Թարգմանչաց վանք (Խաչակապ)
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Թարգմանչաց վանք (այլ կիրառումներ)
|
|
|
| Վանքային համալիր | |
|---|---|
Վանքի ավերակները
|
|
| Տեղադրություն | գյուղ Խաչակապ, Դաշկեսանի շրջան |
| Աշխարհ | Արցախ |
| Երկիր | |
| Պատմական երկիր | |
| Կրոնադավանություն | |
|
|
|
| Հիմնադիր(ներ) | Սուրբ Մեսրոպ Մաշտոց |
|
|
|
| Կարգավիճակ | Կիսավեր |
| Ակտիվ է | Ոչ |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 4-րդ դար |
| Կառուցման ավարտ | 5-րդ դար-ի սկիզբ |
|
|
|
|
|
|
Թարգմանչաց վանք, 4-րդ դարի հայկական վանք ներկայիս Ադրբեջանի Դաշկեսանի շրջանի Խաչակապ գյուղից 1,5 կմ հյուսիս՝ երկու փոքրիկ ձորակների միջև՝ հարավահայաց լեռնալանջի հարթության վրա, ծովի մակերևույթից 1315 մ բարձրության վրա [1]:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
[խմբագրել] Հիմնադրում
Վանքի հիմնադրումը ավանդաբար կապվում է Ե դարում Սբ. Մեսրոպ Մաշտոցի կողմից Արցախում քրիստոնեական քարոզչություն ծավալելու հետ (այդտեղից էլ՝ Թարգմանչաց անվանումը): Եղել է հյուսիսարևելյան Հայաստանի հոգևոր-մշակութային առավել հայտնի ու արգասավոր կենտրոններից մեկը[2]:
Վանքի միակ եկեղեցին օծվել է Սբ. Սահակ-Մեսրոպի անվամբ[3]:
[խմբագրել] 19-20-րդ դարեր
Բարերար-խնամակալի մահից (1896) հետո՝ հաջորդ երկու տասնամյակներում, վանքի դերը սկսել է նվազել, որից մտահոգված՝ Էջմիածնի հոգևոր իշխանությունը որոշում է կայացրել.
| ...Վրաստանի թեմի ժամ. կառավարիչ Տ. Եփրեմ եպիսկոպոսին կարգադրել, որ Գանձակի փոխանորդ Տ. Լևոն վարդապետը կանոնաւոր վերահսկողութիւն ունենայ Թարգմանչաց վանքի վրայ»: Տեղին է նշել, որ դեռևս 1888 թ. վեհափառին հղած մի նամակում վանքի խնամակալ Ն. Տեր-Ներսիսյանցն իր մտահոգությունն էր հայտնել Թարգմանչաց վանքի ապագա կացության առթիվ, մասնավորապես գրելով. «...ինձ աւելի և աւելի զբաղեցնում է մի ծանրակշիռ հոգս, այն է՝ արդեօք ո՞ւմ յուսով պէտք է մնան և պահպանուին այն թանկագին կարասիքը, եկեղեցական սպասները, մատենադարանը, նոր կառուցած շէնքերը և այլն. և այլն, եթէ վանահայր Թէոդորոս վարդապետն Շիրակունի վախճանի, իբրև ծերունի և հիւանդոտ մարդ, չլինի թէ մեր աշխատածը ի կորուստ և յափշտակութիւն մատնուի, որոյ օրինակը Հայոց շատ վանքերում և եկեղեցիներում տեսնվում է ի ցաւ զգացող սրտերի և ի նախատինս ազգի...[4] |
Ցավոք, Ն. Տեր-Ներսիսյանցի մտավախությունն ու կանխատեսումներն իրականանում են և այն էլ ոչ թե վանահոր մահից հետո, այլ հենց նրա կենդանության ու վանահայրության օրոք[5]:
Խնամակալ Ն. Տեր-Ներսիսյանցի մահից հետո՝ 1898 թ. վանահայրը որոշ նորոգություններ ու պակաս կահ-կարասին լրացնելու նպատակով դրամական հանգանակության թույլտվության համար դիմում է Վրաստանի և Իմերեթի Հայոց կոնսիստորիային, որը, ամենայն հավանականությամբ, չի բավարարվում[6]:
Այնուհետև, շուրջ 70 տարի, հինավուրց ու նվիրական վանքը ոչ մեկի կողմից չի մտաբերվել[7]:
Հայտնի է, որ վանքը շրջապարսպից ներս հնուց ի վեր ունեցել է մի շարք շինություններ միաբանների և ուխտավորների համար: 1847 թ., օրինակ, եղել է «Ի պարսպին մէկ մեծ տուն և երեք փոքրագոյն սենեակք յորս մնան միաբանք»[8]:
1904 թ. վախճանված Կ.Պոլսի պատրիարք Մելքիսեդեկ արքեպիսկոպոս Մուրադյանի կտակի համաձայն՝ Թարգմանչաց վանքին էր ուղարկվել հանգուցյալի զգեստը: Հայտնի է, որ 1924 թ. փետրվարի 7-ին Գանձակի Հայոց առաջնորդ Լևոն եպիսկոպոսը բողոքել էր Էջմիածնի հոգևոր խորհրդին՝ գյուղի գործկոմի կողմից Թարգմանչաց վանքի եկեղեցական իրերը վաճառելու համար.
