Ստեփան Թոփչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Թոփչյան
Ծնվել էհունիսի 20, 1937(1937-06-20)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 16, 2021(2021-01-16)[2] (83 տարեկան)
Վախճանի վայրԳլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող և գրականագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (1966)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԱրտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերությունների միություն, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Հայկական սովետական հանրագիտարան և Սովետական գրող
Ստեփան Թոփչյան Վիքիդարանում

Ստեփան Էդուարդի Թոփչյան (հունիսի 20, 1937(1937-06-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 2021(2021-01-16)[2], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան, նկարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ Գրողների միության անդամ 1967 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Թոփչյանն ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959 թ. աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960-1966 թթ.՝ ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1967-1976 թթ. եղել է ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի էսթետիկայի, ապա հայ փիլիսոփայության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 1976-1979 թթ.՝ Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալը։ 1979 թվականից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, սկզբում որպես Գեղարվեստական արձակի խմբագրության բաժնի վարիչ, հետո՝ որպես Հայ դասական գրականության բաժնի վարիչ։ 1966 թվականին պաշտպանել է ատենախոսություն՝ «Շիրվանզադեի էսթետիկական հայացքները» թեմայով և դարձել բանասիրական գիտությունների թեկնածու։ 1993 թվականից մասամբ բնակվել է ԱՄՆ-ում՝ ակտիվորեն աշխատակցելով ամերիկահայ մամուլին։ Վերջին տարիներին պարբերաբար ապրել ու ստեղծագործել է Հայաստանում։ Նրա հիմնական աշխատություններից են՝ «Շիրվանզադեի էսթետիկան» (1963), «Րաֆֆու էսթետիկական հայացքները» (1971), «Հայ նոր գրականության պատմության» «Դանիել Վարուժան» գլուխը (հատոր 5, 1979), «Անհունի անդրադարձը» (1982) ու «Կերպ և իսկություն (1985) գրականագիտական ուսումնասիրությունների ժողովածուները, «Հայ քննադատության պատմության» «Հովհաննես Թումանյան» գլուխը (հատոր 2, 1998), «Ապագայի հիշողությունը» (երկու հատոր, 2003) և «Կարիճի տարի» (2016) հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, «Կյանք դարերի համար/Ավետիս Ահարոնյանի կյանքը» (2003) և «Հովսեփ Էմին» (2017) մենագրությունները։ Ստեփան Թոփչյանի վերջին՝ «Երվանդ Քոչար» մենագրությունը հրատարակության ընթացքում է։ Առայժմ անտիպ են մնում Լեսսինգի «Լաոկոոնի»՝ գերմաներենից հայերեն թարգմանությունը՝ ծավալուն ուսումնասիրությամբ, և Ուիլյամ Հոգարթի «Գեղեցկության վերլուծություն» տրակտատի մասին ուսումնասիրությունը։ Նրա «Հայկական նեո­ռո­ման­տիզմի էսթետիկայի ուրվագիծ» հիմնարար աշխատությունը համարվում է հայ գրականագիտության նվաճումներից մեկը և հիմք է ծառայել հետագա բազմաթիվ նոր ուսումնասիրությունների համար։ Ստեփան Թոփչյանը հեղինակ է մի քանի հարյուր հոդվածների, որոնք տպագրվել են հայ ու արտասահմանյան մամուլում, և բազմաթիվ գրքերի առաջաբանների։ Որպես ակտիվ մտավորական, նա մշտապես արագորեն արձագանքել է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրադարձություններին՝ տալով իրավիճակների հրատապ ու խորքային վերլուծություններ, բազմիցս հանդես է եկել հրապարակային ելույթներով ու հարցազրույցներով ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Նաև ստեղծագործել է որպես նկարիչ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շիրվանզադեի էսթետիկան, 1963։
  • Րաֆֆու էսթետիկական հայացքները, 1971։
  • Հայ էսթետիկական մտքի պատմությունից (Գիրք I, «Հայկական նեո­ռո­ման­տիզմի էսթետիկայի ուրվագիծ» գլուխը), 1974։
  • Հայ էսթետիկական մտքի պատմությունից (Գիրք II), 1976:
  • Очерк развития эстетической мысли в Армении (соавторы Я. Хачикян и др.), Москва, 1976:
  • Հայ նոր գրականության պատմություն («Դանիել Վարուժան» գլուխը, հատոր 5), 1979։
  • Անհունի անդրադարձը, գրականագիտական ուսումնասիրություններ, 1982։
  • Կերպ և իսկություն, գրականագիտական ուսումնասիրություններ, 1985։
  • Հայ քննադատության պատմություն, հատոր 2, 1998 («Հովհաննես Թումանյան» գլուխը)։
  • Ապագայի հիշողությունը, հրապարակախւսություն, գիրք 1-2, 2003։
  • Կյանք դարերի համար /Ավետիս Ահարոնյանի մասին/, 2003:
  • Կարիճի տարի, հրապարակախոսություն, 2016։
  • Հովսեփ Էմին, 2017։
  • Երվանդ Քոչար, 2021

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ․ Հ․ Խաչատրյան «Գրական տեղեկատու», «Սովետական գրող հրատարակչություն», 1986 թ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Թոփչյան» հոդվածին։