Սփյուռքահայ գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սփյուռքահայ գրականությունը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմաններից դուրս ստեղծվող հայերեն գրականությունն է։ Սփյուռքահայ գրականությունն աշխարհի տարբեր գաղթօջախներում 10-ականների վերջերից մինչ 30-ականների կեսերն սկիզբ առած գրական շարժում է, որն ունեցել է զարգացման մի քանի փուլ։ Առաջին փուլի համար բնորոշ է հայրենի հողի կարոտի գրականությունը, որն ուներ ընդգծված գյուղագիտական միտում։ Ինքնակազմակերպման և ինքնագիտակցության ձևավորման մակարդակում սկսվում է տիրել ձուլման վտանգը և այն հաղթահարելու մտահոգությունը (երկրորդ փուլ)։ Երկրորդ աշխարհամարտի և ետպատերազմյան տարիներին դրվում են պայքարի, հայրենասիրության և ստեղծագործական վերելքի սփյուռքահայ նոր գրականության հիմքերը։ Այն կարոտի, հայրենաբաղձության, ձուլման դեմ պայքարող գրականություն լինելուց բացի դառնում է նաև համամարդկային արժեքներ կերտող, սփյուռքահայ մարդուն համամարդկային ինքնատիպ դիմագծերով արտացոլող գրականություն։ Սփյուռքահայ գրականությանը բնորոշ են ոչ միայն գեղագիտական, գեղարվեստական և քաղաքական-գաղափարական խնդիրները, այլև յուրահատուկ լեզվաշինարարությունը։ Նշանակալի է նաև սփյուռքահայ գրականության դերն օտար գրականությունը հայերին և հայկականն այլ ժողովուրդներին ներկայացնելու գործում, որոշակի է նաև սփյուռքահայ օտարալեզու գրականության դերը։

Սկզբնավորման ժամանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական գաղթօջախները հին պատմություն ունեն, սակայն բուն պատմությունը սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, ավելի ճիշտ՝ 1920-ական թթ.։ Սփյուռքահայ գրականությունը ձևավորվում է այդ նույն ժամանակ, այսինքն՝ Սփյուռքի հետ, որպես հայ կյանքի նոր իրողության գրական արտացոլում։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ թեև արտասահմանյան երկրներում ապրում էին զգալի թվով հայություն, բայց դեռ կար Թուրքիայի տիրապետության տակ ապրող Արևմտյան Հայաստանը։ Արտասահմանում ապրող արևմտահայությունն ուներ իր հայրենիքը, ուր կարող էր նաև վերադառնալ։ Հայության ցրված զանգվածների հայրենիք վերադառնալու հույսը մարեց (անշուշտ ոչ ամբողջովին) միայն այն ժամանակ, երբ Թուրքիայում հաստատվեց Քեմալ Աթաթուրքի իշխանությունը։ Քեմալն իր նախորդների հայաջինջ քաղաքականությունն էր շարունակում և դարձյալ լեզու գտավ մեծ տերությունների հետ, որոնք Լոզանի կոնֆերանսում (1923 թ.) կրկին մի կողմ դրեցին չարչրկված «հայոց հարցը»։ Կորցնելով վերադարձի հույսը կամ պահելով այն գալիքի համար՝ նրանց մնում էր կյանք հաստատել ուրիշի հողի վրա, դառնալ ուրիշ երկրի քաղաքացի։ Սկսվում էր կյանքի նոր շրջան՝ նոր կենսաձևի մեջ, մարդկային ու ազգային նոր նպատակներով, նոր խնդիրներով, և դա Սփյուռքն էր։ Պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված ցեղասպանության զոհ դարձան նաև արևմտահայ գրականության մեծագույն դեմքերը՝ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Թլկատինցին, Երուխանը, Ռուբեն Զարդարյանը, Ռուբեն Սևակը և շատ ուրիշները։ Պատերազմից հետո կենդանի մնացած հայ գրողները՝ Երվանդ Օտյանը, Վահան Թեքեյանը, Ահարոն Տատուրյանը, Կոստան Զարյանը, Հակոբ Օշականը, Հակոբ Սիրունին և ուրիշները, կրկին հավաքվեցի Պոլսում և անասելի ջանքերով նոր, երիտասարդ գրողների՝ Մաթեոս Զարիֆյանի, Գևորգ Կառվարենցի հետ շարունակեցին պատերազմի չորս տարիներին դադար առած արևմտահայ գրականության ընթացքը։ Սկսեցին լույս տեսնել փակված օրաթերթերը, գրական մամուլը, բանաստեղծական ու արձակ գրվածքների ժողովածուներ։ Աշխույժ գործունեություն ծավալեցին գրական նոր միություններ։ 1921 թ. հիմնվեց «Հայ արվեստի տուն» մշակութային միությունը՝ հինգ բաժանմունքով (գրական, նկարչական, երածշտական, թատերական ու բանասիրական), տեղի ունեցան մի շարք գրական միջոցառումներ։ Արևմտահայ գրականությունը շարունակում էր իր ընդհատված ընթացքը, նույն վայրում, նույն ու նորովի խնդիրներով։ Սակայն քեմալականները Պոլիս մտան՝ իրենց ճանապարհին քրիստոնյա ժողովուրդների դեմ իրագործած նոր դաժանություններով, և արևմտահայ մտավորականների մեծ մասը, խուսափելով կանխահաս աղետից, փախավ Պոլսից։ Արևմտահայ գրականության կենտրոնատեղին կրկին դատարկվեց։ 1922 թվականն էր։ Այդուհետև արևմտահայ կենդանի մնացած գրողները պիտի շարունակեին իրենց գործն ուրիշ երկրներում։ Ավարտվեց արևմտահայ կյանքի ու գրականության շրջանը։ Սկսվեց նոր՝ սփյուռքյան շրջանը։ Նոր կյանք՝ նոր մտահոգություններով, նոր գրականություն՝ նոր խնդիրներով։

