Ստեփան Էլմաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Էլմաս
Երիտասարդ Ստեփան Էլմասը 1887-ի փետրվարին Վիեննայում (լուսանկարը` Իգնաց Այգների)
Բնօրինակ անունարմտ. հայ.՝ Ստեփան Էլմաս
Ի ծնե անունարմտ. հայ.՝ Ստեփան Էլմասեան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1864(1864-12-24)[1][2]
Իզմիր, Օսմանյան կայսրություն[1][2]
Երկիր Շվեյցարիա և  Օսմանյան կայսրություն
Մահացել էօգոստոսի 11, 1937(1937-08-11)[1][2] (72 տարեկան)
Ժնև, Շվեյցարիա[1][2]
ԳերեզմանԹագավորների գերեզմանատուն[3]
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Կայքstephanelmas.org
 Stéphan Elmas Վիքիպահեստում

Ստեփան Գևորգի Էլմաս (դեկտեմբերի 24, 1864(1864-12-24)[1][2], Իզմիր, Օսմանյան կայսրություն[1][2] - օգոստոսի 11, 1937(1937-08-11)[1][2], Ժնև, Շվեյցարիա[1][2]), հայ դաշնակահար, կոմպոզիտոր։

1879 թվականին Վայմարում աշակերտել է Ֆերենց Լիստին, ապա Վիեննայում՝ Ա. Դորիին և Ֆ. Քրիմին։ Առաջին անգամ ելույթ է ունեցել 1885 թվականին Վիեննայում՝ իր ստեղծագործություններից կազմված հայտագրով (այդ թվում՝ Ֆրենց Լիստին ձոնած 6 էտյուդ, 1882)։ 1912 թվականից ապրել է Ժնևում։ Մինչև 1929 թվականը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ավստրիայում, Իտալիայում։ Գրել է նոկտյուրններ, վալսեր, մազուրկաներ, բարկարոլներ, պրելյուդներ և այլն։ Երկերը հրատարակել են Լայպցիգի Շտեյնգրեբեր և այլ հրատարակչություններ։ 1925 թվականին Երևան է ուղարկել իր ստեղծագործություններից երկուական օրինակ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Էլմասի գերեզմանը Ժնևի Քինգս գերեզմանատանը

Ծնվել է Օսմանյան կայսրության Զմյուռնիա (այժմ՝ Իզմիր) քաղաքում, հարուստ գործարարների ընտանիքում։ Փոքրիկ տղայի հրաշամանուկ լինելը շուտ է նկատվել. նա սկսել է դաշնամուրի դասեր առնել և գրել դաշնամուրային կարճ ստեղծագործություններ տեղական երաժշտության ուսուցչի՝ պարոն Մոզեերի հոգածության ներքո։ Արդեն տասներեք տարեկան հասակում երիտասարդ վիրտուոզը կատարել է Լիստի ողջ դաշնամուրային երկացանկը։

1879 թվականի հուլիսին, ուսուցչի խրախուսանքով, սակայն հակառակ ընտանիքի ցանկության, Ստեփան Էլմասը մեկնել է Վայմար (Գերմանիա)՝ հույս ունենալով ունկնդրության արժանանալ Ֆերենց Լիստի մոտ։ Այստեղ նրան հաջողվել է հանդիպել մեծ վարպետին։ Լիստն Էլմասին խորհուրդ է տվել մեկնել Ավստրիա և աշխատել Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Անտոն Դոորի և ականավոր կոմպոզիտոր ու եկեղեցական երաժիշտ Ֆրանց Քրեմի հետ։

Վիեննայում տասնյոթամյա Ստեփանը զբաղվել է դաշնամուրի ուսումնառությամբ և կոմպոզիցիայով։ Նրա Վիեննայի դեբյուտը կայացել է 1885 թվականին՝ բազմաթիվ դրվատանքների արժանանալով մամուլում։ Էլմասը շարունակել է ստեղծագործել, գրել բազմաթիվ բնութագրական ստեղծագործություններ, այդ թվում՝ վալսեր, մազուրկաներ, նոկտյուրններ և էքսպրոմտներ։ Իր Վեց էտյուդը (1881) նա նվիրել է Ֆերենց Լիստին, իսկ մի շարք ստեղծագործություններ՝ Վիկտոր Հյուգոյին։

