Վարդան Այգեկցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Այգեկցի
Ծնվել է12-րդ դարի վերջ
ԾննդավայրՀայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա գյուղ
Վախճանվել է1250 թվական
Մասնագիտությունառակագիր, քահանա, աստվածաբան, մատենագետ, հասարակական գործիչ, գրող, ժամանակագիր և քարոզիչ
ՔաղաքացիությունՀայոց Միջագետք
ԿրթությունԱրքայակաղնի վանք
Ուշագրավ աշխատանքներԱղվեսագիրք, «Եզն և ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն զինվոր»
Վարդան Այգեկցի Վիքիքաղվածքում
 Vardan Aygektsi Վիքիպահեստում

Վարդան Այգեկցի (12-րդ դարի վերջ — 1250), միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր, առակագիր, քարոզիչ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ Արքայակաղնի վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ 1198 թվականին մասնակցել է Լևոն Բ-ի թագադրության հանդեսին։ Վախճանվել է 1250 թվականին։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգեկ վանքում գրել է 22 ճառ, բարոյախրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։ Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։

Առակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իրիսկ հորինած, ինչպես և արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Նա գրել է ավելի քան 30 առակ։ Այգեկցին սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին։ Իր խրատական ճառերում նա վերամշակել, օգտագործել է Եզոպոսի և այլ գրավոր առակներ, ինչպես նաև՝ հայ ժողովրդական առակները ու զրույցները, որոնք գրի են առել Այգեկցին և այլ մատենագիրներ, նովելներ են, զվարճալի անեկդոտներ և խրատական փոքրիկ պատմություններ։ Իր մշակած և հեղինակած առակները և զրույցները Այգեկցին հավաքել է առանձին ժողովածուների մեջ։ Ի տարբերություն Մխիթար Գոշի առակների՝ դրանք ներկայացված են առանց որևէ դասակարգման և չունեն բարոյախրատական եզրակացություններ։ Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։

Այգեկցու հետնորդները մինչև անգամ XVII դար, նրա առակների մատյանը հարստացրել են՝ ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ։ Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ։ Ձեռագիր մատյանների մի մասը «Աղվեսագիրք» ընդհանուր անվամբ պահպանվել և հասել է մեզ։ Գրքի անվանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ առակների գործող կերպարը աղվեսն է։ «Աղվեսագիրք»-ը հրատարակվել է 1668 թվականին, Ամստերդամում։ Այն թարգմանվել է վրացերեն, արաբերեն, ռուսերեն։ Հիշենք նաև, որ Ակսել Բակունցը մեծ հմտությամբ աշխարհաբարի է վերածել «Աղվեսագիրքը»՝ նոր կյանք տալով միջնադարյան առակներին։ Առակները կարճ են, պարունակում են այն ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը։ Նրա առավել հայտնի առակներից

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հատընտիր առակք, Փարիզ, 1825, 98 էջ։
  • Ժողովածոյք առակաց, Սանկտ Պետերբուրգ, 1894։
  • Աղվեսագիրք, Յերևան, 1935, 116 էջ։
  • Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ, Առակներ, Երևան, 1951, 144 էջ։
  • Աղվեսագիրք, Երևան, 1955, 84 էջ։
  • Խրատք, Վենետիկ, 1956, 88 էջ։
  • Առակներ, Երևան, 1972, 52 էջ։
  • Աղվեսագիրք, Երևան, 1972։
  • Աղվեսագիրք, Երևան, 1981, 112 էջ։
  • Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ, Առակներ, Երևան, 1986, 80 էջ։
  • Աղուեսագիրք, Անթիլիաս, 1993, 96 էջ։
  • Գիրք հաստատութեան եւ արմատ հաւատոյ, Երևան, 1998, 448 էջ։
  • Խրատներ, Երևան, 1999, 220 էջ։
  • Աղվեսագիրք, Երևան, 2002, 36 էջ։
  • Խրատներ, Անթիլիաս, 2002, 136 էջ։
  • Խրատ բոլոր քահանաներին եւ ժողովրդին, Թեհրան, 2005, 264 էջ։
  • Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ, Միջնադարյան Հայաստանի առակները, Երևան, 2007, 92 էջ։
  • Աղուեսագիրք, Հալէպ, 2008, 80 էջ։
  • Խրատ քահանաներին եւ ժողովրդին, Էջմիածին, 2008, 288 էջ։
  • Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ, Միջնադարյան Հայաստանի առակները, Երևան, 2010, 120 էջ։
  • Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ, Առակներ, Երևան, 2012, 92 էջ։
  • Առակներ, Երևան, 2013, 92 էջ։
  • Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ, Միջնադարյան Հայաստանի առակները, Երևան, 2014, 96 էջ։
  • Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ, Հայկական առակներ, Երևան, 2015, 112 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Այգեկցի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Այգեկցի» հոդվածին։