Սփյուռքահայ գրականության հատկանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփյուռքահայ գրականությունը, չնայած արևմտահայ գրականության հետ ունեցած ներքին ու միասնականությանը, ձեռք բերեց նաև նոր հատկանիշներ, որոնք թելադրվում էին կյանքի նոր պայմաններով։ Նախկին արևմտահայը այժմ ֆրանսահայ էր, լիբանանահայ, ամերիկահայ...սփյուռքահայ և պարտադրված էր ապրել նոր աշխարհի օրենքներով։ Այլևս բնիկ չէր, չուներ իր հայրենի հողը, գաղթական էր։ Սոցիալ-քաղաքական նոր գոյավիճակը նրան թելադրում էր կենսապայքարի նոր ձևեր։ Բազմաթիվ էին նրան մտատանջող հարցերը. ի՞նչ է անելու այդուհետ, ինչպե՞ս էր ճարելու օրվա ապրուստը, արդյո՞ք կարող էր օտար հողում պահել իր ազգային ինքնությունը, մայրենի լեզուն, իրզավակներին կարո՞ղ էր տալ հայեցի կրթություն, արդյո՞ք մի օր պիտի հաղթեր արդարությունը, որ ինքն իր հայրենի տունը վերադառնար։ Այս հարցականներին պիտի պատասխան տար հայ մտվորականը, հայ գրողը պիտի գրականության մեջ կերպավորեր սփյուռքահայության այս նոր հեգեվիճակը։ Գրականության հերոս պիտի դառնար իր գոյատևության համար տքնող, անկամորեն ուծացող կամ ուծացման վտանգի դեմ պայքարող, կորցրած հայրենի տան կարոտից տառապող ու վերադարձի հույսը փայփայող սփյուռքահայը՝ իր ճակատագրի մասին մտատանջող խոհերով։ Եվ Սփյուռք տարագրված հայ գրողները ու նաև գրողների նոր սերունդը 1920-1930-ական թթ. սկզբնավորեցին սփյուռքահայ գրականությունը։

