Սպիտակ խաղտտնիկ
Սպիտակ խաղտտնիկ (Motacilla alba), խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։
Սպիտակ խաղտտնիկը սլացիկ կեցվածքով, երկար պոչով թռչուն է, գլխի գագաթից դեպի ծոծրակը, կոկորդը և կրծքի վերին մասը սև է, ճակատը, այտերը, կզակը, պարանոցը, որովայնը` սպիտակ, մեջքը մոխրագույն է, ոտքերը և կտուցը` սև, թևի վրա կան լայնակի սպիըակ շերտեր։ Էգերը նման են արուներին` փետրավորման ավելի մեղմ երանգներով։ Քաշը` 18,5-29,6 գ, թևի երկարությունը` 82-98 մմ։
ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է, իսկ որոշ տաք շրջաններում` նաև նստակյաց։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Տարածված է ամենուր, հաճախ բնակություն է հաստատում քաղաքներում, ավաններում և գյուղերում։ Սովորաբար հանդիպում է զույգերով, չուի ընթացքում` նաև փոքր խմբերով։ Բնադրվում է մայիսից մինչև հուլիս, բույնը սարքում է չոր խոտերից, տեղադրում փչակներում, պատերի ճեղքերում, շենքերի տանիքներին կամ քիվերին, քարերի արանքներում։ Դնում է 5-6 սպիտակ մոխրագույն պտերով ձվեր։ Սնվում է որդերով, խխունջներով և այլ մանր անողնաշար կենդանիներով։
Տարածված է Եվրոպայում, Ասիայում, հյուսիսային Աֆրիկայի ծովափնյա շրջաններում։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ», էջ 30։