| Խաչակապ գյուղի գործկոմը ինքնագլուխ բերել է գյուղ Ս. Թարգմանչաց վանքի պղնձե կաթսաները, խալիչաները, ժամացույցը, շենքերի տախտակները, որոնցից վաճառել է 75 միլիոն ռ. մինչև 1923 թվի փետրվարը[9] |
[խմբագրել] Նորոգություն
Վանքը բազմիցս ավերվել ու վերաշինվել է: Դա ոչ միայն հստակ նկատելի է պատերի շարվածքից, այլև վկայված է ժամանակին գրի առնված մի ավանդությամբ.
| ...Լանկթամուրի ժամանակ այս տաճարը քանդել աւերել են, և հազիւ գետնից բարձր կանգունաձև մնացել են պատերը...[10] |
Իրականացված բազում նորոգությունների հետքերն աչքի առաջ ունենալով՝ 1885 թ. այցելուն նշել է. «...դարերի ընթացքում մի քանի անգամ կործանուել և վերստին նորոգուել է և ամեն մի նորոգութեան ժամանակ կորցրել է իւր հնութեան մի մասը: Ներկայումս եկեղեցու սեղանի կողմը, որ ինչպէս երևում է իւր սկզբնական դիրքը պահպանել է, աւելի մեծ է. այնուհետև տասներորդ դարի սկզբին (1029 թ.) նորոգութեան ենթարկուելով դասը և ժողովրդեան կանգնելու տեղը աւելի նեղ ու փոքր դիրք են առել»[11]:
Հայտնի է, որ 1872-1890 թթ. վանքի վերանորոգման համար հավաքված գումարը կազմել էր 9116 ռուբլի, իսկ ծախսը՝ 9880 ռուբլի, մինչդեռ աշխատանքների ավարտման համար անհրաժեշտ էր ևս 15.000 ռուբլի: Անդրադառնալով անավարտ մնացած աշխատանքների կարևորությանը՝ 1888 թ. մասնակից լինելու հայց էր ուղղվել ժողովրդին[12][13]:
1902 թ. վանքի սենյակների նորոգության համար վանահորը փոխանցվել է հանգանակված 220 ռուբ. գումարը: Սակայն, ինչպես երևում է 1910 թ. կազմված տեղեկագրից, վիճակը բնավ էլ չի շտկվել, այլ ընդհակառակը, սենյակները գնալով ավելի ու ավելի են խարխլվել. «...գտայ քայքայւած հացատան և խոհանոցի տանիքները, միւս սենեակները խարխալած, կեղտոտ, որոնք կարօտ են վերանորոգութեան, իսկ այժմ անհրաժեշտ է կարգել խիստ հսկողութիւն, որպէս զի գէթ կործանումից ազատ մնայ»[14][15]:
[խմբագրել] Ճարտարապետություն
1880-ական թվականներին ժամանակակիցը հիացմունքով է խոսել վանքի բարեկարգ վիճակի մասին
| Երբ ճանապարհորդը, անցնելով հարուստ ու զուարճալի լեռնադաշտերից, ճոխ անտառներից և փարթամ վարելահողերից, մոտենում է այն ձորագլխին, որին ներկայ խնամակալը Արջաձոր է անուանել, նորա առաջ, բարձրաւանդակի լանջին, ձորի բերանում, գրաւիչ կերպով պատկերանում է ս. Թարգմանչաց վանքը, շրջապատուած մաքուր ու վայելչաշէն բնակարաններով, պարտէզներով, խոտհարքներով, արտերով և նորաբոյս անտառով: ...Խնամակալի (հայ վաճառական-արդյունահանող Ներսես Տեր-Ներսիսյանց - Ս.Կ.) բացառիկ ջանքերով և թէ իրան ու թէ այլ բարեմիտ անձանց նուէրներով ս. Թարգմանչաց վանքը ներկայումս ունի մի բնակարան չորս ընդարձակ սենեակից բաղկացած, երկու նախասենեակ և մի կրաշէն ներքնատուն: Այդ բնակարանին կից կայ վանահոր կացարանը՝ մի ընդարձակ ու վայելուչ սենեակ, որի նմանը ս. էջմիածնայ սրբազան եպիսկոպոսներից քիչերն ունին գուցէ: ...Ինքը եկեղեցին էլ շատ վայելուչ զարդարած ու նորոգած է. նա ունի երկու գաւիթ, ներքին և արտաքին. արտաքին գաւթի մէջ է անասնատունը: Վանքին կից ընդարձակ պարսպապատի մէջ, նոր սկսվում է պարտէզ շինուել. պարտիզի վերին մասում դուրս է բերած պարտուական աղբիւր՝ գեղեցիկ աւազանով...[11] |
1890-ական թվականներին վանքը այցելաց եպիսկոպոս Մակար Բարխուտարեանցը նշել է.