Ընդգրկման սահմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեճեր են եղել սփյուռքահայ գրականության ընդգրկման սահմանների ու նաև լեզվի հարցի շուրջ։ Նկատվել է, թե սփյուռքահայ գրականությունը շարունակությունն է արևմտահայ գրականության, որը ստեղծում են արտասահման տարագրված արևմտահայ գրողները՝ արևմտահայ նոր սերնդի գրողների հետ, արևմտահայերենով։ Սփյուռքի գրականության մեջ չէին ներառում պարսկահայ գրականությունը, քանի որ պարսկահայերը տարագրված չէին և գրում էին արևելահայերեն։ Տարագրված չլինելու պայմանով, ըստ էության Սփյուռքի գրականությունից դուրս էին մնում նաև Պոլսի գրողները, քանի որ նրանք էլ հիմնականում բնիկներ էին։ Պոլիսն արևմտահայ գրականության գլխավոր կենտրոնատեղին էր, ուր հետագայում ու առ այսօր շարունակվում է գրական կյանքը։ Ստեղծված գրականության խնդիրներն էլ գրեթե նույնական են, քանի որ Հայաստանից դուրս, հայրենիքից հեռու հայության՝ սփյուռքահայության կյանքի տագնապների ու հույսերի դրսևորումներն են։ Լեզուն էլ էական չէ, արևմտահայերեն թե արևելահայերեն, քանի որ ծագումով արևելահայ կամ պարսկահայ շատ գրողներ տեղափոխվելով Իտալիա, Ֆրանսիա կամ ԱՄՆ, դարձել են Սփյուռքի գրականության նշանավոր դեմքերից, թեև նրանց լեզուն արևելահայերենն է։

Գրականության գլխավոր թեմաներն ու խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականության (արձակ, չափածո թե դրամատուրգիա) նպատակն ընդհանրապես, ինչպես հայտնի է, կյանքի պատկերավոր վերարտադրությամբ մարդկային գեղեցիկ իդեալների՝ բարու, արդարության, առաքինության, մարդասիրության, մարդու մեջ մարդկայինի հաստատումն է և մերժումն ամենայն չարյաց, որ խաթարում են մարդու մեջ մարդկայինը, բնականն ու գեղեցիկը։ Այս ամենը սփյուռքահայ գրականությունը փորձեց տալ ամենից առաջ տարագիր, անհայրենիք հայության կյանքի պատկերներով։ Սփյուռքահայ գրականության գլխավոր թեման եղավ ու մնաց սփյուռքահայության ճակատագրի քննությունը, նրա անցած ու ներկա կյանքի պատմությունը՝ հայրենի հողի վրա, հայրենի օջախում նրա երջանիկ թե հոգսաշատ օրերից մինչև ջարդ ու աքսորի տաժանելի օրերը, թափառումները երկրե երկիր, մի կտոր հացի որոնումներն օտար ափերում, ամենօրյա հոգեկան ու ազգային կորուստները։ Սփյուռքահայ գրողի գլխավոր նպատակը եղավ օգնել հայրենիքը կորցրած տարագիր հայությանը՝ օտար ափերում գոյատևելու, ձուլման վտանգին դիմադրելու նրա ամենօրյա ծանր ու դժվարին պայքարի ընթացքում։ Ձուլման, ուծացման, սպիտակ ջարդի դեմ պայքարի ուղիների իրենց որոնումների մեջ սփյուռքահայ գրողները, սկսած 1920-ական թվականներից, դրսևորեցին տարբեր մոտեցումներ։ Առանձին գրողներ իրենց գործերում պատկերեցին տարագիրների, այսպես կոչված, «անցյալ» կյանքը, այսինքն՝ եղեռնից առաջ, հայրենի գյուղում ապրած օրերը, խորհելով, թե հայրենիքը կորցրած սփյուռքահայությանը պետք է կապել հիշատակների հետ, վերակենդանացնելով նախորդ կյանքը՝ նրան տալ հոգեկան հայրենիք, անմար պահել հայրենի տան կարոտը, վերադարձի հույսը, գտնելով, թե դա է լավագույն միջոցը, որ կարող է նրան ամուր պահել ձուլման վտանգի դեմ։ Հայ մարդուն իր հայրենիքում, կյանքի բնական ընթացքի մեջ պատկերող այդ գրականությունը միաժամանակ աշխարհին ուղղված բողոք էր այն անարդարության, բարբարոսության դեմ, որ տեղի էր ունեցել դարասկզբին՝ արևմտահայության ջարդն ու աքսորը։ Այդ գրականությունը, որ հայրենի գյուղի վերհուշային պատկերումն էր՝ ողողված տարագիր գրողների անափ կարոտի զգացումով, կոչվեց հավասարապես և՛ գյուղագրություն, և՛ վերհուշի, և՛ կարոտի գրականություն։ Այդ գրականությունը ստեղծեցին Համաստեղը, Հակոբ Մնձուրին, Վազգեն Շուշանյանը, Վահե Հայկը, Բենիամին Նուրիկյանը, Արամ Հայկազը և շատ ուրիշներ։ Ուրիշ գրողներ գտնում էին, թե ուծացմանն ընդդիմանալու համար սփյուռքահային պետք է պատկերել Սփյուռքի կյանքը, ամենօրյա մաքառումը գոյատևման համար, պետք է կերպավորել կամովին ու ակամա ուծացողներին, վերլուծել, քննել այդ կյանքը, զգուշացնել ձուլման անտես վտանգից, արթնացնել նիրհող ազգային զգացումները։ Այդպիսի մտահոգությամբ արժեքավոր երկեր ստեղծեցին Շահան Շահնուրը, Վազգեն Շուշանյանը, Զարեհ Որբունին, Մուշեղ Իշխանը և շատ ուրիշներ։ Ուրիշ գրողներ, թեմա ընտրելով անցյալն ու ներկան հավասարապես, ուծացման վտանգի դեմ կարևորում էին ազգային ոգին բորբոք պահելու պայմանը, հայ ոգին որոնող ու վերհանող գրականության ստեղծումը, որը կօգներ սփյուռքահայ զանգվածին՝ ճանաչելու իրեն, իր պատմությունը, իր ազգային ինքնությունը և կջանար պահպանել այն։ Այս մղումով ստեղծվեցին Հակոբ Օշականի, Կոստան Զարյանի, Վահան Թեքեյանի, Արամ Հայկազի, Սիմոն Սիմոնյանի և շատ ուրիշների լավագույն գործերը։ Ուծացման վտանգին դիմադրելու գլխավոր պայմանը մայրենի լեզուն չմոռանալու, զավակներին հայեցի կրթություն ու դաստիարակություն տալու, ինչպես նաև գոյություն ունեցող հայրենիքի նկատմամբ սեր ու հավատ ներշնչելու մեջ էին տեսնում գրեթե բոլոր գրողները, իսկ նրանցից շատերը Հայաստանում համահավաքի մեջ էին տեսնում սփյուռքի փրկությունը։ Այսպես, սփյուռքահայության կյանքի, ճակատագրի բազմակողմանի քննությունը դարձավ Սփյուռքի գրականության հիմնական թեման, խնդիրն ու նպատակը՝ սկզբնավորման առաջին տարիներից մինչ այսօր։

