Սևափոր դռլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևափոր դռլոն
Սևափոր դռլոն
Սևափոր դռլոն
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Columbimorphae
Կարգ Pterocliformes
Ընտանիք Դռլոններ (Pteroclidae)
Ցեղ Pterocles
Տեսակ Սևափոր դռլոն (P. orientalis)
Միջազգային անվանում
Pterocles orientalis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Սևափոր դռլոն (լատին․՝ Pterocles orientalis), դռլոնների ընտանիքի թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարարությունը 33-35 սմ է, թևերի բացվածքը՝ 70-73 սմ, կենդանի զանգվածը՝ 410-550 գ։ Փորին կա մեծ, սև հատված։ Պոչը կարճ է՝ նուրբ ծայրով։ Արուի մարմինը վերևից դարչնադեղնավուն է՝ մոխրագույն պտերով։ Գլուխը և վիզը մոխրագույն են, կզակը՝ սև, վզի վերին մասում կա դարչնանարնջագույն բիծ։ Կրծքի լայն, բաց գույնի շերտի վերևում ընդգծվում է սև, նեղ զոլ։ Էգի մարմինը վերևից և կուրծքը դարչնադեղնավուն են՝ խայտավոր, սև, մանր նախշերով։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքը բավական դանդաղ է, հզոր։ Գետնից պոկվում է նկատելի դանդաղ։ Արշալույսին և մայրամուտին սևավոր դռլոները խմբերով թռչում են դեպի ջրերը։ Բնակվում է կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում (մինչև 1700 մ բարձրություններում)՝ ջրին մոտ։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է սերմերով, դալար կանաչ խոտաբույսերով, միջատներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային վերադարձը ապրիլին է։ Հարսանեկան խաղերի ժամանակ արուն, ճիչեր արձակելով, հետապնդում է թռչող էգին կամ գետնին պտույտ գալիս նրա շուրջը։ Բույնը ոչ խորը փոսիկ է, ցամքարը՝ բույսերի չոր մանր ճյուղերից։ Բնադրում է գետնին։ Դնում է 45 մմ տրամագծով, խամրած կանաչ, բաց դարչնագույն գծիկներով 3 ձու։ Թխսակալում են էգն ու արուն՝ 30 օր։ Ձագերը հայտնվում են հունիսին, հուլիս-օգոստոսին ձեռք են բերում անկաշկանդ թռչելու ունակություն։ Աշնանային չուն հոկտեմբեր-նոյեմբերին է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Իբերիական թերակղզուց, Հյուսիսային Աֆրիկայից և Փոքր Ասիայից դեպի արևելք` մինչև Իրան-Թուրքի սահմանը։ Հայաստանում հանդիպում է Արարատի և Արմավիրի մարզերի կիսաանապատներում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակավաթիվ, խոցելի տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն։

Սևափոր դռլոնի թվաքանակի վրա բացասականորեն կարող է ազդել անասունների գերարածեցումը, ձվադրման շրջանում վայրի բույսեր հավաքողների և հովիվների շների կողմից անհանգստացնելը, ինչպես նաև՝ ապօրինի որսը։

Ապրելավայրերի մի մասը գտնվում է «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։