Սոցիալական վարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական վարկ, հասարակական որևէ երևույթին (մասնագիտությանը, պաշտոնին, խմբին, բնակավայրին, կազմակերպությանը, մարդկային արժանիքին, սպառման առարկային և այլն) տվյալ հանրույթի (հասարակության, դասակարգի, ազգի, խմբի և այլն) անդամների կողմից վերագրվող նշանակալիությունը։ Սոցիալական վարկը բացահայտվում է մարդկանց արժեքային կողմնորոշումների համակարգում և իրական վարքում։ Դեպի բարձր սոցիալական վարկով օժտված օբյեկտը անձնավորության ձգտումը (գիտակցական կամ անգիտակցական) հիմնականում այլոց աչքում այդ սոցիալական վարկի հետ իր նույնացման և դրա միջոցով հեղինակություն, ազդեցություն ձեռք բերելու, հարգանքի արժանանալու ցանկության հետևանք է։ Որևէ հանրույթի շրջանակներում տարբեր երևույթների սոցիալական վարկերի աստիճանակարգը պայմանավորված է ընդհանուր (տվյալ ժամանակաշրջանը, հասարակական կացութաձևը և այլն բնութագրող) և մասնավոր (միայն տվյալ հանրույթը բնորոշող) առանձնահատկություններով։ Միևնույն երևույթը կարող է տարբեր սոցիալական վարկ ունենալ տարբեր դասակարգերի, սոցիալական խավերի, սերունդների համար։ Սոցիալական վարկի ուսումնասիրությունը թույլ է տալիս կառավարել մարդկանց վարքագիծը, ձևավորել ձգտումները, իդեալները, սովորույթները և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 26
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոցիալական վարկ» հոդվածին։