| Վանքն ունի ամուր շրջապարիսպ, ութ խուց, պարտէզ, մեղուանոց, կամուրջներ և պատուական աղբիւր: Իմ շրջած և տեսած բոլոր վանքերից պայծառ է վանքս: Նորոգուած է վանքս, գաւիթն, շրջապարիսպն, խուցերն, և նորինորոյ շինուած կամուրջներ: Այս բոլոր նորոգութիւները, պայծառութիւնը և վերակենդանութիւնը պարտական ենք Գանձակեցի մեծ. Ներսէս-բէկ Աբրահամեան Տէր-Ներսիսեանցին
— Մակար Բարխուտարեանց[16]
|
Սակայն արդեն 1980-ական թվականներին իսպառ անհետացած էր երբեմնի դպրոցն ու օժանդակ մյուս շինությունները, գրեթե աննշմար էր շրջապարիսպը, տակնուվրա՝ գերեզմանոցը: Քայքայված, սակայն կանգուն էին Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցին, գավիթն ու զանգակատունը, ինչպես նաև ստորգետնյա թաղակապ մի շինություն (հավանաբար, ինչ-որ կառույցի նկուղը)[7]:
[խմբագրել] Կալվածքներ
Թարգմանչաց վանքն ավանդաբար տիրապետել է ընդարձակ կալվածքների: Սակայն, դրանց զբաղեցրած սահմանների, տնտեսական կացության և եկամուտների մասին որոշակի տվյալներ պարունակող վավերագրերը 19-րդ դարից ավելի հին չեն[7]:
Հայտնի է, որ 1840-1860-ական թվականներին Տեր Մովսես քահանա Եպիսկոպոսյանցը վանքապատկան կալվածքներից ապօրինաբար նվիրել էր իր ազգականներին[12]:
Վանքապատկան անտառի անխնա շահագործման հետևանքով ստեղծված կացությանը տրվել է ահա այսպիսի գնահատական.
| աւելի արօտատեղի կարող է լինել, որովհետև ծառերը առաջուց անխնայ կոտորած լինելով, այժմ թփերով է ծածկուած միայն[11] |
Վանական կալվածքների բարձիթողի վիճակը առաջացրել է և՛ գյուղացիների և՛ հոգևոր իշխանությունների արդարացի դժգոհությունը[7]:
Վանահայր Թեոդորոս Շիրակունին, 1872 թվականից վանքի խնամակալ նշանակված Ներսես Տեր-Ներսիսյանցի հետ միասին, մեծ աշխատանքներ է տանում վանքապատկան կալվածների պահպանման ուղղությամբ: Նրանց ջանքերով հնարավոր է եղել պահպանել «183 դեսիատին հող, որի մեջ կայ՝ վարելահողեր, խոտհարք և անտառ»: Իրականացվել են նաև անտառի վերականգման աշխատանքներ[11][15]:
Կալվածական եկամուտը (վարելահողերից, արոտատեղերից և պարտեզից) 1880 թ. կազմել է 451 ռուբլի[15]:
1886 թ. վանքապատկան են հիշվում վարելահողեր, բանջարանոց, նաև 5 սենյակ[15]:
Հակառակ ձեռնարկված միջոցներին՝ վանքապատկան կալվածքի սահմանները (վարելահող, անտառ) դարձյալ կրճատվել են և 1890 թ. կազմել 10 դեսյատին[12]:
1901 թ. վանքի անշարժ ունեցվածքը բաղկացած էր մի այգուց, վարելահողից և 5 սենյակից[15]:
1910 թ. կազմված տեղեկագրի համաձայն՝ վանքի անվեճ կալվածքը կրճատվել էր մինչև 92 դեսիատին (30-ը՝ վարելահող, 30-ը՝ արոտատեղի, 32-ը՝ անտառ) և այն էլ գտնվում էր բարձիթող վիճակում:
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 217
- ↑ Ալիշան Ղ., Քաղաքական աշխարհագրութիւն, Վենետիկ, 1853
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց.14, գ. 205, թ. 231-232
- ↑ «Արարատ», 1913, էջ 106: Հայաստանի ազգային արխիվ, ֆ. Պ56, ց. 18, գ. 31, թ. 56
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004, էջ 218
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 9450, թ. 1-2
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004, էջ 219
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 108-109
- ↑ «Արարատ», 1904, էջ 739: «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» (1921-1938 թթ.), Երևան, 1994, էջ 46
- ↑ «Արձագանք», 1886, N 21, էջ 308
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 «Արձագանք», 1885, N 4, էջ 55
- ↑ 12,0 12,1 12,2 Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 31, թ. 97
- ↑ «Նոր-Դար», 1888, N 109
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. Պ56, ց. 18, գ. 435, թ. 37
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 775, թ. 11
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 291