Սուրեն Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարապետյան Սուրեն Արմենի (1940-2003), հայ տնտեսագետ։

Ծնվել է Երևանում։ 1962-ին ավարտել է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1968-ից աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում. 1971-ից՝ բաժնի վարիչ, 1990-94-ին, միաժամանակ՝ ՄԱԿ-ի մասնագետ-վերլուծաբան։ Տնտեսագիտության դոկտորի աստիճան ստացել է 1988-ին, պրոֆեսորի կոչում՝ 1991-ին։

Նրա գիտական աշխատանքները վերաբերում են ժողովրդագրությանը, բնակչության աճի և սոցիալ-տնտեսական զարգացման խնդրիներին։ Նրա “Региональные особенности социально-демографического развития Арм. ССР” աշխատությունում քննության են ենթարկվում 1960-80-ական թվականների ՀԽՍՀ բնակչության վերարտադրության գործընթացների առանձնահատկությունները և բացահայտվում հանրապետության ժողովրդագրական զարգացման ուղու յուրահատկությունը։ Ժողովրդագրական գիտությունը հաճախ լավագույն արդյունքներ է տալիս այն ժամանակ, երբ զբաղվում է ժողովրդագրության և էկոնոմիկայի, ժողովրդագրության և սոցիոլոգիայի միջև սահմանամերձ երևույթների և գործընթացի հետազոտություններով, այսինքն, երբ նրա ուսումնասիրության օբյեկտներ են դառնում սոցիալ-տնտեսական զարգացման գործոնների փոխադարձ կապը և փոխկախվածությունը, ազգաբնակչության աճի և զարգացման չափումները։ Այս տեսանկյունից էլ հանրապետության ժողովրդագրական զարգացման տարածքային առանձնահատկությունների քննությանը հաջորդում են ժողովրդական բարեկեցության հիմնական ցուցանիշների, բնակչության եկամուտների և սպառման դիֆեռենցման գործոնների վերլուծությունը։ Նշված հարցերին նա անդրադարձել է նաև 1990-ական թվականներին, կատարվող փոփոխությունները համարելով որպես «անցումային շրջանի ծախսեր»՝ բնորոշ բոլոր այն երկրներին, որոնցում կատարվում է տնտեսական մոդելների փոփոխություն, իսկ մյուս կողմից՝ կապում ԽՍՀՄ ապաինտեգրացման և հանրապետության աշխարհաքաղաքական ընդհանուր վիճակի հետ։ Ընդհանուր ժողովրդագրական տեղաշարժերը զուգորդվում են ըստ եկամուտների և սպառման մակարդակների՝ բնակչության տեղաբաշխման փոփոխություններով և սոցիալական բևեռացումներով։ Նա ցույց է տվել, որ բնակչության դրամական եկամուտների ընդհանուր ծավալում աշխատանքային եկամուտների տեսակարար կշիռը նվազել է մի քանի անգամ և, ըստ էության, կենսապայմաններն ապահովող գլխավոր միջոց լինելուց վերածվել է «օժանդակ միջոցի»։ Ս. Կարապետյանի ժողովրդագրական հարցերի վերլուծությունները բնորոշվում են սոցիալական կացության հարցերիընդգրկունդիտարկումներով։