Վիլհելմ Շտորիցի գաղտնիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Շտորիցի գաղտնիքը
ֆր.՝ Le Secret de Wilhelm Storitz
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա և ֆենթեզի
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1910
Նախորդ«Ջոնաթանի» նավաբեկյալները
ՀաջորդԲարսակի արշավախմբի անհավանական արկածները
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1910
 Illustrations from The Secret of William Storitz by George Roux Վիքիպահեստում

Վիլհելմ Շտորիցի գաղտնիքը (ֆր.՝ Le Secret de Wilhem Storitz), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտա-ֆրնտաստիկ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպի վրա աշխատանքները Ժյուլ Վեռնը սկսել է 1898 թվականին՝ «Անտեսանելին» (ֆր.՝ L'Invisible) աշխատանքային անվանումով և շարունակել է աշխատել նրա վրա մինչև 1901 թվականը։ Սակայն հրատարակության համար այն նախապատրաստել է Ժյուլ Վեռնի որդին՝ Միշել Վեռնը՝ նրա մահից հետո, որոշ փոփոխություններ մտցնելով վեպի սյուժեում։ Առաջին անգամ վեպը հրատարակվել է Պիեռ Ժյուլ Էտցելի կողմից Le Journal թերթում 1910 թվականի հունիսի 15-ից (№ 6471) մինչև հուլիսի 13-ը (№ 6477)։ Գրքային առաջին հրատարակությունը լույս է տեսել նույն 1910 թվականին՝ Ժորժ Ռուի նկարազարդումներով։ Միշել Վեռնը անփոփոխ է թողել ստեղծագործության գլուխների քանակը 19, սակայն բավականին շատ փոփոխություններ է կատարել վեպի սյուժեում։ Վեպի բնօրինակ ձեռագիրը հայտնաբերվել է 1977 թվականին և հրատարակվել է 1985 թվականին՝ Ժյուլ Վեռնի աշխատությունները հետազոտող կազմակերպության կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները տեղի են ունենում XVIII դարի երկրորդ կեսին՝ 1757 թվականին։ Ֆրանսիացի նկարիչ Մարկ Վիդալը, որը ապրում է Հունգարիայի հարավում գտնվող Ռագզ քաղաքում, նամակ է գրում Փարիզ՝ ֆրանսիայում ապրող իր եղբայր Հենրի Վիդալին, հրավիրելով նրան հյուրընկալվել Հունգարիայում և ներկա գտնվել Մարկի հարսանիքին։ Նա պատրաստվում է ամուսնանալ Ռագզ քաղաքում մեծ հարգանք վայելող բժիշկ Ռոդերիկի դստեր Մայրա Ռոդերիկի հետ։ Մայրաի եղբայր Հարալանը հունգարական բանակի կապիտան է։ Հենրին պատմում է, որ գնացքով և շոգենավով ճանապարհորդելու ընթացքում նրանց ուղեկցում են բազմաթիվ տարօրինակ իրադարձություններ։

Այդ նույն քաղաքում է ապրում նաև քիմիայի և ֆիզիկայի մոլեռանդ, գիտնական Վիլհելմ Շտորիցը։ Նա քաղաքում հայտնի էր որպես ալքիմիկ և ցանկանում էր նման լինել հորը՝ Օտտո Շտորիցին, որը ճանաչում ուներ ռենտգենի վրա կատարած աշխատանքների արդյունքում։ Վիլհելմ Շտորիցը նույնպես սիրահարված էր Մայրային և մի քանի անգամ առաջարկություն էր արել, սակայն միշտ մերժվել էր Ռոդերիկների ընտանիքի կողմից։

Մի անգամ բժիշկ Ռոդերիկը հայտնում է Հենրիին և Հարալանին, որ Վիլհելմը նորից առաջարկություն է արել և մերժում ստանալուց հետո սպառնացել է ընտանիքին։

Ամուսնական պայմանագրի ստորագրման ժամանակ, որը, ըստ Ռագզ քաղաքի հին ավանդույթի, պետք է ստորագրի նահանգապետը, լսվում է մի տարօրինակ ձայն, որը երգում էր գերմանական երգ։ Ավելին, ամուսնական պայմանագիրը հայտնաբերվում է պատառոտված, իսկ հարսնացուի ծաղկեփունջը կախված էր օդում։ Ամուսնությունը խափանված է։

Իրադարձությունների մասին տեղեկություն ստանալուց հետո, Ռագզ քաղաքի ոստիկանության պետ Հենրիխ Շտեպարկը սկսում է կասկածել, որ այդ ամենի մեղավորը Վիլհելմ Շտորիցն է։ Շտորիցի տանը խուզարկություն է կատարվում։ Սակայն, բացի հարսնացուի ծաղկեփնջից և դեղին գույնի հեղուկով լցված սրվակից, ոչ մի էական ապացույց չի հայտնաբերվում։

