Վասիլի Կլյուչևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլյուչևսկի, Վասիլի Օսիպովիչ (1841—1911), ռուս պատմաբան։ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1882-ից), Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1900-ից)։ Զբաղվել է ռուս պատմության հարցերով՝ հնագույն ժամանակներից մինչև XIX դ.։ Գրել է «Հին Ռուսիայի բոյարական դուման» (1882), «Ճորտատիրական իրավունքի ծագումը Ռուսաստանում» (1885), «Եկատերինա II կայսրուհին (1796—1896)» (1896), «Պետրոս Մեծը իր աշխատակիցների շրջանում» (1901) և այլ աշխատություններ։ Կլյուչևսկու մեթոդոլոգիայի և պատմության ըմբռնման հիմքում ընկած են պոզիտիվիստական հայացքներ։ Կլյուչևսկին ձգտել է հասարակության պատմական զարգացումը, դիտել սոցիալ-տնտեսական տեսանկյունից, սակայն հանգել է իդեալիստական եզրակացությունների։ Նա չէր ընդունում սոցիալ-տնտեսական ֆորմացիաների հաջորդականությունը, մասնավորապես ֆեոդալիզմի առկայությունը Ռուսաստանում։ Կլյուչևսկու քաղաքական հայացքները զարգացել են բուրժուալիբերալ ուղղությամբ՝ աստիճանաբար մոտենալով կադետների կուսակցության աջ թևի դիրքերին։ Կլյուչևսկին երբեք հանդես չի եկել բուրժուակալվածատիրական հասարակարգի հիմքերի դեմ, իսկ XIX դ. վերջից պաշտպանել է միապետությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png