Ստեփանոս Նազարյան
Ստեփանոս Նազարյան (1812-1879), հայտնի հայ խմբագիր, լուսավորիչ, արևելագետ, գրականակագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու։
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է 1812 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտել է 1827 թվականին։ Ուսումնառության ընթացքում Նազարյանը ոգեշնչվում է դպրոցի տեսուչ, ականավոր գրող և մանկավարժ Հարություն Ալամդարյանի գաղափարներով։ Դպրոցի տարիներին ընկերանում է Խաչատուր Աբովյանի հետ, որի հետ ընկերական կապը պահպանում են մինչև վերջ։
Որոշ ժամանակ աշխատել է Ներսիսյան դպրոցում որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ։ 1832-ին մեկնում է Դորպատ (այժմյան Տարտուի համալսարանի հին անվանումն է), որտեղ սովորում է նախ պետական գիմնազիայում, և ապա համալսարանում։ Ապրելով ֆինանսապես նեղ պայմաններում՝ այնուամեայնիվ ավարտում է ուսումը 1840-ին և ստանում փիլիսոփայական գիտությունների թեկնածուի կոչում։
Դրանից հետո նա տեղափոխվում է Պետերբուրգ, զբաղվում արևելյան լեզուների ուսումնասիրությամբ։ 1842-ին Կազանի համալսարանում աշխատանքի է անցնում որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։
Նազարյանը 1849-ին պաշտպանում է դոկտորական դիսերտացիա, որի թեման էր Ֆիրդուսու «Շահնամեն»։ Այնուհետև Նազարյանը մեկնում է Մոսկվա և Լազարյան ճեմարանի արևելագիտական բաժնում պաշտոնավորում է որպես լատիներենի, արաբերենի և պարսկերենի դասախոս։ 1869-ին նա գալիս է Անդրկովկաս և ավելի մոտիկից է ծանոթանում հայերի կյանքին ու ապրելակերպին։ Որոշ ժամանակ մնում է Թիֆլիսում, իսկ 1870-ին վերադառնում է Մոսկվա, որտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջը։
Հասարակական և լուսավորական գործունեությունը [խմբագրել]
Նազարյանը եռանդագին պայքար է մղում գրականության մեջ աշխարհաբար լեզվի արմատավորման համար։ Նա հսակայական դեր է հատկացնում հայոց նոր լեզվին ժողովրդի լուսավորության գործում։
Նազարյանի լուսավորական գործունեությունը լայնորեն ծավալվում է հատկապես նրա խմբագրած «Հյուսիսափայլ» ամսագրի ժամանակ (1858-1964), որի շուրջը համախմբվում են մի շարք լուսամիտ, առաջադեմ հայ մտավորականներ ու գործիչներ։ Ամսագրում լույս են տեսնում աշխարհաբար գրված և աշխարհիկ բովանդակություն ունեցող գեղարվեստական երկեր, ինչպես նաև գրաքննադատական ու գիտական բնույթի հոդվածներ։
«Հյուսիսափայլը» հսկայական դեր է կատարում լուսավորական գաղափարների տարածման գործում։ Նա համարձակորեն խարազանում է կղերաֆեոդալական հոսանքի ներկայացուցինչներին և ցույց տալիս նրանց բացասական դերը հայ հասարակական կյանքում։
Ստեղծագործությունները [խմբագրել]
Նազարյանը հեղինակ է մի շարք արժեքավոր երկերի։ Մեծ աժեք ունի նրա Ֆիրդուսու «Շահնամեի» վերաբերյալ աշխատությունը, «Հոգեբանություն» ձեռնարկը, «Առաջին հոգեղեն կերակուր» և «Հանդես նոր հայախոսության» աշխարհաբար լեզվի ընթերցարանները և այլն։ Գրել է նաև չափածո երկեր, որոնցից նշանավոր է հայրենասիրական ոգով տոգորված «Մայրենի լեզու» ոտանավորը։
Աղբյուր [խմբագրել]
- Թ. Գ. Ջուհարյան «Հայ Գրականություն», 1990 թ., «Լույս» հրատարակչություն