում է Հայկական Տավրոսի հյուսիս–արևելյան մասի, Կորդվաց լեռների, Կոտուր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրա։ Երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ է։

Լճի հայելին 3760 կմ² է, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 145 մ։ Վանա լիճը գտնվում է տեկտոնական իջվածքում շարունակել...

Հոկտեմբերի 26
Աստղագիտություն, գիտություն է երկնային մարմինների (մոլորակներ, աստղեր, միգամածություններ, միջաստղային նյութ, գալակտիկաներ և այլն) և նրանց հետ կապված երևույթների (տարածական բաշխում, շարժումներ, ֆիզիկական բնույթ և վիճակ, փոխազդեցություն, առաջացում ու զարգացում և այլն) մասին։

Աստղագիտությունը միաժամանակ մշակում է երկնային մարմինների դիտումները գործնական նպատակներով օգտագործելու մեթոդներ (ժամանակի ծառայություն, աստղագիտական կողմնորոշում, տիեզերական թռիչքների աստղագիտական կառավարում և այլն)։

Տիեզերական թռիչքների ժամանակ անհրաժեշտ ուղեծրերի րնտրության կապակցությամբ աստղագիտության մեջ ձևավորվեց մի նոր բաժին՝ աստղադինամիկան, որն ուսումնասիրում է արհեստական երկնային մարմինների շարժումները շարունակել...

Հոկտեմբերի 27
Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված ՀՀ փոստային նամականիշ
Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություն, 1999 թվականի հոկտեմբերի 27Հայաստանի Ազգային ժողովի վրա կատարված հարձակումն է, տեղի է ունեցել հերթական նստաշրջանի հարց ու պատասխանի ժամանակ, որին մասնակցում էին նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները։

Ահաբեկչության հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երեկոյան ժամը 17-ի մոտ դահլիճ են ներխուժել զինված մարդիկ (Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Էդուարդ Գրիգորյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան) և կրակ բացել շարունակել...

Հոկտեմբերի 28
Հայկական միջնադարյան գաղթավայրերը Եվրոպայում, հայկական գաղթավայրեր, որոնք առաջացել են 11-14-րդ դարերում, երբ կործանվել են Բագրատունիների (1045) և Կիլիկիայի հայոց թագավորությունները (1375

Եվրոպայի տարբեր երկրներում հաստատված հայկական գաղութները դարձել են ավելի բազմամարդ թուրք-պարսկական պատերազմների դարաշրջանում։ Հայկական ինքնությունը պահպանելու նպատակով աշխարհիկ և հոգևոր առաջնորդները, առևտրականները և մշակույթի գործիչները ձեռնամուխ են լինում եկեղեցիների կառուցմանը, դպրոցների, ապա՝ տպարանների ստեղծմանը, հայկական առանձին թաղամասերի ու գյուղերի շինարարությանը և այլն։

Սելջուկների, մոնղոլ-թաթարների տիրապետության շրջանում և հատկապես ուշ միջնադարում լայն ծավալ է ստանում բնակչության արտահոսքը շարունակել...

Հոկտեմբերի 29
ջրագնդակի խաղ
ջրագնդակի խաղ

Ջրագնդակ (անգլ.՝ Water polo), թիմային սպորտաձև գնդակով, որտեղ երկու հակառակորդ թիմեր փորձում են գնդակը մտցնել հակառակորդի դարպասը։ Խաղերը անցկացվում են լողավազաններում։ Ոչ պաշտոնական, ընկերական հանդիպումները կարող են անցկացվել բացօթյա լողավազաններում։

Միաժամանակ յուրաքանչյուր 2 թիմից խաղին մասնակցում են 7 մարզիկ` 6 խաղացող և մեկ դարպասապահ։ Գլխարկների գույնը որոշվում է վիճակահանությամբ։ Դարպասապահը հագնում է կարմիր գույնի գլխարկ, գլխարկի համարները 1 կամ 13 է, ինչպես նաև 15։

Խաղը կազմված է 4 խաղակեսից։ Յուրաքանչյուր խաղակես օլիմպիական ջրագնդակում տևում է մաքուր 8 րոպե շարունակել...

Հոկտեմբերի 30
«Black Widow», ավստրալացի ռեփեր Իգգի Ազալիայի երգն է, համագործակցությամբ բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի հետ։

Երգը թողարկվել է 2014 թվականի հուլիսի 8-ին որպես Իգի Ազալիայի «The New Classic» (2014) կոչվող դեբյուտային ստուդիական ալբոմի հինգերորդ սինգլ։ Երգը գրվել է Իգի Ազալիայի, Քեյթի Փերրիի, Սարա Հադսոնի, Բենի Բլանկոյի և Stargate դուետի անդամների կողմից, վերջիններս նաև երգի պրոդյուսերներն են։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորներն են Director X-ը և Իգի Ազալիան, թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 13-ին։ Տեսահոլովակը ներկայումս առաջադրված է «Լավագույն տեսահոլովակ» մրցանակին MTV Europe Music Awards 2014 մրցանակաբաշխությունում, որը անցկացվելու է 2014 թվականի նոյեմբերին շարունակել...

Հոկտեմբերի 31
թզի հասած պտուղ
թզի հասած պտուղ

Թուզ, կամ թզենի, կամ գինու հատապտուղ (լատին․՝ Fícus cárica) , կամ ֆիկուս, կամ Բանիան, մերձարևադարձային տերևաթափ ֆիկուս։

Կարիական ֆիկուս անվանվել է այն վայրի անունով, որը համարվում է թզի հայրենիքը՝ Փոքր Ասիայի հնագույն Կարի պրովինցիայի լեռնային մարզը։ Միջին Ասիայում, Կովկասում և Ղրիմում աճեցնում են այն որպես թանկարժեք պտղատու բույս, որը տալիս է պտուղներ՝ գինու հատապտուղներ։ Լայն տարածում ունի միջերկրածովյան երկրներում, Վրաստանում, Հայաստանի լեռներում, Ապշերոնյան թերակղզում, Ադրբեջանի կենտրոնական շրջաններում, Կրասնոդարի մարզում և Աբխազիայում։

Թուզը համարվում է ամենահին մշակովի բույսերից մեկը, ըստ որոշ տվյալներ՝ հավանաբար ամենահինը շարունակել...

2014 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր