Սրաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սրաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Կապան համայնք[1]
Մակերես8,88 կմ²
ԲԾՄ1025 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն90[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսրաշենցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Սրաշեն (Հայաստան)##
Սրաշեն (Հայաստան)
Սրաշեն (Սյունիքի մարզ)##
Սրաշեն (Սյունիքի մարզ)

Սրաշեն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի պաշտոնական անունը Սրաշեն է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Քիլիսաքենդ անունով[4]։ Քիլիսա բառը թուրքերենից թարգմանաբար նշանակում է եկեղեցի, իսկ քենդը՝ գյուղ, այսինքն՝ Եկեղեցու գյուղ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 15 կմ հարավ-արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 980-ից 1060 մ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակում Սրաշեն անունը գոյություն չունի։ Հավանաբար սա նախկին Պողոսի վանք գյուղն է եղել։ Ըստ ցարական կամերալ (ծխական) նկարագրությունների Սրաշեն գյուղը 1832 թվականին ուներ 16 ծուխ՝ 97 բնակիչ։

Գյուղում հարգի է եղել շերամապահությունը, որով զբաղվում էին նախախորհրդային շրջանում։ Ավանդության համաձայն սրաշենցիները Խուդափիրինի կամրջով անցել են Պարսկաստան և այնտեղից գյուղ բերել թթենու տնկիներ և շերամ։ Լավագույն շերամապահը այս կողմերում համարվել է Սրաշեն գյուղացի Մկրտիչը։

1980-ական թթ. սկզբին Սոսիների պուրակի տարածքում կառուցված պոմպակայանից ջուրը մղվեց Սրաշենի ընդարձակ վարելահողերը, որը օգնեց վարելահողերի և այգիների ոռոգմանը, տարիներ շարունակ ստացում էր առատ բերք։ 1965 թվականին Սրաշենի կոլտնտեսությունը միավորվել է Շիկահողի պետական տնտեսության հետ։ Հիմնական զբաղմունքն էր անասնապահությունը, ծխախոտագործությունը, պղտղաբուծությունը, հացահատիկի արտադրությունը։ 1991 թվականին, հողի սեփականաշնորհումից հետո գյուղն անցավ մասնավոր տնտեսավարման։ 1989-ին և Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում գյուղն ուներ 108 բնակիչ, որը չխանգարեց Սրաշենին լինել սահմանամերձ ամենահերոսական գյուղերից մեկը։ Բազմաթիվ սրաշենցիներ, ինչպես նաև դրսից օգնության հասած կամավորներ իրենց կյանքը տվեցին գյուղի պաշտպանության համար։

Գյուղից ներքև Փշոնց կոչվող տարածքում հայտնաբերվել են դամբարանադաշտեր։ Հս-արևմուտքում, Ճանճապտուկ լեռան արևելյան լանջին գտնվում է Սղնախատեղ ավերակ գյուղատեղին։ Մոտակայքում կան նաև միջնադարյան ամրոցի ավերակներ։ Գյուղից արևելք, Շիկահող գետի ափին կան պղնձահանքի պաշարներ, որոնք, անկասկած, արդյունահանվել են վաղ անցյալում։ Սրաշենցիների մի մասը տեղաբնիկ է։ Մյուս մասը տարեցների վկայությամբ այստեղ է տեղափոխվել Ղարադաղից, Ողջի գետի աջ ափի Ասկուլում գյուղից, իսկ հետագայում նաև Ըռոտմանց (Ղուրղուլու) գյուղից։ Սրաշենցիները բնավորությամբ կամեցող են, հանդուրժող, համեստ, աշխատասեր։ Նրանք հումորի բարձր զգացում ունեն։ Ցավոք գյուղը զգալիորեն տուժել է Արցախյան ազատամարտի ժամանակ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Սրաշենի մշտական բնակչությունը կազմել է 90, առկա բնակչությունը՝ 83 մարդ։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[5][6], որոնց նախնիների մի մասը եկել է 19-րդ դարում Ղարադաղից[7]։ Ստորև ներկայացված է Սրաշեն գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5][6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 101 78 235 470 414 245 171 114 108 105[8] 90[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ և պտղաբուծությամբ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրաշեն գյուղի ծխական դպրոցի մասին հիշատակություն կա 1908 թվականի Կովկասի հայ ՝բարեգործական ընկերության նպաստառու դպրոցների ցուցակում։ Խորհրդային ժամանակներում գործել է տարրական դպրոց։ Սրաշենցի երեխաները միջնակարգ կրթություն ստանում էին Շիկահողի և Կապան քաղաքի միջնակարգ դպրոցներում։ Այս գյուղի՝ ինչպես, դպրոցի, այնպես էլ պատմության վերաբերյալ սակավ են վավերագրերը։ ՀՀ ազգային արխիվում պահպանվում է սրաշենցիների մի խնդրագիրը Գևորգ 5-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ գյուղում եկեղեցական – ծխական դպրոց բացելու մասին։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 381
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. 6,0 6,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 4, էջ 690
  7. Սրաշենի մասին տեղեկություններ
  8. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրաշեն» հոդվածին։