Վարդագույն սարյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդագույն սարյակ
Վարդագույն սարյակի արուն և էգը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ[1]
Ընտանիք Սարյակներ[1]
Ցեղ Սարյակներ[1]
Տեսակ Վարդագույն սարյակ
Լատիներեն անվանում
Sturnus roseus[1]
Linnaeus, 1758[1][2]
Հոմանիշներ
  • Rosy Starling
  • Pastor roseus[1][2]
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563170
NCBI 451427
EOL 1051049

Վարդագույն սարյակ[3] (լատին․՝ Sturnus roseus) կամ Թթի ղուշ[2], Սարյակների ընտանիքի թռչուն։ Հաճախ կոչվում է Pastor roseus՝ դասվելով Pastor ցեղին[4][5]։ Որոշ հեղինակներ այնուամենայնիվ կարծում են, որ վարդագույն սարյակը ավելի շատ կապված է Սարյակների ընտանիքի մեջ դասվող նույնանուն ցեղին (Sturnus)[6][7][8]։ Բնադրում են Կենտրոնական Ասիայում և Եվրոպայի հարավ-արևելքում։ Ռուսաստանում տարածված են Ղրիմում, Կովկասում և Սիբիրի հարավում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդագույն սարյակի էգը

Ոչ մեծ թռչուն է 19—22 սմ երկարությամբ։ Թևերի բացվածքը 12,3—13,9 սմ, իսկ քաշը՝ 59—90 գ[8][9]։ Իր հարթ ուրվագծով ավելի շուտ հիշեցնում է Մոխրագույն ագռավի, քան Սովորական սարյակի։ Գլխի, պարանոցի և կրծքի վերին հատվածների փետուրները սև են՝ մանուշակագույն մետաղական երանգով։ Թևերի փետուրները, ինչպես նաև պոչը սև են՝ կանաչամանուշակագույն փայլով։ Կրծքի ստորին հատվածները, որովայնը, մեջքը, կողերը վաց վարդագույն են։ Աշնանը հասուն առանձնյակների փետուրների եզրերը գունափոխվում են, իսկ արուների փետուրները դառնում են ավելի սև ու գորշագույն։ Գլխին ունեն փետրափունջ՝ բավականին երկար, առավել արտահայտիչ ընդգծված է արուների մոտ։ Կտուցը զգալիորեն կարճ է, հաստ և փոքր-ինչ թեքված դեպի ներքև՝ ի տարբերություն սովորական սարյակի (վերջինիս կտուցի երկարությունը 22—26 մմ է[9])։ Առանը և աշնանը կտուցը մուգ գորշագույն է կամ գրեթե սև, իսկ ձմռանը և գարնանը՝ մուգ վարդագույն։ Ոտքերը դեղին են։ Էգեի փետուրները անփայլ են համեմատած արուների փետրածածկի հետ։ Երիտասարդ առանձնյակները տարբերվում են հասուններից իրենց մոխրագույն-գորշագույն փետրածածկով՝ մարմնի վերին հատվածներում գորշամոխրագույն, իսկ ներքևի հատվածներում՝ խամրած ավազագույն։ Թևերի և պոչի փետուրները շագանակագույն են բաց եզրագծերով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում է գաղութներով Հարավ-արևելյան Եվրոպայի անապատներում կամ կիսաանապատներում, Հարավարևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում և Առաջավոր Ասիայում։ Արևմուտքում արեալն անցնում է Թուրքիայի տարածքով, Փոքր Ասիայով և Սիրիայով։ Արևելքում ընդգրկում է չինական Սինցզյան Ույգուրական ինքնավար մարզի արևմտյան պրովինցիաները։ Հյուսիսում նրանց արեալն ընկած է մինչև Ուկրաինայի հարավային շրջանները, Հյուսիսային Կովկասում, հարավային Սարատովի տարածքում տեղակայված Վոլգա գետի ավազանը, Ուրալյան լեռները, Ալթայի արևելյան շրջանները։ Հարավից մինչև Արևելյան Ջունգարիա, Տյան-Շան, Արևմտյան Պամիր և Գինդուկուշայի հյուսիսարևմտյան մասերը։ Բնադրավայրերն ունեն սեզոնաին բնույթ և կախված են սննդի բավարար քանակության հետ։ Օրինակ՝ տարբեր տարիներ Հունգարիայում, Հարավսլավիայում, Չեխիայում, Սլովակիայում, Իտալիայում և Հունաստանում նկատվել են բնադրող սարյակների խմբեր[10], ինչպես նաև Սիբիրում՝ մինչև Ենիսեյի ավազանը։ Չվող թռչուն է և ձմեռում է հիմնականում Չինաստանում, ինչպես նաև Շրի Լանկայում և Օմանում։ Նկատվել են այս թռչնատեսակի առանձին պատահական չուեր եվրոպական երկրների մեծ մասում՝ մինչև Իսլանդիա[8]։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրման սեզոնի ընթացքում հանդիպում է հիմնականում տափաստաններում, կիսանապատներում կամ անապատներում, որտեղ կարողանում է գտնել իրեն անհրաժեշտ սննդի պաշարը։ Բնադրավայրերի ընտրության հարցում մեծ դեր է խաղում տվյալ տարածքում ժայռերի, արհեստական կամ բնական ջրամբարի առկայությունը տվյալ տարածքում։ Սնունդ հայթայթելու համար կարողանում են թռչել 10 կմ հեռու իրենց բնադրավայրից[9]։ Ձմեռային միգրացիայի շրջանում հավաքվում են խաղողադաշտերի կամ այլ պտղատու ծառերի այգիների շրջանում, որտեղ և հագեցնում են իրենց քաղցը։ Տարվա ցանկացած եղանակի նրանք ապրում են երամներով, իսկ բնադրումը կատարում են գաղութներով։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի վերջին քառորդում Հայաստանում անտառահատվել են բազմաթիվ թթենիներ (հարյուրավոր հեկտարներ), որը վարդագույն սարյակների թվաքանակի վրա բացասաբար է անդրադարձել։ Արագածի հարավային լանջերից Արարատյան դաշտով, Կոտայքով, Վայոց ձորով մինչև Մեղրի և Նախիջևան, գրեթե ամենուր հանդիպում է վարդագույն սարյակը։ Նկատվել է, որ մեզ մոտ դրանք բնակվում են գաղութներով՝ ապրիլի վերջերից մինչև օգոստոսի կեսերը։ Երաշտի տարիներին ավելի երկար են մնում, մինչև ձեռք բերեն չվելու համար անհրաժեշտ ճարպի պաշար։

