Վերգիլիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վերգիլիուսից)
Վերգիլիոս
լատին․՝ Publius Vergilius Maro
Ծննդյան անունPublius Vergilius Maro
Ծնվել էհոկտեմբերի 15, մ. թ. ա. 70[1][2]
ԾննդավայրԱնդես, Մանտովա, Հռոմեական Հանրապետություն
Վախճանվել էմ.թ.ա. 19 թ. սեպտեմբերի 21 (50 տարեկան)
Վախճանի վայրԲրինդիզի, Իտալիա, Հռոմեական կայսրություն
ԳերեզմանParco Virgiliano
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուլատիներեն
ԱզգությունՀռոմեացի
ՔաղաքացիությունՀռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն
ԺանրերԲանաստեղծություն, պոեմ, էպոս, դիդակտիցիզմ, հովվերգություն
Գրական ուղղություններAugustan poetry?
Գրական շարժումներՕգոստոսյան պոեզիա
Ուշագրավ աշխատանքներԷնեական, Գեորգիկներ
ԱզգականներVergilia Vera?
Վերգիլիոս Վիքիքաղվածքում
 Virgil Վիքիպահեստում

Պուբլիոս Վերգիլիոս[3] (կամ Վիրգիլիոս[3]) Մարո (լատիներեն՝ Publius Vergilius Maro; հոկտեմբերի 15, մ. թ. ա. 70[1][2], Andes, Cisalpine Gaul, Հռոմեական Հանրապետություն[5][2] - սեպտեմբերի 21, մ. թ. ա. 19[4][2], Բրինդիզի, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[5][2][6])), Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկը, հռոմեացիների ծագումը գովերգող «Էնեական»-ի, հինհռոմեական գրականության գլուխգործոցներ համարվող «Բուկոլիկներ», «Գեորգիկներ» պոեմների և այլ ստեղծագործությունների հեղինակ։ Որոշ ուսումնասիրողներ նրան են վերագրում նաև Appendix Vergiliana-ում ժողովված ավելի փոքրածավալ չափածո ստեղծագործությունները[7][8]։

Վերգիլիոսը (գործածական է նաև անվան կրճատ՝ Վիրգիլ ձևը) ավանդաբար դասվում է Հին Հռոմի մեծագույն պոետների շարքում։ Նրա ստեղծագործությունը լայնորեն ու խորությամբ ազդել է արևմտաեվրոպական ու ամերիկյան գրականությունների վրա։ Այդ ազդեցությունն առանձնապես նկատելի է Դանթեի, նրա «Աստվածային կատակերգություն» նշանավոր պոեմի վրա, որտեղ Վերգիլիոսը հանդես է գալիս դժոխքով ու քավարանով Դանթեին առաջնորդողի դերում[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հարավային Իտալիայում՝ Անդես գյուղում, որտեղ նրա հայրը փոքր հողատեր էր։ Կրթություն է ստացել նախ Կրեմոնայում, ապա Հռոմում, ուր հմտացել է ճարտասանական արվեստում։ Գերադասելով գյուղական կյանքը՝ 28 տարեկանում վերադարձել է իր ծննդավայրը։ Մ.թ.ա. 41 թ. նրա հայրական հողամասը բռնագրավվում է հօգուտ կայսերական բանակի զինվորների, սակայն շուտով մտավորականների հայտնի հովանավոր Մեկենասի միջնորդությամբ Վերգիլիոսը նոր հողակտոր է ստանում։ Այնուհետև մինչև կյանքի վերջը վայելել է Օգոստոս կայսեր բարյացակամությունը։ Մահացել է անժամանակ՝ մ.թ.ա. 19 թ.՝ 49 տարեկան հասակում։