Գրականության զարգացման պայմաններն ու շրջանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփյուռքահայ գրականությունը զարգացման տարբեր շրջաններ է անցել, տարբեր շրջաններում իր բազմաթիվ խնդիրներից կարևորելով մեկ-երկուսը։ Առաջին շրջանում (1920-30-ական թթ.), որ սփյուռքահայ գրականության սկզբնավորման ու ձևավորման տարիներն են, գլխավոր խնդիրը սփյուռքահայության ներկա ու անցյալ կյանքի պատկերումն է՝ ուծացման վտանգի զգուշացումով։ Երկրորդ շրջանում (40-50-ական թթ.) գլխավոր է դառնում պատերազմում Հայաստանի ճակատագրի հարցը, պատերազմից հետո՝ սփյուռքահայության զանգվածային ներգաղթի և Հայաստան-Սփյուռք փոխադարձ կապերի խնդիրը։ 1960-80-ական թվականներին Մեծ Եղեռնի տարեդարձների համազգային հիշատակման իրողությունը, հայ դատի նոր արծարծումները սփյուռքահայ գրականությանը մղում են համազգային հարցերի քննության և սփյուռքահայ նոր սերնդի կերպավորման։

Սփյուռքահայ գրականությունը ստեղծվել է աշխարհի տարբեր երկրներում, քաղաքական տարբեր պայմաններում, հետևաբար զարգացման տարբեր հնարավորություններ ու ազդակներ է ունեցել։ Եթե Եվրոպայի, ԱՄՆ-ի ու արաբական երկրների գաղթօջախներում, քաղաքական ազատության պայմաններում սփյուռքահայ գրողները կարող էին ազատորեն գրել եղեռնի, թուրքական բարբարոսության, կորցրած հայրենիքի, կորսված արդարության մասին, ապա պոլսահայ, շատ տարիներ նաև պարսկահայ գաղթօջախում նրանց նրանց չտրվեց ազատ խոսքի հնարավորություն։ Մյուս կողմից, եթե մուսուլմանական երկրներում այլակրոնության պայմանը ստիպեց հայությանը հավաքվել ազգային եկեղեցու շուրջ, ավելի ամուր պահել մայրենի լեզուն ու հայ դպրոցը, ապահովելով հայ գրողի հայերեն գիրքը կարդացող զանգված, գրականության զարգացման համար նպաստավոր հող, ապա Եվրոպայի քրիստոնեական հավատի երկրներում, միակրոնության ու նաև մշակույթի զարգացման բարձր աստիճանի պատճառով դիմադրությունն ավելի թույլ եղավ, հայ դպրոցների թիվը կամաց-կամաց նվազեց, պակասեց հայալեզու ընթերցողը, բնականաբար նաև գրողների թիվը։

Մյուս կողմից՝ Արևելքի երկրներում քաղաքական անկայուն վիճակը, երկարատև պատերազմները ստիպեցին, որ հայերը երկրից երկիր անցնեն, և Մերձավոր Արևելքի, Պարսկաստանի գաղթօջախներից զանգվածային արտագաղթեր տեղի ունենան դեպի Եվրոպա և ԱՄՆ. նրանց մեջ էին, բնական է, նաև շատ գրողներ։ Տարբեր ժամանակ գրական կյանքի կենտրոնացումներ եղան տարբեր երկրներում։ Այսպես, 1920-30-ական թթ. գրական նշանակալից կենտրոններ էին Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի գաղթօջախները, 40-60-ական թթ-ին՝ Մերձավոր Արևելքի (հատկապես Լիբանանի, 60-80-ականներին՝ ԱՄՆ-ի։ Դա չի նշանակում, իհարկե, ոթե մյուս գաղթօջախներն ամլանում են. գրական կյանքը շարունակվում է, երբեմն-երբեմն ստեղծվում են արժեքավոր գործեր։