Սարյակների ձվադրավայրից ամենախոշորը հանդիպում է Աշտարակի տարածաշրջանի Արտաշավան, Ուշի, Ուջան, Կոշ, Արուճ գյուղերի և Արա լեռան շրջակայքի լեռնատափաստանային գոտում, իսկ առանձին տարիներին՝ Էջմիածնի Փարաքար, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Աշտարակի Սասունիկ բնակավայրերի միջև ընկած մասում։ Այստեղ հաճախակի մորեխի զգալի կուտակումներ են լինում, որոնք ոչնչացվում են վարդագույն սարյակների կողմից[11]։

Հայաստանի տարածքում հանդիպում է կիսանապատային գոտում[12], Խոսրովի կիսաանապատային ժայռերում[13]։

Սոցիալական վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են խմբերով

Իր ցուցաբերած վարքի բազմաթիվ հատկանիշներով շատ նման է լայն տարածում ունեցող սովորական սարյակին։ Վարդագույն սարյակը ևս տեղաշարժվում է ցատկելով, զննելով ողջ տարածքը։ Նա համարվում է սոցիալական կենդանի, քանի որ ապրում է և սնվում է մեծ երամներով, բնադրում է գաղութներով և գիշերում է խմբերով։ Ամռանը սարյակների երամը մեծ մասամբ կարող է կազմված լինել մի քանի հարյուր առանձնյակներից[14], իսկ ձմռանը ակնհայտորեն մեծանում է և կարող է ընդգրկել տասնյակ հազարավոր առանձնյակների։ Վարդագույն սարյակները բնադրում են մեկը մյուսին մոտ՝ 5—6 զույգ մեկ տեղում[15]։ Համեմատած սովորական սարյակի հետ ավելի շարժուն են, թռչում են մեծ տարածություններով և մի քանի անգամ մեկ օրվա մեջ կարող են հայտնվել միևնույն վայրում[16]։ Երբեմն վարդագույն սարյակները բնակվում են փոքր երամներով և այլ թռչնատեսակների հետ՝ Passeridae, Acridotheres, Corvus, Psittacula[9]։ Միմյան հանդեպ ագրեսիվ վարք չեն ցուցաբերում, հակառակ այդքան մեծ խմբերով ապրելու փաստին[17]։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդագույն սարյակի ձվեր

Բազմացման սեզոնը կտրականապես կապված է տվյալ տարածքում մորեխների առկայության հետ և դրա համար շատկարճ է տևում։ Սովորաբար այն տևում է մայիսի կեսից մինչև հուլիսի սկիզբը[18], բայց կարող է այդ ժամանակը փոփոխական լինել՝ եղանակային պայմանների հետ կապված։ Օրինակ՝ Ղրիմումտարբեր տարիներին կատարված հետազոտությունների արդյունքով պարզ է դառնում, որ վարդագույն սարյակների ամենավաղ չուն Կարադաղի և Լեդյաժի կղզու շրջաններում փոփոխվում է մայիսի 5-ից հուլիսի 30[15]։ Գաղութը բաժանվում է, երբ ձագերի հիմնական մասն սկսում է թռչել, ընդ որում առանձին դեպքերում ծնողներն իրենք են լքում ձագերին, եթե վերջիններս ինչ-որ պատճառներով թռչելու կարողությունից զուրկ են լինում։ Թռչունները ևս լքում են իրենց բնադրավայրերը, երբ սննդի հիմնական պաշարներն սպառվում են։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդագույն սարյակների հիմնական սնունդը բնադրման սեզոնի ընթացքում համարվում են տարատեսակ ուղղաթևներ և մորեխներ, հատկանշական է այն փաստը, որ վարդագույն սարյակները ոչնչացնում են մորեխներին, որոնք գյուղատնտեսական ցանքատարածություններին վնաս են հասցնում։ Դրա համար նա համարվում է տարածքի ամենաօգտակար թռչունը մորեխների դեմ պայքարում։ Գրինչենկոյի աշխատության համաձայն (1991), մայիս-հուլիս ամիսներին վարդագույն սարյակների սննդացանկի 70-100 %-ն ընդգրկում է կենդանական ծագման սնունդը, որում ուղղաթևները կազմում են մինչև 62 %։ Բացի դա, այս ժամանակա նրանք սնվում են նաև բզեզներով, ցիկադներով (լատին․՝ Cicadidae), աղոթարարներով, մրջյուններով (միասին կազմում են 2-60 %-ը), Oniscidea-ով (մոտ 8,8 %) և փափկամարմիններով (3,1-17,5 %)։ Առանձին շրջանում նրանց սննդի 90 %-ը կազմում է խոշոր թրթուրներով[15][19]։ Սնվում են մեծ երամներով՝ հավաքվելով այն վայրերում, որտեղ թրթուների կուտակումներ են հանդիպում։ Մինչ այդ այն առնաձնյակները, որոնք գտնվում են երամի վերջում, թռչում են մի ուղղությամբ և ղեկավարում ամբողջ չուն։ Որսի մեծ մասը գտնում են հողի վրա, քիչ մասը՝ օդում։ Որսի համար պայքար չի մղվում երամի անդմների մեջ, այլ ընդհակառակը, երբ կեր են գտնում, չուի անդամներին ուղղորդում են տվյալ վայր։

