Վաղբրոնզեդարյան Հայաստանի խեցեգործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կավագործություն

Վաղբրոնզեդարյան Հայաստանի խեցեգործություն, վաղ բրոնզի դարում խեցեգործության տարածումը Հայկական լեռնաշխարհում։

Հիմնական ճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ճյուղերին առընթեր զարգանում է արհեստագործությունը և առաջին հերթին՝ խեցեգործությունը, որն անմիջականորեն կապված էր երկրագործության ու անասնապահության մթերքների պահպանման, վերամշակման, տնային տնտեսության այլևայլ կարիքների հետ։Հայաստանի մ.թ.ա. III հազարամյակի մշակույթի ամենաբնորոշ տարրը խեցեղենն է՝ իր ինքնատիպ ձևերով ու հարուստ զարդանախշերով։ Բրուտները կավից պատրաստում էին տնտեսական ու պաշտամունքային իրեր՝ հսկա կաթսաներ, բազմազան ամանեղեն, կափարիչներ, պատվանդաններ, օջախներ ու նրանց տարատեսակ հենակներ, պղնձե իրեր ձուլելու կաղապարներ, մարդու և կենդանիների արձանիկներ։

Ամանեղեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթսա

Ամանեղենի գերակշռող մեծամասնությունն ունի սև փայլեցված մակերես և գունավոր, սովորաբար կարմրավուն աստառ. երբեմն հանդիպում են գորշ, վարդագույն և մոխրագույն մակերես ունեցող ամաններ։ Սրանք բոլորն էլ պատրաստված են ձեռքով և լավ թրծված են հատուկ հնոցներում։ Ապշեցուցիչ տպավորություն են թողնում լայնակոս, ռելիեֆ, ռելիեֆ-ներճկված, ներճկված ու գծային բարդ ու հարուստ զարդանախշերի հորինվածքները, որոնք կատարվել են դեռևս չթրծված, բաց կավի վրա՝ սեղմելու, գծելու և փորելու եղանակով։ Զարդարված է կավամանի միայն մեկ երեսը։ Գծային զարդանախշերնը իրենց բնույթով երկրաչափական են (եռանյունիներ, ոլորախշեր, գծածածկ և կետածածկ զիգզակ ժապավեններ և շեղանկյուններ)։ Խոր լայնակոս զարդանախշերի մոտիվներն են պարույրները, նրանցով և համակենտրոն շրջաններով կազմված հորինվածքները, ինչպես նաև բուսական զարդանախշերը։ Ներճկված զարդերը հիմնականում արտահայտում են շրջանաձև կամ ձվաձև փոսիկներով։ Զարդանախշերում գերիշխողը գալարանախշն է, որը հանդես է գալիս ինչպես մեկուսի, այնպես էլ տարբեր համադրություններով։ Բնորոշ են նաև թռչնաձև զարդանախշերը[1]։

Խեցեղենի զարգացման փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելնելով ձևերի զարգացման յուրահատկություններից, զարդամոտիվների բնույթից և նրանց կատարման եղանակներից՝ խեցեղենը կարելի է պայմանականորեն բաժանել զարգացման հետևյալ խմբերի.

Առաջին խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին խմբի խեցեղեններին բնորոշ են անոթի եռամաս կառուցվածքը, շեշտված անցումները, ցածրադիր ձևերը, լայնակոս և խոր փորագրված զարդանախշերը։ Սիրված մոտիվներ են բազմագալար պարույրները, համակենտրոն շրջագծերը, հատիկաձև ակոսները, բուսական մոտիվները. որոնք մեծ մասամբ հանդես են գալիս համադրություններով։ Այս խմբի խեղեղենը ըստ տեղային յուրահատկությունների կարելի է կոպիտ բաժանել երկու մասի՝ մեկը պայմանականորեն անվանելով շրեշ-բլուրյան (Շրեշ-բլուր, Քյուլ-թափա, Շենգավթի մի մասը, Յայջին), մյուսը՝ կառնուտ-կիրովականյան։

Երկրորդ խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խմբի տարբերակն է կազմում Կարնո դաշտում գտնվող Արծնի(Կարազի) ստորին շերտի խեցեղենը։ Խեցեղենի զարգացման առաջին փուլում սկիզբ են առնում նաև ուղղագիծ երկրաչափական զարդանախշերը, սակայն նրանք սակավ և կատարված են լայնակոն տեխնիկայով (Կառնուտ, Էջմիածինի Քյուլ-թափա)։ Հազվադեպ օգտագործվում են նաև ներճկված փոսիկները, որոնք առանձին հանդես չեն գալիս։

Երկրորդ խմբի խեցեղենին դարձյալ բնորոշ է եռամասնությունը։ Չնայած պահպանվում են նախորդ փուլի զարդանախշման հատկանիշները, սակայն երևան են գալիս նոր յուրահատկությունները։ Կամավորների վիզը զարդարվում է նրբագիծ երկրաչափական մոտիվներով, իսկ ուռուցիկ փորը՝ ռելիեֆ-ներճկված ակոսային զարդանախշերով։ Այս խմբի խեցեղենը բաժանվում է երկու տեղային մասերի՝ կիրովականյան և շենգավթյան։