Գրական ուժերը գաղթօջախներում[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-30-ական թվականներին ֆրանսահայ գաղթօջախում ստեղծագործում էին Շահան Շահնուրը, Վազգեն Շուշանյանը, Հրաչ Զարդարյանը, Նիկողոս Սարաֆյանը, Զարեհ Որբունին, Շավարշ Նարդունին, Նշան Պեշիկթաշլյանը, Բուզանդ Թոփալյանը, Մառի Աթմաճյանը, Լասը, Պետրոս Զարոյանը, Սեման (Գեղամ Աթմաճյան), Միսաք Մանուշյանը և ուրիշներ։ Շուշանյանը մահացավ 1941 թ., Լասը, Սեման ու Միսաք Մանուշյանը զոհվեցին ֆաշիզմի դեմ Ֆրանսիայի մղած ազատագրական պայքարի տարիներին, մյուսները շարունակեցին ստեղծագործել նաև հետպատերազմյան շրջանում։ Հետպատերազմյան տարիներին գաղթօջախում, նոր երիտասարդ գրողներ գրեթե ասպարեզ չեկան, և ֆրանսահայ գրականությունը ներկայացնող անուններից (Կարապետ Փոլատյան, Մարկ Նշանյան, Զուլալ Գազանճյան, Գրիգոր Պըլտյան, Հիլդա Գալֆայան) շատերը առավելապես զբաղվում են գրականագիտությամբ ու քննադատությամբ։

1920-1930-ական թթ. ամերիկահայ գազթօջախում, գրական ասպարեզ իջան գրողները (Համաստեղ, Վահե Հայկ, Բենիամին Նուրիկյան, Հակոբ Ասատուրյան, Սուրեն Մանվելյան, Արամ Հայկազ, Անդրանիկ Անդրեասյան և ուրիշներ) բարեբախտաբար գրական բեղուն գործունեությունը շարունակեցին նաև հետպատերազմյան տասնամյակներում՝ ստեղծելով արժեքավոր շատ գործեր, իսկ 1960-80-ական թթ. ուրիշ գաղթօջախներից ԱՄՆ տեղափոխված միջին ու երիտասարդ սերնդի մի շարք գրողներ (Ժագ Հակոբյան, Նուբար Չարխուտյան, Զարեհ Մելքոնյան, Նուպար Ակիշյան, Հակոբ Կարապենց, Սարգիս Վահագն, Պողոս Գուբելյան, Վեհանուշ Թեքյան և ուրիշներ) համալրեցին գաղթօջախի գրական ընտանիքը։

Մերձավոր Արևելքի երկրներում սփյուռքահայ գրականությունը զարգացման հուն է մտնում 1930-ական թթ.՝ Վահե-Վահյանի, Անդրանիկ Ծառուկյանի, Մուշեղ Իշխանի, Ժագ Հակոբյանի առաջին ժողովածուներով, իսկ 40-60-ական թթ. Մերձավոր Արևելքի (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս) ծաղկուն գաղթօջախն ապրում է գրական լիաբուռն կյանքով. հիշված բանաստեղծներին միանում են նորերը՝ տարեց ու երիտասարդ գրողներ՝ Սիմոն Սիմոնյանը, Սմբատ Փանոսյանը, Արմեն Դարյանը, Գևորգ Աճեմյանը, Պողոս Սնապյանը, Զարեհ Մելքոնյանը, Վահրամ Մավյանը, Պեպո Սիմոնյանը և շատ ուրիշներ։ 1970-80-ական թթ. Մերձավոր Արևելքի քաղաքական անկայուն վիճակի, լիբանանյան երկարատև կռիվների պատճառով շատ գրողներ հեռանում են այնտեղից և գրական կյանքը թեև շարունակվում է, սակայն գրական լուրջ արժեքներ չեն ստեղծվում։

