Վարդագույն հավալուսն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդագույն հավալուսն
Վարդագույն հավալուսն
Վարդագույն հավալուսն
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Aequornithes
Կարգ Հավալուսնանմաններ (Pelecaniformes)
Ընտանիք Հավալուսներ (Pelecanidae)
Ցեղ Հավալուսն (Pelecanus)
Տեսակ Վարդագույն հավալուսն (P. onocrotalus)
Միջազգային անվանում
Pelecanus onocrotalus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Վարդագույն հավալուսն (լատին․՝ Pelecanus onocrotalus), հավալուսների ընտանիքին պատկանող ջրային թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Փետրավորումը սպիտակ է՝ վարդագույն երանգով, թևերի ծայրամասային փետուրները գորշ սև են։ Քաշը մինչև 10 կգ։ Ծոծրակի հատվածում ունի երկար փուփուլ։ Պարանոցը երկար է և ծածկված է աղվափետուրներով, կտուցը լայն է ու երկար, ստորին կտուցի տակ մաշկը փետրավորված չէ և լայնացած է, որը ծառայում է որպես կերակրապարկ։ Չփետրավորված մաշկի հատվածները դեղնանարնջագույն են, ճակատի հատվածում՝ վարդագույն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Դանուբի հարավից մինչև Չինաստան և Արևադարձային Աֆրիկայում։ Բնադրում է Հարավարևելյան Եվրոպայում, Առաջավոր, Միջին և Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանում, Ադրբեջանում։ Բազմացել են Բեռլինի, Բազելի, Թել Ավիվի կենդանաբանական այգիներում։

Ապրելավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչնի այս տեսակին կարող ենք հանդիպել Սևանի և Արփի լճերում։ Ամռանը կերակրման նպատակով այցելում են Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներ։ Արարատյան հարթավայրում արհեստական ձկնաբուծական տնտեսությունների ստեղծումից հետո տարեցտարի նկատվում է վարդագույն հավալուսների քանակական աճը։ Հավալուների 40-350 անհատներից բաղկացած խմբեր այցելում են Արմաշի և Մասիսի ձկնաբուծական ջրավազաններ, որոնք զգալի վնաս են հասցնում ձկնաբուծական տնտեսություններին։

Կենսաբանության առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում են եղեգապատ մասերում[1] Դնում են 90–106 մմ չափեր ունեցող 2–3 ձու։ Թխսումը տևում է 32–35 օր։ Ձագերը լինում են մերկ և անօգնական, արագ աճում են և 2,5 ամսական հասակում հասնում են հասուն թռչունների չափերին և կարողանում են թռչել։ Ձագերը մուգ գորշագույն են։ Հայաստանում չեն բնադրում։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող տեսակ է, որը գրանցված էր նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Նախկինում չուի շրջանում թվաքանակը տատանվում էր 1-2,5 հազարի սահմաններում։ Սևանա լճի մակարդակի իջեցման և Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակների զգալի մասի չորացման արդյունքում Սևանա լճում ներկայումս գրեթե չեն հանդիպում, իսկ Արմաշում ամռանը կերակրման համար հանդիպում են 20-30 անհատից ոչ ավելի։

Վտանգման հիմնական գործոններն են ամռան ամիսներին Արարատյան հարթավայրում ձկնաբուծական տնտեսությունների աշխատակիցների կողմից հետապնդելը, իսկ ձմռանը՝ որսագողությունը։

Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.mnp.am/red_book_fauna/arm/a224.html Վարդագույն հավալուսն
  2. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ.Ս. Ադամյան- «Հայաստանի թռչուններ», Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1985, 232 էջ