Վարդանանք (ՌՀԴԱ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդանանք (այլ կիրառումներ)
Վարդանանք
Տեսակհասարակական կազմակերպություն
Պաշտ. լեզու(ներ)հայերեն
Ակումբի նախագահՍաթենիկ Աբրահամյան[1]
Ակումբի փոխնախագահՌուզաննա Կրպեյան[1]
Ակումբի փոխնախագահԱննա Բախշյան[1]
Ակումբի խորհրդականԱրկադի Տեր-Թադևոսյան[1]
ԿայքՊաշտոնական կայք

Վարդանանք, 1996 թ. Երևանի պետական համալսարանում հիմնադրված ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբ։ Ստեղծվել է երիտասարդության, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգին բարձրացնելու, ռազմահայրենասիրական գաղափարներ տարածելու և արցախյան ազատամարտում ընկած հայորդիների հիշատակը վառ պահելու նպատակով[2]։ Ակումբի ստեղծման պահից սկսված, այն համալրվել է ԵՊՀ գրեթե բոլոր ֆակուլտետների ուսանողներով, ովքեր, միավորվելով մեկ գաղափարի շուրջ, մշակել են մի շարք ծրագրեր՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Ակումբի նախագահը Սաթենիկ Աբրահամյանն է[2]։

Համալսարանի և Հայկական բանակի միջև եղած կապը ամրապնդելու համար պարբերաբար այցելություններ են արվում տարբեր զորամասեր, կազմակերպվում են տարբեր միջոցառումներ[3]։

Տարեգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թ. Համահայկական երիտասարդական հիմնադրամի կողմից «Վարդանանք»-ին ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում լուրջ հաջողությունների հասնելու համար շնորհված Հայկյան մրցանակը։
  • 2003 թ. անցկացվում է զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված շախմատի համահամալսարանական մրցաշար։
  • 2006-2007 թթ. Երևանի պետական համալսարանի տարբեր մասնաշենքերում «Վարդանանքի» նախաձեռնությամբ և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հովանավորությամբ բացվել են զոհված ուսանող-ազատամարտիկների անվան 15 վերանորոգված լսարաններ, որտեղ և նրանց ծննդյան և մահվան օրերին տեղի են ունենում հանդիպումներ նրանց մարտական ընկերների, հարազատների հետ։
  • 2007 թ. «Վարդանանքի» նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, մայրերի խորհրդի նախագահ Մարո Սարգսյանը և ևս 10 վարդանանքցիներ արժանացել են Կրթության և գիտության նախարարության կողմից պատվոգրի։
  • 2007 թ. Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարած ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության հետ կնքվել է «Փոխըմբռնման հուշագիր»։ Իրականացվում են ծրագրեր և միջոցառումներ, որոնք նպաստում են Հայաստան-Արցախ-Ջավախք-Սփյուռք հասարակական, տնտեսական, մշակութային կապերի ամրապնդմանը՝ երիտասարդության առավելագույն ներգրավմամբ[3]։
  • 2008 թ. հրատարակվում է «Վարդանանք» պարբերականը, որտեղ լուսաբանվում են ինչպես «Վարդանանք»-ի գործունեությունը, այնպես էլ համալսարանական միջոցառումները, շոշափվում են ուսանողությանը հուզող հարցեր, ընթերցողին են ներկայացվում ակնարկներ ազատամարտիկների և Հայաստանի տարբեր վայրերի մասին։ Թերթի երկրորդ էջում մշտապես տեղադրվում են այդ և հաջորդ ամսին ծնված կամ զոհված մեր ուսանող-ազտամարտիկների անունները[3]։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դասը վարում են համալսարանականները» - Ծրագրի շրջանակներում այցելում են Երևանի պետական համալսարանի զոհված ուսանող-ազատամարտիկների անվան դպրոցներ, հանդիպում են ուսուցչական կազմի հետ, արիության և հայրենասիրության դասեր են անցկացնում աշակերտների հետ։
  • «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» - վարդանանքցիները հանդիպում են զոհված ուսանողների մարտական ընկերներին, հարազատներին։ Ծրագիրը իրականացվում է ԵՊՀ զոհված ազատամարտիկ-ուսանողների ծննդյան և մահվան օրերին։
  • «Արդյունավետ մտածողություն» - դասընթացի շրջանակներում անցկացվում է առաջին կուրսեցիներին ներհամալսարանական կյանքին հաղորդակից դարձնելու արագացված կուրս, սեմինարներ։
  • «Բարի գործ, բարի կամք, բարի ելք» - կամավորական աշխատանքների ծրագրով մեր ակումբականները հանդիպում են մեր զոհված ուսանողների ծնողներին, այցելում են մանկատներ կամ ռեզերվ կենտրոններ, հանդիպում միայնակ, լքված մանուկների, ծերերի։
  • «Հայոց մեծեր» օրացուցային շարք ծրագրի շրջանակներում այցելում են տուն-թանգարաններ, կազմակերպում ընթերցումներ, ցուցահանդեսներ։
  • «Մարդը, իրավունքը, անհատը և հասարակությունը Հայաստանում» քաղաքացիական և հասարակական կրթության դասընթաց «Մարդու Իրավունքների և Ժողովրդավարության Ինստիտուտի» հետ համատեղ իրականացվող ծրագիր։
  • «Ճանաչիր հայրենի բնությունդ» - այցելում են տարբեր պատմա-ճարտարապետական կոթողներ, համալիրներ։ Այդ տարածքներում կազմակերպում են շաբաթօրյակներ և տվյալ ժամանակին համահունչ փոքր համերգ-ընթերցումներ։
  • «Երիտասարդությունն ընդդեմ ցեղասպանության» - Կազմակերպվում են ցեղասպանության թեմայով ընթերցումներ տարբեր լեզուներով, ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի դիտումներ, ցուցահանդեսներ և այցելություն ցեղասպանության թանգարան։
  • «Ժուռնալիստներն ազատամարտիկների հիշատակին» - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և «Նորայր Մարության» հիմնադրամի համատեղ ուժերով անցկացվող ակնարկների մրցույթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Գլխավոր էջ
  2. 2,0 2,1 «Վարդանանք ՌՀԴԱ-ի գլխավոր էջ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]