Վանաձորի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանաձորի մանկավարժական ինստիտուտ Vanadzor State Pedagogical University 10.jpg

Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանը բարձրագույն ուսումնական հաստատություն է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Պատմություն[խմբագրել]

Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան տարածաշրջանի կրթօջախները մանկավարժական կադրերով ապահովելու և միաժամանակ Հայաստանի Հանրապետության մանկավարժների հեռակա ուսուցումը Կիրովականում կազմակերպելու նպատակով Հայաստանի Մինիստրների խորհրդի 1969 թ. հուլիսի 9-ի թիվ 455 որոշմամբ Կիրովական է փոխադրվում Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը և վերանվանվում «Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտ»։ Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտից Կիրովական է տեղափոխվում հինգ ֆակուլտետ՝ Հայոց լեզվի և գրականության, Տարրական ուսուցման մեթոդիկայի, Ֆիզիկամաթեմատիկական, Կենսաբանության և Պատմության։ Նույն տարում բացվում է նաև առկա բաժին նշված մասնագիտություններով։ Կիրովական է տեղափոխվում 4711 ուսանող։

1982 թ. ինստիտուտում բարձրացվում է հեռանկարում բարձր տեխնոլոգիաների ներդրման՝ այդ ժամանակահատվածում «Ինֆորմատիկա» մասնագիտության շրջանակներում, որակյալ կադրերի պատրաստման խնդիրները։ 1982 թվականին ինստիտուտի ռեկտոր է դառնում հայ ականավոր մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը։Նա ինստիտուտը ղեկավարել է մինչև 1986 թվականը։ Ներկայումս բուհում ներդրված է կրթության եռաստիճան համակարգ։ Բակալավրիատում և մագիստրատուրայում առաջին անգամ ընդունելություն է կատարվել 2008 թ., ասպիրանտուրայում՝ 2006 թ.։ Առկա ուսուցման համակարգում բակալավրի հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթաց է կազմակերպվում 29 մասնագիտությունների, իսկ մագիստրոսի հիմնական կրթական ծրագրով՝ դեռևս 4 մասնագիտությունների ուղղությամբ։ Հեռակա ուսուցման համակարգում ներդրված է բակալավրի 25 հիմնական կրթական ծրագիր։ 2007 թվականից ներդրվել է կրեդիտային համակարգ։

Տարածաշրջանի հանրակրթության բնագավառում աշխատողների շուրջ 70%-ը ՎՊՄԻ-ի շրջանավարտներ են։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմը վերջին երկու տասնամյակների ընթացքում համալրվել է գերազանցապես բուհի շրջանավարտներով. բուհում դասավանդում է 138 շրջանավարտ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում գիտությունների թեկնածուները, երկուսն ունեն դոկտորի գիտական աստիճան։ Վերջին երեք տարիներին ֆինանսական ներդրումներ են կատարվել ուսումնական բազայի հարստացման ուղղությամբ, ստեղծվել է գիտահետազոտական ժամանակակից լաբորատորիա բնագիտական ուղղության ավարտական աշխատանքների, մագիստրական թեզերի կատարման համար։ 2008թ. բացվել է նաև Ս.Մերգելյանի անվան համակարգչային լսարանը՝ հագեցված բարձրակարգ սարքավորումներով։

2014թ. ապրիլի 30-ին ՀՀ Կառավարության որոշմամբ բուհը վերակազմակերպվել է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» ՊՈԱԿ-ի:

Ֆակուլտետներ[խմբագրել]

Բուհում ուսումնական ամենամեծ ստորաբաժանումները ֆակուլտետներն են՝

  • Բանասիրական
  • Պատմաաշխարհագրական
  • Մանկավարժության
  • Կենսաբանաքիմիական
  • Ֆիզիկամաթեմատիկական

Ուսումնագիտական գործընթացը կազմակերպվում է 22 մասնագիտական ամբիոնների միջոցով. թողարկող են 20 ամբիոն։

Կրթական ծառայություններ[խմբագրել]

  • Հանրակրթություն (վարժարան)
  • Քոլեջ
  • Բարձրագույն կրթություն

Ռեկտորներ[խմբագրել]

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորն է Գուրգեն Կիպրոնի Խաչատրյանը։