1922-ից հետո, երբ պոլսահայ գրողների մեծ մասը, թուրքական նոր իշխանությունների հայահալած քաղաքականությունից ահաբեկված՝ փախավ Պոլսից, երկար տարիներ թուրք կառավարությունը, հասարակությունը, մամուլը հայությանը պահում էր արհամարհանքի, իրավական ահաբեկչության ծանր մթնոլորտում, և Պոլսում մնացած մի քանի գրողները, բնականորեն, պիտի լռեին։ Պոլսահայ գրական կյանքում որոշ աշխուժություն է նկատվում միայն 30-ական թթ. վերջերին, ապա 40-50-ական թթ., երբ գրական նոր սերունդը, թուրքական գրականության ընդհանուր աշխուժացման հետ, հետաքրքրությունների նույն՝ համամարդկային զգացումների շրջանակում, որոշ ազատություն է ստանում։ Հենց այդ սերունդն էլ արդեն տարեց Հակոբ Մնձուրու հետ վերջին երեսուն տարիներին կրկին աշխուժացրեց պոլսահայ գրական կյանք։

Պարսկահայ գրականության մեջ ծանոթ անուններ են Ոստանիկը, Արամ Գառոնեն, Դևը, Գևորգ Դարֆին, Հրանտ Ֆալյանը, Արշին, հետագա տարիներին՝ Գալուստ Խանենցը, Զորայր Միրզայանը, Արշավիր Մկրտիչը, Աշոտ Ասլանը, վերջին երկու տասնամյակներում՝ Խաչիկ Խաչերը, Վարանդը, Ռուբինան, Արմանդը, Ալմին և ուրիշներ։ Արտագաղթի հետևանքներով պարսկահայությունը գտնվել է հեղհեղուկ վիճակում, երկրից տարբեր տարիների հեռացել են շատ գրողներ, իսկ շատերն էլ, արտահայտվելու ասպարեզ չունենալով, մատնվել են ամլության։

Արևմտահայ վերապրող գրողները Սփյուռքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփյուռքահայ գրականության առաջին սերնդի գրողների հետ 1920-40-ական թթ. ստեղծագործում էր արևմտահայ գրականության «վերապրող» սերունդը, նրանք, որ բախտի բերումով փրկվեցին եղեռնից։ Շարունակելով արևմտահայ գրականության ավանդները ու նաև երիտասարդների հետ հիմք դնելով նոր՝ սփյուռքահայ շրջանի գրականության՝ նրանք ասես դարձան կապող օղակ արևմտահայ ու սփյուռքահայ գրականության միջև, և խզում չեղավ հենց նրանց շնորհիվ։ 1890-1900-ական թթ. գրական ասպարեզ իջնող սփյուռքահայ երիտասարդ գրողների համար եղավ գրական ուսուցիչ ու դաստիարակ և հայրենիք կորցրած ու Սփյուռքի կյանքի անորոշությունից երիտասարդ սերնդին կողմնորոշեց գրական կյանքի առաջին քայլերը կատարելիս։ Աներկբայորեն, նոր սերնդի համար ուսուցիչներ դարձան Արշակ Չոպանյանը, Վահան Թեքեյանը, Հակոբ Օշականը, Տիգրան Կամսարականը, Զապել Եսայանը, Ռուբեն Որբերյանը, Վահան Մալեզյանը և ուրիշներ։ Ուսուցիչներ եղան և՛ հայկական դպրոցներում նրանց դասավանդելով (Թեքեյան, Օշական), և՛ դպրոցներում նրանց գրական առաջին քայլերը ոգևորող գրախոսություններով ու քննադատական կողմնորոշիչ հոդվածներով (Չոպանյան, Թեքեյան, Օշական և մյուսներ), և՛ իրենց հրատարակած հանդեսներում նրանց ստեղծագործությունները տպագրելով, և՛ իրենց կենսասիրական, հայրենասիրական ստեղծագործություններով ու ազգային առողջ մտածողությամբ։ Նրանք սփյուռքյան շրջանում նաև շատ արժեքավոր գրական գործեր ստեղծեցին։

Հայազգի օտարագիր գրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թթ. նկատելի երևույթ դարձավ հայազգի գրողների օտարալեզու գրականությունը։ Ցավոք, այդ երևույթը մեծացավ, ծավալվեց հետագա տասնամյակներում ու շարունակվում է առ այսօր։

