Վահե Հայկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Հայկ
արմտ. հայ.՝ Վահէ Հայկ
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Վահէ Տինճեան
Ծնվել է1896
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունիսի 18, 1983(1983-06-18)
Վախճանի վայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, խմբագիր, գրականագետ և պատմաբան
Լեզուարևմտահայերեն
ԿրթությունԵփրատ քոլեջ և Բոստոնի համալսարան
ԿուսակցությունՌԱԿ
ԱշխատավայրՆոր օր
Վահե Հայկ Վիքիդարանում

Վահե Հայկ (իրական անուն-ազգանուն՝ Վահե Մկրտչի Տինճյան, 1896, Խարբերդ, Արևմտյան Հայաստան - 1983, Ֆրեզնո, Կալիֆորնիա, ԱՄՆ), արևմտահայ գրող, խմբագիր, բանասեր և պատմաբան, Ռամկավար ազատական կուսակցության գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1896 թվականին Խարբերդում։ Տեղի ծխական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Խարբերդի Եփրատ քոլեջը։ 1915 թվականին մեկնել է Կոստանդնուպոլիս։ Գրական ասպարեզում սկսել է հանդես գալ Առաջին աշխարհամարտից հետո։ 1922 թվականին, պոլսահայ մամուլում որոշ ժամանակ աշխատելուց հետո, մեկնել է Հունաստան, այնուհետև՝ Միացյալ Նահանգներ։ Մասնակցել է իրավաբանության, քաղաքատնտեսության և գրականության դասընթացների Բոստոնի համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ապահովագրական մի ընկերությունում։ Կյանքի հետագա տարիներին հաստատվում է Կալիֆորնիայում։ 1922-1925 թվականներին աշխատել է որպես «Նոր օր» պարբերականի գլխավոր խմբագիր[1]։ Աշխատակցել է սփյուռքահայ մամուլին, տպագրելով պատմվածքներ, նորավեպեր, որոնք հետագայում լույս է ընծայել «Հայրենի ծխան» ընդհանուր խորագիրը կրող հինգ ժողովածուներով (1930-1970)։ Ստեղծել է կորուսյալ հայրենիքի պատկերը, ցույց տվել օտար միջավայրի ուծացնող, ապաբարոյականացնող ազդեցությունը տարագիր հայերի հոգեբանության վրա, նրանց պայքարը ազգային նկարագրի պահպանման համար։ Պատրաստել է Վարդանանց պատերազմի 1500-ամյակին նվիրված հատոր («Հազար հինգ հարիւր ամեակ Վարդանանց պատերազմին. 451-1951», 1952, )։ 1972 թ. Բեյրութում տպագրել է «Լուսավոր դեմքեր մեր օրերուն վրա» ժողովածուն, որը պարունակում է դիմանկարներ հայ մի շարք գրողների ու արվեստագետների մասին։ Հայկի ամենածավալուն աշխատությունն է «Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը. յուշամատեան պատմական, մշակութային եւ ազգագրական» (1959) հատորը, բաղկացած 1500 մեծադիր և պատկերազարդ էջերից, որտեղ տասնյակ մարդկանց աշխատակցությամբ ներկայացված է Խարբերդի և նրա շրջակա հայաբնակ գյուղերի պատմությունը, տեղագրությունը, ազգագրությունը, մտավոր կյանքը։ Գրել է նաև «Յուշարձան Եոզկատցիներու», «Պատմութիւն Ֆրեզնոյի հայ գաղութին», «Հայաստանի մանկական աշխարհը եւ անոր մանկական գրականութիւնը» (1974) և այլ գործեր։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենի ծխան, հատ. Ա. Արձակներ, Հէքիաթներ, Պատմուածքներ, Ֆրէզնօ, 1930, 128 էջ։
  • Հայրենի ծխան, հատ. Բ. Պատմուածքներ եւ պատկերներ, Նիւ Եորք, 1941, 176 էջ։
  • Հայրենի ծխան, հատ. Գ. Պատմուածքներ եւ պատկերներ, Պոսթըն, 1946, 256 էջ։
  • Հազար հինգ հարիւր ամեակ Վարդանանց պատերազմին (451–1951), Ֆրէզնօ, 1952, 116 էջ։
  • Հայրենի ծխան, հատ. Դ. Պատմուածքներ եւ պատկերներ, Նիւ Եորք, 1954, 244 էջ։
  • Յուշարձան եօզղատցիներու, Ֆրէզնօ, 1955, 448 էջ։
  • Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը (յուշամատեան ազգային, պատմական, մշակութային եւ ազգագրական), Նիւ Եորք, 1959, 1500 էջ։
  • Հայրենի ծխան (պատմվածքներ), Երևան, 1960, 340 էջ։
  • Հայրենի ծխան, հատ. Ե. Պատմուածքներ եւ պատկերներ, Պէյրութ, 1970, 244 էջ։
  • Լուսաւոր դէմքեր մեր օրերուն վրայ (տպաւորութիւններ, ուսումնասիրութիւններ եւ անձնական հանդիպումներ), Պէյրութ, 1972, 388 էջ։
  • Հայաստանի մանկական աշխարհը եւ անոր գրականութիւնը, Ֆրէզնօ, 1974, 184 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավագյան Հ., Վահե Հայկը և իր «Հայրենի ծխան»-ը։ Առաջաբան. Վ. Հայկ, «Հայրենի ծխան», հ. 4, Բոստոն, 1954։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վահե Հայկ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահե Հայկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 246
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։