Վիլտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլտ

Վիլտ (անգլ.՝ wilt—թառամել), թառամում, բույսերի անոթասնկային (տրախեամիկոզային) հիվանդություն։ Հարուցիչները անկատար սնկերի դասի Verticileum և Fusarium ցեղից են։ Ըստ հարուցիչների տեսակի տարբերում են վերտիցիլային (վերտիցիլիոզ) և ֆուզարիալ (ֆուզարիոզ) թառամում։ վերտիցիլիոզով վարակվում են մոտ 350 տեսակ երկշաքիլ բույսեր, օրինակ, բամբակենին, տաքդեղը, ավելի քիչ՝ խորդենին, սմբուկը, կարտոֆիլը, արևածաղիկը, դեղձենին, ծիրանենին, խնձորենին են, իսկ ֆուզարիոզով՝ բանջարաբոստանային (հատկապես դդմազգի) կուլտուրաները, հատիկաընդավորները, բազմամյա խոաբույսերը են։ Վարակի աղբյուրը հիմնականում հողը և վարակված սերմերն են, ինչպես նաև բուսական մնացորդները, ոռոգման ջուրը։ Հարուցիչները հողաբնակ են, որոնք, արմատային համակարգով թափանցելով բույսի քսիլեմի ջուր փոխադրող անոթները և սնվելով հյուսվածքներով, առաջացնում են բույսի վերերկրյա օրգանների թառամում (հաճախ ոչնչանում է ամբողջ բույսը, հազվադեպ՝ առանձին օրգանները)։ Բազմամյա բույսերի վիլտ արտահայտվում է առանձին ճյուղերի արագ թառամումով և չորացումով, իսկ բույսի մահացումը կարող է տեղի ունենալ տարիների ընթացքում։ Հիվանդության նշանները սովորաբար երևում են բույսի կոկոնակալման ժամանակ, երբեմն՝ ավելի վաղ։ Հիվանդ բույսի ցողունի շեղակի կտրվածքի վրա օղակների կամ կետերի ձևով նկատ վում է ջուր փոխադրող անոթների հյուսվածքների գոլորշիացում։ Պայքարի միջոցները, վիլտադիմացկուն սորտերի ստեղծում, հիվանդ բուսական մնացորդների այրում, առողջ սերմերով ցանք, ճիշտ ցանքաշջրանառություն (վարակվող կուլտուրաների փոխարինում չվարակվողներով), հողի մշակման արդյունավետ եղանակների կիրառում, սերմերի ախտահանում, ջերմատներում (ֆուզարիոզի դեպքում)՝ հողի վարակազերծում (քիմիական կամ ջերմային եղանակով) են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 445