Վաղբրոնզեդարյան Հայաստանի մետաղամշակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վաղբրոնզեդարյան Հայաստանի մետաղամշակություն. արտադրական ուժերի զարգացումը, նյութական արտադրության համեմատաբար բարձր մակարդակը, երկրի բնական հարստությունները հիմք դարձան Հայաստանի տեղաբնակների և շրջակա երկրների միջև մշակութային ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար։ Չունենալով պղնձի հանքավայրեր, հին շումերներն օգտվում էին Ամանի, Փոքր Ասիայի, Հայկական լեռնաշխարհի պղնձից։ Տավրոսի, Ռշտունյաց, Տայոց, Սասնո, Կորճայքի սարերն ու Հայկական Միջագետքը (Արղանա) պղնձի, կապարի, արծաթի անսպառ շտեմարաններ էին։ Ակնհայտ է, որ Հայաստանի նշված շրջանների բնակչությունը հնուց ի վեր պետք է մասնագիտանար մետաղահանութան ու մետաղաձուլության մեջ։ Եփրատի հովիտն ու Հայկական Միջագետքը կապող օղակներ էին Հայաստանի և հարևան երկրների միջև։

Հայկական լեռնաշխարհը և հինարևելյան մշակույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղբրոնզեդարյան ժամանակաշրջանի իրեր

Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի հնավայրերում հայտնաբերված մետաղաձուլական բազմաթիվ իրերի ուսումնասիրությունը մի կողմից ցույց է տալիս տեղական մետաղամշակության զարգացման բավական հասուն մակարդակ, երբ արդեն հսկայական տեխնիկական թռիչք էր կատարվել դեպի իսկական մետաղամշակությունը և մկնդեղով բրոնզի ստացումը, և, մյուս կողմից, այն աղերսները, որոնցով կապված էին Հայկական լեռնաշխարհն ու Միջագետքի երկրները, մասնավորապես Շումերն ու Աքքադը։ Մետաղահանության հնագույն օբյեկտներն ու պղնձաձուլական վառարաններն այժմ խոր ուսումնասիրության չեն ենթարկված։ Սակայն Շենգավթի, Գառնիի, Նախիջևանի, Քյուլ-թափայի բրոնզաձուլական կաղապարների հայտնագործությունը ինքնըստինքյան վկայում է մետաղամշակության խոշոր առաջընթացի մասին։ Այս կաղապարների մի մասը, մասնավորապես Շենգավիթինն ու Գառնիինը, ծառայում էին կոթառավոր սեպաձև կացիններ ձուլելու համար, որոնց քարե նախատիպերը հայտնի են Շենգավթի, Քեթիի, Մարմարաշենի էնեոլիթյան հնավայրերից, իսկ մկնդեղ-բրոնզից պատրաստած օրինակները՝ Գյումրիի, Բերդաձորի բնակատեղիների պեղումներից։

Նման կացինների կավե հնագույն մոդելների (4-րդ հազարամյակի 2-րդ կես-3-րդ հազարամյակի առաջին կես) առկայություն Շումերում՝ մի կողմից, և բրոնզից պատրաստված հետսագույն օրինակների գոյությունը Կուբանի մարզում՝ մյուս կողմից, որոշակիորեն մատնացույց է անում Հայկական լեռնաշխարհի դերն ու նշանակությունը հինարևելյան մշակույթի զարգացման ու տարածման ուղիներում։ Պատմա-հնագիտական նույն կապակցությունների մեջ են ներկայանում սեպաձև կացիներին ուղեկցող զենքերը՝ լայնաշեղբ դաշույններն ու փետրաձև նիզակների գեղարդները։ Կամոյի նիզակի գեղարդը իր զուգահեռներն ունի Միջագետքի, Արևելյան Փոքր Ասիայի, Վրաստանի, Կուբանի դամբարանային հուշարձաններում, իսկ Վանաձորի գեղարդը՝ գերազանցապես Հարավային Միջագետքի քաղաքներում, Իրանի և Վրաստանի հնավայրերում հայտնաբերված նյութերի մեջ։

Հետաքրքիր է, որ նիզակների վերը ներկայացված տիպերը Սաչխերեում հանդիպում են սվինաձև նիզակների ուղեկցությամբ, որոնց նմանները լայն տարածում էին գտել Միջագետքում։ Մ.թ.ա. 3-րդ հազարայակի 2-րդ կեսին Աշուրից ծագող նիզակներից մեկը կրում էր Սարգոն Աքքադացու որդի Մանիշտուսուի անունը (մ.թ.ա. 22-րդ դար), մյուսը՝ Էլամի կառավարիչ Պուզուր-Շուշինակի անունը։

