Սցինտիլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սցինտիլյացիա (լատին․՝ scintillatio - առկայծում), կարճատև (~10−4 –10−9 վրկ) լուսային բռնկում (լյումինեսցենցման բռնկում), որն առաջանում է սցինտիլյատորներում՝ իոնացնող ճառագայթումների ազդեցությամբ։

Սցինտիլյացիան առաջինը դիտել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Ու․ Կրուկսը (Crooks, 1832-1919), 1903 թվականին՝ α-մասնիկներով ZnS-ից պատրաստված էկրանը ճառագայթելիս։ Սցինտիլյատորի (լյումինաֆորի մի տեսակ) ատոմները կամ մոլեկուլները իոնացնող ճառագայթման (լիցքավորված մասնիկների) էներգիայի հաշվին գրգռվում են և ապա, անցնելով նորմալ վիճակի, առաքում են լուսային քվանտներ, այսինքն՝ դիտվում է սցինտիլյացիայի երևույթ։ Սցինտիլյացիայի մեխանիզմը, ճառագայթման սպեկտրը և լուսարձակման տևողությունը կախված են լյումինեսցենտային նյութի տեսակից, իսկ պայծառությունը կախված է լիցքավորված մասնիկների բնույթից և այն էներգիայից, որը մասնիկը կորցնում է նյութի միջով անցնելիս (օրինակ, α-մասնիկների և պրոտոնների սցինտիլյացիան զգալիորեն պայծառ է β-մասնիկների սցինտիլյացիայից)։

Սցինտիլյացիայի յուրաքանչյուր բռնկում մի մասնիկի ազդեցության արդյունք է։ Այդ երևույթի հիման վրա են աշխատում սցինտիլյացիոն հաշվիչները, որոնք օգտագործվում են փորձարարական ֆիզիկայում՝ որպես տարրական մասնիկների դետեկտորներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 174