Սևաճակատ շամփրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևաճակատ շամփրուկ

Սևաճակատ շամփրուկ (Lanius minor) - շամփրուկների ընտանիքին պատկանող թռչուն։

Սևաճակատ շամփրուկի ճակատը և կտուցի հիմքից դեպի ծոծրակը տարածող բեզանման շերտերը սև են։ Գլխի վերին մասը, ծոծրակը և մեջքը` բաց մոխրագույն, թևերը` սև` լայնակի սպիտակ շերտով, որը թռիչքի ժամանակ ավելի լավ է երևում։ Պոչը սև է, եզրային փետուրները` սպիտակ, որովայնը սպիտակ է` վարդագույն երանգով։ Կտուցի ծայրը սուր է և կեռ, ինչպես գիշատիչ թռչուններինը։ Քաշը` 47-53 գ, թևի երկարությունը` 113-125 մմ։

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլի վերջին-մայիսի սկզբին, աշնանը չվում է օգոստոս-սեպտեմբերին։ Չվում է առանձնյականերով։ Գերադասում է բնակվել այգիներում, խուսափում է անտառներից, հաճույքով բնակվում է բաց տարածություններում, որտեղ կան դաշտապաշտպան ծառաշերտեր։ Լայն տարածված է կիսաանապատների և լեռնային տափաստանների գոտում` Արարատյան հարթավայրում, Վայքում, Զանգեզուրում և այլուր։ Բնադրվում է մայիսից մինչև հուլիս, բույնը սարքում է օշինդրի ցողուններից և տեղադրում ծառերին` 2-10 մետր բարձրության վրա։ Դնում է 3-7 ձու` սպիտակ կամ թույլ կանաչավուն երանգով, մանուշակագույն պտերով։ Թխսակալում է էգը` 15-16 օր, ձագերը փետրավորված են լայնակի ալիքավոր շերտերով։ Սնվում է բզեզներով և այլ անողնաշարավոր կենդանիներով։ Երբեմն որսում է նաև մանր կրծողներ։

Տարածված է միջին և հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանում։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ», էջ 33. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով