Սևանի ջրակենսաբանական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևանա լճի արբանյակային լուսանկար

Սևանի ջրակենսաբանական կայան, խորհրդային շրջանի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական հիմնարկ Սևան քաղաքում։

Հիմնադրվել է 1923 թվականին, Նոր Բայազետի (հետագայում՝ Կամո, այժմ՝ Գավառ) շրջանում, պրոֆեսոր Ա․ Դերժավինի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, որպես լճակայան (ՀԽՍՀ երկրագործության ժողկոմատի համակարգում)։ 1935 թվականին անցել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի համակարգ, տեղափոխվել քաղաք Սևան և վերանվանվել Սևանի ջրակենսաբանական կայան։

Կայանում գործել է հիդրոֆիզիկայի, հիդրոքիմիայի, պլանկտոնի, անողնաշարավորների, ձկնաբանության, ձկնաբուծության, մանրէաբանության, կենսաքիմիայի, էկոլգիական ֆիզիոլոգիայի և այլ լաբորատորիաներ։ Կայանի հետազոտությունների հիմնական խնդիրները եղել են ձկնային տնտեսության զարգացման և դրա հետ անմիջականորեն կապված հարցերը (իշխանի տարբեր տեսակների, կողակի պալարների, սիգի կլիմայավարժեցման, ձկների ձվադրման պայմանների, կերային բազաների, լճի կենդանական և բուսական աշխարհի ուսումնասիրություն և այլն)։

Հետագայում Սևանի ջրակենսաբանական կայանը զբաղվել է Սևանա լճի ֆիզիկաքիմիական, մանրէաբանական հետազոտություններով, ջրային բույսերի, նախակենդանիների, անողնաշարավորների, ձկների զարգացման օրինաչափությունների ուսումնասիրությամբ, լճի Էկոլոգիական ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, օրգանիզմների, համակեցությունների փոխհարաբերությունների և բազմաթիվ այլ հարցերով։ Կայանի հետազոտություններում կարևորագույն տեղը հատկացվում էր Սևանա լճի պահպանությանը։ Ուսումնասիրվել են նաև Հայաստանի մյուս լճերը, գետերն ու ջրամբարները։

Սևանի ջրակենսաբանական կայանը տվել է Սևանա լճի ֆիզիկաքիմիայի և մանրէաբանական նկարագրությունները, ջրի ստվարաշերտում և հատակում ապրող բուսական ու կենդանական աշխարհի ներկայացուցիչների նկարագրություններն ու զարգացման օրինաչափությունները։ Կատարվել են Հայաստանի ջրամբարների ձկնաբանական, ձկնաբուծական և ձկնատնտեսական խորը ուսումնասիրություններ։ 1927 թվականից կայանը հրատարակել է աշխատությունների ժողովածու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 321