Սպեկտր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպեկտր (լատ. spectrum - պատկերացում, պատկեր, ֆիզիկայում՝ տվյալ ֆիզիկական մեծության ընդունած տարբեր արժեքների համախումբ: Սպեկտրները կարող են լինել անընդհատ և ընդհատ: «Սպեկտր» հասկացությունն առավել հաճախ կիրառվում է տատանողական պրոցեսների, ինչպես նաև էլեկտրամագնիսական և օպտիկական երևույթների նկարագրության համար:

Էլեկտրաական ազդանշանի սպեկտր[խմբագրել]

Էլեկտրական ազդանշանի սպեկտրը ազդանշանի հզորության, հոսանքի կամ լարման ամպլիտուդի հաճախային բաշխումն է: Որևէ ազդանշանի սպեկտր դիտում են սպեկտրի անալիզատորով կամ գտնում՝ այդ ազդանշանն արտահայտող ֆունկցիան վերածելով Ֆուրիեի շարքի (պարբերական ֆունկցիաների դեպքում) կամ Ֆուրիեի ինտեգրալի (ոչ պարբերական ֆունկցիաների դեպքում): Տարբերում են գծային սպեկտրներ, որոնցում Ֆուրիեի շարք կազմող առանձին ներդաշնակ բաղադրիչները բաժանված են վերջավոր հաճախային միջակայքերով, և հոծ սպեկտրներ, որոնք պարունակում են բոլոր հնարավոր հաճախականությունների ներդաշնակ բաղադրիչներ: Օրինակ՝ սինուսոիդական տատանման սպեկտրը կազմված է մեկ հաճախականությունից (սպեկտրային մեկ գծից), իսկ հեռախոսային ազդանշանի սպեկտրը գրավում է հաճախականությունների հոծ շերտ՝ ~3 կից լայնությամբ:

Օպտիկական սպեկտր[խմբագրել]

Օպտիկական սպեկտր

Օպտիկական սպեկտրը դիտարկվող մարմնի օպտիկական ճառագայթման ինտենսիվության (առաքման սպեկտր) կամ տվյալ նյութի միջով անցնող լույսի կլանման ինտենսիվության (կլանման սպեկտր) բաշխումն է ըստ հաճախականությունների (կամ ալիքի երկարությունների): Օպտիկական սպեկտրները լինում են գծային՝ կազմված առանձին ընդհատուն սպեկտրային գծերից, շերտավոր՝ կազմված խիտ դասավորված սպեկտրային գծերի առանձին ընդհատուն խմբերից (շերտերից) և հոծ (անընդհատ), որոնք համապատասխանում են բավական լայն տիրույթ ընդգրկող բոլոր հաճախականությունների լույսի ճառագայթմանը կամ կլանմանը: Օպտիկական սպեկտրները, որոնց ուսումնասիրությամբ զբաղվում է սպեկտրոսկոպիան, դիտվում և գրանցվում են սպեկտրային սարքերի օգնությամբ:

Սպեկտրները միջուկային ֆիզիկայում[խմբագրել]

Միջուկային ֆիզիկայում օգտագործվում են զանգվածների, իմպուլսների, էներգիաների, արագությունների սպեկտրներ հասկացությունները:

Աղբյուր[խմբագրել]

ՀՍՀ, 1985թ.,Երևան