Հայտնաբերված կացինները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզեդարյան կացին

Այսպիսով, Հայաստանի մետաղամշակության արտադրանքը ուսումնասիրելիս և թվագրելիս անհրաժեշտ է առաջին հերթին նկատի ունենալ Հյուսիսային Միջագետքը, որի անտառային գոտում երկար դարերի ընթացքում շարունակում էին օգտագործել վաղ շումերական տիպի գործիքները, զենքերն ու զարդերը։ Հետաքրքիր է, օրինակ, որ Առաջավոր Ասիայի, Հայաստանի, Կովկասի և Եվրոպայի տարածքներում 3-րդ հազարամյակի տարբեր ժամանակաշրջաններում լայն տարածում գտած կտցավոր կացինների բնորոշ խմբերից մեկը հայտնի է Հայաստանի և Կենտրոնական Անդրկովկասի հնավայրերից (Գյումրի, Երևան, Ալավերդի, Փինեզաուրի, Թիանեթի), Միջագետքի նշանավոր կենտրոններ Աշշուրից, Թեփե-Գավրայից, ինչպես նաև Սարգոն Աքքադացու որդի Նարամսինի կոթողի պատկերաքանդակներից, որն, ի դեպ, հայտնաբերվել է Հայկական Միջագետքի տարածքում՝ Ամիդի մոտ։ Ի տարբերություն Եվրոպայում հայտնաբերվածների, որոնք միայն մասամբ են համընկնում վաղմիջագետքյան տիպերին, Հայաստանի և Վրաստանի օրինակները ոչնչով չեն տարբերվում հարավի իրերից։ Ուստի Հյուսիսային Միջագետքն ու Հայաստանը կարելի է դիտել որպես նման զենքերի պատրաստման հիմնական կենտրոններ, որոնց մետաղագործական արտադրանքը կարող էր Արևելյան Եվրոպա թափանցել միայն Կովկասի վրայով։

Միաժամանակ կտցավոր կացինների և ուղեկցող այլ գործիքների՝ վերջերս Երևանում հայտնաբերված նշանավոր գանձը՝ իրերի մեծ քանակով, տարբերակներով, բազմազան չափերով, ձևաբանական ու որակական հատկանիշներով ոչ միայն գերազանցում է հին աշխարհի հնագիտական հուշարձաններից հայտնի համանման նմուշներին և հավաստում նրանց տեղական արտադրության ակնհայտ փաստը, այլև համոզում է, որ Հայկական լեռնաշխարհն իսկապես նման զենքերի արտադրության առաջավորասիական խոշոր կենտրոններից մեկն էր։ Հայաստանի և Վրաստանի մի շարք այլ հնավայրերում հայտնաբերված մետաղե առարկաների համեմատական ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ուրվագծելու տեղական մետաղամշակության զարգացման հաջորդական փուլերը։ Մետաղե զենքերի և գործիքների զգալի կատարելագործում է նկատվում Արծնի, Էլարի, Էջմիածնի հավաքածուներում և Վրաստանի տարածքում հայտնաբերված մի քանի հետաքրքրական համալիրներում։

Վաղբրոնզեդարյան դանակ

Հին Արևելքում և Հայաստանում լայնորեն տարածված պարուրաձև ապարանջանների ու ականջօղերի հետսագույն տիպերի հետ միասին Էլարի դամբարանադաշտում հայտնաբերվեցին զգալիորեն կատարելագործված նեղաշեղբ դաշույններ, որոնց նմանները նախկինում պատահականորեն գտնվել են Էլարում։ Արծն-Կարազի վաղբրոնզեդարյան միջին շրջանի բնակատեղիում այս տիպի դաշույններին ուղեկցում էր խիստ կատարելագործված նեղաշեղբ կախակոթառ կացինը, որ իր ուղղակի զուգահեռներն ունի Էջմիածնի թանգարանում, Իմերեթում, աբխազական դոլմեններում և Հյուսիսային Օսեթիայում։ Հայկական լեռնաշխարհի և Կովկասի սահմաններից դուրս այս կացինների նմանը չկա, և դրանք պետք է համարել տեղական մետաղամշակության յուրահատուկ արտադրանքի քիչ հայտնի նմուշներ։

