Ստյուարտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստյուարտների տոհմական զինանշանը
Անգլիայի զինանշանը Ստյուարտների օրոք

Ստյուարտներ (անգլ.՝ Stuart, Stewart), թագավորական դինաստիա Շոտլանդիայում (1371-ից), ապա և Անգլիայում (1603 -1649, 1660 - 1714)։ Սերում են շոտլանդական հայտնի տոհմից, որի ներկայացուցիչները XII դ. զբաղեցրել են արքայական կառավարչի՝ ստյուարտի (այստեղից էլ դինաստիայի անվանումը) պաշտոնը։

Շոտլանդիայի թագավոր Հակոբ IV Ստյուարտը (թագավոր 1488 - 1513) ազգակցական կապեր է հաստատել Թյուդորների անգլիական դինաստիայի հետ։ Նրա թոռը՝ շոտլանդական թագուհի Մարի Ստյուարտը, 1587-ին մահապատժի է ենթարկվել Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I Թյուդորի դեմ դավադրության մեղադրանքով։

Նրա որդին՝ Շոտլանդիայի թագավոր Հակոբ VI-ը Եղիսաբեթ I-ի կտակով դարձել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր՝ Հակոբ I անունով (թագավոր 1603 - 1625)։ Հակոբ I-ի և նրա որդու՝ Չարլզ I-ի (թագավոր 1625 - 49) միահեծան բռնապետական քաղաքականությունն առաջ է բերել հեղափոխական ճգնաժամ։ Անգլիական բուրժուական հեղափոխության ժամանակ (1640 - 1660) Չարլզ I-ը մահապատժի է ենթարկվել, Անգլիան հռչակվել է հանրապետություն։

1660-ին Ստյուարտները վերահաստատվել են Անգլիայի գահին (Չարլզ II, թագավոր 1660 - 85)։ Չարլզ II-ի հաջորդը՝ Հակոբ II (թագավոր 1685 - 88), գահընկեց է արվել պետական հեղաշրջմամբ (այսպես կոչված՝ «Պանծալի հեղափոխություն»)։ Գահը գրավել է Վիլհելմ III Օրանացին (թագավոր 1689 - 1702), որը կառավարել է կնոջ՝ Հակոբ II-ի դուստր Մարի II Ստյուարտի հետ (թագուհի 1689 - 94)։ Աննա Ստյուարտի (թագուհի 1702 - 14) մահից հետո գահն անցել է Հանովերյան դինաստիային, որը հեռավոր ազգակցություն ուներ Ստյուարտների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 141