Վեց ձեռքսեղմումների տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեց ձեռքսեղմումների տեսությունը

Վեց ձեռքսեղմումների տեսությունը պնդում է, որ Երկրագնդի վրա ապրող ցանկացած երկու մարդ միմյանցից բաժանված են ծանոթների 5 մակարդակով։

Տեսությունն առաջ է քաշվել 1969 թ.-ին ամերիկացի հոգեբաններ Սթենլի Միլգրեմի և Ջեֆրի Թրևերսի կողմից։ Նրանք պնդում էին, որ Երկիր մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր ոք միջնորդավորված կերպով ծանոթ է ցանկացած այլ մարդու հետ, ընդ որում՝ ծանոթների այդ շղթան կազմված է 6 հոգուց։

Միլգրեմի հետևությունները հիմնված են ամերիկյան երկու քաղաքներում կատարված հետազոտության արդյունքում ստացված տվյալների վրա։ Մի քաղաքի բնակիչներին բաժանվել է 300 ծրար, և հանձնարարվել ծրարը փոխանցել մյուս քաղաքում ապրող կոնկրետ մարդու։ Ծրարները կարելի էր փոխանցել միայն բարեկամների ու ծանոթ մարդկանց միջոցով։ Ծրարներից 60-ը հասան հասցեատերերին։ Կատարելով հաշվումներ՝ Միլգրեմը պարզեց, որ ծրարները փոխանցվել են միջինը 5 մարդու միջոցով։ Այսպես էլ առաջացավ Վեց ձեռքսեղմումների տեսությունը։

Միլգրեմի փորձը կրկնեցին Կոլումբիայի համալսարանի գիտնականների կողմից. վերջիններս փորձն անցկացրին էլեկտրոնային փոստի միջոցով։ Հազարավոր կամավորների հանձնարարվեց գտնել 20 մարդու՝ հայտնելով վերջիններիս անունը, ազգանունը, զբաղմունքը, կրթությունը և բնակության վայրը։ Մի ավստրիալացի ընդամենը 4 նամակի օգնությամբ գտավ այն 20 մարդկանցից մեկին, ով ապրում էր Սիբիրում[1]։

Մայքրոսոֆթի մասնագետները մեկ ամիս հետևել են 242 720 596 օգտագործողների հաղորդակցմանը. ստացված տվյալների վերլուծությունը տևեց 2 տարի։ Արդյունքում պարզվեց, որ ծառայության 240 միլիոն օգտագործողներից յուրաքանչյուրը մյուսին կարող էր «հասնել» 6.6 «քայլից»։ Ինչով էլ ապացուցեցին, որ մեզնից յուրաքանչյուրը 5 մարդու միջոցով ծանոթ է Անգլիայի թագուհու հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել]