Վեստֆալյան հաշտություն (1648)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեստֆալյան Հաշտություն. 1648, կնքվել է Երեսնամյա պատերազմից (1618-1648) հետո։ Միավորում է 1648 թվականի հոկտեմբերի 24-ին Վեստ-ֆալիայի (պատմական մարզ Գերմանիայում) Օսնաբրյուկ և Մյունստեր քաղաքներում կնքված երկու հաշտության պայմանագիր՝ Օսնաբրյուկյան (մի կողմից «Հռոմեական սրբազան կայսրության» կայսեր ու նրա դաշնակիցների և մյուս կողմից Շվեդիայի ու նրա դաշնակիցների միջև) և Մյունստերյան (մի կողմից կայսեր ու նրա դաշնակիցների և մյուս կողմից Ֆրանսիայի ու նրա դաշնակիցների միջև)։

Վեստֆալյան Հաշտությունը Ֆրանսիայի և Շվեդիայի միջև[խմբագրել]

Ֆրանսիայի դրոշը
Շվեդիայի դրոշը

Վեստֆալյան հաշտության համաձայն «Հռոմեական սրբազան կայսրությունը» Շվեդիային 5 միլիոն թալեր ռազմատուգանք վճարելուց բացի, տալիս էր Ռյուգեն կղզին, ամբողջ Արևմտյան Պոմերանիան և Արևելյան Պոմերանիայի մի մասը Շտետտին քաղաքով, Վիսմար քաղաքը և Բրեմենի արքեպիսկոպոսությունն ու Վերդենի եպիսկոպոսությունը, որոնք վերածվում էին աշխարհիկ իշխանությունների։ Այդպիսով Շվեդիային անցան ոչ միայն Բալթիկ, այլև Հյուսիսային ծովի կարևորագույն նավահանգիստները։ Ֆրանսիան վերջնականապես իրեն միացրեց լոթարինգյան Մեց, Տուլ և Վերդեն եպիսկոպոսությունները և ամբողջ էլզասը (առանց Ստրասբուրգի)։ Հաղթող տերությունները՝ Ֆրանսիան և Շվեդիան հայտարարվեցին Վեստֆալյան հաշտության պայմանագրի իրականացման գլխավոր երաշխավորներ։ Հաղթող տերությունների դաշնակից գերմանական իշխանություններ Բրանդենբուրգը, Մեկլենբուրգը, Բրաունշվայգ-Լյունեբուրգը, Բավարիան ստացան չնչին տերիտորիալ փոխհատուցումներ ի հաշիվ աշխարհականացած եպիսկոպոսությունների ու վանքերի։ Բավարիան ստացավ Վերին Պֆալցը և կուրֆյուրստության իրավունք։ Ինքնուրույն ճանաչվեցին և կայսրության կազմից դուրս եկան Շվեյցարիան և Միացյալ նահանգների հանրապետությունը (Հոլանդիան)։ Գերմանիայի իշխանները ստացան լիակատար անկախություն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության բնագավառում (չէին կարող կնքել արտաքին դաշինքներ կայսեր և կայսրության դեմ)։ Վեստֆալյան հաշտություն պայմանագիրը ամրապնդեց և ուժեղացրեց Գերմանիայի քաղաքական մասնատվածությունը։ Կրոնի առումով Վեստֆալյան հաշտությունը կալվինականների իրավունքները հավասարեցրեց կաթոլիկների ու լյութերականների իրավունքներին, օրինականացրեց եկեղեցականների հողերի աշխարհականացումը և այլն։ Վեստֆալյան հաշտությունն ամրապնդելով հակահաբսբուրգյան խմբավորման նկատմամբ տարած հաղթանակը, ունեցավ խոշոր միջազգային նշանակություն։ Ձախողվեցին իսպանական և ավստրիական Հաբսբուրգների գլխավորությամբ համաշխարհային «քրիստոնեական» կայսրություն ստեղծելու փորձը և Արևմտյան Եվրոպայում ռեֆորմացիոն շարժումները ճնշելու, ինչպես և բուրժուական Հոլանդիայի հանրապետությունը հպատակեցնելու ծրագրերը։ Արևմտյան Եվրոպայում հաստատվեց Ֆրանսիայի երկարատև գերիշխանությունը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png