Ստեփանոս Թոխաթեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանոս Թոխաթեցի
Ծնվել էօգոստոսի 25, 1558
ԾննդավայրԹոքաթ
Մահացել էմոտ 1630[1]
Մահվան վայրԹոքաթ
Մասնագիտությունբանաստեղծ և գրիչ

Ստեփանոս Թոխաթեցի (օգոստոսի 25, 1558, Թոքաթ - մոտ 1630[1], Թոքաթ), հայ բանաստեղծ և տաղասած, գրիչ։

Ականատես է եղել օսմանյան Թուրքիայի արևելյան նահանգներում առաջացած Ջալալինների շարժման և թուրք–պարսկական պատերազմի հետևանքով հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանությանը, ինքը ևս հայրենակիցների հետ տարագրվել է։ Հայտնի է, որ 1580-ին կարգվել է քահանա, 1589-ին մեկնել Երուսաղեմ, 1621-ին՝ վերադարձել ծննդավայր։ Կյանքի մեծ մասն ապրել է, ստեղծագործել է Կ.Պոլսում, ապա՝ Ղրիմի Կաֆա (Թեոդոսիա) քաղաքում, Սուրխաթի Ս. Խաչ վանքում։

Թողել է պատմագրական արժեք ներկայացնող բանաստեղծական բազմաժանր և հարուստ ժառանգություն՝ ողբ, երգիծական ոտանավոր, ներբող, գանձ, հիշատակարան։ Ստեղծագործության հիմնական նյութը թուրքական լծի տակ ընկած հայ ժողովրդի մի ստվար հատվածի ողբերգական վիճակն է, ազգային ու սոցիալական կեղեքումը, տարագրության մեջ կրած զրկանքները։ Հատկանշական է «Ողբ ի վերա Եվդոկիա մեծի քաղաքին» ծավալուն բանաստեղծությունը, որտեղ իրական մանրամասներով նկարագրվում է վաճառաշահ քաղաքի երբեմնի բարգավաճ կյանքն ու ավերումը։ Երգիծական բանաստեղծություններից ուշագրավ են «Գովասանութիւն Կաֆայու քահանայից վերա»–ն, ինչպես նաև կենցաղային խնդիրներ արծարծող «Ոտանաւորս և գանկատս լվաննուն և ճանճերուն ի Ստեփանոս Թոխաթցի երիցուէ ասացեալ»–ը։ Հայտնի են նրա «Ողբ վասն տղահասակ ննջեցելոց», «Տաղ ի Կաֆայ», «Ողբ ի վերայ վաղամեռիկ եղբոր իւրոյ Յակոբ քահանայի Եւդոկեացւոյ» և այլ գործեր։ Ստեփանոս Թոխաթեցու ստեղծագործությունը պարզ, անպաճույճ ոճի, քնարականության և պատմական հավաստիության շնորհիվ ժամանակին լայն տարածում է գտել։

Ստեփանոս Թոխաթեցին ծավալել է գրչագրական գործունեություն՝ ընդօրինակելով մի շարք ձեռագրեր՝ շարակնոց, սաղմոսարան, քարոզգիրք, գանձարան, հայսմավուրք, որոնք պահվում են Վենետիկում, Երուսաղեմում, Երևանում (Մատենադարան)։ Եղել է նաև ուսուցիչ, Թոխաթում և Կաֆայում պատրաստել բազմաթիվ հետևորդ–աշակերտներ, որոնց մասին հիշատակում է իր տաղերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]