Վեներական չորրորդ հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեներական չորրորդ հիվանդություն , վեներական լիմֆոգրանուլեմատոզ (Վն), աճուկային լիմֆոգրանուլեմատոզ, վեներական լիմֆոպաթիա, նիկոլաֆավրիի հիվանդություն, արևադարձային բուբոն և այլն, քրոնիկական վարակիչ հիվանդություն․ փոխանցվում է սեռական ճանապարհով։

Առաջին անգամ նկարագրել է Ժ․ Ռոստը, 1912 թվականին և անվանել վեներական չորրորդ հիվանդություն (սիֆիլիսից, սուսանակից և փափուկ շանկրից հետո)։ Ֆրանսիացի գիտնականներ Ժ․ Նիկոլան, Մ․ Ֆավրը և Ժ․ Դյուրանը 1913 թվականին տվել են հիվանդության կլինիկական և հյուսվածաբանական առավել մանրամասն նկարագրությունը, ընդգծել նրա հպավարակելիությունը և առաջարկել հիվանդությունն անվանել «աճուկային լիմֆոգրանուլեմատոզ» (հյուսվածաբանական պատկերը նման է լիմֆոգրանուլեմատոզ հիվանդությանը)։ Վեներական չորրորդ հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է արևադարձային և մերձարևադարձային երկրներում։ ԽՍՀՄ-ում 1930-ական թվականներին այն վերացվել է, սակայն վարակի ներմուծման հնարավորությունը չի բացառվում։ Հիվանդության հարուցիչները խլամիդիաներն են։

Հիվանդության շրջանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթացքը սուր է կամ քրոնիկական՝ երեք շրջաններով, առաջնային շրջանը բնորոշվում է վարակի ներթափանցման տեղում՝ գերազանցապես սեռական օրգաններում, բշտիկների առաջացմամբ։ Վերջիններս շուտով պատռվում են, վերածվում մակերեսային խոցերի, որոնք մի քանի օրվա ընթացքում ապաքինվում են, տեղում թողնելով սպիներ։ Առաջին շրջանը տևում է մի քանի օրից մինչև 2-3 շաբաթ։ Երկրորդային շրջանում զարգանում են ամենաբնորոշ ախտանշանները, ընդհանուր երևույթների (սարսուռ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ընդհանուր թուլություն, ախորժակի անկում, հոդացավեր) ֆոնի վրա առաջնային խոցերի մոտակա ավշահանգույցները մեծանում են, կոշտանում ու միաձուլվում, կպումներ են տալիս նաև շուրջհանգուցային հյուսվածքի հետ, դառնում զանգվածային ուռուցք։ Հանգույցները սկզբում ցավոտ չեն, հետո դառնում են ցավոտ։ Քայքայման պրոցեսների առկայության դեպքում դրանք փափկում են, թարախակալվում։ Ավշահանգույցները ծածկող մաշկը կարմրում է, բարակում, ծակվում, բացվում են դժվար ապաքինվող վերքային խուղակներ՝ պարբերաբար թարախային արտադրությամբ։ Վերոհիշյալ երևույթներն ուղեկցվում են հոդացավերի ուժեղացմամբ, լյարդի և փայծաղի մեծացմամբ։ Երբեմն առաջանում են նաև միզապարկի, մակամորձու, փոքր կոնքի շճաթաղանթի, աչքերի, երակների և ավշային անոթների բորբոքումներ։ Նշված շրջանը տևում է 2-3 ամսից մինչև մի քանի տարի։ Երրորդ շրջանն անկայուն է, ոչ պարտադիր, զարգանում է միայն հիվանդության քրոնիկական ընթացքի դեպքում, 1-2 տարի անց և ուղեկցվում փոքր կոնքի արյան շրջանառության խանգարումներով։ Դրա հետևանքով խանգարվում է սեռական օրգանների, հետանցքի, շեքի ավշային շրջանառությունը, առաջանում են գորտնուկանման գոյացություններ։ Ախտորոշումը հաստատվում է մանրադիտակային քննությամբ, ինչպես նաև շիճուկաբանական հետազոտման եղանակներով։

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը․ առավել արդյունավետ են անտիբիոտիկները, ինչպես նաև էրիթրոմիցինը, օլեանդոմիցինը, լևոմիցետինը, սուլֆանիլամիդները։ Կիրառվում են նաև բուժման օժանդակ միջոցներ (վիրաբուժական միջամտություն, աուտոհեմոթերապիա, պիրոգենալ, վիտամիններ և այլն)։ Վեներական չորրորդ հիվանդությունով կրկնակի դեպքեր չեն նկատվել։

Կանխարգելումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելումը․ հակավեներական ընդհանուր և անհատական միջոցառումների անցկացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 375