Բնադրման սեզոնի ավարտին սննդակարգը փոփոխվում է և ներառում է բուսական սնունդ։ Երբ թռչունները տեղափոխվում են պտղատու այգիներ և թփերով ծածկված վայրեր, որտեղ սնվում են պտուղներով, հատապտուղներով։ Այդ ընթացքում հաճախ բնակվում են խաղողի այգիներում։ Սնվում են թթենու, թզենու, բալենու, ծիրանենու պտուղներով, մոռենի սովորականով, մորմով նաև որոշ բույսերի սերմերով, ինչպիսին օրինակ՝ գարի, ցորեն, սորգո կամ Pennisetum sp.։ Բացի սա, խմում են որոշ ծաղիկների նեկտարը։ Ոչ հազվադեպ կարող են վնասել գյուղատնտեսական հողատարածքները՝ խաղողի այգիներ, ցորենի և գարու արտեր։ Իսկ Հնդկաստանում կարող են վնասել բրնձի ցանքսերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Դասակարգում
  2. 2,0 2,1 2,2 Վարդագույն սարյակի դասակարգում, այլ անվանումներ
  3. «Արփի լիճ» ազգային պարկի ողնաշարավոր կենդանիների ցանկ
  4. W.J. Beecher «Feeding adaptations and evolution in the starlings» Bulletin Chicago Academic Sciences 1978. 11:269-298
  5. H.E. Wolters, 1977—1980. Die Vogelarten der Erde, vols. 3-6. Verlag. Paul Parey, Hamburg and Berlin
  6. Dean Amadon «The genera of starlings and their relationships» American Museum Novitates. 1943. No. 1247 онлайн [1]
  7. C.G. Sibley, B. L. Monroe, Jr. 1990. «Distribution and Taxonomy of Birds of the World» Yale University Press, New Haven, Connecticut
  8. 8,0 8,1 8,2 Killian Mullarney, Lars Svensson, Dan Zetterström, & Peter J. Grant. «Birds of Europe» 1999 ISBN 978-0-691-05054-6 pp. 340
  9. 9,0 9,1 9,2 9,3 C. Feare, A. Craig, B. Croucher, C. Shields, K. Komolphalin. «Starlings and Mynas» Princeton University Press. 1999 ISBN 0-691-00496-X
  10. J. Hölzinger «Der Rosenstar (Sturnus roseus) als Brutvögel in Griechenland — eine Zusammenfassung» Kartierung mediterr. Brutvögel 7: 17-25
  11. Վարդագույն սարյակը Հայաստանում
  12. Բնության թանգարան(չաշխատող հղում)
  13. «Խոսրովի անտառ» պետական արգելոց(չաշխատող հղում)
  14. Рустамов А. К. 1958. Птицы Туркменистана. Ашхабад, т. 2.
  15. 15,0 15,1 15,2 С. Ю. Костин, М. М. Бескаравайный, Ю. А. Андрющенко, Н. А. Тарина «Розовый скворец в Крыму» Беркут. Т. 8. Вып. 1. 1999. С. 89-97 онлайн [2]
  16. Альфред Брем «Жизнь животных» Птицы. (Л — Я (Ласточка — Ястреб)) 1863-69 гг.
  17. Бузун В. А. (1987): Структура колоний, некоторые формы поведения и враги розового скворца в Восточном Крыму. — Вестник зоологии. 5: 61-63
  18. Корелов М. Н., Кузьмина М. А., Гаврилов Э. И., Ковшарь А. Ф., Гаврин В. Ф., Бородихин И. Ф. Птицы Казахстана. Т. 5. Алма-Ата: Наука, 1974. 480 с.
  19. Гринченко А. Б. (1991): Новые данные о редких и исчезающих птицах Крыма. — Редкие птицы Причерноморья. Киев-Одесса: Лыбидь. 78-90.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդագույն սարյակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդագույն սարյակ» հոդվածին։