Սոցիալական հիգիենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմունալ (սոցիալական) հիգիենա, բնակավայրերի հիգիենա, հիգիենայի մասնաճյուղ. ուսումնասիրում է մարդու օրգանիզմի վրա բնակավայրերի բնական և սոցիալական գործոնների ազդեցությունը, մշակում սանիտարական նորմեր, կանոններ և միջոցառումներ մարդկանց շրջապատող միջավայրի, կյանքի, կենցաղի և հանգստի առավել նպաստավոր պայմանների ստեղծման համար։ ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության բուռն զարգացումը, տնտեսական նոր շրջանների ու բնակավայրերի ստեղծումը, գյուղատնտեսության սոցիալական վերակառուցումն առաջադրեցին այդ կարևոր խնդիրների գիտական մշակման և լուծման անհրաժեշտությունը։ Մշակվեցին մթնոլորտային օդում և ջրամբարների ջրում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, հաստատվեցին «Բնության պահպանության օրենքը», «ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների առողջապահության օրենսդրությունը» (1970 թվական), «ԽՍՀՄ պետական սանիտարական հսկողության մասին» (1963 թվական) որոշումը և այլն։ Կոմունալ հիգիենայի բաժիններն են ՝ բնակավայրերի հատակագծում և կառուցում, մթնոլորտային օդի հիգիենա, ջրի և ջրամատակարարման հիգիենա, բաց ջրամբարների սանպաշտպանություն, բնակելի և հասարակական շենքերի հիգիենա, հողի հիգիենա և բնակավայրերի սանմաքրում։

Կոմունալ հիգիենայում կիրառվում են հետազոտման տարբեր մեթոդներ. արտաքին միջավայրը հետազոտելիս ՝ սանիտարատեղագրական և լաբորատոր (ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական) մեթոդները, կենդանի օրգանիզմի վրա արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունն ուսումնասիրելիս՝ փորձառական ֆիզիոլոգիական, սանթունաբանական, մարդկանց առողջության վիճակը և ազգաբնակչության հիվանդացությունը հետազոտելիս՝ կլինիկավիճակագրական և դիսպանսեր մեթոդները։ ԽՍՀՄ-ում կոմունալ հիգիենայի խնդիրները մշակվում էին Ա. Ն. Սիսինի անվան ընդհանուր և կոմունալ հիգիենայի (Մոսկվա), Ուկրաինայի Ա. Ն. Մարզեևի անվան կոմունալ հիգիենայի (Կիև), բազմապրոֆիլ հիգիենայի (Մոսկվայի Ֆ. Էրիսմանի անվան, Նովոսիբիրսկի, Սարատովի, Ուզբեկստանի, Վրաստանի, Բելառուսի), աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների (Մոսկվա, Սվերդլովսկ, Կիև, Ուֆա և այլն), համաճարակագիտության, մանրէաբանության և հիգիենայի ինստիտուտներում, բժշկական ինստիտուտների հիգիենայի ամբիոններում ու լաբորատորիաներում։

Կոմունալ հիգիենայի հարցերը լուսաբանվում էին «Գիգիենա ի սանիտարիա» («Гигиена и санитария», 1936 թվականից) և միութենական հանրապետությունների առողջապահական ու մասնագիտական ամսագրերում։ Հայկական ԽՍՀ-ում Կոմունալ հիգիենայի հարցերի գիտական մշակումը կապված էր Երևանի բժշկական ինստիտուտի սան-հիգիենային ֆակուլտետի ստեղծման հետ (1932 թվական)։ Հայաստանի հիգիենիստներն ուսումնասիրել են հանրապետության քաղաքների (Երևան, Կիրովական, Լենինական) հատակագծման, բնակավայրերի, օդային ավազանների (Երևան, Վանաձոր, Ալավերդի, Արարատ), բաց ջրամբարների (Հրազդան, Դեբեդ, Ողջի, Ախուրյան) հիգիենիկ պրոբլեմները և մշակել հանձնարարականներ։ Զգալի ներդրում ունեն Հայաստանի հիգիենիստները Սևանա լճի խնդրի գիտական ուսումնասիրությունների հարցում։ Կոմունալ հիգիենայի խնդիրները ՀԽՍՀ-ում մշակվում էին ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների, Երևանի բժշկական և բժիշկների կատարելագործման ինստիտուտների համանուն ամբիոններում, թունաքիմիկատների համամիութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png