Ապրել և ստեղծագործել է Հռոմի հանրապետության կործանման ժամանակաշրջանում։ Եղել է նոր կարգերի հենարան հանդիսացող հասարակական միջին խավերի տրամադրությունների արտահայտիչն ու գաղափարախոսը։ Վերգիլիոսի վաղ շրջանի ստեղծագործությունները (10 Էկլոգ) ընդգրկված են «Բուկոլիկա» («Հովվական երգեր»,մ. թ. ա. 42-38) ժողովածուում։ Մեր թվարկությունից առաջ 37-30 թվականներին Վերգիլիոսը գրել է «Գեորգիկա» պոեմը, որն արտահայտում է բանաստեղծի սերը բնության և երկրագործական աշխատանքների հանդեպ։ Պոեմում կան որոշ ներբողներ՝ ձոնված Օկտավիանոս կայսրին։ Վերջինիս է ձոնված նաև Վերգիլիոսի գլուխգործոցը՝ «էնեական» պոեմը, որ մտահղացված է որպես «Իլիականի» և «Ոդիսականի» հռոմեականին զուգահեռ։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերգիլիոսը կարդում է իր ,,Էնեականը,, Օգոստոս Օկտավիանոս կայսեր համար:
Վերգիլիոսի դամբանը
Վերգիլիոսի տապանաքարի մակագրությունը

Վերգիլիոսը գրել է երեք մեծ պոետիկ ստեղծագործություն՝ բոլորը հեկզամետրիկ (վեցաչափյան) հանգով։ Դրանք են՝ «Բուկոլիկներ» («Հովվականք», «Հովվական բանաստեղծություններ»), գրության թվականը՝ մ.թ.ա. 42–39 (կամ 37)թթ, «Գեորգիկներ» («Մշակականք», մ.թ.ա. 37-30 թթ.) և «Էնեական» (մ.թ.ա. 29–19 թթ)։ Միջնադարում Վերգիլիոսին վերագրվում էին ևս մի քանի փոքր պոևմներ (Appendix Vergiliana)։

«Բուկոլիկներ» հովվերգական պոեմում Վերգիլիոսը, հելլենիստական դարաշրջանի հույն բանաստեղծ Թեոկրիտեսի նմանությամբ, նկարագրում է գյուղական կենցաղը, գավառի գունավետ և ծաղկավետ աշխարհը, հովվական խաղաղ ապրելակերպը։ Պոեմը բաղկացած է 10 էկլոգներից։ Դրանցից առաջինում ու իններորդում պատկերված են հողի բռնազավթումներն ու դրա հետևանքները հռոմեական գյուղաշխարհի վրա։ Երկրորդն ու երրորդը հովվերգական են և էրոտիկ (արծարծված է նաև հոմոսեքսուալ սերը)։ Չորրորդ էկլոգում, որն անվանվում է նաև "Messianic Eclogue" կամ «Pollio»՝ հռոմեացի կոնսուլ Գայուս Պոլլիոնի անունով, նկարագրված են մարդկության ոսկեդարն ու մոտ ապագայում մի մանկան ծնունդը, որը միանգամից փոխելու է կյանքի ընթացքը երկրի վրա, մարդիկ երջանկանալու են, աշխատանքը դառնալու է ավելորդ, և ամեն ոք ամենուր առանց չարչարանքի գտնելու է այն ամենը, ինչ հարկավոր է իրեն։ 5-րդ և 8-րդ էկլոգներում ներկայացված են Դափնիսի առասպելը և երգի մի մրցույթ (որոշ ուսումնասիրողներ վիրգիլյան Դափնիսին նույնացնում են Հուլիոս Կեսարի հետ)։ 6-րդ էկլոգում խնջույքի աստվածություն Սիլենուսի առասպելական ու տիեզերական երգն է, յոթերորդում ներկայացված է երգի ևս մեկ թեժ մրցույթ, տասներորդում պատկերված են հեղինակի ժամանակակից եղերեգու պոետ Կոռնելիուս Գալուսի տառապանքները։ Այս վերջին էկլոգում Վերգիլիոսն արտահայտել է ատելությունը պատերազմի նկատմամբ, խաղաղ, ստեղծարար կյանքի ծարավը - ապրումներ, որոնք համակել էին հեղինակի ժամանակակից հռոմեական ողջ հասարակությանը։ «Բուկոլիկներ»-ի հեղինակը համարվում է իդեալական, երազային-ուտոպիական, բանաստեղծական Արկադիա երկրի ստեղծագործողը, երկիր, որ բանաստեղծի մահից հետո էլ դեռ երկար դարեր իր արձագանքն է գտել եվրոպական գրականության ու արվեստների մեջ։

