Վիքիպեդիա:Ապրող անձանց կենսագրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
↱ ՎՊ:ԱԱԿ

Ներկայումս ապրող (և վերջերս մահացած) անձանց կենսագրություններով հոդվածներ ստեղծելուց առաջ համոզվեք, որ հոդվածի օբեկտը վաստակել է Վիքիպեդիայում հոդված ունենալու իրավունքը և համապատասխանում է հետևյալ չափանիշներին.

Ընդհանուր սկզբունքներ[խմբագրել]

  1. Տեղեկությունների ստուգելիություն. հնարավո՞ր է արդյոք ստուգել հոդվածում նշված տեղեկությունների ճշմարտացիությունը ըստ վստահելի անկախ աղբյուրների։ Հնարավոր կլինի՞ դա անել 10 տարի անց։
  2. Համալրելիություն. հոդվածը երբևէ կմեծանա՞ այնքան, որ դրա թեմայով հնարավոր լինի ընտրյալ հոդված գրել։

Քաղաքական և հասարակական գործիչներ[խմբագրել]

  1. Բոլոր պետությունների և երկրների (այդ թվում նաև` չճանաչված և բնակելի տարածքը փաստացի վերահսկող) պաշտոնական և փաստացի ղեկավարներ։
  2. Միջազգային կազմակերպությունների և միջպետական ​​կառույցների (ՄԱԿ, ՅՈւՆԵՍԿՕ, ՄԱԳԱՏԷ, Համաշխարհային բանկ, ՆԱՏՕ, ԱՊՀ, և այլն) բարձրագույն ղեկավարներ (նախագահ, քարտուղար և այլն) և բարձրաստիճան պաշտոնյաներ (հատուկ ներկայացուցիչ, և այլն)։
  3. Բոլոր երկրների բարձրագույն օրենսդիր (խորհրդարան, դումա, կոնգրես և այլն), գործադիր (կառավարություն, նախարարների խորհուրդ և այլն), և դատական ​​(Վճռաբեկ դատարան, Սահմանադրական դատարան և այլն) մարմինների ղեկավարներ և անդամներ։
  4. Տարբեր երկրների ազդեցիկ քաղաքական կուսակցությունների և շարժումների ղեկավարներ և հանրային գործունեությամբ առավել աչքի ընկած անդամներ (Քաղաքական ուժերի ազդեցիկությունը չափվում է ինչպես ընտրություններին պարբերաբար մասնակցությամբ, այնպես էլ արտախորհրդարանական ակտիվ գործունեությամբ. ցույցերի և միտինգների կազմակերպում, օրենսդրական նախաձեռնություններ և այլն)
  5. Բոլոր երկրների վերին մակարդակի վարչատարածքային միավորների (մարզ, նահանգ և այլն) ղեկավարներ։
  6. Քաղաքների ղեկավարներ (քաղաքապետեր)։
  7. Միջազգային, ազգային և տեղական մակարդակների այլ քաղաքական և հասարակական գործիչներ, որոնց գործունեությունը (ելույթներ, օրենսդրական նախաձեռնություններ և այլն) հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում (պետք է հաստատվի ԶԼՄ–ների հղումներով) և ունեցել է զգալի ազդեցություն տարածաշրջանի, երկրի կամ աշխարհի կյանքում։
  8. Համապետական կամ միջազգային մասշտաբով գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների (Բժիշկներ առանց սահմանների, Գրինփիս և այլն) ղեկավարներ և առավել հայտնի անդամներ։
  9. Իրավապաշտպաններ, խաղաղապահներ և այլ անձինք, որոնք անձնապես ներգրավված են տարածաշրջանի, երկրի կամ աշխարհի համար էական կարևորություն ունեցող իրադարձություններում:
  10. Այլ պետություններում և միջազգային կառույցներում պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, արտակարգ և լիազոր դեսպանի կամ համարժեք բարձր այլ դիվանագիտական կարգավիճակ ունեցող դիվանագետներ, ինչպես նաև դիվանագետներ, որոնց մասնագիտական գործունեությունը նշանակալի ազդեցություն է ունեցել միջազգային հարաբերությունների վրա։

Վիքիպեդիայում առանձին հոդված ունենալու համար քաղաքական կամ հասարակական գործիչը պետք է համապատասխանի այս չափանիշներից որևէ մեկին։

Գիտության, տեխնիկայի և կրթության ոլորտի գործիչներ[խմբագրել]

Ձևական չափանիշներ[խմբագրել]

  1. Ամենահեղինակավոր գիտական ընկերակցությունների անդամներ, ինչպիսիք են, օրինակ՝ Լոնդոնյան թագավորական ընկերակցությունը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան և այլն։ Նվազ հեղինակավոր ընկերակցությունների անդամները պետք է համապատասխանեն նաև որոշ բովանդակային չափանիշների։
  2. Գիտնականներ, որոնք զբաղեցրել կամ զբաղեցնում են կարևոր պաշտոններ (ղեկավար և խորհրդատվական բարձրագույն պաշտոններ, կարևոր միջոցառումների կազմակերպիչներ (փաստաթղթերով ամրագրված) և այլն) ազգային կամ միջազգային նշանակության այլ պրոֆեսիոնալ միություններում և գիտական ընկերակություններում:
  3. Պետական ​​հավատարմագրում ունեցող և ավելի քան 5 տարի առաջ հիմնադրված ԲՈւՀ–երի ռեկտորներ։
  4. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ և իրենց գործունեության ոլորտում հեղինակավոր այլ միջազգային և ազգային մրցույթների դափնեկիրներ։
  5. Խոշոր միջազգային և ազգային գիտական ​​պարբերականների (գրքերի շարքերի և այլն) գլխավոր խմբագիրներ։
  6. Գիտնականներ, որոնց անունով կոչվել է իրենց կատարած գյուտ կամ հայտնագործությունը, եթե այդ գյուտը կամ հայտնագործությունը այդ անվամբ պարբերաբար հիշատակվում է մասնագիտական գրականության մեջ։

Այս ձևական չափանիշներից որևէ մեկին համապատասխանությունը բավարար նախապայման է գիտության, տեխնիկայի և կրթության ոլորտի գործչի մասին Վիքիփեդիայում հոդված ստեղծելու համար։

Բովանդակային չափանիշներ[խմբագրել]

  1. Գիտական ​​նոր տեսություն (նույնիսկ համընդհանուր ընդունելության չարժանացած), հայտնի հիպոթեզի (հաստատված կամ մերժված) մշակում։
  2. Գիտական, աշխարհագրական կամ երկրաբանական հայտնագործություն, նշանակալի մասնակցություն նշանակալից գիտարշավների և գիտա​փորձերի։
  3. Պաշտոնական մասնակցություն խոշոր գիտաժողովների ծրագրային հանձնաժողովներում, հրավիրված զեկույցների առկայություն խոշոր գիտաժողովներում։
  4. Պրոֆեսորաական աշխատանք գլխավոր կամ տվյալ ոլորտի առանձնահատուկ ԲՈւՀ–երում։
  5. Հայտնագործություններ, որոնք մեծ նշանակություն են ունեցել արտադրության, սպասարկման կամ սպառման այս կամ այն ոլորտի զարգացման համար։
  6. Հրապարակումներ առաջատար գիտական ​​ամսագրերում:
  7. Նշանակալի մասնակցություն խոշոր տեղեկագրերի, տարրական, միջին և ավագ դպրոցների ուսումնական ձեռնարկների (իրենց ուսւմնական հաստատությունից դուրս կիրառվող) մշակմանը։
  8. Զգալի թվով գիտահանրամատչելի հրապարակումների առկայություն հայտնի ինտերնետ ռեսուրսներում (նվազագույնը օրական 1000 այցելու ունեցող), առնվազն 200 տպաքանակ ունեցող ամսագրերում և առնվազն 100 տպաքանակ ունեցող գրքերում։
  9. Մասնագիտական հասարակայնության և հասարակության մեջ ընդհանրապես լայն հետաքրքրություն առաջացրած կրթական յուրօրինակ մեթոդի մշակում։
  10. Պատվավոր տիտղոսներ։

Բովանդակային չափանիշները կիրառվում են գիտության, տեխնիկայի և կրթության գործիչների հիմնական մասնագիտության (մասնագիտությունների) ​​որակավորման գնահատման համար։ Եթե ​​հնարավոր չէ հաստատել այս բովանդակային չափանիշներից 2–ից 3–ի առկայությունը, ապա տվյալ անձի մասին հոդվածի ընդգրկումը Վիքիփեդիայում աննպատակահարմար է համարվում։