Այդ գրողների մի մասը Սփյուռքում ծնված և հայեցի կրթություն չստացած հայեր են, մյուս մասը՝ հայ գրականության մեջ նախապես աչքի ընկած գրողներ։ Եթե առաջինները կյանքի պարտադրանքով, մայրենի չիմանալու պատճառով են գրում օտար լեզվով, ապա մյուսներն ընթերցողների լայն զանգվածներ ունենալու, գրական գործով ապրուստ գտնելու ու նաև հայ դատի էությունն օտարներին բացատրելու մտահոգությամբ են դիմել օտար լեզուներին։

Օտարալեզու այդ գրականությունը հայ գրականություն չէ, բայց պատվաբեր է հայ ժողովրդին, եթե նրա զավակները գրական բարձր արժեքներ են ստեղծում օտար գրականությունների մեջ։ Այդ գրականությունը մեզ համար արժեքավորվում է հատկապես, եթե այն թեմաներ է ընտրում հայ կյանքից, ուրիշ ժողովուրդներին ծանոթացնում է հայ մարդու ազգային խնդիրների հետ։ Եթե այդ գրականության նյութը հայն է՝ իր պատմությամբ, ազգային ու անձնական ապրումներով, ապա այն կարևոր դեր կարող է ունենալ օտար աշխարհներում սփռված այն հայերի համար, ովքեր իրենց բաժին հասած կյանքի պայմանների բերումով հայկական դպրոցներ չեն կարող հաճախել, բայց օտար լեզուներով կարող են կարդալ հայ մարդու, Հայաստանի մասին այն գրականությունը և չկտրվել ազգային արմատներից։ Այս դերով Սփյուռքի օտարագիր գրականությունը միասնանում է Սփյուռքի հայերեն գրականության հետ։

Հայազգի օտարագիր բազմաթիվ գրողներից են. անգլիագիր՝ Վիլյամ Սարոյան, Լևոն-Զավեն Սյուրմելյան, Մայքլ Արլեն (Տիգրան Գույումճյան), Մայքլ Արլեն Կրտսեր, Դայանա Տեր-Հովհաննիսյան, Դավիթ Խրդյան, Հարոլդ Բոնդ, ֆրանսագիր՝ Վահե Քաչա, Անրի Թրուայա, Արմեն Լյուբեն (Շահան Շահնուր), Ռուբեն Մելիք, Շառլ Ազնավուր, Վահե Գոդել, իսպանագիր՝ Ալիսա Կիրակոսյան, Դավիթ Չերսիյան, ռուսագիր՝ Մարիետա Շահինյան, Կոնստանտին Սերեբրյակով, Վարդգես Թևեքելյան, Սավա Դանգուլով, Նորա Ադամյան, Էդուարդ Ասադով, ռումինագիր՝ Սևադա Սևան, իտալագիր՝ Հրանտ Նազարյան և ուրիշներ։ Նրանցից շատերը նկատելի վաստակ ունեն անգլո-ամերիկյան, ֆրանսիական և այլ գրականությունների մեջ։

Սփյուռքահայ գրականության պատմությունը ներկայացնում են բազմաթիվ գրողներ, ում մեջ իրենց տաղանդով ու ստեղծած արժեքներով առանձնանում են ոչ քիչ անուններ, և դա նշանակում է, թե հայաստանյան գրականության կողքին, տարաշխարհում շարունակվել է արևմտահայ գրականությունը նոր, սփյուռքահայ տարբերանիշով։ Այդ գրականությունը հայ գրականության անբաժան մասն է և հայաստանյան գրականության հետ միասնաբար՝ հայ բազմադարյան գրականության հարուստ ու հետաքրքիր շրջաններից մեկը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վազգեն Արշալույսի Գաբրիելյան, Սփյուռքահայ գրականություն, Երևան, 1994 թ.։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։