Էկլոգների գեղարվեստական գլխավոր նշանակությունը կայանում է դրանց տաղաչափական կերպավորման կատարելության մեջ, որով գերազանցում են մինչ այդ հանրապետական Հռոմում արարված բոլոր չափածո ստեղծագործություններին։ Վերգիլիոսն իր այս պոեմով ճանապարհ է հարթել իրեն հաջորդած մի շարք գրողների՝ Կալպուրնիուս Սիկուլուսի, Նեմեսիանուսի և հովվերգությունների բազմաթիվ այլ հեղինակների համար։

«Գեորգիկներ» պոեմը դիդակտիկ բնույթ ունի, նախորդի տրամաբանական շարունակությունն է, նվիրված է գավառի ստեղծարար կյանքին, գյուղատնտեսությանը։ Պոեմը բաղկացած է չորս մասից, առաջինը նվիրված է հողագործությանը, երկրորդը՝ այգեգործությանը, երրորդը՝ անասնապահությանը և չորրորդը՝ մեղվաբուծությանը։ Նկարագրում է գյուղատնտեսական աշխատանքները, տալիս բազմաթիվ օգտակար գործնական խորհուրդներ։

Վերգիլիոսի լավագույն երկը և հին հռոմեական գրականության գլուխգործոցը «Էնեական» էպիկական պոեմն է։ Պոեմում էպիկական լայն կտավի վրա պատմվում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր՝ Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին։ Պոեմը բաղկացած է 12 գրքից, որոնց վերջնական տեսքի բերել հեղինակը չի հասցրել։ Պոեմի առաջին վեց երկերը պատմում են Էնեասի թափառումների, իսկ մյուսները՝ Իտալիայի բնիկների հետ նրա ունեցած կռիվների մասին։ Հատկապես հռչակավոր է պոեմի այն հատվածը, որտեղ պատմվում է Կարթագենում Էնեասի ապաստանելու և Դիդոնե թագուհու հետ նրա սիրային կապի մասին։