Էլմասը կապ է պահպանել Լիստի հետ և հաճախակի խորհուրդ հարցրել նրանից։ 1886 թվականին նա կարճ ժամանակով վերադարձել է հայրենի Զմյուռնիա՝ մասնակցելու հոր հուղարկավորությանը, սակայն վերադարձել է Վիեննա՝ համոզված լինելով, որ Եվրոպան շատ ավելի բան կտա իրեն։ 1887-ի փետրվարի 24-ին նա մի փայլուն համերգ է ունեցել Վիեննայի Բյոսենդորֆեր համերգասրահում։ Դրան հետևել է հագեցած համերգային գրաֆիկ, որն Էլմասին գեղարվեստական հաղթարշավ է բերել Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, Ավստրիայում և Իտալիայում։ Նա հիմնականում կատարել է սեփական ստեղծագործությունները, բայց նաև հանդես եկել Բեթհովենի, Շոպենի և Շումանի գործերի կատարումներով։

Իր ուղևորությունների ընթացքում Էլմասը մոտիկից ծանոթացել է, ի թիվս այլոց, ռուս կոմպոզիտոր, դաշնակահար Անտոն Ռուբինշտեյնի, ֆրանսիական երգահան Ժյուլ Մասնեի և ֆրանսիացի դաշնակահար Ժոզեֆ-Էդուար Ռիսլեի հետ։ 1912 թվականին նա մշտական բնակություն է հաստատել Ժնևում (Շվեյցարիա), որտեղ շարունակել է ստեղծագործել, ուսուցանել և նվագել։ Ժամանակի ընթացքում Էլմասի լսողությունը ծանրացել է, և նա դարձել է մի տեսակ դառնացած ճգնավոր՝ կտրելով իրեն աշխարհից։

Նա ընկերացել է Էմե Ռապենի (1868-1956)՝ շվեյցարացի անթև նկարչուհու հետ, որը նրան հոգ է տարել և սփոփել այդ դժվար ժամանակներում։ Էլմասին նաև հաճախ են հուզել 1915 թվականի օսմանյան թուրքերի իրականացրած հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունները։ Բարեբախտաբար նրա ընտանիքը կարողացել է փախուստ տալ Աթենք 1922 թվականի Զմյուռնիայի Մեծ հրդեհից հետո, որին հաջորդել է քաղաքի թուրքական բռնազավթումը։

Ստեփան Էլմասն իր հիշողությունները թելադրել է երիտասարդ լրագրող Հակոբ-Գրիգորին։ Կոմպոզիտորը մահացել է Ժնևում և թաղվել քաղաքի Պլենպալե գերեզմանոցում։ Նրա դաշնամուրը, ձեռագրերի և այլ հիշատակների հետ միասին, այժմ պահվում է Հայաստանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

Էլմասը ստեղծագործել է արագ և բավական հեշտությամբ։ Թերևս սրանով է բացատրվում այն, թե ինչու նա երբեմն բավարար չափով չի վերանայել իր ստեղծագործությունները։ Սակայն նրա երկերից շատերը բարձր որակի են, իսկ նրա թերևս ամենահաջող գործերը նրբաճաշակ և ոճային սալոնային պիեսներն են։ Այս գործերը կարծես ստեղծված լինեն ավելի վաղ ժամանակներում. Էլմասի ստեղծագործությունները միտված են դեպի անցյալը, ավելի վաղ շրջանի, ռոմանտիկ կոմպոզիտորների ոճը, քան դժվարին ժամանակները, որոնք ձևավորում էին երաժշտական աշխարհը նոր հարյուրամյակի սկզբում։

Ստեփան Էլմաս հիմնադրամը, որ ստեղծվել է 1988 թվականին Ալեքսանդր Սիրանոսյանի գեղարվեստական տնօրինությամբ, նպատակ ունի տարածել հայ կոմպոզիտորի ժառանգությունը։ Վերջերս կոմպոզիտորի ստեղծագործությունները վերածնունդ են ապրել դաշնակահար Արմեն Բաբախանյանի ջանքերի շնորհիվ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցիցիլիա Բրուտյան։ Սփյուռքի հայ երաժիշտները։ «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1968, էջ 240-248։
  • Rapin, Simone. A propos d'Aimée Rapin, peintre sans bras. Édition Musée de Payerne, Payerne, 1977.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • IMSLP
  • Պաշտոնական կայք Արխիվացված 2017-05-25 Wayback Machine
  • Hofmeisters Monatsberichte. Leipzig: Friedrich Hofmeister. 1884 թ․ հուլիս. էջ 184. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  • Չոբանյան, Արշակ (ed.). «Մեկնողները (․․․․, Ստեփան Էլմաս)» (եռամսյակը մեկ թողարկվող պարբերական). 5-6. Փարիզ: Անահիտ հանդես. էջ 88-90. «..․ մահը մեզնից խլեց․․․ ծնվել է 1862 թվականին» {{cite web}}: Check |editor-link= value (օգնություն); Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |month= ignored (օգնություն)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Էլմաս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Էլմաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 36