Երրորդ խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ խմբին յուրահատուկ է կավամանների ձևերի ու զարդանախշերի պարզեցումը։ Բնորոշ են դառնում սահուն անցումներով և ձգված իրանով կավամանները։ Աստիճանաբար վերանում են կանթերը։ Մյուս կողմից երևան են գալիս նոր ձևերի, նոր որակով ու տեխնիկայով կատարված կավամանների, որոնք իրենց հետագա զարգացումն են ստանում միջին բրոնզի դարաշրջանում։

Լայնակոս և ռելիեֆ-վերճկված զարդանախշերը հիմնականում անհետանում են։ Հուշարձանների մի մեծ խմբի խեցեղենը զարդանախշվում է միայն ներճկված մանր փոսիկներով, որոնք աստիճանաբար նույնպես անհետանում են։ Երրորդ խմբի խեցեղենը կարելի է բաժանել երեք տեղային մասերի՝ էլարյան, շենգավթյան և արագածյան։ Երրորդ խմբի խեցեղենն իր բոլոր տեղային տարբերակներով վերաբերում է վաղբրոնզեդարյան մշակույթի զարգացման վերջին շրջանին, որը մի կողմից կրում է վաղբրոնզեդարի մշակույթի բնորոշ գծերը, իսկ մյուս կողմից ձեռք է բերում նոր հատկանիշներ, որոնք իրենց զարգացումն են ապրում միջին բրոնզեդարի ժամանակաշրջանում։

Զարգացման առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելնելով խեցեղենի զարգացման առանձնահատկություններից, որոշ տիպաբանական համեմատություններից, ինչպես նաև շերտագրական բնույթի դիտողություններից, Հայկական լեռնաշխարհի վաղբրոնզեդարյան խեցեղենի առաջին և երկրորդ խմբերը պայմանականորեն կարելի է վերագրել մ.թ.ա. III հազարամյակի առաջին կեսին, իսկ երրորդ խումբը՝ նույն հազարամյակի երկրորդ կեսին։

Այլ շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական ընդարձակ միջավայրում, բացի Հայկական լեռնաշխարհի և Վրաստանին կից շրջանների վաղբրոնզեդարյան մշակույթի ծագման ու զարգացման բուն շրջանակներից, ուրվագծվում են մի քանի ծայրամասային շրջաններ Փոքր Ասիայի (Մալաթիայից արևմուտք), Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի (Հարավային Օսեթիա, Մինգեչաուր, Մուղան, Լեռնային Ղարաբաղ)[2] սահմաններում, ինչպես նաև այդ մշակույթների տարածման ընդարձակ ոլորտներ Կիլիկիայի (Մերսին), Ասորիքի (Ամուկ, 2-րդ և 1-ին շերտերը), Պաղեստինի (Կիրբետ-Կերակ, Բեթ-Շան, Թաբարա-էլ Ակրադ)[3], Հյուսիս-արևմտյան Իրանի (Գեոյ-Թափա, Յանըղ-Թեփե)[4], Կուբանի (Մայկոպ, Նովոս-վոբոդնոյե), Չեչենա-Ինգուշեթիայի սահմաններում (Լուգովոյե, Սերժեն-Յուրտ և այքն)[5], որտեղ տեղական մշակույթների բնորոշ շերտերի մեջ նկատվում են Հայկական լեռնաշխարհի III հազարամյակի մշակույթի ամբողջական հորիզոններ կամ նրա հատկանշական տարրեր։ Մշակութային ներթափանցման այս հետաքրքրագույն երևույթի բուն էությունը դեռևս պարզ չէ և վեճի առարկա է գիտության մեջ[6]։ Առայժմ կարելի է արձանագրել միայն, որ մ.թ.ա. V-IV հազարամյակներում առաջավորասիական ակունքներից սնվող Հայաստանի վաղ երկրագործական մշակույթը մ. թ. ա. III հազարամյակում ներթափանցում է արդեն Հին Արևելքի նշանավոր մշակութային օջախները, որոնք նեոլիթի և էնեոլիթի դարաշրջանում աչքի էին ընկնում որպես երկրագործության զարգացման ամենավաղ ու ամենախոշոր կենտրոններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի վաղբրոնզեդարյան խեցեղենի ուսումնասիրումը ՝ Է. Վ. Խանզադյան, Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. III հազարամյակում, էջ 61-81
  2. А.А. Иессен, Азерб. арх. экспед. 125, М.-Л.,1965, էջ16-18
  3. A. Jirku, Einige Kieinfunde aus Paiastina und Syrien,"Zeitschrift der Deutschen Morgenliandischen Gesellschaft" N7 XIII,էջ 165-172
  4. T. Burton-Brown, Excavation in Azerbaijan, էջ 264-265։
  5. Р. М. Мунчаев,Древнейшая крльтура северо-восточного Кавказа, МИА,10,1961
  6. Իրենց տեսականերով հանդես են եկել Ս. Հուդը, Լ. Վուլլին, Վ. Լամբը և ուրիշները։ Ռ. և Լ. Բրեյդվուդները և Ա. Ա. Իեսսենը, ցուցաբերելով զգուշավոր մոտենում, այնուամենայնիվ գտնում են, որ տեղի է ունեցել կարճատև և արագ ներթափանցում Արևմտյան Հայաստանից դեպի Սիրիա-Պաղեստին։