Վերգիլիոսը չի ցանկացել իր երկն անավարտ վիճակով հրապարակել ու մահվանից առաջ պատվիրել է այն ոչնչացնել, սակայն Օգոստոս կայսրը, հակառակ բանաստեղծի վերջին կամքի, հրապարակել է «Էնեականը»։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերգիլիոսի ստեղծագործությունը դարձել է կլասիցիզմի ժամանակաշրջանի հռետորական և էպիկական պոեզիայի նմուշ։ Վերգիլիոսի երկերի հայերեն առաջին թարգմանությունները լույս են տեսել Վենետիկում; 1814 թվականին հրապարակվել է «Գեորգիկա»-ից մի հատված։ Վերգիլիոսի «Էնեական»-ի առաջին ամբողջական հայերեն (գրաբար) թարգմանությունը կատարել է Էդգար Հյուրմուզյանը՝ 1845 թվականին, երկրորդը՝ Հ․ Ղազիկյանը, «Գեորգիկա»-ի առաջին հայերեն (գրաբար) թարգմանությունը (հրատարակություն 1847, «Մշակականք» խորագրով) կատարել է Հ․ Բագրատունին, երկրորդը (հրատարակություն 1923)՝ Հ․ Ղազիկյանը (վերջինս թարգմանել է նաև «Բուկոլիկան», հրատարակություն 1825, «Հովուականք» խորագրով)։ 2018 թ․ «Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել «Էնեականի»՝ լատիներեն բնագրից Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի արևելահայերեն նոր բանաստեղծական թարգմանությունը՝ ուսումնասիրությամբ ու մեկնություններով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anderson, W. S., and L. N. Quartarone. Approaches to Teaching Vergil's Aeneid. New York: Modern Language Association of America, 2002.
  • Buckham, Philip Wentworth; Spence, Joseph; Holdsworth, Edward; Warburton, William; Jortin, John. Miscellanea Virgiliana: In Scriptis Maxime Eruditorum Virorum Varie Dispersa, in Unum Fasciculum Collecta. Cambridge: Printed for W. P. Grant, 1825.
  • Conway, R. S. (1915). The Youth of Vergil: A Lecture Delivered in the John Rylands Library on 9 December, 1914.
  • Farrell, J., and Michael C. J. Putnam, eds. A Companion to Vergil's Aeneid and Its Tradition. Blackwell Companions to the Ancient World. Literature and Culture. Chichester/Malden, MA: Wiley-Blackwell, 2010.
  • Farrell, J. "The Vergilian Century". Vergilius (1959–), vol. 47, 2001, pp. 11–28.
  • Farrell, J. Vergil's Georgics and the Traditions of Ancient Epic: The Art of Allusion in Literary History. New York: Oxford University Press, 1991.
  • Fletcher, K. F. B. Finding Italy: Travel, Nation and Colonization in Vergil's 'Aeneid'. Ann Arbor: University of Michigan Press, 2014.
  • Hardie, Philip R., ed. Virgil: Critical Assessments of Ancient Authors. 4 vols. New York: Routledge, 1999.
  • Henkel, J. "Vergil Talks Technique: Metapoetic Arboriculture in 'Georgics' 2." Vergilius (1959–), vol. 60, 2014, pp. 33–66.
  • Horsfall, N. The Epic Distilled: Studies in the Composition of the Aeneid. Oxford and New York: Oxford University Press, 2016.
  • Mack, S. Patterns of Time in Vergil. Hamden: Archon Books, 1978.
  • Panoussi, V. Greek Tragedy in Vergil's "Aeneid": Ritual, Empire, and Intertext. Cambridge and New York: Cambridge University Press, 2009.
  • Quinn, S., ed. Why Vergil? A Collection of Interpretations. Wauconda: Bolchazy-Carducci, 2000.
  • Rossi, A. Contexts of War: Manipulation of Genre in Virgilian Battle Narrative. Ann Arbor: University of Michigan Press, 2004.
  • Sondrup, Steven P. (2009). "Virgil: From Farms to Empire: Kierkegaard's Understanding of a Roman Poet" in Kierkegaard and the Roman World, ed. Jon Bartley Stewart. Farnham: Ashgate.
  • Syed, Y. Vergil's Aeneid and the Roman Self: Subject and Nation in Literary Discourse. Ann Arbor: University of Michigan Press, 2005.
  • Syson, A. Fama' and Fiction in Vergil's 'Aeneid. Columbus: Ohio State University Press, 2013.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 G. L. P. Virgilius // Dictionary of Greek and Roman Biography and Mythology / W. SmithBoston: Little, Brown, 1870. — Vol. 3. — P. 1263—1268.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  3. 3,0 3,1 Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 58. ISBN 99941-56-03-9.
  4. 4,0 4,1 Williams R. D. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Archivio Storico Ricordi — 1808.
  6. Jones, Peter. Reading Virgil: AeneidI and II (անգլերեն). Cambridge University Press. էջեր 1, 4. ISBN 9780521768665. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. Bunson, Matthew. Encyclopedia of the Roman Empire (անգլերեն). Infobase Publishing. էջ 584. ISBN 9781438110271. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. Roberts, John. The Oxford Dictionary of the Classical World (անգլերեն). Oxford University Press. ISBN 9780192801463. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. Ruud, Jay. Critical Companion to Dante (անգլերեն). Infobase Publishing. էջ 376. ISBN 9781438108414. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերգիլիոս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերգիլիոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։