Ստեփանոս Շահումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանոս Շահումյան
Ծնվել էմոտ 1702[1]
Մահացել է1782[1]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող

Ստեփանոս Վրթանեսի Շահումյան (մոտ 1702, գյուղ Եկտաստանք (Երդաստայց), Սյունիք -1782, Վենետիկ, Սյունիքի 18-րդ դարի 20-ական թվականներին), հայ ազատագրական շարժման գործիչ, «Ընտիր պատմության Դաւիթ Բէգին...» կամ «Պատմության Ղափանցւոց» երկի համահեղինակ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1722 թվականին Ղափանի 50 «տանուտերերի» և իշխանների անունից խնդրագիր է ներկայացրել վրաց Վախտանգ VI թագավորի որդի Շահնավազին՝ վրացական բանակում ծառայող մի խումբ հայ զորականների ուղարկելու Ղափան։ 1722 թվականի վերջին Դավիթ Բեկի և նրա ջոկատի հետ ժամանել է Սյունիք, եղել զորապետի օգնական, ապա՝ զորապետ, մասնակցել ազատագրական մարտերին։ Ապստամբության պարտությունից 1730 հետո հաստատվել է Լիվոռնոյում, 1733 թվականին՝ Վենետիկում, հորեղբոր՝ Ոսկան Շահումյանի հիմնադրած 1650 «Շահումյան» առևտրատանը զբաղվել վաճառականությամբ։ Մտերմացել է Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանների հետ, պատմել Ղափանի իրադարձությունները, որոնք 1736-1737 թվականներին գրի է առել Ղուկաս Սեբաստացի Ստեփանյանը։ Հայտնի է Շահումյանի պատումի երկու խմբագրություն կամ տարբերակ (համառոտ և ընդարձակ)։ Երկրորդը հարստացված է նոր մանրամասնություններով, որոնք Ղուկաս Սեբաստացին հետագայում քաղել է այլ ականատեսների պատմածներից։ Այն, որպես աղբյուր, օգտագործել է Միքայել Չամչյանը՝ իր «Պատմութիւն Հայոց»-ի 3-րդ հատորում։ Նույն տարբերակի հիման վրա Ա. Գյուլամիրյանը Վաղարշապատում իրականացրել է երկի առաջին հրատարակությունը («Ընտիր պատմության Դաւիթ Բէգին...», 1871)։ Երկրորդ անգամ լույս է ընծայվել Վենետիկում՝ «Դաւիթ Բէկ կամ Պատմութիւն Ղափանցուց» 1978 խորագրով (համառոտ և ընդարձակ տարբերակները՝ առաջաբանով և ծանոթագրություններով)՝ Ս. Արամյանի աշխատասիրությամբ։ Երկը հրատարակվել է նաե ֆրանս., Մ. Բրոսսեի թարգմանությամբ 1875։ Շահումյանի ավանդած երկը Սյունիքի 1722- 1730 թվականների ազատագրական շարժումների պատմության արժեքավոր աղբյուր է։ Մանրամասնորեն նկարագրված է օտար տիրապետության և վարկատուն ցեղերի դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարը, Դավիթ Բեկի ջանքերը՝ Ղափանը թշնամուց Ազատագրելու և այնտեղ հայկական անկախ իշխանություն ստեղծելու համար, նրա մահից հետո Մխիթար Սպարապետի գործունեությունը։ Շարադրված է դյուրմբռնելի, դասական գրաբարով։ Տոգորված է ջերմ հայրենասիրությամբ։ Պատմական անցուդարձը գնահատված են քրիստոնեական տեսանկյունից, մեկնաբանությունները կրում են ճակատագրապաշտության կնիք։ Սույն երկի հիման վրա են ստեղծված Րաֆֆու «Դավիթ Բեկ», Ս. Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպերը, Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 434