Հայաստանի վաղբրոնզեդարյան մշակույթի վերջին փուլում՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին, հանդես են գալիս այսպես կոչված խողովակակոթառ մարտական կացինները, որոնց նախատիպերը հանդիպում են Շումերի հին քաղաքներում և ապա տարածվում Իրանական սարահարթում, Կովկասում, Կենտրոնական Ռուսաստանում և մերձդանուբյան շրջաններում։ Փոքր Ասիայում և Բալկաններում այս տիպի զենքերի բացակայությունը մատնանշում է նրանց տարատեսակների ներթափանցման հայաստանյան ուղիները, որոնք Կովկասն ու Արևելյան Եվրոպան կապում էին Առաջավոր Ասիայի քաղաքակրթության հետ։

Հինարևելյան առևտրական ցանցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի մշակութային ու տնտեսական փոխհարաբերությունների մեջ որոշակի նշանակություն ուներ Տիգրիսից Ինդոս, Օքսոսից ու Եփրատից Նեղոս տարածվող հինարևելյան առևտրական լայն ցանցը, որի մեջ լիովին ընդգրկված էր Հայաստանը՝ Եփրատ-Տիգրիսյան և Արարատյան նշանավոր իր ճանապարհներով և, որ գլխավորն է, իր նյութական արտադրության բավականաչափ բարձր մակարդակով։ Հնագիտական նյութերի ուսումնասիրությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Առաջավոր Ասիայի հյուսիսային ծայրամասում ընկնող Հայկական լեռնաշխարհը մ.թ.ա. 3-րդ հազարամյակում իրենից ներկայացնում էր հինարևելյան մշակույթի մի տեղական օջախ՝ տնտեսության հիմնական ճյուղերի զարգացման համեմատաբար բարձր մակարդակով։ Նրա տեղական մշակույթի խոր արմատները գնում են դեպի Միջագետք։ Հայաստանը կրում է Միջագետքի ազդեցությունը, սակայն ինքն էլ որոշակի առաջադիմական դեր է կատարում նույնիսկ Առաջավոր Ասիայի մշակութային զարգացման մեջ։

Արհեստները վաղբրոնզեդարյան ժամանակաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհում լայնորեն տարածված քար՝ օբսիդիան

Վաղբրոնզեդարյան տնտեսության հիմնական ճյուղերի զարգացումն առաջ է բերում մի շարք այլ արհեստների զգալի վերելք։ Քարագործությունը, փայտագործությունը, ոսկրագործությունը, մանածագործությունը և կաշեգործությունը անմիջականորեն պայմանավորված էին երկրագործության և անասնապահության զարգացմամբ։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակում տնտեսության և կենցաղի մեջ որոշիչ նշանակություն ունեին քարե գործիքները, քանի որ մետաղե գործիքները այնքան էլ կիրառում չունեին երկրագործ-անասնապահ բնիկների կյանքում։ Բազմաթիվ ու բազմատեսակ սանդերը, սանդի կոթերը, տրորիչները, հղկիչները, աղորիքները, գուրզերը, ձուլման կաղապարները, հալոցները, կացինները, դրերը, պահանգավոր մանգաղների ներդիրները շատ և շատ այլ գործիքներ մեծ կատարելագործությամբ պատրաստվում էին քարեգործ վարպետների կողմից և հաջողությամբ օգտագործվում երկրագործական ու կենցաղային աշխատանքների մեջ։

Անասնապահության ու կաշեգործության մեջ լայնորեն օգտագործվում էին օբսիդիանից ու կայծքարից պատրաստված պահանգավոր դանակներ, քերիչների շեղբեր՝ մորթին ու կաշին մշակելու, նրանցից փոկեր, տիկեր, ոտնաման ու հագուստ պատրաստելու համար։ Կաշեգործության մեջ շատ կարևոր դեր էին կատարում կենդանիների ոսկորներից պատրաստված կոկիչները, ծակիչները, հերուներն ու մախաթները, որոնց բազմազանությունը վկայում է այդ արհեստի բարձր զարգացման մասին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ ժողովրդի պատմություն, հեղինակներ՝ Ժ. Աղայան, Բ. Առաքելյան, Գ. Գալոյան, Ս. Երեմյան, Լ. Խաչիկյան, Ա. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան, Մ. Ներսիսյան։