Ստագֆլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստագֆլյացիա (ստագնացիա + ինֆլյացիա բառերից), մակրոտնտեսական տերմին՝ ցույց տալու այն իրավիճակը, որտեղ տնտեսական անկումը և տնտեսության խաթարված վիճակը (ստագնացիա և գործազրկության աճ) ուղեկցվում են գնաճով՝ ինֆլյացիայով[1]։

Այս տերմինի հայտնագործումը վերագրում են բրիտանացի քաղաքագետ, ֆինանսների նախարար Իան Մաքլեոդին։ Այս արտահայտությունը առաջին անգամ գործածվել է 1965 թ. խորհրդարանական ճառի ժամանակ[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1960-ական թվականների կեսերը պարբերաշրջանորեն զարգացող տնտեսության համար հատուկ էր այն, որ տնտեսության անկումը և ճգնաժամը բերում էին, որպես օրենք, գների անկման (դեֆլյացիա) կամ, առնվազն, կանգնեցնում էին նրանց աճը։ Ստագֆլյացիայի երևույթը բավականին հստակ սահմանվեց 1960-ական թվականների վերջում։ 1970 թվականին ԱՄՆ–ում գործազրկությունը և ինֆլյացիան հասան հետպատերազմյան շրջանի համար ռեկորդային մակարդակի՝ 6 % և 5,5 % (մինչև 1960-ական թվականների կեսերը ինֆլյացիան չէր գերազանցում 1-1,5 %–ը, իսկ գործազրկությունը՝ 2-2,5 %)։ Ստագֆլյացիայի երկրորդ ալիքը սկսվեց 1974—1976 թվականներին, երբ ԱՄՆ–ում գների աճի տեմպերը հասան 10 %–ի, իսկ գործազրկությունը հասավ 7,6 %–ի։ Նմանատիպ իրավիճակ էր դիտարկվում նաև 1981—1982 թվականներին։ Ընդհանուր առմամբ՝ 16 տարվա ընթացքում՝ 1949 թվականից մինչև 1965 թվականը, ԱՄՆ–ում մանրածախ ապրանքների գները աճեցին մինչև 29 %, իսկ հաջորդող 17 տարվա ընթացքում՝ 1965 թվականից մինչև 1982 թվականը, մինչև 100 %, այսինքն՝ ինֆլյացիայի միջին մակարդակը նշված ժամանակաընթացքում աճեց 3—4 անգամ, իսկ գործազրկության մակարդակը աճեց 2—3 անգամ։ Այդ ժամանակ նման միտումներ նկատվեցին մյուս զարգացած երկրներում ևս՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Կանադայում և այլուր[4][5][6][7]։

Ավելի ուշ՝ սկսած 1983—1984 թվականներից, ինֆլյացիայի մակարդակը բոլոր երկրներում կտրուկ նվազեց, և ստագֆլյացիան գրեթե վերացավ։

Ստագֆլյացիայի ևս մեկ օրինակ կարող է լինել Ռուսաստանի տնտեսությունը 1991—1996 թվականներին, երբ գների տասնյակ անգամյա աճին զուգընթաց երեք անգամ նվազեց ՀՆԱ–ն։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագետները նշում են ստագֆլյացիայի առաջացման երկու հիմնական պատճառ։

Առաջին հերթին, ստագֆլյացիա կարող է առաջանալ այն ժամանակ, երբ կտրուկ իջնում են արտադրության համար անհրաժեշտ հումքի գները։ Օրինակ, դա կարող է լինել նավթի գնի կտրուկ բարձրացումը ներկրող երկրի համար կամ տվյալ գնի նվազումը արտահանող երկրի համար։