Մի քանի օր անց, նահանգապետից թույլատվություն ստանալուց հետո, Մայրա Ռոդերիկը և Մարկ Վիդալը պատրաստվում են նորից ամուսնանալ։ Ռագզ քաղաքի Մայր Տաճարում կայացող արարողության ժամանակ նորից լսվում է նույն տարօրինակ ձայնը, որը անիծում է զույգին։ Մայրան կորցնում է գիտակցությունը։ Այժմ արդեն ամբողջ քաղաքն է Վիլհելմ Շտորիցին մեղավոր համարում և ուղևորվում են նրա տուն, կրակի են մատնում այն, չնայած ոստիկանության փորձերին՝ կանխելու այդ ամենը։

Ավելի ուշ, Հենրին և Շտեպարկը՝ զբոսանքի ժամանակ, պատահաբար լսում են Վիլհելմի և նրա օգնական Հերմանի խոսակցությունը, որոնք գտնվում էին անտեսանելի վիճակում։ Պարզվում է, որ Վիլհելմը տիրապետում է լուծույթի, որը կարողանում է անտեսանելի դարձնել մարդկանց։ Ինչպես նաև նա հայտնագործել է նաև դրա հակաթույնը։ Սակայն վերջինս ոչնչացել է նրա տունը հրկիզելու ժամանակ։ Շտեպարկը փորձում է ձերբակալել Շտորիցին սակայն դա նրան չի հաջողվում։ Նրանք վերադառնում են տուն և պարզում են, որ Մայրան անհայտացել է։ Բոլորը կարծում են, որ նա, երևի, առևանգվել է Վիլհելմ Շտիրիցի կողմից։

Հաջորդ օրը, Հարալանը, հիմնվելով ոստիկանապետի լսած խոսակցությունների վրա, գտնում է Վիլհելմին և պայքարի է բռնվում նրա հետ։ Մարտի ժամանակ նա կարողանում է մահացու վիրավորել Շտորիցին և վերջինս, արնաքամ լինելուց հետո, դառնում է տեսանելի։ Հերմանը այնտեղ չէր, սակայն շուտով նրա անշնչացած մարմինը գտնում են այգում։ Նա մահացել էր սրտի անբավարարությունից և վերականգնվել էր նրա տեսանելիությունը։

Տուն վերադառնալով նրանք հայտնաբերում են Մայրային։ Պարզվում է, նա ոչ թե առևանգվել է այլ նույնիսկ չի էլ բարձրացել իր անկողնուց։ Նա ուղղակի անտեսանելի էր դարձել Վիլհելմի հայտնագործության արդյունքում և ուշագնաց պառկած էր անկողնում և նրան ոչ մեկը չէր նկատում։

Մարկը, որը դեռևս սիրահարված է Մայրային, այժմ որոշում է նորից ամուսնանալ նրա հետ, քանի որ երկուսն էլ հաշտվում են ճակատագրի և այն մտքի հետ, որ նա անտեսանելի կմնա ընդմիշտ։ Ամուսնությանը ոչինչ չի խանգարում և նրանք ամուսնանում են։ Որոշ ժամանակ անց Մայրան հղիանում է։ Երեխայի ծննդաբերության ժամանակ բարդություններ են առաջանում և Մայրան բավականին շատ արյուն է կորցնում։ Սակայն ամեն ինչ շատ բարեհաջող է ավարտվում։ Ավելին, արյան շատ կորստի պատճառով չեզոքանում է Շտորիցի և Հերմանի պատրաստած լուծույթի ազդեցությունը և Մայրան նորից տեսանելի է դառնում։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաժաված է 19 գլուխների[1]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անրի Վիդալ - 33 տարեկան, հաղորդակցության ճանապարհների ինժեներ
  • Մարկ Վիդալ - 28 տարեկան, նկարիչ
  • Մայրա Ռոդերիկ - 20 տարեկան, Մարկ Վիդալի հարսնացում
  • Հարալան Ռոդերիկ - 28 տարեկան Մայրայի եղբայրը
  • Բժիշկ Ռոդերիկ - 50 տարեկան, Մայրայի հայրը
  • Տիկին Ռոդերիկ - 45 տարեկան, Մայրայի մայրը
  • Վիլհելմ Շտորից - 35 տարեկան, ալքիմիկոս, սիրահարված է Մայրային
  • Օտտո Շտորից - Վիլհելմի հայրը, մեծագույն ալքիմիկոս
  • Հենրիխ Շտեպարկ - քաղաքի ոստիկանուըյան պետը
  • Հերման - Վիլհելմ Շտորիցի ծառան և օգնականը
  • Արմգարդ - լեյտենանտ, Հարալանի ընկերը
  • Պարոն Նյուման - դատավոր

Նկարազարդումներ հրատարակությունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Тайна Вильгельма Шторица, Жюль Верн — читать онлайн». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Շտորիցի գաղտնիքը» հոդվածին։