Հրատարակություններ[խմբագրել]

ՎՊՄԻ-ն ունի իր երկշաբաթաթերթը՝ «Ապագա մանկավարժ»-ը։ Պարբերական իր հիմնադրման պահին եղել է ամսաթերթ, 2002 թ.-ից՝ ամսագիր, 2008թ. փետրվարից՝ երկշաբաթաթերթ։

Տպագրվում են ուսանողների հոդվածները, նրանց արձակ ու չափածո գործերը, կերպարվեստի բաժնի շնորհալի ուսանողների ստեղծագործությունները, ուսանողների կողմից կազմված լավագույն խաչբառերը։

Բացի ընթացիկ տեղեկատվությունից, երկշաբաթաթերթ ունի հիմնական խորագրեր՝ «Դասախոսի ամբիոն», որտեղ ՎՊՄԻ-ի դասախոսները հանդես են գալիս իրենց հոդվածներով, «Մատենագիտական տեղեկատու», որտեղ նշվում է, թե ՎՊՄԻ-ի գրադարանն ինչ նոր գրքերով է հարստացել, «Մեր շրջանավարտների հետքերով», «Մարզական էջ», «Ժողովրդական մանկավարժության գոհարներ»։

«Ապագա մանկավարժ» երկշաբաթաթերթի էջերում տեղ են գրավում նաև ամենամսյա գիտխորհրդի նիստերում քննարկվող հարցերը։

Արտաքին կապեր[խմբագրել]

Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը ԽՍՀՄ տարիներին սերտորեն համագործակցել է երկրի բազմաթիվ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ։

2010 թ.-ին եռակողմ պայմանագիր է կնքվել ՎՊՄԻ-ի, ՌԴ Կոստրոմայի պետական համալսարանի և Գերմանիայի Դարմշտադտի կիրառական գիտությունների ավետարանչական համալսարանի հետ։ Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաև Գերմանիայի Օսնաբրյուկի կիրառական գիտությունների համալսարանի հետ։ Այս բուհերը պատրաստվում են համատեղ ծրագիր իրականացնել միջմշակութային հաղորդակցության շրջանակներում։

Ֆրանսիայի Պրովանս մարզի Էքս-Մարսելի ակադեմիայի համալսարանական մանկավարժական ինստիտուտի հետ ստեղծված է համաձայնագիր, որը ներառում է ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի փոխանակումներ, տարբեր բնույթի դասընթացների կազմակերպում երկու բուհերում։

Միջազգային կապերի շրջանականերում բուհի աշխատակիցները տարբեր տարիներում գործուղվել են ԱՄՆ (Պիթսբուրգի համալսարան, Պենսիլվանիա, Ֆենիքսի համալսարան, Արիզոնա), Ֆրանսիա (Էքս-Մարսելի ակադեմիայի համալսարանական մանկավարժական ինստիուտ), Գերմանիա (Ֆրանկֆուրտի համալսարան), Մեծ Բրիտանիա (Լեստերի համալսարան), Չեխիայի Հանրապետություն (Պրահայի Կառլովի համալսարան, Բռնոյի Մասարիկի համալսարան, Բռնոյի Տեխնիկական համալսարան), Հունաստան (Արիստոտելի համալսարան, Սալոնիկ։

Բուհը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, որոնց շրջանակներում իրականացվում են ուսանողների ու դասախոսների փոխանակումներ, կազմակերպվում են ամառային դասընթացներ, կոնֆերանսներ ու սեմինարներ։ Այդ կազմակերպությունների շարքում են IREX, DAAD, OSI, TACIS, TEMPUS միջազգայնորեն հայտնի կազմակերպություններն ու հիմնադրամները։

2010թ.-ից բուհը սերտորեն համագործակցում է ֆրանսիական GREF (Groupement des Retraités Educateurs sans Frontières) կազմակերպության հետ, որի շրջանակներում ՎՊՄԻ-ում անցկացվում են Լոռու մարզի ֆրանսերեն լեզվի դասախոսների և ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։ Նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվում են նաև դասընթացներ՝ բուհի բակալավրիատում և մագիստրատուրայում ֆրանսերեն լեզուն ուսումնասիրող ուսանողների համար։

Այցելեք նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]