Վենետիկի երաժշտական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վենետիկի դպրոց, ստեղծագործական ուղղությունները երաժշտության մեջ XVI— XVII դդ.։ Վենետիկի պոլիֆոնիկ դպրոցի հիմնադիրը նիդերլանդացի Ա. Վիլլարտն է։ Նրա աշակերտներից և հետևորդներից հատկապես նշանակալից էր Ա. և Զ. Գաբրիելիների գործունեությունը, որոնք ընդհանրացրեցին իրենց նախորդների և ժամանակակիցների ձեռքբերումները, ստեղծեցին վոկալ պոլիֆոնիայի նոր՝ մոնումենտալ-դեկորատիվ ոճ։ Հատկապես ճանաչվեցին 6—16 ձայնանի «Սրբազան սիմֆոնիաները»։ Վենետիկի օպերային դպրոցը մեծ ծաղկում է ապրել 1637 թ.-ին երգիչներ Ֆ. Մանելլիի և Բ. Ֆեռարիի հիմնադրած հանրամատչելի (վճարովի) առաջին օպերային թատրոնի շնորհիվ։ Վենետիկի օպերային դպրոցի մեծագույն նվաճումները կապված էին հատկապես Կ. Մոնտեվերդիի օպերային արվեստի հետ։ Նրա սկզբունքները զարգացրին Մ. Ա. Չեստին և Ֆ. Կավալլին։ XVII դ. վենետիկյան օպերային բնորոշ են պատմական սյուժեների գերակշռումը, մեղեդու դրամատիկացումը, ավարտուն մենակատարային ձևերը (արիա, դուետ և այլն)։ Նոր արտահայտչամիջոց էր նվագակցությամբ ուղեկցվող ռեչիտատիվը։ Շուրջ 70 տարվա ընթացքում Վենետիկի օպերային դպրոցը կյանք է տվել մոտ 370 նոր օպերաների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 371