Եվ երկրորդ․ արտադրության (ստագնացիա) և գների աճի (ինֆլյացիա) միաժամանակյա դանդաղեցումը կարող է դառնալ կառավարության սխալ տնտեսական քաղաքականության արդյունքը։ Օրինակ, Կենտրոնական բանկը կարող է արհեստականորեն ստեղծել ինֆլյացիա՝ շրջանառության մեջ բաց թողնելով ավելի շատ փող[8], միևնույն ժամանակ կառավարության կողմից աշխատանքի շուկայի չափազանց ակտի կարգավորումը կարող է բերել գործնական ակտիվության դանդաղեցմանը (ստագնացիայի)[9]։

Հենց վերը նշված պատճառների ազդեցությամբ էլ առաջացավ XX դարի 70-ական թվականների գլոբալ ստագֆլյացիան։ Հիմնական պատճառն այդ ժամանակ նավթի գների բարձրացումն էր ՕՊԵԿ–ի երկրների կողմից։ Իրավիճակը գնալով խորանում էր ազգային կենտրոնական բանկերի սխալ արձագանքի պատճառով, որոնք փորձում էին հավասարակշռել գները՝ տնտեսության մեջ փող բաց թողնելով. այս ամենը բերեց գների և աշխատավարձի անվերահսկելի աճի։ Մի շարք հեղինակների կարծիքով՝ ստագֆլյացիայի պատճառ կարող են լինել մոնոպոլիաների քաղաքականությունը, որ ճգնաժամերի ընթացքում ապահովում են գների բարձր մակարդակ, ինչպես նաև հակաճգնաժամային միջոցառումները, որ անցկացվում են պետության կողմից՝ պահանջարկի կառավարման համար։ Սակայն ո՛չ առանձին մոնոպոլիաների քաղաքականությունը, ո՛չ առանձին պետությունների քաղաքականությունները չեն կարող բացատրել 1960-ականների սկզբի և 1980-ական թվականների ստագֆլյացիայի ֆենոմենը․ այն ուներ խորը բնույթ, արտահայտված էր արևելյան գրեթե բոլոր երկրներում միաժամանակ։ Այդ պատճառներով չի կարող բացատրվել նաև ստագֆլյացիայի վերացումը 1982 թվականից հետո։

Կա նաև ենթադրություն, որ վերանշյալ ֆենոմենի պատճառն արտահայտվել է տնտեսական ոլորտի գլոբալիզացման մեջ, որը վերջ դրեց Արևմուտքի զարգացած երկրների ազգային տնտեսությունների գոյությանը և որը 1980—1990–ական թվականներին ձևավորեց համաշխարհային տնտեսությունը։ Հենց համաշխարհայնացումը, համաձայն հիպոթեզի, բերեց ինֆլյացիայի և գործազրկության միաժամանակյա աճի[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆինանսական բառարան․Ստագֆլյացիա
  2. Online Etymology Dictionary. Douglas Harper, Historian. http://dictionary.reference.com/browse/stagflation (accessed 5 May 2007).
  3. British House of Commons' Official Report (also known as Hansard), 17 November 1965, page 1,165.
  4. Իվանյան Է․ «ԱՄՆ–ի պատմություն». Մ., 2008, էջ 498
  5. Social Trends 19, 1989. Central Statistical Office, London, UK, p. 79
  6. International Financial Statistics. IMF, Վաշինգտոն
  7. Յու․ Կուզովկով «Կոռուպցիայի համաշխարհային պատմություն». М., 2010, п. 20.1
  8. Blanchard (2000), op. cit., Ch. 9, pp. 172–173, and Ch. 23, pp. 447–450.
  9. Blanchard (2000), op. cit., Ch. 22-2, pp. 434–436.
  10. Յու․ Կուզովկով Կոռուպցիայի համաշխարհային պատմություն, 20.1, 7.6
  11. Յու․ Կուզովկով․ ոսկու գնի մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իգոր Ալբերտովիչ Կամենեցկի․«Ստագֆլյացիան Ռուսաստանի անցումային տնտեսության մեջ (Պատճառներ, հետևանքներ, շարժիչ ուժեր)»СПб., 1997.
  • Վ․ Յա․ Իոխին «Տնտեսագիտության տեսություն»։ Մ., 2001։